Ալեն Սիմոնյան․ Ես անձամբ կարծում եմ, որ ՀՀ-Արցախ միջխորհրդարանական ֆորմատը պետք է լուծարել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը վերջին տարիներին նիստ չի գումարել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Դիմելով ՔՊ խմբակցությանը՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Երեք տարի առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերին առաջարկում էինք՝ եկեք Արցախի հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծենք։ Պատճառաբանությունն ի՞նչ էր՝ կա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողով։ Ասում էիք՝ ավելի բարձր ինստիտուտ կա, որտեղ Արցախի եւ Հայաստանի հարցերը քննարկվում են։ Հիշեցնեմ, որ այդ օրվանից մինչեւ այսօր այդ հանձնաժողովը մեկ նիստ չի արել։ Չէիք ուզում, որ Արցախի հարցով հանձնաժողով ստեղծվի, պատճառաբանություն էիք գտել։ Այլապես, այդ հանձնաժողովը, որը վեց ամիսը մեկ պետք է հանդիպեր, երեք ամիսը կհանդիպեր»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Հայաստանի եւ Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի իրավական ակտի առկայությունը հիմա էլ է, այսինքն՝ այդ ակտը կա։ Եվ դուք՝ որպես ԱԺ նախագահ, հանդիսանում եք այդ հանձնաժողովի նախագահը Հայաստանի կողմից։ Հարցը հետեւյալն է՝ հաշվի առնելով, որ նախկին սահմանափակումներն էլ չկան, բլոկադայի խնդիրն այս պահին չկա, մարդիկ գտնվում են ՀՀ-ում,  ինչպե՞ս անենք, որպեսզի այդ հանձնաժողովը նիստ գումարի։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկման առարկա պետք է դարձնենք, պարտադիր չէ լինի հրապարակային ու բաց, թեկուզ աշխատանքային կարգով»։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլեւս իրավազոր չէ եւ չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ֆորմատն այլեւս չեղարկելու, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլեւս գոյություն չունի։ Եվ նման կարգավիճակ ՀՀ-ում որեւէ մեկն այլեւս չունի։ Եվ ես չգիտեմ, թե ես ում հետ պետք է դա քննարկեմ, որպես իրավաբան նույնպես համարում եմ, որ այլեւս այդ ֆորմատը գոյություն չունի»։

Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ եթե մենք շարժվում ենք Սահմանադրությամբ եւ օրենքներով, Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունը՝ որպես իրավական արտահայտություն, այսօր առկա է ոչ միայն հայաստանյան բազմաթիվ օրենքներում, այլ նաեւ միջազգային պայմանագրերում։ Եվ այս պայմանագրի առկայությունը անձը չէ, որ որոշում է վերացնել կամ չվերացնել, ինստիտուտներ կան։ Այս հասկացության ներքո Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որն ընտրվել է Արցախի ժողովրդի կողմից, դուք իրավասու չեք համարել չեղյալ, դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով։ Եվ քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտականությունն ու պարտավորությունն է այդ կետերով շարժվել։ Մնացյալը անգործություն է կամ հրաժարում է պարտականությունները կատարելուց։ Եթե հրաժարվում եք դա անելուց, ասեք, մենք էլ համապատասխան իրավական ընթացք տանք»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ համապատասխան իրավական ընթացք տալու համար համապատասխան իրավական հիմնավորումներ են պետք։ «Այդ հիմնավորումները դուք չունեք, Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է, իրենց պաշտոնյաների որոշմամբ։ Եվ իրավահարաբերությունները եւ ընդհանրապես հարաբերությունները հնարավոր են, երբ կա երկու կողմ։ Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել։ Ես կարող եմ որոշ քաղաքացիների համար ընդունելության օր կազմակերպել եւ հարմար պահի հանդիպել։ Չեմ ուզում իրավական վեճի մեջ մտնել, բայց ես համարում եմ, որ այդ ֆորմատն այլեւս գոյություն չունի՝ ԼՂ իշխանության ընդունած որոշման բերումով»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «ԼեռնայիՆ Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մեջ հանրապետության լուծարման կետ չկա։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի, որովհետեւ այն բանից հետո, երբ ՀՀ զինված ուժերն առանց որեւէ փաստաթղթի դուրս եկան Արցախի Հանրապետությունից, ուժերը շատ անհավասար էին։

Փաստաթուղթը չի հրապարակվել, նույն ԼՂՀ նախագահն է ասում, որ՝ ես ինքս դա չեղարկել եմ։ Այդ դեպքում ինչո՞ւ եք այդ փաստաթղթով առաջնորդվում։ 2021 թվականից դուք այդ հանձնաժողովի համանախագահն եք, այն ժամանակ հանրապետությունն էլ կար, ձեր գործընկերն էլ կար, ոչ մի անգամ նիստ չեք արել։ Բա այն ժամանակ եւ մարդիկ կային, եւ ինստիտուտը կար, եւ հանրապետությունը կար, այդ ժամանակ ինչո՞ւ չարեցիք համատեղ նիստ»։

Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Նախ, Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրույթն ինձ համար գոյություն չունի ալեւս։ Երկրորդը, ես ՀՀ ԱԺ նախագահն եմ, իսկ դուք ՀՀ ԱԺ պատգամավոր եք, եւ ձեր ու իմ վրա տարածվում է ՀՀ օրենսդրությունը, այլ ոչ թե որեւիցե այլ հնարավոր օրենսդրություն։ Ինչ վերաբվերում է նիստին, եթե ես չեմ սխալվում, մեկ նիստ տեղի է ունեցել։ Երկրորդ հնարավոր նիստն այն ժամանակ տեղի չի ունեցել՝ ԼՂ այն ժամանակվա ԱԺ նախագահի առոջղական խնդրից ելնելով ու իր իսկ խնդրանքով»։

Արթուր Խաչատրյանը կոչ արեց Ալեն Սիմոնյանին առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ եւ հրավիրել համատեղ նիստ։ Նա նաեւ հարցադրում արեց՝ եթե Ալեն Սիմոնյանը չի ընդունում Արցախի օրենսդրությունը, ինչո՞ւ է ընդունում Շահրամանյանի հրամանագիրը, որը արդեն չեղարկված է։

Ռոզա Հովհաննիսյան

 

ԱԺԲ-ն հայտարարությունը Փաշինյանի՝ պուտինյան վարչախմբին անսակարկ հնազանդության վերաբերյալ

Հայաստանում և նրա շուրջ զարգացումները մտնում են վճռորոշ և վերջնական փուլ, ասված է Ազգային-ժողովրդավարական բեվեռի հայտարարության մեջ։

Փաշինյանի վարչախմբի` ս․/թ․ hոկտեմբերին Ռուսաստանի Կազան քաղաքում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու որոշումը վերջնական հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, Ռուսաստանի ամբողջատիրական վերահսկողությունից և Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքներից ազատ ապրելու մեր ձգտումներին։

Այս որոշումը որևէ կասկած չի թողնում պուտինյան Ռուսաստանին վարչախմբի անսակարկ հնազանդության վերաբերյալ, ինչի մասին Ազգային-ժողովրդավարական Բևեռը տարիներ շարունակ զգուշացնում էր Հայաստանի քաղաքացիներին և արտերկրի մեր գործընկերներին։

Նույնիսկ Փաշինյանի ջերմեռանդ կողմնակիցներն են գիտակցում նրա ստեղծած իրավիճակի լրջությունը և այն ուղղության վտանգավորությունը, ուր նա շարունակում է տանել հանրապետությունը։

Նրա վեցամյա իշխանությունը մեծ ստերով և խաբեություններով սփռված ճանապարհ է, որը սասանել է Հայաստանի ինքնիշխանությունը, պաշտպանունակությունը և օրենքի գերակայությունը, հանգեցրել է Հայաստանի պատմական Արցախ նահանգի կորստին և Հայաստանը կանգնեցրել է ցեղասպան Ալիևի վարչախմբի և նրա ռուս ու թուրք տերերի կողմից հերթական նվաստացուցիչ պարտության և, ի վերջո, հումանիտար աղետի շեմին:

Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օր նոր վտանգներ է ներկայացնում Հայաստանի գոյությանը և սպառնալիք` տարածաշրջանային հավասարակշռության, խաղաղության և կայունության համար։

Հայաստանի արևմտյան գործընկերներն այլևս չպետք է հանդուրժեն Փաշինյանի վարչախմբի բիրտ իշխանատիրական միտումները, երբ Հայաստանի անվտանգությանն ու ապահովությանն առնչվող բախտորոշ որոշումները կայացվում են հիմնականում չընտրված, թերի կրթված և անփորձ հլուների մի փոքր խմբի կողմից։

Հայաստանի ժողովուրդն արժանի է որոշումների կայացման այնպիսի թափանցիկության, որն արտացոլում է հանրապետության և նրա բնակչության լավագույն շահերը։

Հայաստանն արժանի է լինել իսկական ժողովրդավարական երկիր և լավ կառավարվել։

Վարչախմբի դիմակը վերջապես պատռվել է։

Հայաստանի քաղաքացիների և արտերկրում նրա իսկական ընկերների գործելու ճիշտ ժամանակն է:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ,

9 սեպտեմբերի, 2024 թ.,

ք. Երևան

Բանալին Երեւանում է․ վերջնական հարվածը կհասցվի՞ Իրանին

Մեղրու ճանապարհը դարձել է ժամանակակից աշխարհաքաղաքականության երեք կիզակետերից մեկը՝ Գազայի և Դոնեցկի հետ մեկտեղ։ Այստեղ է որոշվում է աշխարհում հետագա իրադարձությունների ընթացքը, և այդ իրադարձությունների բանալիները գտնվում են Երևանում։

Ինչպե՞ս է Հայաստանի ներկայիս իշխանությունը տնօրինելու այս բանալիները։ Ինչպե՞ս է Փաշինյանը մտադիր լուծել Մեղրիի միջանցքի հարցը, որը կարող է տեկտոնական ճեղքվածք դառնալ քարտեզի վրա՝ ճեղքեր առաջացնելով ամբողջ աշխարհում։

Վերլուծաբանները նշում են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Փաշինյանը բազմիցս փոխել է իր դիրքորոշումը Մեղրիի ճանապարհի նկատմամբ։ Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որում, ըստ Ալիեւի, հաջողվել է ներառել Ղարաբաղին չառնչվող հարց։ Հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ արդեն 44-օրյա պատերազմից հետո նշանակված պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Բաքվի և Մոսկվայի գործընկերների հետ հուշագիր է ստորագրել Սյունիքում հայկական հողերը, այդ թվում՝ Հայաստան-Իրան 21 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը հանձնելու մասին։ Ռուսական զորքերը մտցվեցին Սյունիք։

Փաշինյանն անմիջապես հայտարարեց, որ մի քանի ամսից նոր ճանապարհ է բացելու Իրանի հետ՝ Տաթևով, և որ Էյվազլի-Չայզամին հայկական տարածքներ չեն։ Այսինքն դրանց համար չենք պատերազմի։

Հետո, երբ սկսվեց Արցախի շրջափակումը, Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ չի ձգտելու Բերձորի միջանցքի ուժային բացմանը, որպեսզի «Ադրբեջանը ուժով չբացի Զանգեզուրի միջանցքը»։ Եվ դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ արտատարածքային միջանցքի՝ Բերձորի մասին։

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից, Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո Մեղրու միջանցքի հարցը ստիպեց բոլորին դեն նետել դիմակները։

Արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ այս միջանցքի միակ շահառուն Ռուսաստանն է, որն օգտագործեց այն Արցախը թուրքերին փոխանցելու համար, իսկ այժմ միջանցքներով փորձում է մասնատել Հայաստանը, վնասազերծել Իրանը և տարածաշրջանը փոխանցել Թուրքիային։

Հայաստանն ու Իրանը պետք է խոսեն նույն լեզվով այս հարցում, սակայն Հայաստանի իշխանության փոփոխվող պոզան և Իրանի նկատմամբ կոշտ ճնշումը թույլ չեն տալիս Մեղրիի միջանցքի հարցը ամբողջությամբ և անդառնալիորեն հանել օրակարգից։

Միջանցքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին դիչքորոշումն այն էր, որ, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, պետք է բացվեն բոլոր հաղորդակցությունները։ Կառավարությունը չի հայտարարել, որ կօգտագործի բոլոր օրինական միջոցները հայկական տարածքների բռնակցումը կանխելու համար /Իրանը, ի դեպ, դա հայտարարել է/։ Ավելին, Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Նախիջևան տանող ճանապարհի անվտանգության ապահովման գործառույթները կարող են փոխանցվել որոշակի մասնավոր ընկերությունների, այսինքն՝ տեղի կունենա բանալիների «խաղաղ հանձնում»։

Այս հայտարարության առնչությամբ Իրանի դեսպանն ասաց, որ Երևանը հավաստիացրել է Թեհրանին, որ անվտանգության գործառույթները Հայաստանի կողմից կիրականացվեն ինքնիշխան մակարդակով, իսկ մասնավոր ընկերությունները միայն «ներկայ կլինեն» անցակետում։

Անգամ այս հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Իրանը չի հավատում Հայաստանի հավաստիացումներին, և պաշտոնական Երևանի մտադրությունը՝ «կամավոր հանձնել բանալիները, միայն թե պատերազմ չլինի», գործում է Իրանի և Հայաստանի փլուզման ուղղությամբ։

Գազայի և Ուկրաինայի իրադարձությունների ելքը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես է պաշտոնական Երևանը տնօրինում Մեղրիի միջանցքի բանալիները։ Արդյո՞ք Հայաստանը վերջնական հարվածը կհասցնի Իրանին՝ սեփական պետության մասնատման գնով, որը թույլ կտա Ռուսաստանին տարածաշրջանը հանձնել Թուրքիային և Իսրայելին։

Արցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում

Արցախից բռնի տեղահանված կենսաթոշակային տարիքի քաղաքացիները Հայաստանում կենսաթոշակային ստաժի հաշվարկման հետ կապված խնդիրների են բախվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մանուշ Եսայանը:

Նա տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը, որտեղ հաշվարկվում է քաղաքացու կենսաթոշակը, Արցախից բռնի տեղահանված իր վստահորդների աշխատանքային գրքույկներում առկա գրառումները բավարար ապացույց չի համարել աշխատանքային ստաժի հաշվարկման համար՝ պահանջելով լրացուցիչ ապացույցներ:

«Աշխատանքային գրքույկները պատշաճ լրացված են, որևէ խախտում չկա, սակայն նախարարությունից պարզաբանում են, որ ՊԵԿ-ին ուղղված հարցումների արդյունքում  չի հիմնավորվել, որ տվյալ քաղաքացին 35 և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունի: Գուցե տվյալների բազաներն են թերի կամ արխիվները փոխանցելու հետ կապված խնդիրներ կան, սակայն դրանք չպետք է ի վնաս քաղաքացու կիրառվեն»,-նշեց Եսայանը:

Փաստաբանի խոսքով՝ վարչարարության հիմնարար սկզբունքների համաձայն՝ անձի հայտնած տեղեկությունները համարվում են հավաստի, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

«Ասում են՝ տվյալների բազաներում չենք հայտնաբերել, լրացուցիչ ապացույցներ բերեք: Այս իրավիճակում անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանի՞ն, որ ստանա ապացույցներ, որ աշխատել է իքս տարիներ և իրավացիորեն հավակնում է ստանալ համապատասխան կենսաթոշակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վարչական մարմնի կողմից քաղաքացու աշխատանքային ստաժի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունենալը չի կարող համարվել հերքող ապացույց:

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակային ստաժի հաշվարկման հետ կապված խնդրով արդեն իսկ հայցադիմումներ են ներկայացվել ՀՀ վարչական դատարան:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։

Ի՞նչ կլիներ սեպտեմբերի 19-ին, եթե սեպտեմբերի 9-ին “հեղաշրջում” չլիներ

Ազատ, բայց ոչ արդար. հիմնականում այսպես են բնութագրվել բոլոր ընտրություններն Արցախում: Թերեւս միակ բացառություն կարելի է համարել 2004թ. Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, երբ մինչեւ վերջին օրը բոլորը համոզված էին, որ իշխանական թեկնածու Պավել Նաջարյանն է ընտրվելու: Սակայն, շատերի համար անակնկալ քաղաքապետ ընտրվեց ընդդիմության թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը:

Շատերը կհիշեն Բակո Սահակյանի առաջադրվելը. «Մեր թեկնածուն արդեն որոշված է, մենք մեր զեմլյակին ենք ընտրելու», հրապուրված էին շատերը Հադրութում, «հաստատ ինքն է լինելու՝ եթե 100 տոկոսով չէ, ապա 98-99 տոկոսով համոզված ենք», երկու երիտասարդ ասել են Անահիտ Դանիելյանին: Բակո Սահակյանի ի հայտ գալը Պուտինի հայտնվելն է հիշեցնում. КГБ-ից անհայտ մի անձ գալիս եւ հայտարարում է իր առաջադրվելու մասին:

Շատերը կհիշեն Բակո Սահակյանի եւ Մասիս Մայիլյանի ընտրարշավը: Գաղտնիք ասած չեն լինի, որ Մայիլյանի դեմ գործի էր դրվել ամբողջ վարչական ռեսուրսը: Գաղտնիք ասած չենք լինի նաեւ, որ նույն մարտավարությունը շարունակել է Արայիկ Հարությունյանը. ցուցակներ, զանգեր, վարկեր, “գիտենք, տղադ որ չաստումա ծառայում”, ծանոթ-բարեկամներ եւ այլն…

Թող պարսավանք չընկալվի Սահակյան եւ Հարությունյան անձերի դեմ, առավել եւս հաշվի առնելով նրանց գտնվելու վայրն այսօր: Գուցե, կամ հաստատ այս ամենը անորոշ կարգավիճակով պետություն լինելու հետեւանքն էր: Հնարավոր չէր ֆիզիկական մի մեկուսացված տարածքում ապրել եւ զարգանալ՝ ամեն ինչից կտրված: Նմանակելով՝ Արցախում ստեղծվել են պետական բոլոր ինստիտուտները, նախարարությունները, սակայն դրանց պատասխանատվությունը եւ իրավասությունները լավ էլ չափազանցված էին, բացառությամբ բանակի, ԱԻՆ-ի ու ոստիկանության: Արցախը հարյուրավոր աշխատակիցներով գյուղատնտեսության նախարարություն է ունեցել, սակայն բլոկադայի առաջին իսկ  շաբաթը շուկայում անգամ մեկ գազար չկար:

«Ես համոզված եմ, որ Իսպանիան աշխարհի ամենահզոր երկիրն է։ Դարեր շարունակ փորձում է ոչնչացնել ինքն իրեն, սակայն ոչ մի կերպ դա չի հաջողվում», կարդալով Բիսմարկի այս ֆռազն, ասում ես ո՛չ, սա Արցախի (ու Հայաստանի) մասին պետք է ասվեր:

Իսկ ամենատարօրինակն՝ Արցախի «վերջին» նախագահական ընտրություններն էին:

Ուժայինները հավաքվել էին ԱԺ դռների մոտ, Սամվել Բաբայանը հրապարակի մի ծերից մյուսն էր քայլում, նրա աջակիցները բարձրախոսով ելույթի էին պատրաստվում:

Մառախլապատ մի օր էր, 2023թ. սեպտեմբերի 9-ին միակ թեկնածու Սամվել Շահրամանյանին ընտրեցին Արցախի նախագահ: 10 օրով։

Հիմա այդ իրադարձությունները տարբեր կերպ են “ընթերցվում”․ ՀՀ իշխանությունները դա անվանում են հեղաշրջում, թեկուզ Արայիկ Հարությունյանը, կարծես, ինքնակամ է հրաժարական տվել։ Այն էլ՝ ամենապատասխանատու պահին։ Ասում են, որ Շահրամանյանը եկել է, որ Արցախը հանձնի։

Հայաստանի իշխանությունները չեն ասում, թե ինչպիսի՞ օր կլիներ սեպտեմբերի 19-ը, եթե “հեղաշրջում” չլիներ։ Կլիներ բաղձալի “ինտեգրո՞ւմ՝ առանց արյունահոսության”, 120 հազ․ հոգու պատանդությամբ եւ ռուս-թուրքական “խաղաղության” հաղթանակո՞վ։

Երբեւէ այս հարցի պատասխանը կտրվի։

Մարութ Վանյան

«Երազ» այգում կայացավ “Մենք ենք, մեր Արցախը” մշակութային միջոցառումը

Սեպտեմբերի 7-ին Երեւանի «Երազ» այգում կայացել է “Մենք ենք, մեր Արցախը” մշակութային միջոցառումը։

Հրաշալի ելույթներ են ունեցել «Արցախի  պարի պետական»  անսամբլը, «Արցախի ձայներ» խումբը, Արցախյան ազգային նվագարանների պետական նվագախումբը, Արթուր Խաչենցը, Գայա Արզումանյանը, Արտեմ Վալտերը։

Մթնոլորտը ջերմ ու հարազատ էր։ 

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Սումգայիթի և Բաքվի ցեղասպանության զոհերի թվի շուրջ

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունել է բանաձև, որտեղ 2022-2023 թթ.–ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես ցեղասպանական գործողություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

Ներկայացնում ենք «Սումգայիթում և Բաքվում ցեղասպանության զոհերի թվի մասին» հետազոտությունը.

Ադրբեջանում 1987-1992 թվականներին պետական մակարդակով կազմակերպված ու իրականացված ցեղասպանության արդյունքում սպանված հայերի թիվը մնում է չուսումնասիրված: Հայկական երրորդ հանրապետությունը անտարբերություն է ցուցաբերել հայության այդ հատվածի ճակատագրի նկատմամբ և չի նախաձեռնել համալիր հետազոտություն: Սակայն, այս ֆոնին իշխանության կողմից կամ էլ առանձին անձանց կողմից հնչել են թվեր, որոնք չունեն հիմնավորումներ:

Վերոհիշյալ իրադարձությունների մասին պահպանված փաստաթղթերը,  լուսանկարները և տեսանյութերը քիչ են: Ոճրագործությունների հետքերը վերացվել են, նյութերն ու փաստաթղթերը ոչնչացվել են, իսկ եթե կան ու պահպանվել են, ապա հավանաբար Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենիայի ու Հայաստանի արխիվներում, իսկ միգուցե և Ադրբեջանի։

Խորհրդային իշխանությունները` խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համաձայնեցված, չհետաքննեցին ու չբացահայտեցին հայերի դեմ իրականացրած հակամարդ հանցագործությունները, չդատապարտեցին ո՛չ կազմակերպիչներին և ո՛չ էլ իրականացողներին:

Անկասկած է, որ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում այսօր սպանված հայերի թիվը դժվար է պարզել, բայց այդ թվերի սանդղակը հնարավոր է որոշել` ելնելով ջարդերը իրականացնելու համար ընդգրկված հրոսակախմբերի ու մարդասպանների թվերից, ջարդերի տևողությունից ու մասշտաբներից:

Այն, որ Ադրբեջանում 1988-1990 թվերին հայերի ջարդը տարվում էր կենտրոնացված կառավարմամբ ու «ներդաշնակ» ժամանակացույցով, վկայում է Վլ.Խոջաբեկյանը. «Ադրբեջանում հայ բնակչության ցեղասպանությունն ու զանգվածային բռնագաղթը Սումգայիթից հետո բռնկվեց իրար հաջորդող բազմաթիվ փուլերով: Մարդասպանության բռնկման ամեն մի նոր փուլ սկսվում էր զանգվածային ջարդերով ու մեծ բռնագաղթով: Եվ եթե բռնկման ամեն մի նոր փուլի համար բնորոշը «կարմիր» ջարդն էր, ապա հարաբերական դադարի փուլերում բռնագաղթը ջարդով էր ուղեկցվում մերթ ընդ մերթ: Հարաբերական դադարի ընթացքում փախստականների շարքերր նոսրանում էին:

1988 թ. նոյեմբերի 21-22-ին Ադրբեջանում սկսվեց հայ բնակչության ցեղասպանության բռնկման երկրորդ փուլը: Ցեղասպանության ալիքր ոլորապտուտի մեջ ներքաշեց Ադրբեջանի գրեթե ամբողջ հայ բնակչությանը:

1989 թ. հուլիս-օգոստոսյան օրերից սկիզբ առավ երրորդ, մեծ բռնագաղթը:

1990 թ. հունվարին Բաքվում ժողովրդական ճակատը, Ադրբեջանի կառավարող իշխանությունների հետ բռունցք կազմած, ձեռնարկեց մի նոր ցեղասպանություն, որը դարձավ Ադրբեջանից հայերի արտաքսման չորրորդ և ավարտին մոտեցնելու ամենավճռական փուլը: Սումգայիթը երկ֊նեց Բաքու»[1]:

Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը սպանված հայերի թվի մասին տվյալները ամենատարբեր են [2]: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է 27 հայ»[3]։ Համաձայն պաշտոնական տվյալների` սպանվել է 26 հայ, իսկ Անդրո Կանչալովսկու ֆիլմում [4] նշվում է, որ «միայն մի գիշերվա ընթացքում ավելի քան 100 հայ», Հր. Ուլուբաբյանը նշում է 100-ից ավելի սպանվածներ[5],  դիվանագետ և գրող Վ. Կրիվոպուսկովը «Ըմբոստ Ղարաբաղ»-ում խոսում է մի քանի հարյուր հայ զոհերի մասին:

1989թ. սեպտեմբերի 6-ին The Washington Post-ում հրապարակված իր հոդվածում ամերիկացի լրագրող Դևիդ Ռեմնիկը նշում էր, որ հայ հասարակության մեջ կարծիք է տարածվել, որ ջարդերի ընթացքում զոհվել է ոչ թե 30, այլ առնվազն 200 հայ[6]:

«Նոյան Տապան»-ին տված հարցազրույցում պաշտոնաթող գեներալ-մայոր Ռ.Ս. Հարությունովը`  պատասխանելով  զոհերի թվի  մասին  հարցին,  ասաց. «Իմ ձայնագրությունների համաձայն ՝ 95 զոհ կա, բայց կարծում եմ ՝ դրանք ավելի շատ են եղել։ Ես շատ եմ ցավում, որ նյութեր եմ տվել Մոսկվայի փախստականների կոմիտե և չգիտեմ նրանց հետագա ճակատագիրը»[7] ։

tert.am-ի 2011թ. հրապարակման  համաձայն «Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը մինչ օրս հստակեցված չէ: Թեև նշվում է, որ ջարդերին զոհ գնացածների թիվը մի քանի տասնյակ է եղել, սակայն որոշ տվյալներով` այդ թիվը հասել է 100-ի, վիրավորներինը` մոտ 200-ի: «Սումգայիթ… Ցեղասպանություն… Հրապարակայնություն…» գրքում հրապարակված են զոհերից 32-ի տվյալներն, ու ներկայացված են մահվան փաստաթղթերը»:

Որոշ ոչ պաշտոնական տվյալներով` ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի [8]:

Սումգայիթի և Բաքվի դիահերձարաններում 100-ավոր հայերի դիակների գոյության մասին սումգայիթյան ցեղասպանությունից հետո վկայում էին ոչ միայն իրենց հարազատներին այնտեղ  փնտրող հայերը, այլև չոր փաստերը: Սումգայիթում հայազգի զոհերին այդ օրերին տրված մահվան վկայականների համարները 187-ից հասել են 648-ի: Փաստորեն, 1988թ-ի փետրվարի 26-29-ը այդ քաղաքում առնվազն 461 մահ է արձանագրվել: Նախորդ երկու ամիսներին Սումգայիթում ընդամենը 186 մահ էր գրանցվել, և պարզ էր, որ երեք օրում այդքան բնական մահ լինել չէր կարող  [9]:

Արևելագետ Զիա Բունիաթովը վկայել է, որ Սումգայիթում սպանվել է 700 հայ [10,11]:

Սումգայիթյան իրադարձությունները ուսումնասիրող Սամվել Շահմուրադյանը 1989 թվականի սեպտեմբերի 23-ին մի հավաքի ժամանակ բարձրաձայնում է, որ «փետրվարի 29-ին, զորքերի մուտքից մի օր հետո, Սումգայիթում զոհվել է առնվազն 1000 մարդ…այդ դեպքում ինչո՞ւ համար էին նրանք եկել Սումգայիթ, ինչո՞ւ համար»[12]:

Հայությունը չի ուսումնասիրել Սումգայիթում 1988-ի փետրվարի 26-29-ին հայության սպանդի մասշտաբները և չունի պատկերացում դրա ահարկու չափերի մասին: Իսկ սպանդի մասշտաբների մասին  պատկերացում կարելի է կազմել նաև հետևյալ վկայություններից, որ փողոցներում «արյունը գետի պես հոսում էր», ականատեսներից մեկը պատմում է, որ իր որդին Բաքվում ջրցան մեքենա էր վարում,  «այդ օրը Բաքվից իրենց շտապ ուղարկել են Սումգայիթի փողոցների արյունը մաքրելու համար»[13]:

Սակայն, միտված տարվել է փաստերի հանցավոր խեղում և սպանվածների թվի կոծկում [14]:

Այս աշխատանքում խնդիր է դրված Սումգայիթում ու Բաքվում ցեղասպանությունից շուրջ երեսուն  տարի հետո հասկանալ սպանդի մասշտաբները, դրանց «ներդաշնակ» իրականացման ժամանակացույցը, սպանված հայերի թիվը, եթե ոչ քանակական չափմամբ, ապա գոնե պարզել սպանվածների թվային սանդղակը:

Մենք անցկացրել ենք հարցազրույցներ Բաքվից ու Սումգայիթից փախստականների հետ ու պարզվել է, որ Սումգայիթում առաջին գիշերվա մեջ հարյուր հայ է սպանվել[15], հայ բժիշկ Վլադիկ Սիմոնյանը Սումգայիթում սպանդի առաջին օրերին հաշվել էր 69 թարմ գերեզման[16], իսկ Աշոտ Համբարձումյանը, ներկայումս իրավապաշտպան, 1988 թվականի փետրվարին սովետական բանակի օդադեսանտային բատալիոնի սերժանտ էր, դասակի հրամանատար, իր դասակը փետրվարի 24-ի գիշերը արդեն գտնվում էր «Կարայի Բատ» շրջանում, այնտեղ էր տեղավորված Բաքվի բազմաքանակ կայազորը: Համբարձումյանը վկայում է, որ Սումգայիթում հիմնական իրադարձությունները տեղ են գտել փետրվարի 27-ից 28–ի գիշերը,  28-ի առավոտյան ժամը 9-ին մտել են քաղաք, որ ենթաբաժինները իրականացնեն պարետային ժամ, դիակներն են հավաքել, «այդ մի գիշերվա մեջ 1000-ից ավելի հայ էին մորթել» [17]:

Մենք հարցազրույց ունեցանք սումգայիթցի Հովսեփյան Օֆելյայի և նրա ամուսնու` Ռաֆիկի, հետ, նրանք վկայում են[18], որ իրենց փրկած «ադրբեջանցի» հարևանը, ով Սումգայիթի քաղկոմի բարձրաստիճան պաշտոնյա էր, տեղյակ է պահում, որ «ձեր ցեղակիցներին այս գիշեր թաղելու են, տանելու են մեքենաներով, ինքնաթափերի մեջ մասնատված դիակները կլինեն, իսկ ավտոբուս-կատաֆալկաների մեջ ամբողջական դիակները, մեքենաները անցնելու են շենքի դիմացի փողոցով, տանելու են Բայիլովի տարածքում արդեն փորված խրամատում հողածածկ անելու»: Դա 1988 թվի մարտի 6-ից 7-ն էր` կեսգիշերին: Օֆելյան հարևանի տանը պատուհանից տեսնում է շուրջ 15 մեքենաներ, որոնցից 5-ը դեղին ՊԱԶ-եր, պատուհաններին սև վարագույրներով, նաև ԶԻԼ ինքնաթափեր` շուրջ տաս հատ, որոնց ուղեկցում էին ԲՏՌ-ները, սակայն լացը չի կարողանում զսպել ու հեռանում է պատուհանից: Իսկ Ռաֆիկը նույն մուտքում գտնվող իր բնակարանի պատուհանի մոտ դիտում է` «մոտ ժամ ու կես տևեց, սամասվալներն ու ավտոբուսները շատ-շատ էին, մի 25-30 հատ կլինեին, դա  հաստատ»:  Օֆելյայի և Ռաֆիկի տված վկայությունները եզակի արժեքավոր են այն առումով, որ մի քանի հանգամանքներ համադրվում են, և նրանք դարձել են ականատես «իրենց ցեղակիցների թաղմանը»: Ու այդ պաշտոնատար հարևանը, երբ Օֆելյայի ու իր տիկնոջ հետ պատուհանի մոտ կանգնած կեսգիշերին նայում էին ԲՏՌ-ների ուղեկցությամբ ընթացող ավտոշարասյանը, նա բարձրաձայն հարց է տալիս` «ինչպե՞ս թե 32 զոհ, երբ մի ավտոբուսում շատ ավելի դիակներ են, քան 32-ը»:

Ռաֆիկի և Օֆելյայի տված վկայությունների հիման վրա կատարել ենք հետևյալ հաշվարկը.

  1. Սումգայիթում սպանված հայերի միջին քաշը վերցրել ենք 65 կգ, թեև սպանվել են նաև երեխաներ, դեռահասներ: Այդ թիվը` միջին քաշը, ընտրելիս բազում փախստականների ու փորձագետների հետ ենք խորհրդակցել:
  2. Թե Օֆելյան, թե Ռաֆիկը հաստատել էին, որ դիակները տանող ավտոշարասյան մեջ դեղին ПАЗ-672 ավտոկատաֆալկաները 5 հատ էին: Համաձայն այդ ավտոբուսների տեխնիկական չափանիշների, դրանք գործնականում տանում են 45-ից մինչև 100 մարդ, ողջ մարդ: Մեր հաշվարկում ընդունել ենք, որ այդ օրը ամեն մի ավտոբուսում տեղավորել էին 40 դիակ: Ընդամենը` 200 դիակ:
  3. Մարդու մարմնի միջին խտությունը 1070 կգ/ մ3 է:
  4. ЗИЛ-131 -ի թափքերը` ըստ դրանց տեխնիկական տվյալների, ունեն 4 մինչև 7 խորանարդ մետր տարողություն: Ռաֆիկը վկայել է 25-30 մեքենա, որից 5-ը ПАЗ-672 էր, մնում են 20-25 ինքնաթափ մեքենա: Եթե վերցնենք ինքնաթափ 20 մեքենա և յուրաքանչուրի թափքի ծավալը 4 մ3 (ամենափոքր չափը), ապա այդ 20 մեքենաները տանում էին առնվազն 1316 դիակ (մարմնի մասեր), իսկ եթե վերցնենք 25 ինքնաթափ մեքենա և յուրաքանչուրի թափքի ծավալը 7 մ3(ամենամեծ չափը),  ապա այդ 25 մեքենաները տանում էին ամենաշատը 2880 դիակ (մարմնի մասեր): (Դիակների թիվը հաշվելիս մարդու մարմնի միջին խտությունը` 1070 կգ/ մ3, բազմապատկել ենք մեկ թափքի ծավալով, ստացված թիվը բազմապատկել ենք մեքենաների թվով, ապա բաժանել հայերի միջին քաշի` 65 կգ-ի վրա):
  5. Այնուհետև, 1316-ին գումարել ենք 200-ը, ստացել ենք 1516 դիակ կամ էլ 2880-ին գումարել ենք 200 ու ստացել ենք 3080 դիակ:

Այսպիսով, ամենազուսպ հաշվարկները թույլ են տալիս ենթադրել, որ ավտոշարասյունը Սումգայիթի դիարաններից տանում էր ամենաքիչը 1500 դիակ, կամ էլ ընդհանուր առմամբ 1500-ից 3000 դիակ: Բայց դա միայն Սումգայիթի դիարաններից:

Կան վկայություններ, որ ցեղասպանության օրերին հանրապետության այլ քաղաքների դիարաններ Սումգայիթից դիակները տեղափոխել են բեռնատարներով` «լիքը սպանված հայերով»` Բաքու, Մարդակյան, և այլ բնակավայրեր [19], և 1988 թվականի մարտին տարբեր այդ դիարաններում ականատեսների վկայությամբ հարյուրավոր հայերի դիակներ կային[20]: Առայժմ, մեր հետաքննության ընթացքում, ականատեսների պատմածներից մեզ հայտնի են, որ Սումգայիթի հայերի հարյուրավոր դիակներ տեսել են Բաքվի մեկ դիարանում և Մարդակյանի մեկ դիարանում: Հուսով ենք, որ մեր հետաքննությունը նոր իրողություններ կբացի, և սպանվածների թիվը ավելի կճշտվի:

Հաշվի առնելով նաև Աշոտ Համբարձումյանի և Սամվել Շահմուրադյանի վերոհիշյալ վկայությունները, մեր այս աշխատանքում փորձագիտական քննարկումների ներկա եզրակացությունը այն է, որ Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը` 4 օրում, սպանվածների թիվը ավելի քան երեք հազար է:

Մեր հարցազրույցների ժամանակ փախստականները վկայել են նաև, որ հայերի դիակները ինքնաթափերով տեղափոխել և Վոլչի վարոտա քրիստոնեական գերեզմանոցում հորերի մեջ են լցրել, կամ էլ ծով[21, 22]:

Դժվար է պատկերացնել նաև, թե Բաքվում 1990-ի հունվարի 11-19-ը ինչպես պետք է գրանցեին սպանվածների թիվը, երբ սպանդի մասշտաբները ըստ ականատեսների կրկին ահարկու էին, ու սպանդը միաժամանակյա ընթանում էր ողջ Բաքվում, նաև Բաքվից Կրասնովոդսկ (Թուրքմենբաշի) տեղափոխվող լաստանավերի վրա, Կասպիցի ջրերում [23, 24]:

Բաքվում հայերի սպանդի մասշտաբների մասին կարելի է պատկերացնել Ադրբեջանի այդ ժամանակվա ՊԱԿ-ի ղեկավար Վագիֆ  Հուսեյնովի այն վկայությամբ, որ սպանդին մասնակցում էին բանդիտ-ջարդարարների 50-300 հոգանոց շուրջ 40 խմբեր[25], նաև ԽՍՀՄ ՆԳ նախարար Վադիմ Բակատինի 1990 թվականի մարտի 5-ի վկայությամբ, որ  ցեղասպանությանը մասնակցում էին 5000 ջարդարար[26]:

Հայերի ցեղասպանության բռնկումները եղել են 1988-ի մարտից մինչև 1990-ի հունվարի 19-ը, և հայերի դիակները կամ չեն գրանցել Բաքվի դիահերձարաններում, կամ կոծկել են[27]:

Manufacturing A Massacre: The Armenian Pogroms in Baku ֆիլմի նախապատկերում տված է, որ  Բաքվում 1990-ի հունվարին եղել է 5248 զոհ, 31293 փախստական, առևանգվածներ` 3396, անհայտ կորածներ` 3572, այսինքն, համաձայն այս ֆիլմի տվյալների 8 820 հայ զոհվել և անհայտ կորել է [28]:

Սումգայիթի և Բաքվի ցեղասպանության կազմակերպիչներից Զիա Բունիաթովը վկայել էր, թե Բաքվում 9 հազար հայ է զոհվել[10,11]:

«Որքա՞ն են զոհերը» հարցին փորձել է պատասխանել նաև քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանը` «Թե որքանով է դա ստոյգ, այսօր դժուար է ասել, քանզի ինչպէս Սումկայիթի, այնպէս էլ Պաքուի ջարդերի հետեւանքով մահացածութեան փաստերը եօթը կողպէքի տակ են պահւում Ազրպէյճանի արխիւներում, առաւել եւս, որ նահատակուածների դիակները շուտափոյթ ցրել էին տարբեր բնակավայրերի դիարաններում, իսկ հետագայում, գիշերները, մթութեան քողի տակ  հողածածկ արել Սումկայիթի մերձակայ, նաեւ Պաքուից 40 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Փերեկիւշկիւլ կոչուող տարածքի,  Ապշերոնի թերակղզու ամայի վայրերում:  Բայց երեւի թէ  հիմք չունենք չհաւատալու Սումկայիթի ու Պաքուի հայոց կոտորածների ամենաակտիւ կազմակերպիչներից մէկին, ով  տիրապետում էր առկայ փաստերին» [11]:

Այն, որ հայերի դիակները հողածածկ են արել նաև Ապշերոնի ամայի վայրերում, փաստում է այն  հանգամանքը,   որ  ադրբեջանա-արցախյան  պատերազմից   հետո  Սումգայիթում,  Բաքվում  և  հարակից  բնակավայրերում  իրականացրած   շինարարական  աշխատանքների  ժամանակ  հայտնաբերել  են  բազմաթիվ  դիակներ, ընդ  որում  այն  հատվածններում,  որտեղ   նախկինում գերեզմաններ  չեն  եղել[29]:

Մեր հարցազրույցի ժամանակ հիշեցնում են, որ Բաքվի ջարդերի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ Ապշերոնյան թերակղզու վրա` Բաքվի շրջակայքում, կային բազում բնակավայրեր, որտեղ բազմահազար հայեր էին ապրում, և նրանց ճակատագրից ընդհանրապես անտեղյակ ենք: Բաքվից փախստականը` Հայաստանի հիվանդանոցներում հարցումների միջոցով, կարողացել է կազմել սպանվածների և անհայտ կորածների 123 հայի անուն, սակայն այդ ցուցակում չկա գոնե մեկը, որ լիներ Բաքվի շրջակա բնակավայրեր Ռազինից, Սուրախանից, Սաբունչիից, Զաբրատից, նաև Արտյոմ կղզուց, այսինքն` այդ բնակավայրերի հայերից տեղեկություններ չկան և չի հավաքվել [30]:

Մեր` ֆեյսբուքյան էջում, վարած զրույցի ժամանակ պատմաբան և Բաքվից փախստական Լևոն Ադյանը ասում է, որ սպանդի մասշտաբները Սումգայիթում ու Բաքվում ահռելի էին ու համեմատելի 1918 թվականի Բաքվի և 1920 թվականի Շուշիի ջարդերի հետ, և որ 1918 թվականին սեպտեմբերի 15-ից 18-ը Բաքվում երեք օրվա մեջ սպանվել է մինչև 30 հազար հայ [31],  իսկ 1920 թվականի մարտի 22-26-ը Շուշիում  սպանվեց ավելի քան 20 հազար հայ, և այստեղից կարելի է պատկերացնել, թե 1988-ին Սումգայիթում, 1988-ի մարտից 1990-ի հունվարի 19-ը Բաքվում ինչքան հայ է սպանվել: Մի դիտարկում` 1918 և 1920 թվականներին հայության ձեռքին զենք կար, իսկ 1988-1990 թվականներին` չկար:

Մեր փորձագիտական քննարկումների եզրակացությունը` ելնելով  «գործողությունների» մասշտաբներից, վկայություններից, նաև Բաքվում և շրջակա բնակավայրերում հայ ազգաբնակչության խտությունից ու  բաշխվածությունից, այն է, որ Բաքվում միայն 1990-ի հունվարի 11-19-ը` 9 օրում, սպանվածների, անհայտ կորածների թիվը մեկ տասնյակ հազարից շատ է, միգուցե և մի քանի տասնյակ հազար է:

1988-ի փետրվարից մինչև 1990-ի փետրվարը Բաքվում և Ադրբեջանի  վերահսկողության տակ հայտնված հայաբնակ տարածքներում սպանված հայերի թիվը մնում է չհետազոտված:

Իսկ անմեղ զոհերի հիշատակը պահանջում է, որ արդեն այսօր կազմել անուն առ անուն` զոհերի, ոչնչացված ընտանիքների, անհայտ կորածների ցուցակները, նաև այդ մահ ու կենացի օրերին իրենց ընտանիքների ու հարազատների, հարևանների կյանքն ու արժանապատվությունը պաշտպանած ու զոհվածների անունները: Եվ դա հնարավոր է անել, քանի ողջ են ականատեսները, դրա համար պետք չէ ևս մի հարյուրամյակ սպասել, ու դա հայկական պետության պարտքն է իր ժողովրդի առաջ: Դա անհրաժեշտ է սերունդներին սեփական պատմության հանդեպ հարգանքի սերմանման, նաև ապագայում զգոնության համար, ցեղասպանության կանխատեսման ու կանխարգելման համար:

Հ.Գ. Վ.Վ,Պուտինը 2020թ. հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբում հնչեցրեց հետևյալ խոսքերը. «Но чего мы точно не можем забывать – это то, что происходило в судьбе армянского народа, армянской нации в период Первой мировой войны. Трагедия огромная армянского народа. Это вторая часть. Третья заключается в том, что этот конфликт начался не просто как межгосударственный конфликт и борьба за территории, он начался с этнического противоборства. Это тоже, к сожалению, факт, когда в Сумгаите, а потом и в Нагорном Карабахе были осуществлены жестокие преступления против армянского народа. Всё это в комплексе мы должны учитывать.»:

Սումգայիթի թեմային նա կրկին անդրադառնում է 2020-ի հոկտեմբերի 29-ին, այնուհետև նոյեմբերի 17-ին: Նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ ՌԴ նախագահը տեսնում է Սումգայիթի կապը Հայոց ցեղասպանության հետ, ինչպես նաև ընդգծում է այն հանգամանքը, որ 1991 թվականի Արցախի ինքնորոշման հիմքում դրված է ցեղասպանությունից պաշտպանվելու մղումը[33]:

Գրականություն`

Կայք էջերին հղումները արված են մինչև 2020 թվականի մարտ ամիսը:

  1. http://hpj.asj-oa.am/3513/1/2005-1(21).pdf Խոջաբեկյան Վլադիմիր(2005) Ցեղասպանությունը և հայաթափությունը Ադրբեջանում (1918-1990-ական թվականներ). Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 21-41. ISSN 0135-0536, Геноцид и вытеснение армян в Азербайджане (1918- 1990-е годы).The Genocide and Supplanting of the Armenians in Azerbaijan (1918-the 1990s), էջ 29
  2. http://sumgait.info/caucasus-conflicts/nagorno-karabakh-facts/nagorno-karabakh-facts-7.htm
  3. http://www.armin.am/historyofarmenia/am/Encyclopedia_of_armenian_history_Sumgaiti_Cexaspanutyun.
  4. Документальный фильм «Гейдар Алиев. Бремя власти», снят по заказу Фонда Гейдара Алиева, Азербайджан. https://www.youtube.com/watch?v=SytmJjmX7Tw
  5. https://www.panorama.am/am/news/2008/02/28/sumgait/1346931
  6. https://www.washingtonpost.com/archive/politics/1989/09/06/hate-runs-high-in-soviet-unions-most-explosive-ethnic-feud/38ac827c-17a0-474c-9647-39189d0415ec/
  7. https://aga-tribunal.info/arutyunov_1/
  8. https://armlur.am/314019/
  9. https://armeniasputnik.am/columnists/20180227/10709611/sumgayit-adrbejan-cexaspanutyun-jarder.html
  10. http://ru.hayazg.info/%D0%90%D0%B4%D1%8F%D0%BD_%D0%9B%D0%B5%D0%B2%D0%BE%D0%BD_%D0%92%D0%BE%D1%81%D0%BA%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87/%22%D0%A2%D0%B5,_%D0%BA%D1%82%D0%BE_%D0%BD%D0%B5_%D1%81%D0%BC%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B8_%D1%81%D0%BF%D0%B0%D1%81%D1%82%D0%B8%D1%81%D1%8C,_%D0%B1%D1%8B%D0%BB%D0%B8_%D0%B7%D0%B2%D0%B5%D1%80%D1%81%D0%BA%D0%B8_%D1%83%D0%B1%D0%B8%D1%82%D1%8B_%D0%B2_%D1%81%D0%B2%D0%BE%D0%B8%D1%85_%D0%B4%D0%BE%D0%BC%D0%B0%D1%85%22
  11. http://www.aztagdaily.com/archives/384408
  12. https://www.youtube.com/watch?v=hZKaEONL6RU 7:11-8:16 րոպե
  13. Հարցազրույցը մշակման մեջ է ապագայում տպելու համար:
  14. https://www.youtube.com/watch?v=JcsgQuyeowg 47:58-48:26 րոպե
  15. https://www.youtube.com/watch?v=VSD1MVSU3rM&list=PLZQazbrlkKiCWPBuviyLRbZT9lFIcdYAQ&index=87 , 50:02 րոպե
  16. https://www.youtube.com/watch?v=M711Us0sqOI&list=PLZQazbrlkKiCWPBuviyLRbZT9lFIcdYAQ&index=87&t=9s 34:50-35:10 րոպե
  17. https://www.youtube.com/watch?v=M711Us0sqOI&list=PLZQazbrlkKiCWPBuviyLRbZT9lFIcdYAQ&index=87&t=9s 35:10-35:30 րոպե
  18. https://www.youtube.com/watch?v=mI5O55TRJu8&feature=youtu.be&fbclid=IwAR0CzavCfAeT2Ec8py6VxEFTK_jSoFwP8SE7GzYB1QhuVesjktDcoI-cIQg 6:43-10:06 րոպե
  19. https://www.youtube.com/watch?v=JcsgQuyeowg 25:38-26:17 րոպե, 46:38-47:55 րոպե
  20. https://www.youtube.com/watch?v=JcsgQuyeowg 46:22-46:48 րոպե
  21. https://www.youtube.com/watch?v=VSD1MVSU3rM&list=PLZQazbrlkKiCWPBuviyLRbZT9lFIcdYAQ&index=87 43:20 րոպե
  22. https://www.youtube.com/watch?v=3tRyt5AXK90  11:00-11:50 րոպե
  23. https://www.youtube.com/watch?time_continue=483&v=M711Us0sqOI&feature=emb_logo 23:10 րոպե
  24. https://www.youtube.com/watch?v=82IOf6UEKUc 41:30-45:21 րոպե
  25. https://www.youtube.com/watch?v=82IOf6UEKUc 1:30 րոպե
  26. https://www.youtube.com/watch?v=82IOf6UEKUc 30:35-30:45 րոպե
  27. Овик Аванесов, Геноцид армян в Баку в 1990 г. – яркий пример политики государственного терроризма Азербайджана, Аналитический доклад, Степанакерт

2020, с. 2.

  1. https://www.youtube.com/watch?v=0HLsdNMR4kY
  2. Овик Аванесов, Азербайджанский нацизм вчера и сегодня, Аналитический доклад, Степанакерт 2019, с.10.
  3. https://www.youtube.com/watch?v=3tRyt5AXK90&feature=share&fbclid=IwAR0GomBeIJYQJOPKo0YhTcTlroZuxqcfoFDS4ja9ZH0SIHRHo44pC7_6RjQ 35:49-38:18 րոպե
  4. http://www.genocide-museum.am/arm/baku1918.php
  5. http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=9506&Reading=0%D5%B4%D5%A1
  6. https://www.aravot.am/2022/12/27/1314109/?fbclid=IwAR3CtRvhkWseq7s76M-H1eeoX3jYgFh4MsH5oMuP6LmF9tq5Y79nz7Jcdro

 

 

Մարիամ Ավագյան, կ.գ.թ. դոցենտ, Ադրբեջանական ԽՍՀից փախստականների համագումարի համակարգող

Հովիկ Ավանեսով, Ստփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող

07.03.2020թ.

Արցախում մնացել է 14 հայ. Գեղամ Ստեփանյան

Այսօր Արցախում մնացել է 14 հայ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել է  Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Անգամ անձինք, որ ժամանակին ինչ-որ հույս ունեին, որ կարող են մնալ ու ապրել Ադրբեջանի կազմում, ի վերջո եկել են այն համոզման, որ դա անհնար է եւ դիմել են Կարմիր Խաչին, որ իրենց տեղափոխեն Հայաստանի Հանրապետություն: Սա եւս ցուցիչ է եւ սա եւս պետք է ցույց տա, որ անհնար է ապրել այնտեղ»,- ասաց նա:

Ստեփանյանը նշել է, որ մի շատ վտանգավոր պրոցեսի մասին է խոսակցություն գնում, որ միջազգային դատական ատյաններից հայցերն են հետ կանչում:

«Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել, որ սա չի կարող երբեք տեղի ունենալ, որ սա խարխլում է հակամարտությունների կարգավորման արդարացի եւ պատշաճ ընթացակարգը: Բայց առնվազն այս պահը տեսնում ենք, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ: Որդեգրված է մի դիրքորոշում, որ եթե ամեն գնով հասան խաղաղության  պայմանագրին, ապա այս հարցը փակվում է: Սա ուղղակի նշանակում է դավաճանել 150 հազար մարդու իրավունքներին եւ երես չունենալ հետագայում էլ որեւէ մի տեղ որպես ժողովուրդ, ազգ ներկայանալու, որ այն ժամանակ էլ երբ հնարավորություն կար պաշտպանելու, չենք արել, ուղղակի հավատացել ենք խաղաղությանը»,-ասել է նա:

Նա նաեւ նշեց, որ բնակարանային ծրագրի համար մինչ այժմ 30 դիմում է ներկայացվել:

Մոսկվան Սյունիքում սեպ է խրում ԱՄՆ-ի և Իրանի միջև. Հայաստանին չեն հարցնում

Ըստ Tansimnews-ի՝ Իրանը Ռուսաստանին խորհուրդ է տալիս հրաժարվել առանց հայկական անցակետերի դեպի Նախիջևան միջանցք բացելու վիճահարույց գաղափարին աջակցելուց։

Բրիտանական The Guardian-ն իր հերթին գրում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանն ու Նախիջեւանը կապող երթուղու ստեղծման վերաբերյալ Թեհրանի ու Մոսկվայի հակադիր դիրքորոշումների մասին։ Այս շաբաթվա սկզբին Իրանը կանչել էր Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ հայտնելու իր դժգոհությունը Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, որ չի ցանկանում, որ իր սահմաններին հակամարտություն հրահրվի Մոսկվայի կողմից։

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեհը զգուշացրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ կարող է կանխարգելիչ հարձակում լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ կանխելու Իրանի նոր կառավարության և Միացյալ Նահանգների միջև կապի ուղիների ձևավորումը։

Հիշեցնենք, որ Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը 2021 թվականին հրաժարական տալուց առաջ հարցազրույց էր տվել (որից հատվածներ էին հայտնվել մամուլում), որտեղ ասել էր, որ Ռուսաստանն է միջամտել եւ խանգարել Արևմուտքի հետ Իրանի գործարքին։

Զարիֆը կրկին աշխատում է Իրանի կառավարությունում, և, ըստ ամենայնի, Ռուսաստանի մասին նրա կարծիքը չի փոխվել։ Մոսկվան Իրանի թշնամիների հետ միասին ամեն ինչ անում է Իրանի հզորացումը և ԱՄՆ-ի հետ գործարքը կանխելու համար։

Դրան հասնելու ուղիներից մեկն էլ Իրանին Հայաստանի Սյունիքի մարզի համար հավանական պատերազմի մեջ ներքաշելն է։ Մյուս ճանապարհը՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների իրանական մատակարարումների մասին տեղեկություններն են, որոնք Իրանը հերքել է։

Իրանի խորհրդարանի անդամ Ահմադ Նադերին ասել է. «Իրանի ազգային շահերի դեմ Ռուսաստանի նախկին գործողություններին համարժեք պատասխանի բացակայությունը մեծացրել է ռուսական ամբարտավանությունը: Նրանք պետք է հասկանան, որ ռազմավարական համագործակցությունը չի նշանակում հրաժարվել սեփական շահերից»։

Պատգամավորն հավանաբար նկատի ունի նաև 2020 թվականի դեկտեմբերի իրադարձություններին, երբ Արցախում ահաբեկչական պատերազմից հետո Բաքուն Մոսկվայից նվեր ստացավ Սյունիքի հայկական տարածքները, այդ թվում՝ Իրան-Հայաստան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը։ Միաժամանակ Սյունիքում հայտնվեցին ռուսական զորքերը, որոնք պաշտպանում էին ադրբեջանցիներին։

Իրանը այն ժամանակ եւս չարձագանքեց, բայց ամեն անգամ Ռուսաստանը ավելի ու ավելի բաց էր դառնում, իսկ այժմ Թուրքիայի ու Իսրայելի հետ ցանկանում է բռնակցել հայ-իրանական սահմանը։

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի միջանցքը դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրանում ցանկացած փոփոխության, գրում է Mehr-ը։

Հատկանշական է, որ Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում։

Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, հայտարարեց այսօր Նիկոլ Փաշինյանը։ Նա չասաց, որ Երեւանը համապատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ինչ-որ մեկը փորձի ուժով բացել միջանցքը։ Ընդհակառակը, Հայաստանի իշխանության բոլոր գործողությունները վերջին մի քանի տարիների ընթացքում վկայում են այն մասին, որ Երևանը ոչինչ չի անի, եթե իր տարածքների անեքսիայի փորձ կատարվի։

Ավելին, չի բացառվում, որ Երևանը համաձայնի «միջանցքը» մասնավոր ընկերություններին (հնարավոր է՝ հենց ռուսական) փոխանցելու առաջարկին՝ դրանով իսկ թիկունքից հերթական հարված հասցնելով Իրանին։

Նաիրա Հայրումյան

Արցախի հարցում Լյուքսեմբուրգի դիրքորոշումը միանշանակ է․ ի՞նչ կասի փոխվարչապետը

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը։
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարները կմասնակցեն «Հարավային Կովկասը անմիաբանության և համագործակցության խաչմերուկում» պանելային քննարկմանը։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանում ելույթ էր ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիսլերը։

«Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը պարտադիր ուժ ունի եւ պետք է ամբողջապես իրականացվի ամենայն մանրամասնությամբ։ Մենք պահանջում ենք նաեւ, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին եւ համապարփակ տեղեկատվություն տրամադրի անհետ կորած անձանց վերաբերյալ։ Արդարությունը եւ մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ արձակվեն՝ առանց հետաձգումների»,- ասել է Կլոդ Վիզլերը։

«Ես ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձություններից, որոնք ցնցեցին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը։ Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեցին այն անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետեւանքով, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրեց։ Այս իրադարձությունը ոչ միայն մեծ տեղահանում է առաջացրել, այլ նաեւ սպառնում է Հայաստանի մշակութային արեժքներին։ Մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության եւ պատմության ջնջմանը Պատմական ճշմարտության հիշողությունը եւ ճանաչումը կարեւորագույն գործոններ են՝ ապագան կառուցելու համար»,- հայտարարեց նա։

Կլոդ Վիզլերն անդրադարձավ նաեւ Արցախի կարգավիճակի հարցին։ «2020 թվականի հոկտեմբերին ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց հայտարարություն, որով խստորեն դատապարտում էր 1994 թվականի զինադադարը խախտող ռազմական գործողությունները։ Խորհրդարանականները միաձայն դատապարտեցին արտաքին միջամտությունը, հատկապես Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Նույն տարվա դեկտեմբերին պատգամավորների պալատը վերահաստատեց  իր դիրքորոշումը՝ շեշտելով, որ կրիտիկական կարեւորություն ունի նախաձեռնելու համապարփակ քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը»,- նշեց նա։

Լյուքսեմբուրգի նախագահի դիրքորոշմանն այն ժամանակ հայ պատգամավորներն ու արտաքին գործերի նախարարությունը չարձագանքեցին։ Դքսության դիրքորոշումը փոխվե՞լ է։

 

 

Դժվարությունները հաղթահարում ենք ինքնուրույն՝ առանց «ժողովրդի ծառաների» ծառայությունների

1988 թվականին Ադրբեջանից և 2023 թվականին Արցախից փախստական ​​Ռուզաննա Ավագյան

Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ենք, նշել ենք Հանրապետության հռչակման օրը, բայց մեր սոցիալական, կենցաղային, տնտեսական, օրինական իրավունքները ոչ մի կերպ չեն լուծվում, և մեր կառավարությունն ու խորհրդարանը զբաղված են սեփական ամբիցիաներով, և ոչ ժողովրդի խնդիրներով։

Ես նախագահից կամ պատգամավորներից արմատական ​​գործողություններ չեմ պահանջում, բայց ուզում եմ, որ գոնե հիմա, երբ բոկոր արցախցիները հայտնվել են ծանր վիճակում, հիշեն Արցախի ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունները։ Որպեսզի գոնե տարրական աջակցություն ցուցաբերեն ժողովրդին՝ լինի դա խորհրդակցությունների, ընտրողների հետ հանդիպումների, թե բյուրոկրատական ​​արգելքների հաղթահարման աջակցության տեսքով։

Օրինակ, ես, ինչպես արցախցիների մեծ մասը, համաձայն չեմ ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ որպես բնակարանային ծրագրին մասնակցելու կամ աշխատանքի ընդունվելու պայման։ Նախ՝ մենք արդեն ՀՀ քաղաքացի ենք, երկրորդ՝ լավ հիշում ենք, թե ինչպես աշնանն ու ձմռանը, անկախ եղանակից, ստիպված էինք օրերով հերթ կանգնել անձնագրային բաժանմունքներում՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։

Ասում են՝ արցախցիները բանակում չծառայելու համար չեն քաղաքացիություն ընդունում։ Բայց գաղթից հետո արցախցիները պատրաստ էին շարունակել ծառայությունը հայոց բանակում։ Տղաս հիմա էլ պատրաստ է ծառայել, բայց պետք է նորից ընդունի Հայաստանի քաղաքացիությունը։

Այս դժվարությունները մենք հաղթահարում ենք ինքնուրույն՝ առանց «ժողովրդի ծառաների» ծառայությունների։ Անհրաժեշտ է հասնել այս պայմանի վերանայմանը և վերացմանը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ Արցախն ու նրա քաղաքացիները պարզապես գոյություն չեն ունեցել։ Ինչո՞ւ Արցախի իշխանությունները ջանքեր չեն գործադրում, որպեսզի արցախահայության նկատմամբ պետական ​​քաղաքականությունն այդքան բացասական չլինի։

Մեր մարդու իրավունքները առաջին հերթին պետք է ճանաչվեն Հայաստանի իշխանությունների կողմից, և դրան պետք է նպաստեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։

Մենք երկար տարիներ ապրել ենք՝ չմտածելով մեր իրավունքների մասին։ Եվ հիմա ստիպված ենք վերադառնալ Ղարաբաղյան շարժման սկզբին, հիշել, թե ինչպես է այն սկսվել, բարձրաձայնել բոլոր իրավական փաստաթղթերն ու փաստերը, որպեսզի հայտարարենք, որ արցախահայությունն ունի արժանապատիվ կյանքի իրավունք։

Ալվարդ Գրիգորյան