Բանալին Երեւանում է․ վերջնական հարվածը կհասցվի՞ Իրանին

  • 10:31 09.09.2024

Մեղրու ճանապարհը դարձել է ժամանակակից աշխարհաքաղաքականության երեք կիզակետերից մեկը՝ Գազայի և Դոնեցկի հետ մեկտեղ։ Այստեղ է որոշվում է աշխարհում հետագա իրադարձությունների ընթացքը, և այդ իրադարձությունների բանալիները գտնվում են Երևանում։

Ինչպե՞ս է Հայաստանի ներկայիս իշխանությունը տնօրինելու այս բանալիները։ Ինչպե՞ս է Փաշինյանը մտադիր լուծել Մեղրիի միջանցքի հարցը, որը կարող է տեկտոնական ճեղքվածք դառնալ քարտեզի վրա՝ ճեղքեր առաջացնելով ամբողջ աշխարհում։

Վերլուծաբանները նշում են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Փաշինյանը բազմիցս փոխել է իր դիրքորոշումը Մեղրիի ճանապարհի նկատմամբ։ Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որում, ըստ Ալիեւի, հաջողվել է ներառել Ղարաբաղին չառնչվող հարց։ Հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ արդեն 44-օրյա պատերազմից հետո նշանակված պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Բաքվի և Մոսկվայի գործընկերների հետ հուշագիր է ստորագրել Սյունիքում հայկական հողերը, այդ թվում՝ Հայաստան-Իրան 21 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը հանձնելու մասին։ Ռուսական զորքերը մտցվեցին Սյունիք։

Փաշինյանն անմիջապես հայտարարեց, որ մի քանի ամսից նոր ճանապարհ է բացելու Իրանի հետ՝ Տաթևով, և որ Էյվազլի-Չայզամին հայկական տարածքներ չեն։ Այսինքն դրանց համար չենք պատերազմի։

Հետո, երբ սկսվեց Արցախի շրջափակումը, Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ չի ձգտելու Բերձորի միջանցքի ուժային բացմանը, որպեսզի «Ադրբեջանը ուժով չբացի Զանգեզուրի միջանցքը»։ Եվ դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ արտատարածքային միջանցքի՝ Բերձորի մասին։

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից, Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո Մեղրու միջանցքի հարցը ստիպեց բոլորին դեն նետել դիմակները։

Արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ այս միջանցքի միակ շահառուն Ռուսաստանն է, որն օգտագործեց այն Արցախը թուրքերին փոխանցելու համար, իսկ այժմ միջանցքներով փորձում է մասնատել Հայաստանը, վնասազերծել Իրանը և տարածաշրջանը փոխանցել Թուրքիային։

Հայաստանն ու Իրանը պետք է խոսեն նույն լեզվով այս հարցում, սակայն Հայաստանի իշխանության փոփոխվող պոզան և Իրանի նկատմամբ կոշտ ճնշումը թույլ չեն տալիս Մեղրիի միջանցքի հարցը ամբողջությամբ և անդառնալիորեն հանել օրակարգից։

Միջանցքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին դիչքորոշումն այն էր, որ, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, պետք է բացվեն բոլոր հաղորդակցությունները։ Կառավարությունը չի հայտարարել, որ կօգտագործի բոլոր օրինական միջոցները հայկական տարածքների բռնակցումը կանխելու համար /Իրանը, ի դեպ, դա հայտարարել է/։ Ավելին, Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Նախիջևան տանող ճանապարհի անվտանգության ապահովման գործառույթները կարող են փոխանցվել որոշակի մասնավոր ընկերությունների, այսինքն՝ տեղի կունենա բանալիների «խաղաղ հանձնում»։

Այս հայտարարության առնչությամբ Իրանի դեսպանն ասաց, որ Երևանը հավաստիացրել է Թեհրանին, որ անվտանգության գործառույթները Հայաստանի կողմից կիրականացվեն ինքնիշխան մակարդակով, իսկ մասնավոր ընկերությունները միայն «ներկայ կլինեն» անցակետում։

Անգամ այս հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Իրանը չի հավատում Հայաստանի հավաստիացումներին, և պաշտոնական Երևանի մտադրությունը՝ «կամավոր հանձնել բանալիները, միայն թե պատերազմ չլինի», գործում է Իրանի և Հայաստանի փլուզման ուղղությամբ։

Գազայի և Ուկրաինայի իրադարձությունների ելքը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես է պաշտոնական Երևանը տնօրինում Մեղրիի միջանցքի բանալիները։ Արդյո՞ք Հայաստանը վերջնական հարվածը կհասցնի Իրանին՝ սեփական պետության մասնատման գնով, որը թույլ կտա Ռուսաստանին տարածաշրջանը հանձնել Թուրքիային և Իսրայելին։