
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԵՄ առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին «պետք է դադարեցվի»։
«Առաքելության տեղակայման նախնական որոշումը համաձայնեցվել է Պրահայում կայացած հանդիպմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵՄ խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Կողմերը պայմանավորվել են, որ առաքելությունը կլինի կարճաժամկետ։ Սակայն այժմ նրա գործունեությունը դարձել է մշտական, և նրա կազմն ու մանդատը շարունակում են ընդլայնվել»,- ասել է Հաջիևը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը «ընթանում է խաղաղ և փոխըմբռնման ոգով», ինչն ավելորդ է դարձնում երրորդ կողմի ներկայությունը։
«ԵՄ առաքելությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանը։ Դա կախված է Հայաստանից և Ադրբեջանից։ Երրորդ կողմի առկայությունը միայն մեծացնում է լարվածությունը։ Ավելին, առանձին եվրոպական պետություններ, թաքնվելով ԵՄ առաքելության հետևում, հետապնդում են իրենց շահերը Հայաստանում»,- նշել է Հաջիևը։
Բաքուն պայման առ պայման է դնում «խաղաղության պայմանագիր կնքելու» համար. սկզբից նրանց խանգարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ղարաբաղը, Հայաստանի Սահմանադրությունը, ԱՄՆ Կոնգրեսը, Իրանը, հիմա Ֆրանսիան, հայկական սփյուռքը, այժմ եվրոպացի դիտորդները։ Ստացվում է, որ Բաքուն հանցավոր դավադրությունից բացի այլ հենման կետ չունի, և այն ամենը, ինչը խանգարում է այս դավադրությանը, Բաքուն փորձում է վերացնել իր ճանապարհից։ Հայաստանի իշխանությունը մինչ այժմ կատարել է Բաքվի բոլոր քմահաճույքները։ Պետք է ենթադրել, որ պաշտոնական Երեւանը փետրվարին չի երկարաձգի Հայաստանում եվրոպացի դիտորդների գտնվելու ժամկետը։