
Կիևը սիրիացի ապստամբներին մատակարարում է անօդաչու սարքեր, ուրախությամբ գրում են ուկրաինացի վերլուծաբանները՝ ցույց տալու իր մասնակցությունը Ասադի տապալմանը։ 4-5 շաբաթ առաջ անօդաչու սարքերը հասել են Իդլիբում գտնվող ապստամբների շտաբ, հայտնում է The Washington Post-ը։
Սիրիան 11 օրում «վերցրեցին» թուրքամետ փոքրաթիվ ուժերը՝ հարավից իսրայելական բանակի աջակցությամբ, մինչդեռ սիրիական 600000-անոց բանակը գրեթե ոչ մի դիմադրություն ցույց չտվեց։ Ռուսական զորքերը, որոնք պետք է պաշտպանեին Ասադի ռեժիմը, ոչ միայն չդիմադրեցին, այլեւ զենք ու տեխնիկա «թողեցին» թուրքամետ ուժերին։ Բացի այդ, ռուսները «ազատագրեցին» օդանավակայաններ և այլ ռազմական օբյեկտներ, որպեսզի Իսրայելը կարողանա հանգիստ ոչնչացնել Սիրիայի ողջ ռազմական ներուժը։ Հատկանշական է նաև, որ «ապստամբները» առաջ էին շարժվում հենց այն ուղղություններով, որոնք ռուսների պատասխանատվության գոտում էին։ Ինչպես Արցախում եւ Ջերմուկում, որտեղ ռուսների վերադասավորումից ելնելով կարելի էր կռահել, թե ուր կհարվածեն թուրքամետ ուժերը։
Հայտարարությունները, թե «ռուսները պարտվեցին» Սիրիայում, ընդամենը փորձ է թաքցնել մեծ դավադրությունը, որը ներառում է Ռուսաստանը։
Ուկրաինական լրատվամիջոցները սակայն զգուշությամբ սկսեցին խոսել այն մասին, որ Ուկրաինան կարող է լինել այս դավադրության գինը։ Բայց դա չի խանգարում Կիևին վարել բացառապես Իսրայելի շահերից բխող քաղաքականություն, նույնիսկ եթե սակարկության գինը լինի Ուկրաինան։
Ինսայդերներն ասում են, որ Իսրայելն էր, որ Ասադին «թողեց» թռնել Ռուսաստան, ինչը նույնպես Ռուսաստանի հետ գործարքի մաս էր։ Եվ ստացվում է, որ Կիևը՝ Իսրայելին աջակցելով աշխատում է ի շահ ռուսների։
Քրդերի բախտը բերել է. նրանք հասկացել են, որ արժի պաշտպանություն խնդրել ոչ թե ռուսներից, այլ ԱՄՆ-ից, որը մեծ գործարքի «կնքահայրն» է։ Ուստի ԱՄՆ-ը թույլ չտվեց թուրքամետ ուժերին անցնել Մանբիջից այն կողմ և նույնիսկ մի քանի անգամ օդային հարվածներ հասցրեց՝ կանխելու «ապստամբների» անցումը քրդական շրջաններ։ Ի տարբերություն ռուսների, ամերիկացիները չեն հանձնում իրենց դաշնակիցներին։
Այժմ Թուրքիան փորձում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ քրդերի հարցում։ Թուրքիան զգուշացնելու է ԱՄՆ-ին դադարեցնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ուժերի ներկայությունը Սիրիայի հյուսիսում։ Հակառակ դեպքում Անկարան ինքը միջոցներ կձեռնարկի տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար, հայտնում է CNN Turk-ը։
«Թուրքիայի հիմնական նպատակը հյուսիսային Սիրիայի հետ կապված ի սկզբանե եղել է սահմանի երկայնքով 30-40 կմ խորության վրա անվտանգության ապահովումը (քրդական շրջաննրում – խմբ.): ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև այդ հարցում պայմանավորվածություն է եղել, պարտավորություններ են եղել, բայց դրանք չեն կատարվել»,- նշում է հրապարակման հեղինակը։
ԱՄՆ-ը կատարել է իր պարտավորությունները՝ թարմացնելով F-16-ի գործարքը և Թուրքիային տրամադրելով որոշակի սպառազինություն։ Սակայն քրդերի հարցում ԱՄՆ դիրքորոշումը հստակ է։