“На ходу” ռազմավարություն է փոխվում, Շուշին եւ Հադրութն այլեւս առաջնահերթություն չեն

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, թե ինչո՞ւ չի իրագործել կառավարության ծրագիրը, մասնավորապես, դրանում ամրագրված Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիան ինչո՞ւ չի իրականացվել։

«Հենց ընտրությունների հաջորդ օրվանից մենք այդ ծրագրի հետեւից գնացել ենք, հետւողական գնացել ենք։ Գնացել ենք, գնացել ենք, եւ բաներ են պարզվել կամ պարզված բաների նկատմամբ մեր հայացքն է փոխվել։ Մենք նույն տեքստը կարդացել ենք, հասկացել ենք, որ այդ նույնը տեքստը 2019 թվականին ուրիշ կերպ էինք հասկանում։ Հետո տեսել ենք, որ այդպես չէ, պետք է որոշում կայացնես, այդ որոշումները կայացվել են, եւ այդ որոշումների արդյունքում է, որ մենք այսօր խոսում ենք իրական Հայաստանի՝ որպես ռազմավարության մասին»,- ասաց նա։

Այս պահին մենք ռազմավարություն ասելով նկատի ենք ունենում այս կապակցությամբ իմ ունեցած ելույթները և հայտարարությունները, բայց ես համաձայն եմ, որ դա պետք է փաստաթղթավորվի և այդ փաստաթղթավորման գաղափարախոսության ձևակերպման աշխատանքը գնում է: Այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը խոսում է իրական Հայաստանի ռազմավարության մասին, մինչդեռ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, միակ հայտնի ռազմավարությունը 2020-ի ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ ընդհանրապես հակառակի մասին է խոսքը:

“Այո, իմ ընկալումն այն է, որ ամեն ինչը պետք է համապատասխանաբար խմբագրվի, համապատասխան ձևակերպումներ ստանա: Հիմա որոշ տեղերում այդպիսի որոշումներ կան, ընդհուպ կրթության ոլորտում ենք մենք այդպիսի որոշում ներկայացնում, արտաքին քաղաքականության: Կիրանց-Բերքաբերք հատվածում սահմանազատումը այդ ռազմավարության գործնական իրագործումն էր»,-ասաց նա:

Զարմանալի բան է ստացվում․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը 2021-ին, պատերազմից ամիսներ անց, կրկին ընտրվել է՝ մինչ պատերազմն ընդունված ռազմավարությունով եւ դրա վրա կառուցված կառավարության ծրագրով, “на ходу” փոխում է ամեն ինչ, բայց հարկ չի համարում հրաժարական տալ, նոր ծրագիր գրել եւ նորից գնալ ընտրությունների։  

Դա հակաժողովրդավարություն է, եւ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները՝ ինքնախոստովանություն են առ այն, որ նա ավտոկրատ է։ Ի՞նչ է նշանակում՝ քաղաքականությունը հիմնվում է իմ հայտարարությունների եւ ելույթների վրա։ Մարդիկ ընտրել են ոչ թե անձերին, այլ ծրագիրը, եւ եթե այն փոխվել է, քաղաքական ուժը պարտավոր է հրաժարական տալ։  Այդպիսին է ժողովրդավարության իմաստը։

“Իմ ելույթների վրա” հիմնված քաղաքականությունը թույլ է տալիս արդարացնել ցանկացած բան, հետո ասել, որ եթե հասարակությունը դեմ լիներ, թույլ չէր տա դա անել։ 

Փաշինյան ժողովրդավարության բաստիոն համարող երկրներում դժվար թե հնարավոր լինի նման բացահայտ ավտոկրատիա։  Թեկուզ հիմա դեմոկրատիան նորաձև չէ, ավտոկրատիան է թռենդային։ 

«Ստեփանակերտ» մեդիաակումբը նոր ծրագիր է սկսել

Նորերս «Ստեփանակերտ» մեդիա ակումբը գործընկեր կազմակերպություններին ու հանրային գործիչներին էր ներկայացրել Արցախից բռնատեղահանվածների կարծիքների ուսումնասիրությանը, նրանց հրատապ խնդիրների քննարկմանը և Արցախում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված իր նոր ծրագիրը:

Ծրագրի շնորհանդեսի ժամանակ «Ստեփանակերտ» մեդիա ակումբ ՀԿ-ի նախագահ Գեղամ Բաղդասարյանն ամփոփ ներկայացրեց նախորդ՝ 2024 թվականին արված աշխատանքներն ու խոսեց նոր ծրագրի նպատակների ու գործնեության հիմնական ուղղությունների մասին:

Նոր ծրագրով նախանշվել են գործնեության հետևյալ ուղղությունները՝ Արցախից բռնի տեղահանվածների կարծիքների ուսումնասիրություն, նրանց հրատապ խնդիրների քննարկումներ, փորձագիտական երկխոսություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի և հեռանկարների վերաբերյալ՝ արցախյան ու հայաստանյան քաղաքական վերլուծաբանների մասնակցությամբ, հայկական ու արտասահմանյան մամուլի մշտադիտարկում՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման թեմայով:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ բռնատեղահանվածների հրատապ խնդիրների քննարկումները կանցկացվեն «5+5» ձևաչափով՝ 5 արցախյան և 5 հայաստանյան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Սույն ձևաչափի նպատակն է բռնատեղահանվածներին հուզող խնդիրների մասին խոսեն ոչ միայն արցախցիները, այլ նաև նրանց հայաստանյան գործընկերները, ու միասին էլ լուծումներ որոնեն: Բացի դրանից, ակնկալվում է, որ հայաստանյան գործընկերները միջնորդի դեր կխաղան ՀՀ իշխանությունների հետ երկխոսության հարցում՝ բռնատեղահանվածների հիմնական խնդիրների լուծման նպատակով:

Իսկ բռնատեղահանվածների կարծիքների ուսումնասիրության նպատակով կանցկացվեն առցանց քվեարկություններ՝ նվիրված այս կամ այն հրատապ խնդրին: «Ստեփանակերտ» մեդիա ակումբը «ՍիվիլՆեթ»-ի հետ համագործակցությամբ արդեն սկսել է առաջին առցանց քվեարկությունը՝ Արցախից բռնատեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալ-չստանալու թեմայով: Հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Հայկ Խանումյանն իր հոդվածում ի մի է բերել նշյալ հարցով «կողմ» և «դեմ» կարծիքները, վերլուծել դրանք ու տվել սեփական գնահատականը:

«Ստեփանակերտ» մեդիաակումբը արցախցիներին հորդորում է ակտիվորեն մասնակցել այդ քվեարկություններին, քանի որ նրանց կարծիքներն անչափ կարևոր են հետագա վերլուծությունների ու լուծումների համար:

Ինչ վերաբերում է Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ապա «Ստեփանակերտ» մեդիա ակումբն արդեն անցկացնում է հայկական ու արտասահմանյան մամուլի ամենամսյա մշտադիտարկում՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման թեմայով: Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների դիտարկման արդյունքների մասին հաշվետվությունը հրապարակվել է Մեդիա ակումբի գործընկեր step1.am կայքում։

 

Աջակցությունը կտրենք, որ բնակծրագրին մասնակցեն․ Փաշինյանը կրկնեց աբսուրդը

ԱԱԾ տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանցից 19 հազարն արտագաղթել է Հայաստանից։

ՆԳՆ տվյալներով՝ 2024 թվականին ընդամենը 5210 արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն։ Վերջին տվյալներով՝ ընդամենը 542 ընտանիք է ձեռք բերել բնակարանի գնման սերտիֆիկատ, եւ ընդամենը 5 ընտանիք է կարողացել տուն ձեռք բերել։

Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը՝ արցախցիների խնդիրները լուծելու համար, այս հարցն այսօրվա ասուլիսում ուղղվեց Նիկոլ Փաշինյանին։

Նա ասաց, որ քննարկել են, թե ինչո՞ւ մարդիկ չեն դիմում՝ բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ «Ներկաներից մեկը կարծիք հայտնեց, որ կարող է պատճառներից մեկն այն է, որ մենք մեր աջակցության ծրագրերը, որ այդպես շարունակաբար տալիս ենք, դա ինչ-որ առումով պրոցեսը խոչընդոտում է։ Մարդիկ ասում են՝ աջակցությունը ստանում ենք, լավ-վատ յոլա ենք գնում, երբ որ սա չի լինի, նոր կմտածենք՝ դիմենք, թե չդիմենք»,- ասաց նա։

Անդրադառնալով արտագաղթի տեմպերին՝ Փաշինյանն ասաց․ «Մարդկանց հոսք կա, բայց մենք դեռ պետք է նույնականացնենք՝ նույն մարդը գնացել, չի եկե՞լ։ Չեմ բացառում եւ հավանականություն կա, որ մարդկանց մի մասը գնացած կլինի։ Այդ աղետից հետո շատերը Ռուսաստանում ունեն ազգականներ, նույնիսկ ընտանիքի անդամներ, եւ ուղղակի գնացել ու ապրում են իրենց մոտ»։

“Ես ի՞նչ կապ ունեմ Ղարաբաղի լուծարման հետ, դա Հայաստանին չի վերաբերվում”

Այսօր հրավիրած ասուլիսում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ արցախցի որոշ պաշտոնյաներ եւ ՀՀ ընդդիմադիր գործիչներ հայտարարել են, որ այսպես կոչված «Արցախի լուծարման» փաստաթուղթը խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ամսաթիվը չեմ հիշի, խոսակցություն է գնացել տեքստի մասին, բայց իքս պահի հարց է ծագել՝ էս ո՞ւմ տեքստն է, ինչ-որ մեկը ստորագրելո՞ւ է այդ տեքստը, թե՞ չի ստորագրելու։ Ո՞վ է ստորագրելու, էս ի՞նչ տեքստ է, ո՞ւմ համար է։ Եվ եղել է արձագանք Լեռնային Ղարաբաղից, որ հայտնի չէ, սա ում տեքստն է, ում ստորագրությունն է լինելու այդ տեքստի տակ։ Բայց եթե չեք կարա ասեք՝ ում տեքստն է, հետեւաբար, մենք ի՞նչ առնչություն ունենք այդ տեքստի հետ։ Այսինքն՝ մի հատ տեքստ կա, ո՞ւմ համար է այդ տեքստը, չգիտենք, ո՞վ է ստորագրելու այդ տեքստը, չգիտենք, մեզ՝ Հայաստանին ինչ-որ բան առաջարկվո՞ւմ է տեքստի հետ կապված, ոչ։ Հետեւաբար, մենք ի՞նչ կապ ունենք այդ տեքստի հետ։ Ձեր ինչ-որ բան առաջարկվո՞ւմ է, եթե չի առաջարկվում, դուք ի՞նչ կապ ունեք տեքստի հետ։ Եվ հաջորդիվ այդ տեքստը արդեն հայտնվում է կայքում՝ որպես Լեռնային Ղարաբաղի փաստաթուղթ։ Այս է ամբողջ պատմությունը, ես ընդամնեը ցանկացել եմ ճշտել՝ էս ո՞ւմ տեքստն է եւ ի՞նչ առնչություն ունի մեզ հետ»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Եթե դա լիներ տեքստ, որը որեւէ կերպ մեզ հետ առնչվում է, մենք վերաբերմունք կցուցաբերեինք»։

Փաշինյանը հիմա էլ Ցեղասպանության փաստն անհերքելի է համարում

Փաշինյանն  այսօր հրավիրած ասուլիսում վստահեցնում էր՝ ինքը չի ուրանում Հայոց ցեղասպանությունը։

«Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը, հերքումը Հայաստանում քրեական հանցագործություն է։ Ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի», – նշեց վարչապետը։

Անցած շաբաթ նա շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, թե դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունը նույիսկ նրա թիմակիցները չպաշտպանեցին։

Փաշինյանը կարծում է, որ Մինսկի խումբը խանգարում է Բաքվին՝ նոր կոնֆլիկտ ստեղծի

Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, եթե Երևանն ու Բաքուն նույն նպատակի համար են դա անում՝ խաղաղության հաստատման ու ամրապնդման համար։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երևանի դիրքորոշումն այն է, որ եթե չկա կոնֆլիկտ, ապա ո՞րն է կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը։ Սակայն Հայաստանն ուզում է համոզվել, որ Ադրբեջանի համար ևս այս գործողությունը նույն բովանդակությունն ունի։ Եթե Ադրբեջանի մղումն է Մինսկի խումբը լուծարել և նոր կոնֆլիկտ սկսել Հայաստանի դեմ՝ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով, ապա, իհարկե, Երևանը դեմ է։
«Եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք Մինսկի խումբը, բայց եթե ֆորմատն Ադրբեջանին ինչ-որ ձևով խանգարում է, որ ինքը կոնֆլիկտ ստեղծի, ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը, այսինքն՝ եթե լուծարումն Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային նոր պահանջներ ձևավորելու և խորացնելու համար, ապա ինչու՞ անել դա»,- նշում է Փաշինյանը։
Իսկ արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է նման մտադրություն ունենալ, կա՞ն կասկածների հիմքեր։ Փաշինյանն ասում է՝ այո, կան։ Որպես ամենաակնառու օրինակ մատնանշում է Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթը։ Շեշտում է՝ դա ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ադրբեջանը պաշտոնական մակարդակով Հայաստանի շուրջ 60 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան, ավելին՝ նույն անունով կազմակերպության հայեցակարգում այնպիսի ձևակերպումներ կան, որ ակնհայտ է՝ նման խոսույթ օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն առնվազն 60 տոկոսով։

Փաշինյանը համաձայնել է «անխոչընդոտ» հաղորդակցությանը Մեղրիով: Իսկ Իրանի՞ հետ սահմանը

Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց՝ Հայաստանի իրավասության շրջանակներում: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում շրջանցել Հայաստանի իրավազորությունը»,- շեշտեց նա:
Փաշինյանը չպարզաբանեց, թե ինչ է նշանակում «անարգել հաղորդակցություն Հայաստանի իրավասության շրջանակներում»։ Հայտնի չէ՝ դա նշանակում է Ռուսաստանի և Կալինինգրադի միջև կապի ձև՞, թե օտարերկրյա ընկերության ներգրավում։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհը մշտապես աշխատում է բոլոր ուղղություններով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ։ «Մենք պատրաստ ենք այդ որոշումներին»,- ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Երևանն իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է պատասխանի։
«Թե ինչպես նրանք (Բաքուն-խմբ) կանվանեն դա (հաղորդակցության ուղիների վերաբացումը-խմբ.), ինչպես՝ մենք, դա առանձին թեմա է։ Ինչ լուծում էլ լինի, մենք այն կանվանենք մեր ձևով, իրենք՝ իրենց ձևով։ Կարևորը հարցի բովանդակությունն ու էությունն է»,- ասաց Փաշինյանը։
Նա միաժամանակ նշեց, որ պատճառ չի տեսնում, որ Ադրբեջանը մերժի այդ առաջարկները։
Փաստորեն, Փաշինյանը համաձայնում է «անխոչընդոտ» հաղորդակցությանը՝ չպատասխանելով երկու հիմնական հարցի՝ ի՞նչ է լինելու հայ-իրանական սահմանի հետ, և արդյոք ռուսական զորքերն են տեղակայվելու “նոր” ճանապարհի երկայնքով։

Փաշինյանը չպատասխանեց, թե ինչո՞ւ են դեմ Շվեյցարիայում Արցախի հարցով համաժողովի անցկացմանը

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները դեմ, որպեսզի Շվեյցարան Արցախի հարցով միջազգային խաղաղության համաժողով կազմակերպի։

Ավելի վաղ այս հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել էր, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Նույն պատասխանն  այսօր տվեց Փաշինյանը։ «Հարցի հետ չեմ առնչվել, պատասխան չունեմ, չեմ էլ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Ես այդ թեմայի հետ առաջին անգամ եմ առնչվում, գուցե գրավոր ընթացակարգով այդ հարցին պատասխանեմ»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը 96 կողմ, 80 դեմ եւ 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձեւ, որը երկրի կառավարությանը կոչ է անում 2025 թ. հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ որտեղ պետք է քննարկվեր «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին» վերաբերող հարցեր։

Հարցի քննարկման ժամանակ, ելույթ ունենալով խորհրդարանում, Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը բառացի հայտարարել էր. «Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանականում այս համաժողովի անցկացումը»։

Ռոզա Հովհաննիսյան

 

Զախարովան որոշել է, որ Մինսկի խումբը դադարել է գոյություն ունենալ 2022 թվականին

ԵԱՀԿ Մինսկի խումբը «ավարտվեց» 2022 թվականի փետրվարից հետո, երբ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահները հրաժարվեցին կապ հաստատել Ռուսաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիշում եք, թե ինչպես միակողմանի, առանց որևէ խորհրդակցության, առանց հաղորդակցության նրանք (ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները – խմբ.) պարզապես հրաժարվեցին կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղարկեցին նախկինում ծրագրված բոլոր միջոցառումները։ Դե, հիմնականում, դրանով (Մինսկի խումբը – խմբ.) ավարտվեց»,- նշում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ շփումներն իսկապես ավարտվեցին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների խզումից հետո։ Սակայն Մարիա Զախարովան նախընտրում է չհիշել այն փաստը, որ ի հակառակ Մինսկի խմբի մյուս համանախագահների, Ռուսաստանը միակողմանիորեն զորքեր մտցրեց Արցախ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո։ Ռուս “խաղաղապահները” այդպես էլ թույլ չտվեցին ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների Արցախ այցելել։ 

Բացի այդ, այն, որ Մինսկի խումբը, ըստ Զախարովայի, ենթակա է լուծարման, հաստատվում է նաև Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ներկայացուցչի համատեղ հայտարարությունը, որը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում (Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում – խմբ.):

«Այս ամենը հանգեցրեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության օբյեկտը։ Հետեւաբար, Մինսկի խումբը, ակնհայտորեն եւ տրամաբանորեն, պետք է վերացվի։ Դա կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված հարաբերությունների կարգավորմանը»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Մինսկի խումբը չի դադարել գոյություն ունենալ, և հենց երեկ Կանադայի արտգործնախարարը կոչ արեց շարունակել Արցախի խնդրի քննարկումը Մինսկի խմբի ձևաչափով։

Կանադային արտգործնախարարը Արցախի հիմնախնդրի լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով

Ինչպես հայտնում են Հայ դատի Կանադայի հանձնախմբից, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և  Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։

Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում.

·       Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,

·         Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,

·         Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,

·         Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,

·         Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։

Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Հանձնախումբն իր կողմից ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։

“Կարմիր բերետները” Երեւանի ավագանու ընդդիմությանը դուրս հանեցին դահլիճից

Իրավիճակը Երևանի ավագանու արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է տրանսպորտի սակագնի փոփոխության հարցը, կտրուկ լարվեց։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը հրավիրեց դահլիճ, որ դուրս հրավիրեն  «Մայր Հայաստանի» ավագանու անդամներին։

ԱԱԾ-ն հաստատել է, որ Երեւանի հրապարակում “Գարաբաղ” էին երգում

Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել երեկ երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որում մի քանի տղամարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում «Ղարաբաղի մասին» երգ են կատարում:

ԱԱԾ-ն հայտնել է, որ տեսանյութում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են՝ Նադեր Ղաֆարին, Համեդ Ազիզի Մալեկին, Մեհդի Մոհամմադին, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոուն, Միլադ Ղահրամանիաֆշարը:

Այս անձինք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Հայաստանում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը:

ԱԱԾ-ը, փաստորեն, հաստատում է, որ Պարսկաստանից թե այլ տեղից եկած մարդիկ կարող են գալ եւ Երեւանի կենտրոնական հրապարակում անարգել “Գարաբաղ” երգել։ Գարաբաղ կարելի է, Արցախ չի կարելի։