Փաշինյանը չպատասխանեց, թե ինչո՞ւ են դեմ Շվեյցարիայում Արցախի հարցով համաժողովի անցկացմանը

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները դեմ, որպեսզի Շվեյցարան Արցախի հարցով միջազգային խաղաղության համաժողով կազմակերպի։

Ավելի վաղ այս հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել էր, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Նույն պատասխանն  այսօր տվեց Փաշինյանը։ «Հարցի հետ չեմ առնչվել, պատասխան չունեմ, չեմ էլ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Ես այդ թեմայի հետ առաջին անգամ եմ առնչվում, գուցե գրավոր ընթացակարգով այդ հարցին պատասխանեմ»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը 96 կողմ, 80 դեմ եւ 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձեւ, որը երկրի կառավարությանը կոչ է անում 2025 թ. հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ որտեղ պետք է քննարկվեր «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին» վերաբերող հարցեր։

Հարցի քննարկման ժամանակ, ելույթ ունենալով խորհրդարանում, Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը բառացի հայտարարել էր. «Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանականում այս համաժողովի անցկացումը»։

Ռոզա Հովհաննիսյան