“Ոչ թե մենք, այլ մեզ վարձով տված բնակարանների տերերը պետք է միտինգի դուրս գան”

  • 08:57 04.04.2025

Քանի միլիոն դոլար են տվել բռնի տեղահանված քյուրերն ու եղբայրները իրենց բռնի չտեղահանված քույրերին ու եղբայրներին. ՔՅԱՇ

 “Ընտանիքի անդամներին հաշվում են, գիտեն, որ յուրաքանչյուրը 50.000 դրամ աջակցություն է ստանում այդքան էլ գնահատում են բնակարանը: Իմ դեպքում, 250.000: Ինձ հետ աշխատող երեւանցի կինն ասում է, որ նա նույնպես վարձով է բնակվում` նույն քառակուսի մետր բնակարանում, սակայն 80.000 է վճարում արդեն հինգ տարի”, ասում է բռնի տեղահանված մի քույր:

Հայաստանում շատ կան խղճով մարդիկ, որոնք անգամ ձրի են տվել իրեց բնակարանը արցախցիներին: Գորիսում ես շատերին եմ հանդիպել, ովքեր անկեղծ պատրաստակամություն են հայտնել իրենց գյուղի տունը ձրի տրամադրել արցախցի որեւէ ընտանիքի. “փող պետք չէ, թող գան եւ բնակվեն, հո երկու մահճակալի չենք քնելու”, ասում են նրանք: Բայց փողի գայթակղությունը մեծ է եւ մենք լավ ենք ճանաչում մեր հասարակությունը, գիտենք, որ գյուղի տունը մի բան է, Երեւանի տունը մեկ այլ:

“Հիշում եմ, երբ մարշրուտկան գալիս կանգնում էր, նայում էի մարդկանց` հիանում, մի անճաշակ մարդ չկար, բոլորը սիրուն-կոկիկ հագնված: Ղարաբաղցիք միշտ աղա են եղել, աղքատ մարդ չի եղել, հիմա էս ի՞նչ օրն են գցել այս մարդկանց… Ո՞ւր են գնալու այդ մարդիկ, երբ սոցվճարները կտրեն: Գորիսում գոնե 70 հազարարով կարող են տուն գտնել, բայց Գորիսն էլ իր խնդիրներն ունի, աշխատանք չկա”, այսպես ապրումակցում էր այսօր մի ուրիշ գորիսեցի կին:

Սա իրոք շատ զգայուն թեմա է եւ տհաճ (եթե չասենք ամոթ) է անդրադառնալ, բայց միեւնույն է` թեման սոցցանցերում օր-օրի թափ է հավաքում 40+10 հազար ծրագրի կրճատվելու մասին “նորությունից” հետո:

Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է որոշվել կրճատվել այդ ծրագիրը: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ փողը մեկ օր էլ չի մնում արցախցիների գրպանում: Միանգամից փոխանցվում է որպես վարձ տեղացիներին:

EVN Report-ը հոդված է հրապարակել, որտեղ մանրամասն նկարագվրած է, թե աշխարհի որ երկիր որքան փող է տվել արցախցիների կարիքները հոգալու համար:

Դոնալդ Թրամփի ականջը խուլ, նշենք, որ ԱՄՆ $11.5 միլիոն միայն մեկ տրանշով է տվել (անգամ Ճապոնիան չի անտարբեր գտնվել): Այսպես ամերիկացի, ճապոնացի, ֆրանսիացի, շվեդ, շվեյցարացի հարկատուների փողերը Հայաստանի կառավարության տված փողի հետ միասին արցախցիները ծալել` վարձ են տվել:

Ոլորտին ծանոթ մասնագետներն ասում են, որ այդ գումարը չի ճեղքում բյուջեն:

“Հայտնի է, որ Արցախի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանից ստանում էր 144 մլրդ դրամ գումար, որը մեկ հոգու հաշվարկով կազմում է ամսական 100.000 դրամ։ Արդյունքում, այս ծրագրի իրականացումը բյուջեի վրա որևէ հավելյալ ծախս չի նախատեսում”, ասել է Մանե Թանդիլյանը:

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանն էլ համարում է, որ ծրագրի կրճատումը վնասելու է վարձակալության շուկային Հայաստանում:

Մի արցախցի էլ ասում է, որ “ոչ թե մենք, այլ մեզ վարձով տված բնակարանների տերերը պետք է միտինգի դուրս գան եւ պահանջեն Հայաստանի կառավարությունից 40+10 հազար ծրագրի շարունակությունը, քանի որ հենց նրանք են իսկական շահառուները”:

Մարութ Վանյան

Լուսանկարում` Աղա ղարաբաղցիների “նոր տունը” Ազատության հրապարակում