Month: Ապրիլ 2025
Երկրորդ իրազեկման հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին
Фонд “МилаГри”–ն հայտարարում է․

Ուրախ եմ, որ կարողանում եմ աշակերտներին սովորեցնել զենքի տիրապետմանը. արցախցի զինղեկ
Այսօր` ապրիլի 8-ին, Երևան քաղաքում տեղի է ունեցել հրաձգության հանրապետական մրցույթ, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերից ժամանած թիմերը։
Արմավիրի մարզը ներկայացրել է Խոյ խոշորացված համայնքի Շահումյանի և Արշալույսի միջնակարգ դպրոցների 8 աշակերտներից կազմված թիմը։ Աշակերտներից 4-ը արցախցիներ էին։ Թիմի պատասխանատուն Շահումյանի դպրոցի զինղեկ, Արցախից տեղահանված Արման Ավանեսյանն էր։
Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո Արմավիրի թիմն զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը` ընդամենը 20 միավորով զիջելով առաջին հորիզոնականին։
-Արցախից տեղահանվելուց հետո` որպես զինղեկ, աշխատանքի եմ անցել Շահումյանի դպրոցում։ Առաջին գործս է եղել ստեղծել հրաձգարան ու համապատասխան պայմաններ, որ աշակերտների մեջ զարգանան զենքի տիրապետման հմտություններն ու համարձակությունը։ Այս մրցույթին նախապատրաստվել ենք մեծ պատասխանատվությամբ` նախօրոք անցկացնելով մի շարք պարապմունքներ։ Արդյունքը գոհացուցիչ է։ Անցած տարի թիմը գրավել էր 7-րդ տեղը։
Ուրախ եմ, որ հաջողվել է իմ փորձն ու մասնագիտական ունակությունները փոխանցել աշակերտներին,-ասում է Արման Ավանեսյանը, ով Արցախի Խնապատի միջնակարգ դպրոցի զինղեկն էր և նման միջոցառումներ բազմաթիվ անգամ է կազմակերպել Արցախում։
Թիմին ուղեկցում էր նաև Արշալույսի միջնակարգ դպրոցի զինղեկ Ռաֆայել Ազիզյանը, ով 2018 թվականին վիրավորում է ստացել Թալիշում մարտական առաջադրանք կատարելիս։
Մրցույթի վերջում մասնակիցները պատվոգրեր ու մեդալներ են ստացել, իսկ թիմն արժանացել է գավաթի։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի պաշտպանելու արցախահայության շահերը. հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծված կարգավիճակի և Հայաստանի Արտաքին գործերի նախարարության դիրքորոշման վերաբերյալ
Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգությամբ և անհանգստությամբ է արձագանքում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ)՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական հայտարարությանը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:
Նման դիրքորոշումը անընդունելի է և հակասում է ինչպես հայ ժողովրդի կենսական շահերին, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին։
Իրավական հիմնավորում և դիրքորոշում․
- Արցախի հարցը չի կարող «դուրս գալ օրակարգից». Ավելի քան 150,000 արցախահայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից հանդիսանում է էթնիկ զտման ակնհայտ դրսևորում, որը միջազգային հանրության կողմից չի կարող և չպետք է ճանաչվի որպես օրինական կամ իրավաչափ իրողություն:
- Միջազգային-իրավական պարտավորությունների անտեսում. Միջազգային իրավունքի համաձայն՝ արձանագրում ենք, որ դիվանագիտության ոչ բավարար արդյունքները որպես իրավական իրողություն ներկայացնելն անթույլատրելի է։ Սա նշանակում է հրաժարվել արցախահայության հիմնարար իրավունքներից և լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները:
- Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում. Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցը պետք է մնա միջազգային օրակարգում մինչև դրա արդարացի լուծումը։ Այն չի կարող «դուրս գալ օրակարգից» միայն այն պատճառով, որ հակամարտության մեկ կողմը միակողմանի հրամանագիր է ընդունել:
- Պաշտպանության պարտավորության անտեսում. Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի պաշտպանելու հայության, այդ թվում՝ արցախահայության շահերը միջազգային ատյաններում։ Փաստացի արդյունքները վկայում են, որ արցախահայությունը մնացել է առանց պատշաճ պաշտպանության և ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը:
- Միջազգային իրավունքի տեսանկյունից հակաիրավական հղումներ. Ոչ օրինական և ոչ իրավական է հղում կատարել «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրին»։ Ուժի կիրառմամբ և սպառնալիքով պարտադրված փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես օրինական և միջազգայնորեն ճանաչված իրավական հիմք: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն՝ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում բացառապես դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե այլ ժամկետ սահմանված չէ: Հատկանշական է, որ այդ հրամանագիրը որպես իրավական փաստաթուղթ տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) և չի հրապարակվել պաշտոնապես:
Մեր իրավական պահանջները․
- Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, անհապաղ վերանայել իր դիրքորոշումը և հրապարակավ հաստատել, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանության, անվտանգության և վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն՝ անկախ Ադրբեջանի միակողմանի ապօրինի գործողություններից:
- Պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը ներառել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններում որպես անբաժանելի բաղադրիչ:
- Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ չճանաչել էթնիկ զտման արդյունքները, պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից հարգել միջազգային իրավունքը և ապահովել արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր՝ միջազգային երաշխիքների, մշտադիտարկման և պաշտպանության մեխանիզմների ներքո:
Արցախահայության կյանքն ու ապագան չեն կարող դառնալ միջպետական բանակցությունների զիջվող կետեր։ Մենք պահանջում ենք արդարություն, պատասխանատվություն և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանություն՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների:
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
- «Հարմոնիա» ՀԿ
- «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
- «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
- «Կումայրի» արցախահայերի ՀԿ
- «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
- «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
- «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ
- «Լուսաստղ» ՀԿ
08.04.2025թ.
Վահրամ Շահրամանյան․ Երկու հատ մեղվափեթակ գնեցի, 2 հատ էլ հարևանը տվեց անհատույց
Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում է ապրում Արցախից տեղահանված Վահրամ Շահրամանյանի ընտանիքը։ Արցախցի մեղվաբույծին շատերը գիտեն․ իր մեղուների նման օրուգիշեր ժրաջան աշխատող, ստեղծող ու արարող:
Մեղվապահությունը ժառանգել է իր պապերից։ Ինչպես ասում է՝ նրանց գերդաստանն այդ գործում միշտ գիտակ ու բանիմաց է եղել։ Մեղվապահությունը նրանց համար և՛ եկամտի աղբյուր էր, և՛ սիրած զբաղմունք։
Մինչև Արցախի տեղահանությունը Վահրամն իր մեղվափեթակների քանակը հասցրել էր գրեթե 80-ի։
Տեղահանությունից հետո Շահրամանյանների ընտանիքը փորձում է հաղթահարել ծագած խնդիրները, թեև դժվար է հետևում թողնել մի ողջ կյանք ու զրոյից սկսել:
Վահրամը պատմում է, հիշում կարոտով
-Փոքրուց սիրում էի հետևել հորս աշխատանքներին, ամենուր գնում էի նրա հետ, ու դա ինձ հաճույք էր պատճառում։ Հետո սկսեցի մեղվաբուծության մասին գրքեր կարդալ ու խորանալ նրա գաղտնիքների մեջ։ Վերջին տարիներին Արցախում արդեն իմ տղան էր օգնում ինձ ու հմտանում մեղվաբուծության մեջ։
<<Ավրորա>> մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ ձեռք էի բերել երկու նոր ցեղատեսակի մեղուներ, որոնք ցույց են տվել իրենց արդյունավետությունը տեղական պայմաններում։ Մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը՝ մեղվափեթակներն Ասկերանից տեղափոխում էի Քարվաճառի շրջան, որտեղ շատ բարենպաստ էին պայմանները, իսկ պատերազմից հետո տանում էի Խաչենի ձորակի <<Ցեխ ձոր>> կոչվող տեղամասը։
Նախորդ տարիների համեմատ՝ 2023-ին բերքատվությունն այնքան էլ բարձր չէր։ Պահանջարկը շատ մեծ էր, իսկ մեղրը՝ քիչ։ Քանի որ Արցախը շրջափակման մեջ էր, քաղցրավենիքի, առանձնապես շաքարավազի պակասի պատճառով, մարդիկ աշխատում էին քաղցրի պակասը լրացնել մեղրի միջոցով։ Ինձ համար շատ ցավալի է, որ չեմ կարողացել լիովին բավարարել մարդկանց պահանջները։ Աշխատել եմ այնպես անել, որ շատ ընտանիքների բաժին հասնի և մեղրը բնակչությանը տրամադրել եմ մատչելի գներով։
Մեղվաբույծը կարևորում և առանձնացնում է մեղրի առողջարար հատկանիշները։ Նա միշտ աշխատել է սպառողին տրամադրել մաքուր և առանց հավելումների արտադրանք։ Մեղուներին համարում է բնության կողմից մարդկությանը տրված բժիշկներ, որոնց սիրել ու գնահատել է պետք
-Ձեռնունայն հեռացել ենք Արցախից ու մի քանի բնակավայրերում ապրելուց հետո տեղափոխվել Փոքր Վեդի։ Տունը, որտեղ այժմ ապրում ենք, սեփական է և ունի հողատարածք։ Քանի որ աշխատանք չէի կարողանում գտնել, սկսեցի մշակել հողը։ Մրգառատ ծառեր ևս կան, որոնք մշակելուց հետո լավ բերք ստացանք։ Ընդհանրապես այստեղ բերքն ու բարիքը առատ է։ Որոշակի քանակությամբ հավեր, հնդկահավեր ևս ձեռք բերեցի ու փորձեցի աշխատանքի մեջ շեղել մտքերս։ Երկու հատ մեղվափեթակ գնեցի, 2 հատ էլ հարևանը տվեց անհատույց։ Նորից սկսեցի զբաղվել իմ սիրած գործով։ Այժմ արդեն ունեմ 9 փեթակ, մտադիր եմ ավելացնել, սակայն դեռևս հնարավորություն չունեմ։ Փեթակները շատ թանկ արժեն, ու եթե ինչ որ մեկը օգնի ինձ այդ հարցում, ապա իմ միջոցներով ես մեղուներ ձեռք կբերեմ ու կզարգացնեմ մեղվաբուծությունս։ Ներկա պահին փեթակները տան այգում են, սակայն շուտով պետք է տանեմ մոտակա սարը։ Ցավոք, ոչ մի ծրագրից չեմ կարողանում օգտվել։ Մի քանի անգամ դիմել եմ գյուղապետարան, պատասխանել են, որ մեղվաբուծության համար ծրագրեր չկան։ Մեր հայրենակիցներից շատ զանգեր եմ ստանում․ մարդիկ սպասում են, թե երբ նորից կկարողանամ մեղրով ապահովել իրենց։
Վահրամի խոսքով՝ Փոքր Վեդի գյուղը մեղվաբուծության համար բարենպաստ չէ, և նա մտածում է ապագայում տեղափոխվել Կոտայքի մարզ, որտեղ ավելի լավ պայմաններ են մեղուների համար
– Մեղուն իր գործունեության ողջ ընթացքում ծառայում է մարդու առողջությանը։ Մեղուն կարող է մարդկությանը տալ ակնամոմ, մայրակաթ, ծաղկախյուս, ծաղկափոշի, մեղր, անգամ նրա բզզոցը մարդու նյարդերը հանգստացնող ունակություն ունի։ Մեղրը չափազանց օգտակար է մարդու առողջության համար։ Աշխարհի որ ծայրում էլ ապրեմ՝ ես անպայման զբաղվելու եմ մեղվաբուծությամբ․ դա իմ կյանքի մի մասն է։ Երբեմն մտածում եմ՝ եթե չզբաղվեմ այդ գործով, ապա դավաճանած կլինեմ իմ ապուպապերին, ինչու չէ՝ նաև մեղուներին։
48-ամյա տղամարդը վերջերս է կարողացել աշխատանք գտնել
-Ցավոք սրտի, արցախցին հայտնվել է շատ դժվար կացության մեջ։ Օրեցօր ավելի է ծանրանում կյանքը։ Բնակաջակցության ծրագրի փոփոխությունից հետո շատ-շատերն են հայտնվելու դրսերում։ Անընդհատ կրկնում են՝ գնացեք մարզեր։ Հայաստան տեղահանվելու առաջին իսկ օրից իմ ընտանիքը մարզում է ապրում։ Նախ՝ Տավուշի մարզում էինք հաստատվել, հետո տեղափոխվեցինք Արարատի մարզ։ Մարզերում զբաղվածության խնդիրն ակնհայտ է, ու ես աշխատանք եմ գտել Երևան քաղաքում, այն էլ՝ վերջերս։ Ամեն օր գրեթե 90 կմ ճանապարհ եմ անցնում՝ աշխատանքի գնալու և տուն վերադառնալու համար։ Շատ դժվար է, սակայն այլընտրանք չունեմ։
Արցախցիներն աշխատող ու ստեղծող մարդիկ են․ մենք ոչ մի աշխատանքից չենք վախենում։ Տարիներ շարունակ փրկարար ծառայության հրշեջ մասում էի ծառայում։ Թոշակի անցնելուց հետո մեղվաբուծության հետ մեկտեղ, սկսեցի զբաղվել նաև հողի մշակմամբ։ Այժմ, երբ անհիմն մեղադրանքներ ենք լսում, իհարկե, վիրավորվում ենք՝ աշխատելով զսպել մեզ ու փորձելով բացատրել մեր արդար պահանջներն ու իրավունքները։ Մեզ հուզող հարցերից ամենագլխավորը՝ հետվերադարձն է, որին սպասում ենք սրտատրոփ։ Սակայն մինչև այդ օրը գա, պետք է աշխատենք և, իհարկե, կառավարությունը չպետք է դադարեցնի տեղահանված արցախցիներին տրամադրող աջակցությունները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
«Պետք է խմբեր կազմվեն, որոնք բանակցությունների մեջ կմտնեն իշխանությունների հետ քաղաքական եւ իրավական հարցերով»
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր Ազատության հրապարակում քննարկում անցրկացրեց ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը քննարկումից հետո լրագրողներին ասաց․ «Սոցիալական հարցերից զատ, նաեւ կարեւորեցինք քաղաքական եւ իրավական հարցերը։ Մեր տեսակետն այն է, որ պետք է խմբեր կազմվեն, որոնք բանակցությունների մեջ կմտնեն իշխանությունների հետ քաղաքական եւ իրավական հարցերով»։
Իրավական հարցերից ամենակարեւորը, որոնց բախվում են արցախցիները Հայաստանում, նրա խոսքով, քաղաքացիության հարցն է։
Պուլուզյանը նաեւ ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակա պետք է լինեն գերիների վերադարձի եւ արցախցիների վերադարձի հարցերը։ Այնինչ, ՀՀ իշխանությունները ժխտոմ են այդ հարցերը։ «Ես դա դասալքություն եմ համարում։ Դաշնակցության Հայ դատի գրասենյակներն այդ ուղղությամբ բավական ակտիվ աշխատանք են տանում, եւ մոտ օրերին դուք նաեւ բացահայտ կտեսնեք այդ աշխատանքի արդյունքները։ Հուսով ենք, որ կկարողանանք նաեւ Հայաստանի իշխանությունների վրա ինչ-որ ճնշումներ գործադրել, որ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցերը տեղ գրավեն։ Ինչքան շատ միջազգհային հարթակներում բարձրացվեն արցախցիների, Արցախի ու գերիների հարցերը, այնքան Հայաստանի դիրքերը կամրանեն, եւ ՀՀ իշխանությունը կկարողանա խուսափել այլ զիջումներից ու պարտադրանքներից։ Ընդհանրապես բանակցությունների մեջ պետք է ունենաս քո պահանջների օրակարգը, երբ չունես քո պահանջների օրակարգը կամ անընդհատ միայն ենթարկվելու դիրքում ես, քո դիրքերն օրենցօր թուլանում են, եւ օրեցօր նվազում են քո դիվանագիտական կարողությունները»,- հավելեց Պուլուզյանը։
Անհեթեթություն․ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչու է արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր նշվում Ադրբեջանը
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անձնագրերում, որոնք ՀՀ քաղաքացիություն են ստացել, ծննդավայրը նշվում որպես Ադրբեջան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է այդ հարցադրումների իրավական և տեխնիկական հիմնավորումները։
«Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում»,- նշված է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ։
Նախարարությունից ընդգծում են, որ տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նման բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
«Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում նշված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։ Հարցի իրավաչափ կարգավորման նպատակով անձի նոր փաստաթղթավորման դեպքում ծառայությունը բացառապես առաջնորդվում է միջազգային ստանդարտով»,- ասված է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ։
Արարատ Միրզոյանը ճիշտ է՝ Արցախի հարցը պետք է քննարկվի ոչ թե Բաքվում, այլ Երեւանում
Ստեփանակերտ, 1988 թ․
«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո /Ղարաբաղի/ խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – նշել են ՀՀ Արտգործնախարարությունից ի պատասխան «Ազատության» հարցմանը։
Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտ եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»:
Սակայն հիմա Ալիևն ասում է, որ բանակցությունների գլխավոր խոչընդոտ է՝ ՀՀ Սահմանադրությունը, որտեղ կան «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ»։ Բաքուն նկատի ունի, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ ներառյալ Անկախության հռչակագիրն ու 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը՝ Արցախն ու Հայաստանը վերամիավորված են։
1989 թ․ որոշումը ակտուալ է դարձել հատկապես 2023-ի սեպտեմբերից հետո, երբ փաստացի ԼՂՀ-ն դադարեց գոյություն ունենալ, սակայն կան Արցախի ժողովուրդը, նրա հազարամյա տարածքը և ժառանգությունը, ինչպես նաև հայ ժողովրդի 1989 թ․ որոշումը։
Բաքուն և Արարատ Միրզոյանը ճիշտ են․ ըստ այդ որոշման՝ Արցախի հարցը ոչ թե Բաքվի և Երևանի մեջ քննարկվելիք հարց է, այլ ներհայկական խնդիր։
Ոչ ոք հայկական քաղաքական դաշտում «չսատարեց» Արարատ Միրզոյանին, կոչ չարեց վերադառնալ “միացումի” մասին որոշման, քանի որ քաղաքական դասի մեծ մասը շարունակում է սնվել արտաքին աղբյուրներից։ Այդ աղբյուր-երկրները ևս կուզենային, 1989 թ․ որոշումը չեղարկվի, քանի որ 1991 թ․ Խորհրդային միության փլուզումից հետո հենց հայ ժողովրդի կամքը դարձավ նոր աշխարհակարգի հիմնասյունը։
Այդուհանդերձ, ոչ մի իրեն հարգող միջազգային կազմակերպություն կամ արտաքին ուժ Հայաստանին հրապարակավ կոչ չի արել փոխել իր Սահմանադրությունը և հրաժարվել Արցախի հետ վերամիավորումից։
Նաիրա Հայրումյան
Փոխվարչապետ․ 1000-ի փոխարեն արցախցիները 100 սերտիֆիկատ են իրացրել
Անդրադառնալով արցախցիների բնակարանային ապահովման ծրագրին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ 900 ընտանիք է ստացել սերտիֆիկատ, որով կարող է տուն գնել կամ կառուցել. «900 ընտանիքներից 100-ն են դեռ իրացրել իրենց սերտիֆիկատի իրավունքը: Ընդհանուր քանակի տեսանկյունից, 900 ընտանիքը՝ 3800 մարդ, մոտ 10 անգամ պակաս է, քան այս ժամանակահատվածում կարող էին դիմած լինել, որովհետեւ առնվազն 4000 ընտանիք կա, որ 3 եւ ավելի անչափահաս զավակ ունեն, բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք ունեն 2 անչափահաս երեխա»:
Փոխվարչապետը չի նշել պատճառները, թե ինչու արցախցիները չեն կարողանում իրացնել արդեն իսկ ստացած սերտիֆիկատները։ Նախկինում, հիմա էլ իներցիայով կառավարությունը ասում է, իբր արցախցիները “չեն ուզում ինտեգրվել և ՀՀ քաղաքացիություն ստանալ”։ Սակայն ակնհայտ է, որ 900 ընտանիք ստացել են քաղաքացիություն, բայց չեն կարողանում տուն գնել։ Եւ այստեղ ի հայտ են գալիս բուն ծրագրի խնդիրները․ և գումարի ծիծաղելի չափը, և բանկային խոչընդոտները, և ամենագլխավորը՝ քաղաքական կամքի բացակայությունը։
Արցախցիներն ի սկզբանե առաջարկում էին Հայաստանի տարբեր բնակավայրերում թաղամասեր կառուցել կամ վերակառուցել լքված շենքերը, որտեղ կոմպակտ ու համայնքային սկզբունքով կարող էին ապրել արցախցիները։ Նույնիսկ ասվում էր, որ սեփականության իրավունքը պարտադիր չէ, կարևորը՝ անվճար ապրելու տեղ լինի, իսկ օրվա հացը արցախցիները միշտ էլ կաշխատեն։
Այս 1,5 տարվա ընթացքում նման թաղամասեր հաստատ կարելի էր կառուցել՝ Երևանում 1,5 տարում 20 հարկանի շենքեր են բարձրացնում։ Սակայն կառավարությունը այլ ճանապարհ ընտրեց, ըստ երևույթին, վախենալով արցախցիների կոմպակտ բնակվելուց։ Դեռ ցեղասպանությունից անմիջապես հետո իշխանամետ շրջանակներում ասում էին, որ արցախցիները ուր որա կգան և իշխանություն կվերցնեն։
Բայց 1,5 տարի անց արցախցիները ոչ մի անգամ չհավակնեցին իշխանության, ոչ միայն վրանային քաղաքներ, այլև բարիկադներ չկառուցեցին, թեկուզ առիթներ շատ ունեին։ Եւ անհասկանալի է, թե հիմա ինչի՞ց է վախենում իշխանությունը, խուսափելով արցախցիների կոմպակտ բնակեցման առաջարկից։
Անկայուն եղանակը հանրապետությունում կպահպանվի մինչև ապրիլի 12-ը
Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։ Անկայուն եղանակը հանրապետությունում կպահպանվի մինչև ապրիլի 12-ը:
Լեռնային շրջաններում տեղումները տեղ-տեղ կլինեն թաց ձյան տեսքով։
Օդերևութաբանները նաև զգուշացնում են ապրիլի 8-ից 10-ը քամու հնարավոր արագության, պոռթկումների՝ 20-25 մ/վրկ արագության մասին։
Ապրիլի 8-ի տվյալներով՝ օդի ջերմաստիճանը կլինի.
— Շիրակում մինչև +13°,
— Կոտայքում և Լոռիում՝ մինչև +16°,
— Գեղարքունիքում մինչև +14°,
— Տավուշում՝ մինչև +20°,
— Արագածոտնում մինչև +18°,
— Արարատում՝ մինչև +21°,
— Արմավիրում՝ մինչև +19°,
— Վայոց ձորում՝ մինչև +22°,
— Սյունիքում մինչև +28°։
Երեւանում ապրիլի 8-ին հնարավոր է նաեւ կարճատեւ անձրեւ, մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +19°։
Թրամփը հայտարարեց Իրանի հետ ուղիղ բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ուղիղ բանակցություններ է վարում Թեհրանի հետ։ «Մենք ուղիղ բանակցությունների մեջ ենք Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են»,-ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը երկուշաբթի օրը՝ ապրիլի 7-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով, հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, նախատեսվում է «շատ կարևոր հանդիպում ուղղակիորեն, գործնականում ամենաբարձր մակարդակով»:
«Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքը նախընտրելի կլինի», – հավելել է Թրամփը։ Հակառակ դեպքում, եթե բանակցությունները ձախողվեն, նա Իրանին սպառնացել է «մեծ վտանգով»։ «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և եթե բանակցությունները հաջող չանցնեն, կարծում եմ, շատ վատ օր կլինի Իրանի համար»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նշել է, որ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Իրանի հարցը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև նախատեսված բանակցությունները՝ ընդգծելով դրանց անուղղակի բնույթը։ Հանդիպումը տեղի կունենա Օմանում և «որքան հնարավորություն է, որքան փորձություն», – պարզաբանել է նա։ «Գնդակը Ամերիկայի դաշտում է»,- գրել է Արաղչին X միկրոբլոգային ցանցում։
Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագիրը շարունակվում է․ ինչպես դիմել
Արցախից բռնի տեղահանված անձանց համար աշխատանքի տեղավորման եւ ուսուցման ծրագիրը շարունակվելու է նաեւ այս տարի։ Այս ծրագրի շահառու դառնալու համար Արցախից բռնի տեղահանված 16-63 տարեկան անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող են օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից։
Ծրագրի շրջանակներում հնարավորություն է տրվում անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք, անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք, անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։
Առաջին բաղադրիչի շրջանակում տրվում է մասնագիտական ուսուցման հնարավորություն․ Արցախից բռնի տեղահանված անձը կարող է մինչև 6 ամիս ժամկետով սովորել որեւէ մասնագիտություն կամ վերապատրաստվել գործատուի առաջարկած ուսումնական հաստատությունում։ Այդ ընթացքում նրան կտրվի ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50 000 դրամի չափով, ինչպես նաեւ կրթաթոշակ՝ եւս 50 հազար դրամի չափով։ Ուսուցման գործընթացի ավարտից հետո վերջինիս եւ գործատուի միջեւ կկնքվի ամենաքիչը 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի դիմաց գործատուն ամսական կստանա փոխհատուցում՝ առավելագույնը 50 000 դրամի չափով։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում Արցախից բռնի տեղահանված անձը կարող է վճարովի աշխատանքային պրակտիկա անցնել գործատուի մոտ․ նրա եւ գործատուի միջեւ նվազագույնը 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Այս դեպքում գործատուին 3 ամիս ժամկետով կտրվի ամսական 165 000 դրամ՝ շահառուի աշխատավարձի վճարման համար, ինչպես նաև ամսական առավելագույնը 50 000 դրամ՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման համար։ Մյուս երեք ամիսը կտրամադրվի 50 000 դրամ՝ հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցման համար։
Երրորդ բաղադրիչի դեպքում անձը նույն պայմաններով կարող է օգտվել առաջին եւ երկրորդ բաղադրիչից, այսինքն՝ անցնել ուսուցում, ստանալ կրթաթոշակ ու ուսման վարձի փոխհատուցում, ձեռք բերել աշխատանքային փորձառություն եւ անցնել աշխատանքի։
Ծրագրի շահառու դառնալու համար թափուր աշխատատեղ ունեցող գործատուն պետք է ներկայացնի դիմում, որ ունեն թափուր աշխատատեղ։ Իսկ թափուր աշխատատեղին հավակնող անձը պետք է դիմի իր հաշվառման վարչական շրջանի ՄՍԾ տարածքային կենտրոն եւ հաշվառվի որպես գործազուրկ։ Այնուհետեւ գործակալության աշխատակիցների կողմից իրականացվելու է մոնիտորինգ, որից հետո որոշում է կայացվելու։
«Ծրագիրը միտված է կայուն զբաղվածության ապահովմանը՝ կառավարությունը վեց ամիս օգնում է, դրանից հետո անձը պետք է շարունակի աշխատել տվյալ գործատուի մոտ, քանի որ ծրագրի նպատակն է կայուն զբաղվածության ապահովումը։ Ամսվա ընթացքում հանպատրաստից մոնիթորինգ ենք իրականացնելու, եթե երեք անգամ բացահայտվի, որ աշխատակիցը տեղում չէ, ծրագիրը դադարեցվում է»,- step1.am-ի հարցմանն ի պատասխան ասացին ՄՍԾ տարածքային կենտրոնից։
Ռոզա Հավհհանիսյան