Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ–ը հայտարարություն է տարածել․
Month: Ապրիլ 2025
Սոցիալական հարցման հայելին. ի՞նչ սպասել 40+10-ի կրճատումից հետո
Ապրիլի 1-ից փաստորեն կրճատվեց Արցախից բռնատեղահանվածներին տրվող բնակվարձի փոխհատուցման (40+10) ծրագիրը: Այս ամիս բռնատեղահանվածները դեռևս կստանան մարտ ամսվա համար նախատեսված գումարը, կվճարեն բնակվարձը, իսկ արդեն մայիսից կսկսվի ճգնաժամը. մարդկանց մեծ մասը պարզապես ի վիճակի չի լինի վճարել կեցավայրի համար:
«Ստեփանակերտ» մեդիա ակումբը Civilnet.am կայքում վերջերս հրապարակել է հոդված, որտեղ մանրամասն ներկայացված են բռնատեղահանվածների սոցիալական աջակցության կրճատման հնարավոր հետևանքները, և հոդվածին կից առաջարկվել է մասնակցել հարցման, որտեղ արցախցիները հնարավորություն ստացան ներկայացնելու, թե ինչ են մտադիր անել 40+10 ծրագրի կրճատումից հետո:
Հարցվածների 47%-ը նշել է, որ պայքարելու է, որպեսզի կառավարությունը վերանայի արդեն իսկ կայացրած որոշումը, և պայքարի այս որոշումն իրեն երկար սպասեցնել չտվեց:
Մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ հանրահավաք: Տասնյակ հազարավոր արցախցիներ դուրս էին եկել բոյկոտելու բնակվարձի փոխհատուցման ծրագրի կրճատումը: Նրանք նշում էին, որ այս որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարկադիր արտագաղթի ծրագիր: Հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները նամակ փոխանցեցին կառավարությանը, որտեղից խոստացան մեկ շաբաթվա ընթացքում գրավոր պատասխան տալ: Հանրահավաքից հետո կազմակերպիչները վրան խփեցին Ազատության հրապարակում և նստացույց հայտարարեցին:
Մեծ հանրահավաքին հաջորդեցին փոքր ակցիաներ, որոնցից մեկն էլ տեղի ունեցավ մարտի 31-ին Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության դիմաց:
Ակցիայի մասնակիցներին նախարարությունից պատասխանեցին, որ հանրահավաքից հետո նախարարությունում ոչ մի աշխատանքային քննարկում չի անցկացվել, և որ կայացված որոշումները փոփոխության ենթակա չեն:
Այդուհանդերձ, երեկ՝ ապրիլի 3-ին, կառավարությունն արձագանքեց և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին հրավիրեց հանդիպման, որից պարզ դարձավ, որ իշխանությունները 40+10 ծրագրի մասով որևէ զիջման պատրաստ չեն:
Պայքարի պատրաստակամությամբ 47%-ի շարքում է նաև լրագրող Մարիամ Սարգսյանը, որն իր երեխային չի կարողանում տեղավորել պետական մանկապարտեզում, որպեսզի կարողանա լրիվ դրույքով աշխատել: Մանկապարտեզից Մարիամին պատասխանել են, որ բռնի տեղահանությունը կարգավիճակ չէ և չի կարող որպես առաջնահերթություն դիտարկվել:
Ընդվզող արցախցիների գերակշիռ մասը նշում է, որ եթե պայքարը արդյունք չտա, և կառավարության որոշումն անփոփոխ մնա, ստիպված են լինելու արտագաղթել: Նույն կարծիքն է կիսում նաև հարցվածների 20%-ը: Հավելենք, որ անգամ բնակվարձի փոխհատուցման ծրագրի պայմաններում 10 հազարից ավելի բռնատեղահանված ստիպված է եղել արտագաղթել՝ հիմնականում զբաղվածության խնդրի պատճառով: Իսկ արդեն այս պայմաններում՝ արտագաղթողների թիվը մի քանի անգամ կմեծանա:
Հարցվածների 17%-ն էլ նշում է, որ որևէ փոփոխության հույս չունի ու ճարահատ ելքեր է փնտրում: Որպես հնարավոր ելքերից մեկը նշվում է մի քանի տեղ աշխատելը: Թե որքանով է դա հնարավոր, ինչքանով այն կօգնի ճգնաժամը հաղթահարելուն և ինչպես կանդրադառնա մարդկանց առողջության վրա՝ դժվար է ասել:
Հարցման մասնակիցների 16%-ը նշել է, որ անելանելի վիճակում է և չի պատկերացնում իր հետագա քայլերը: Նրանցից ոմանք նշում են, որ այս պահին արդեն իսկ առավելս անում են իրենցից կախվածը, սակայն մի կերպ են ծայրը ծայրին հասցնում: Բռնատեղահանված Հելեն Դադայանը նշում է, որ իր ընտանիքը պարզապես հայտնվելու է փողոցում, քանի որ ի վիճակի չի լինի բնակարանի վարձը վճարել, իսկ բնակապահովման պետական ծրագիրն էլ իրենց ընտանիքի համար հասանելի չէ:
Արցախից բռնի տեղահանվածների փողոցում հայտնվելու և այլ խնդիրներին զուգահեռ ահագնանում է նաև վերջիններիս հանդեպ ատելության խոսքի չափը: Մեր անցկացրած հարցման մեկնաբանությունները ևս բացառություն չեղան: Բացասական մեկնաբանություններ թողած օգտատերերի մեծ մասը մեղադրում է բռնատեղահանվածներին ծուլության և հայաստանաբնակների հարկերի հաշվին ապրելու մեջ: Սա ոչ միայն հանրության տարբեր հատվածների միջև անհանդուրժողական մթնոլորտ ստեղծելուն է նպաստում, այլև խորացնում է բռնատեղահանվածների բազմաշերտ տրավման և առաջացնում հոգեբանական նոր խնդիրներ:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը գրում է. «ՀՀ կառավարությունը ուղիղ պատասխանատվություն է կրում արցախցիների կենսական խնդիրների լուծման հարցում, որովհետև ներդրում է ունեցել դրանց ստեղծման մեջ, ինչպես նաև պարտավորություն էր ստանձնել այդ խնդիրները առաջացրած իրողությունները կանխելու համար։»
Այս իրավիճակում թե՛ պետական մարմինները, թե՛ հանրությունը կանգնած են կարևոր ընտրության առաջ․ ստեղծե՞լ աջակցող միջավայր, որտեղ մարդիկ կարող են վերականգնվել ու զարգանալ, թե՞ թողնել նրանց սոցիալական անելանելիության մեջ, ինչը միայն խորացնելու է ճգնաժամը։ Բռնատեղահանվածներն այսօր ոչ թե օգնություն խնդրողներ են, այլ մարդիկ, որոնք պայքարում են ապրելու հնարավորության համար։ Հարցն այն է՝ արդյոք, այդ պայքարին կմիանա՞ն նրանք, ովքեր կարող են փոփոխություն բերել, թե՞ ոչ։
«Ստեփանակերտ» մեդիա ակումբ
Երկրաշարժ է տեղի ունեցել Կապան քաղաքից 16 կմ հեռավորության վրա
Կապան քաղաքից 16 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Թարմացված տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կապանից հյուսիս-արևելք՝ Սյունիքի մարզում։ Էպիկենտրոնը ընկած էր 10 կիլոմետր խորության վրա։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում հասել է 4 բալի; Բուն Կապանում երկրաշարժը զգացվել է 2–3 բալ ուժգնությամբ։
Թրամփը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը, փոխանցում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Բաքվում անցկացվող էներգետիկ ֆորումում՝ Ջեյքոբսն ընդգծել է, որ համաձայնագրի կնքումը կսկսի «անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան» ողջ Հարավային Կովկասի համար։
Այսօր մենք նոր էջ ենք բացում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկարամյա բարեկամության մեջ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սև ծով մուտք գործելու համար անհրաժեշտ են նաև Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անարգել անցումներ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի շուրջ երեք տասնամյակ փակ սահմանների բացումը շրջադարձային կլինի։ Եվ դա Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային ավելի կմոտեցնի, քան երբևէ։
Այսօր մենք նոր էջ ենք բացում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկարամյա բարեկամության մեջ մեր տարածաշրջանների միջեւ նոր ռազմավարական գործընկերությամբ:
Գլոբալ Գեյթվեյի 12 միլիարդ եվրո ներդրումները կաջակցեն մեր ընդհանուր առաջնահերթություններին, Սամարկանդում ընթացող ԵՄ-Կենտրոնական Ասիայի գագաթնաժողովում. հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Լուսանկար՝ Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայություն/EPA
Նախապատրաստվում է հաջորդ հանրահավաքը
Ազատության հրապարակում արցախցիները շարունակում են նստացույցը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նիստ է անցկացնելու՝ որոշելու հետագա անելիքները։
Step1.am- ը ճշտեց, որ քննարկում են հանրահավաքները շարունակական դարձնելու հարցը։ Չի բացառվում, որ մեկ շաբաթ դադար կվերցնեն՝ մարդկանց մոբիլիզացնելու համար։
Խորհրդի անդամներն ասում են, որ պետք է աշխատանք տանեն, որպեսզի հաջորդ հանրահավաքն ավելի մարդաշատ լինի։
10 ամիս. սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա ընտրությունների հետ մեկտեղ
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ «կառավարությունը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, սակայն հնչած մտքերը նախապայման չեմ համարում։ Խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն դրա վերջնական հաստատմանը”։
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ դեռ երկու տարի առաջ է որպես «խաղաղության համաձայնագրի» ստորագրման նախապայման առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, մասնավորապես՝ Անկախության հռչակագրին և Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշմանը հղումների բացառումը։
Այն,որ նախարարը “չի ընդունում” դա որպես նախապայման, չի նշանակում, որ այդ “առաջարկները” չեն կատարվելու։
Մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների հարցը՝ նախարարը հիշեցրեց, որ նոր տեքստի վրա աշխատանքները շարունակվում են։ Նա մանրամասներ չհրապարակեց՝ նշելով, որ նախագիծը որոշակի փուլում կհրապարակվի և կենթարկվի հանրային քննարկման։ Նրա խոսքով, Սահմանադրության վերջնական տարբերակը պատրաստ կլինի 8-10 ամսվա ընթացքում։
Գալյանը հրաժարվեց մեկնաբանել, թե արդյոք Անկախության հռչակագրի հղումը կմնա տեքստում: Նա հավելեց, որ իր անձնական դիրքորոշումը համահունչ է Սահմանադրական դատարանի եզրակացությանը։
Այսպիսով, Բաքուն հրաժարվում է ստորագրել «համաձայնագիրը», քանի դեռ չի փոխվել ՀՀ Սահմանադրությունը, իսկ Երևանը պնդում է, որ դրա համար կպահանջվի առնվազն 8-10 ամիս։
Մոտավորապես այսքան ժամանակ է մնացել Հայաստանում նախընտրական քարոզարշավի մեկնարկին, երբ, ըստ Վիլեն Գաբրիելյանի, երկրում իշխանություն կփոխվի։
Կփոփոխվի, թե չի փոխվի, բայց Երեւանն, ըստ էության, առաջարկում է սպասել գոնռ մինչև ընտրություններ եւ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ անցկացնել սահմանադրական հանրաքվե։ Բայց քանի որ սահմանադրական հանրաքվեն, ըստ նախապայմանի, ենթադրում է Երրորդ Հանրապետության վերացում, հանրաքվեից հետո հայկական իշխանություն չի կարող լինել։
Միջազգային դերակատարները, ովքեր ողջունում էին Բաքվի և Երևանի միջև «խաղաղության համաձայնագրի» տեքստի համաձայնեցումը, երբեք հրապարակավ չեն հայտարարել Բաքվի նախապայմաններին աջակցելու մասին, թեև անթույլատրելի էլ չեն համարել։ Բոլորը հիանալի հասկանում են, որ որոշվում է ոչ թե տխրահռչակ խաղաղության պայմանագրի, այլ Հայաստանի ճակատագիրը։
“Ոչ թե մենք, այլ մեզ վարձով տված բնակարանների տերերը պետք է միտինգի դուրս գան”
Քանի միլիոն դոլար են տվել բռնի տեղահանված քյուրերն ու եղբայրները իրենց բռնի չտեղահանված քույրերին ու եղբայրներին. ՔՅԱՇ
“Ընտանիքի անդամներին հաշվում են, գիտեն, որ յուրաքանչյուրը 50.000 դրամ աջակցություն է ստանում այդքան էլ գնահատում են բնակարանը: Իմ դեպքում, 250.000: Ինձ հետ աշխատող երեւանցի կինն ասում է, որ նա նույնպես վարձով է բնակվում` նույն քառակուսի մետր բնակարանում, սակայն 80.000 է վճարում արդեն հինգ տարի”, ասում է բռնի տեղահանված մի քույր:
Հայաստանում շատ կան խղճով մարդիկ, որոնք անգամ ձրի են տվել իրեց բնակարանը արցախցիներին: Գորիսում ես շատերին եմ հանդիպել, ովքեր անկեղծ պատրաստակամություն են հայտնել իրենց գյուղի տունը ձրի տրամադրել արցախցի որեւէ ընտանիքի. “փող պետք չէ, թող գան եւ բնակվեն, հո երկու մահճակալի չենք քնելու”, ասում են նրանք: Բայց փողի գայթակղությունը մեծ է եւ մենք լավ ենք ճանաչում մեր հասարակությունը, գիտենք, որ գյուղի տունը մի բան է, Երեւանի տունը մեկ այլ:
“Հիշում եմ, երբ մարշրուտկան գալիս կանգնում էր, նայում էի մարդկանց` հիանում, մի անճաշակ մարդ չկար, բոլորը սիրուն-կոկիկ հագնված: Ղարաբաղցիք միշտ աղա են եղել, աղքատ մարդ չի եղել, հիմա էս ի՞նչ օրն են գցել այս մարդկանց… Ո՞ւր են գնալու այդ մարդիկ, երբ սոցվճարները կտրեն: Գորիսում գոնե 70 հազարարով կարող են տուն գտնել, բայց Գորիսն էլ իր խնդիրներն ունի, աշխատանք չկա”, այսպես ապրումակցում էր այսօր մի ուրիշ գորիսեցի կին:
Սա իրոք շատ զգայուն թեմա է եւ տհաճ (եթե չասենք ամոթ) է անդրադառնալ, բայց միեւնույն է` թեման սոցցանցերում օր-օրի թափ է հավաքում 40+10 հազար ծրագրի կրճատվելու մասին “նորությունից” հետո:
Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է որոշվել կրճատվել այդ ծրագիրը: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ փողը մեկ օր էլ չի մնում արցախցիների գրպանում: Միանգամից փոխանցվում է որպես վարձ տեղացիներին:
EVN Report-ը հոդված է հրապարակել, որտեղ մանրամասն նկարագվրած է, թե աշխարհի որ երկիր որքան փող է տվել արցախցիների կարիքները հոգալու համար:
Դոնալդ Թրամփի ականջը խուլ, նշենք, որ ԱՄՆ $11.5 միլիոն միայն մեկ տրանշով է տվել (անգամ Ճապոնիան չի անտարբեր գտնվել): Այսպես ամերիկացի, ճապոնացի, ֆրանսիացի, շվեդ, շվեյցարացի հարկատուների փողերը Հայաստանի կառավարության տված փողի հետ միասին արցախցիները ծալել` վարձ են տվել:
Ոլորտին ծանոթ մասնագետներն ասում են, որ այդ գումարը չի ճեղքում բյուջեն:
“Հայտնի է, որ Արցախի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանից ստանում էր 144 մլրդ դրամ գումար, որը մեկ հոգու հաշվարկով կազմում է ամսական 100.000 դրամ։ Արդյունքում, այս ծրագրի իրականացումը բյուջեի վրա որևէ հավելյալ ծախս չի նախատեսում”, ասել է Մանե Թանդիլյանը:
Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանն էլ համարում է, որ ծրագրի կրճատումը վնասելու է վարձակալության շուկային Հայաստանում:
Մի արցախցի էլ ասում է, որ “ոչ թե մենք, այլ մեզ վարձով տված բնակարանների տերերը պետք է միտինգի դուրս գան եւ պահանջեն Հայաստանի կառավարությունից 40+10 հազար ծրագրի շարունակությունը, քանի որ հենց նրանք են իսկական շահառուները”:
Մարութ Վանյան
Լուսանկարում` Աղա ղարաբաղցիների “նոր տունը” Ազատության հրապարակում
Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5.000-րդ պարեկությունը
“Հպարտությամբ նշում ենք մի կարեւոր իրադարձություն. մենք ավարտեցինք մեր 5.000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու մեր հանձնառությունը մնում է անսասան: Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար”, ասված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) ճգնաժամերի կառավարման անզեն քաղաքացիական առաքելություն է:
«Հայկական» բանավեճեր Եվրախորհրդարանում, Բելգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի խորհրդարաններում
Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ Այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան։
Եվրոպացի պատգամավորները համեմատական են անցկացրել Հայոց ցեղասպանության և վերջին տարիների դեպքերի միջև՝ նշելով, որ վերջին իրադարձությունները Թուրքիայի ու Ադրբեջանի՝ պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքներն են։
«Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով»,- նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։
«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը պատմել է իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։
«Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։
Նիստի ընթացքում պատգամավորները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի քաղաքական և տնտեսական շահերից։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 2-ին կարևոր լսումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որ ներկայացվել է պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել Դե Մաեգդի կողմից։
Հայկական կողմից ելույթ են ունեցել Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, նախկինում Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
Գասպար Կարապետյանը ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմքը դրված է ԽՍՀՄ-ի 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի վրա՝ «Միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի կարգավորման մասին»։
Կարապետյանը հավելել է, որ «Ալմա-Աթա»-ի իրավական ուժը հիմնված էր ԱՊՀ-ի ստեղծման արձանագրությունների ընդունման վրա, որոնց վավերացումը Հայաստանի կողմից ներառում էր հատուկ ձևակերպում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է գտնվի Ադրբեջանի իշխանության տակ։
Այս հարցի շուրջ Կարապետյանը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ նշելով, որ նրա ընդունած բազմաթիվ զիջումներն ուժեղացրել են Ադրբեջանի պահանջները և նպաստել լարվածության աճին։ Նա նաև տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին այն նախապայմանների մասին, որոնք Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին՝ չնայած երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությանը։
Անընդունելի պահանջների թվում են՝
• Հայաստանի բանակի զինաթափումը,
• Հայաստանի սահմանադրության փոփոխումը,
• կամայական մեծ ֆինանսական փոխհատուցումների պահանջը,
• Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանը Բաքվին հանձնի բոլոր նախկին նախագահներին՝ որպես ահաբեկիչների դատելու համար։
Կարապետյանը բարձր է գնահատել Շվեյցարիայում վերջերս ընդունված որոշումը, որը պարտավորեցնում է շվեյցարական կառավարությանը բաց երկխոսություն նախաձեռնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։
Գասպար Կարապետյանի ելույթից հետո բազմաթիվ պատգամավորներ հարցեր ուղղել են հարցեր, հատկապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների հարցի շուրջ՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ավելացնել ԵՄ-ի և Բելգիայի կողմից տրամադրվող հումանիտար օգնությունը։
Պատգամավորները ճշտել են նաև, թե ինչ պայմանների դեպքում փախստականները կարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։
Բանաձևի նախագծի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել Բելգիայի Դաշնային Խորհրդարանում՝ մայիսի վերջում։
ԱՄՆ Կոնգրեսում ևս պատասխանատվություն են պահանջել հայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունների համար, կարևորել արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը
Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար:
Ոգեկոչման միջոցառումը, որը կրում էր «Հետադարձ հայացք 2023 թվականի Արցախի ցեղասպանությանը․ Հայոց ցեղասպանության (1915-1923թթ․) հիշատակում» խորագիրը, տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի այցելուների կենտրոնի դահլիճում:
Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ: Ապրիլի 1-ին և 2-ին հարյուրավոր ակտիվիստներ հանդիպեցին իրենց սենատորների և կոնգրեսականների հետ՝ քննարկելու հայանպաստ օրենսդրական նախագծերը:
Հայ դատի հանձնախմբի ներկա առաջնահերթություններն են․
- Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին,
- Կիրառել «Մագնիցկու պատժամիջոցներ» ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ,
- Ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը,
- Միջազգային պաշտպանության ներքո ապահովել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը
- Պաշտպանել արդար և կայուն խաղաղությունը, որը մերժում է ուժի սպառնալիքները և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է պահանջել պատասխանատվություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությունների համար և ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր՝ հակազդելու նրանց ոճրագործություններին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը , խմբի փոխնախագահներ Ջոն Ուիթինգդեյլը, Կրիս Լոուն եւ Լորդ Մարկ Մաքինսը նամակ են հղել Բրիտանիայի կառավարությանը՝ խնդրելով աջակցել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը։
Բրիտանացի խորհրդարանականները խստորեն դատապարտում են Բաքվում պահվող հայ պատանդներին “դատավարությունները” եւ կոչ են անում Մեծ Բրիտանիայի կառավարության ճնշում գործադրել Ադրբեջանի վրա նրանց ազատ արձակելու համար։
Իսկ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին գրել է․
Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հակամարտությունը մնում է չլուծված։ Կանադայի կոչը վճռորոշ նշանակություն ունի այս հարցի` համաշխարհային օրակարգում առաջնային մնալու համար: Հելսինկյան սկզբունքներով առաջնորդվող իրական բանակցությունների միջոցով, ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը, պետք է հասնել հիմնական լուծման, գրել է Կանադայի Արտաքին գործերի նախարարը։
«Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգման միջոցով»,- նշել է Կանադայի արտգործնախարարը։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ նաև Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ։
Հայաստանի իշխանությունները մեր վերաբեյալ որոշումներ են կայացրել առանց մեր կարծիքը հաշվի առնելու
«Ամենակարեւորը մեզ համար այն է, որ մեր կարծիքը պետք է հաշվի առնվի։ Մինչեւ հիմա Հայաստանի իշխանությունները մեր վերաբեյալ որոշումներ են կայացրել առանց մեր կարծիքը հաշվի առնելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա հավելեց, որ հիմա արդեն Արցախից բռնի տեղահանված անձանց համբերության բաժակը լցվել է։ «Մենք դուրս ենք եկել փողոց, պարզապես պահանջում ենք, որ եկեք մեր կարծիքը հաշվի առեք, որովհետեւ ձեր որոշումներն ազդում են մեր կյանքի վրա, մեր իրավունքների վրա»,- նշեց նա։
Արտակ Բեգլարյանն անդրադրաձավ նաեւ արցախցիների նկատմամբ գեներացվող ատելությանը, որը իշխանության մակարդակով է տեղի ունենում։ Նա ասաց, որ իրենք պահանջում են նաեւ պատասխանատվության ենթարկել ատելության քարոզ իրականացնողներին։
«Մենք էլ շատ լավ տեսնում ենք, որ հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից է հենց հրապարակային կերպով նմանատիպ ատելության քարոզ գեներացվում արցախցիների դեմ։ Մենք՝ որպես խորհուրդ, պայքարելու ենք նաեւ դրա դեմ եւ բոլոր միջոցները կիրառելու ենք, որ ատելության քարոզ գեներացնողները պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ արցախցիներին, որոնք ատելության քարոզի զոհ են դառնում, ուղղակի խնդրում ու հորդորում եմ զուսպ լինել, որեւէ կերպ չտրվել սադրանքներին։ Հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որն սիրով ու հարգանքով վերաբերվենք մեր բոլոր հայրենակիցներին։ Թշնամանքի դեմ թշնամանքով չպետք է պայքարենո, որովհետեւ ժամանակը գալու է, եւ բոլորն իրենց պատասխանատվությունը կրելու են»,- ասաց Բեգլարյանը։
Սերգեյ Շահվերդյանը կոչ արեց արցախցիների պահանջները չիջեցնել կենցաղային խնդիրների մակարդակի
«Մեր թիվ մեկ պահանջն է՝ արցախցիների վերադարձի իրավունքների ապահովում կամ այդ ուղղությամբ տեսանելի գործունեություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Նա նշեց, որ իրենց երկրորդ պահանջն է՝ նախքան արցախցիների վերադարձի իրավունքի ապահովումը, նրանց համար Հայաստանում արժանավայել պայմաններ պետք է ստեղծվեն։
«Երրոդրդ պահանջը՝ տեսանելի գործողություններ հայ պատանդներին Բաքվից հետ բերելու ուղղությամբ, չորրորդը՝ տեսանելի գործողությունների մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ»,- ասաց նա։
Շահվերդյանի խոսքով՝ արցախցիներն ակնկալում են, որ ՀՀ կառավարությունն իրենց այս պահանջները պետք է կատարի։ Սերգեյ Շահվերդյանը նաեւ կոչ արեց արցախցիների պահանջները չիջեցնել կենցաղային խնդիրների մակարդակի։
«Մեր պայքարը 40+10 աջակցության մասին չէ»,- հավելեց նա։