
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ «կառավարությունը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, սակայն հնչած մտքերը նախապայման չեմ համարում։ Խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն դրա վերջնական հաստատմանը”։
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ դեռ երկու տարի առաջ է որպես «խաղաղության համաձայնագրի» ստորագրման նախապայման առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, մասնավորապես՝ Անկախության հռչակագրին և Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշմանը հղումների բացառումը։
Այն,որ նախարարը “չի ընդունում” դա որպես նախապայման, չի նշանակում, որ այդ “առաջարկները” չեն կատարվելու։
Մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների հարցը՝ նախարարը հիշեցրեց, որ նոր տեքստի վրա աշխատանքները շարունակվում են։ Նա մանրամասներ չհրապարակեց՝ նշելով, որ նախագիծը որոշակի փուլում կհրապարակվի և կենթարկվի հանրային քննարկման։ Նրա խոսքով, Սահմանադրության վերջնական տարբերակը պատրաստ կլինի 8-10 ամսվա ընթացքում։
Գալյանը հրաժարվեց մեկնաբանել, թե արդյոք Անկախության հռչակագրի հղումը կմնա տեքստում: Նա հավելեց, որ իր անձնական դիրքորոշումը համահունչ է Սահմանադրական դատարանի եզրակացությանը։
Այսպիսով, Բաքուն հրաժարվում է ստորագրել «համաձայնագիրը», քանի դեռ չի փոխվել ՀՀ Սահմանադրությունը, իսկ Երևանը պնդում է, որ դրա համար կպահանջվի առնվազն 8-10 ամիս։
Մոտավորապես այսքան ժամանակ է մնացել Հայաստանում նախընտրական քարոզարշավի մեկնարկին, երբ, ըստ Վիլեն Գաբրիելյանի, երկրում իշխանություն կփոխվի։
Կփոփոխվի, թե չի փոխվի, բայց Երեւանն, ըստ էության, առաջարկում է սպասել գոնռ մինչև ընտրություններ եւ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ անցկացնել սահմանադրական հանրաքվե։ Բայց քանի որ սահմանադրական հանրաքվեն, ըստ նախապայմանի, ենթադրում է Երրորդ Հանրապետության վերացում, հանրաքվեից հետո հայկական իշխանություն չի կարող լինել։
Միջազգային դերակատարները, ովքեր ողջունում էին Բաքվի և Երևանի միջև «խաղաղության համաձայնագրի» տեքստի համաձայնեցումը, երբեք հրապարակավ չեն հայտարարել Բաքվի նախապայմաններին աջակցելու մասին, թեև անթույլատրելի էլ չեն համարել։ Բոլորը հիանալի հասկանում են, որ որոշվում է ոչ թե տխրահռչակ խաղաղության պայմանագրի, այլ Հայաստանի ճակատագիրը։