Միայնակ կինը մնացել է անօթևան․ ունի առողջական խնդիրներ

Միասնական սոցիալական ծառայության Մասիսի տարածքային կենտրոնում Արցախի Մարտակերտ քաղաքից տեղահանված Նվարդ Վանյանը պատահական հանդիպեց իր համաքաղաքացի Անահիտ Գևորգյանին նրա ուրախությանը չափ չկար։ Ինչպես ինքն է ասում՝ այդ պահին Անահիտը նրա փրկությունն էր։

56-ամյա Նվարդը միայնակ է ապրում։ Դժվար կյանքն իրենն արել էր կինը տարիքին անհամեմատ մեծ էր երևում՝ վհատ դեմքով, տխուր աչքերով։

Արցախից տեղահանվելուց հետո նա հաստատվել է Վեդի քաղաքում, ապա տեղափոխվել Մասիս քաղաքը, որտեղ ապրում էր վարձակալած բնակարանում։ Միայնակ կնոջ համար, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, ծանր էր ապրուստի միջոցներ հայթայթել ու գոյատևել, իսկ ՀՀ կառավարության կողմից տրվող բնակվարձերի աջակցության դադարից հետո նա մնացել է անօթևան։

 -Այնպես է ստացվել, որ մենակ եմ ապրում։ Մինչև այսօր կարողանում էր մի կերպ գոյատևել։ Հիմա կանգնել եմ մեծ խնդրի առաջ։ Տանտիրոջ պահանջով հուլիսի 5-ից ազատել եմ բնակարանը, քանի որ ի վիճակի չեմ վարձավճարը տալու։ Անահիտին հանդիպելն ինձ համար իսկապես փրկություն էր։ Նա ինձ չթողեց, որ դրսում մնամ, իր տուն բերեց` բաժին հանելով իր մի կտոր հացից։ Նրա աջակցությամբ մի քանի անգամ բժշկի եմ գնացել, քանի որ մենակ ի վիճակի չեմ ազատ տեղաշարժվել։ 2020 թվականից հետո իմ մոտ առողջական խնդիրներս ավել են բարդացել։ Ձած ոտքս թույլ է, ձեռնափայտով եմ քայլում։ Այդ իսկ պատճառով չեմ կարողանում ոչ մի տեղ աշխատել։ Արցախում հողի հետ էի աշխատում և իմ օրվա հացը կարողանում էի վաստակել իմ քրտինքով։

Հիմա չգիտեմ՝ ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ։ Մինչև ե՞րբ պետք է ապրեմ Անահիտի տանը, ով մի կերպ է իր ընտանիքի կարիքները հոգում։

ՀՀ կառավարության կողմից տրվող բնակվարձերի աջակցությունն անհրաժեշտ է բոլորիս։ Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր կանգնած են բազմաթիվ սոցիալական խնդիրների առաջ։ Շատերն են ստիպված բնակարան փոխել, կամ գնացել հարազատների տուն, սակայն դա հարցի լուծում չէ,- ասում է միայնակ կինն ու ավելացնում,- մարդու ցավի աստիճանը կիմանա միայն նման ցավն իր մեջ կրողը։ Միայն նա կկարողանա օգնության ձեռք մեկնել դիմացինին։

Նվարդ Վանյանի նման հարյուրավոր տեղահանված արցախցիներ կան, ովքեր ապրում են միայնակ, հոգեկան ու նյությական ծանր պայմաններում։ Նրանք չգիտեն, թե վաղը որտեղ են հայտնվելու, ո՞վ է նրանց հանգրվան տալու կամ երբևէ ունենալու են տանիք, թե ոչ․․․

Հ․Գ․

Այն սրտացավ մարդիկ, ովքեր կցանկանան օգնել արցախցի միայնակ կնոջը, կարող են զանգահարել 098405737 հեռախոսահամարին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Արցախցիների հարցի լուծումը ճնշելու, ձերբակալելու մեջ չէ, բանակցելով՝ լուծում գտնելու մեջ է

«30 տարի արցախցին եղել է առաջնագծում, 30 տարի թե պատերազմել է, թե հողը պահել է հայկական։ Ամենավերին աստիճանի վախն արցախցու մեջ արդեն անցել-գնացել է։ Այս հարցի լուծումը ճնշելու մեջ չէ, հարցի լուծումը ձերբակալելու մեջ չէ, հարցի լուծումը բանակցելով՝ լուծում գտնելու մեջ է»,- այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իրսայելյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ գործադրվող ճնումներին։ Նա ասաց, որ արցախցիները որեւէ հակապետական բան չեն անում, իրենց իրավունքն են պաշտպանում, մինչեւ կգան բարենպաստ ժամանակներ եւ կկարողանան վերադառնալ Արցախ։

«Ես վստահ եմ, որ վերադարձ լինելու է, որովհետեւ ուժի կիրառմամբ հարցը չի լուծվել, միջազգային հարթակներում էլ են դա տեսնում։ Կսպասենք բարենպաստ ժամանակներին, երբ կունենանք հզոր Հայաստան, նորմալ ղեկավարություն ու դիվանագիտություն, որ կարողանան միջազգային հարթակներում հիմնավորված ներկայացնել Արցախի հարցը։ Դա այս իշխանությունների որոշելու հարցը չէ, դա ազգային հարց է, վաղը չլինի, մյուս օրը կլինի, բայց մենք այդ հարցը պետք է պահենք օրակարգում»,- նշեց Անաստաս Իսրայելյանը։

Նա հավելեց, որ կառավարությունից այս փուլում պահանջում են լուծում տալ արցախցիների սոցիալական խնդիրներին, քանի որ նրանց այս իշխանության պատճառով են բռնի տեղահանվել ու ցեղասպանական գործղությունների ենթարկվել։

«Պահանջում ենք, որ գոնե մայր Հայաստանում մեզ տան հնարավորություն, որ ժողովուրդն այստեղ զարգանա, ապրի, մնա Հայաստանում։ Մեր նպատակն արտագաղթը կանգնեցնելն է, բա ձեր նպատակն ի՞նչ է։ Արցախը մայր Հայաստանի մի մասն էլ, մի մասից տեղահանվել ենք մի ուրիշ մաս։ Եվ կառավարությունն այլընտրանք չունի, պիտի գնա խնդիրների լուծմանը, սա պահանջ է»,- ասաց նա։

Լիլիթին անհրաժեշտ դեղամիջոցի գումարը հավաքվել է

Մեկ շաբաթ առաջ Step1․amպատմեց Լիլիթի մասին՝ մի մայրիկի, ով այժմ անցնում է բարդ ու ցավոտ ճանապարհով։ Դիմել օգնության՝ Լիլիթի համար հեշտ որոշում չէր, սակայն քաղցկեղի դեմ պայքարում նա հասկացավ, որ միայնակ դժվար կլինի։

Հոդվածի տարածումից հետո հարյուրավոր մարդիկ ակտիվորեն արձագանքեցին։ Դրամահավաքին միացան նաև տարբեր կազմակերպություններ և նախաձեռնություններ։

Լիլիթը նշում է, որ իր հաշվեհամարին փոխանցված յուրաքանչյուր դրամ իր համար հսկայական աջակցություն է, բայց ամենից շատ հիշում է 500 դրամի փոխանցումը։

«Ես հասկացա, որ երբ կա օգնության իրական ցանկություն, ֆինանսական վիճակը երկրորդական է։ Նույնիսկ ամենափոքր օգնությունն արժե անհատական շնորհակալության»,- ասում է Լիլիթը։

Հոդվածի հրապարակումից հետո Լիլիթին միացավ նաև «Հայորդի» նախաձեռնությունը, որի կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվեց 600 հազար դրամ։ Իսկ Step1-ի հրապարակած հաշվեհամարին փոխանցվել է ևս 900 հազար դրամ։

Նշենք, որ 1.2 միլիոն դրամը միայն դեղամիջոցի արժեքն է։ Ցավոք, բուժման այս ուղին պահանջում է ոչ միայն նյարդեր և համբերություն, այլև շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ։ Լիլիթը սրտանց շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր կիսեցին իր պատմությունը, ապրումները և որոշեցին միանալ իր պայքարին՝ որպեսզի իր երեք երեխաներն առողջ մայր ունենան։

Մարիամ Սարգսյան

Արցախցիներին հրավիրեցին փոխվարչապետի մոտ, նրանք սկզբից հրաժարվեցին, հետո որոշեցին գնալ հանդիպման

Արցախցիները բողոքի ակցիա ու նստացույց են անցկացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք շտապ պահանջագիր ներկայացրեցին կառավարությանը։

Կառավարության ներկայացուցիչն իջավ ու արցախցիներին առաջարկեց պատվիրակություն կազմել եւ գնալ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ հանդիպման։

Արցախցիները հակված չեն հանդիպման գնալ, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ միշտ գնացել են հանդիպման ու քննարկման, բայց իրենց չեն հասկացել, խնդիրներին լիարժեք լուծում չեն տվել։

«Հիմա, եթե նորից բարձրացանք, նույն բանն ասացին, ի՞նչ օգուտ տվեցինք։ Ցանկալի է, որ համապատասխան անձն իջի այստեղ, ժողովուրդը, ժողովրդի եւ լրագրողների հարցերին պատասխան»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Արցախցիներն ընթերցեցին իրենց պահանջագիրն ու հայտարարեցին, որ ակնկալում են, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անձամբ կիջնի ներքեւ ու կպատասխանի իրենց հարցերին։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորյհրդի անդամ Ապրես Մարգարյանն ասաց, որ որոշել են բարձրանալ կառավարություն՝ հանդիպման։ Նա ասաց, որ որեւէ քննարկում չեն ունենելու, գնում են լսեն իրենց բարձրացրած հարցերի պատասխանները։

Եվրոպան ԱՄՆ-ից կգնի Patriot-ներ Ուկրաինայի համար և կնվազեցնի ռուսական նավթի գնի շեմը

Հուլիսի 13-ին Մերիլենդի Էնդրյուսի ռազմաօդային բազայում Դոնալդ Թրամփը կարճ մեկնաբանություն տվեց ամերիկյան մամուլին Ուկրաինայի համար նախատեսված ՀՕՊ համակարգերի և հրթիռների վերաբերյալ: ԱՄՆ նախագահին դուր չի գալիս այն փաստը, որ Պուտինը «շատ գեղեցիկ է խոսում», բայց երեկոյան «ամեն ինչ ռմբակոծում է», հաղորդում է Ուկրաինա 365 հեռուստաալիքը։

Թրամփը լավ գիտակցում է, որ Կիևը սուր խնդիր ունի ՀՕՊ համակարգերի և հրթիռների հետ կապված: Նա խոստովանեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է բիզնեսով զբաղվել՝ Ուկրաինային հրթիռներ և ՀՕՊ համակարգեր մատակարարելով ԵՄ երկրների միջոցով: Եվրոպական պետությունները կվճարեն այս ամբողջ «ռազմական օգնության» համար։

Ամերիկյան և եվրոպական մամուլը դեռևս չի կարողացել պարզել, թե ԱՄՆ-ն որքան հրթիռ է պատրաստվում վաճառել ԵՄ-ին՝ Patriot համակարգը Ուկրաինային փոխանցելու համար։

Վաշինգտոնը պատրաստ է նաև Ուկրաինային մատակարարել ոչ միայն ՀՕՊ հրթիռներ, այլև այլ տեսակի ժամանակակից ռազմական տեխնիկա։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց Ուկրաինային տրամադրվող նոր ռազմական օգնության մասին, որը կվճարեն ՆԱՏՕ-ի անդամները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ ռազմական տեխնիկայի որոշ տեսակներ արդեն իսկ գտնվում են ԵՄ երկրներում։ Դրանք կփոխանցվեն Ուկրաինա, և ԱՄՆ-ից կգնվեն նոր սարքավորումներ՝ դրանք փոխարինելու համար։

Այս շաբաթ Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ քննարկելու Ուկրաինայի համար երկու Patriot համակարգերի գնման հարցը։

Միևնույն ժամանակ, ԵՄ դեսպանները պատրաստ են պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակներում ռուսական նավթի առավելագույն գինը իջեցնել մինչև 47 դոլար մեկ բարելի համար։ Այս մասին հայտնի դարձավ հուլիսի 13-ին՝ ԵՄ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանից նավթի գինը կարող է նվազել ևս 15%-ով։

Արդեն այսօր՝ հուլիսի 14-ին, Բրյուսելում նախատեսված է ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը վերջնականապես համաձայնեցնելու և հաստատելու համար։

Диалог.UA» 

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։

Հայտարարություն․ հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց

Ի շարունակություն հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան հաջորդած նստացույցի՝ հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպվում է ակցիա՝ ներկայացնելու Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի պահանջները։
Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին ներկա գտնվել ակցիային և շարունակել պայքարը՝ հանուն մեր իրավունքների։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում նստացույց անող արցախցիները կեսգիշերին տեղափոխվել են Կառավարության շենքի մոտ և շարունակել բողոքի ակցիան այնտեղ։

Մակրոնը Նոր Կալեդոնիային «անկախություն» տվեց և դեսպանին օկուպացված Ստեփանակերտ ուղարկեց

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Նոր Կալեդոնիայի վերաբերյալ երկար սպասված համաձայնագրի կնքման մասին, հաղորդում է DW-ն: Հիշեցնենք, որ Նոր Կալեդոնիայի անկախության հարցը անսպասելիորեն արդիական դարձավ այն բանից հետո, երբ Ֆրանսիան աջակցեց Հայաստանին: Բաքուն հանկարծակի մտահոգվեց Ֆրանսիայի գաղութատիրությամբ, նույնիսկ հրավիրեց Ֆրանսիայի գաղութատիրական լուծը թոթափել ցանկացող երկրների համաժողով:

Եվ ահա արդյունքը՝ Ֆրանսիան և Նոր Կալեդոնիան համաձայնության են եկել: Իսկ Արցախը, որտեղից Բաքուն զանգվածային ցեղասպանության սպառնալիքի տակ վտարեց ամբողջ հայ բնակչությանը: Իսկ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը մասնակցեց օկուպացված Ստեփանակերտում իսլամական գագաթնաժողովին:

Տասը օրից ավելի տևած «ինտենսիվ բանակցություններից» հետո Նոր Կալեդոնիայի ղեկավարների հետ պատմական փոխզիջում է ձեռք բերվել: Ֆրանսիայի ղեկավարը այս մասին գրել է X-ում: Այժմ Նոր Կալեդոնիան կստանա «պետության կարգավիճակ Հանրապետության կազմում» և իրավունք՝ ֆրանսիացիների հետ միասին ունենալու սեփական կալեդոնական ազգություն: Վերջնական տարբերակը կքննարկվի հատուկ համագումարում, ապա կդրվի տեղական հանրաքվեի, հավանաբար 2026 թվականի փետրվարին:

«Հիմա ժամանակն է հարգանքի, կայունության և ուժերը միավորելու՝ ընդհանուր ապագա կառուցելու համար», – գրել է Մակրոնը։ Նա շնորհակալություն է հայտնել արտասահմանյան գործերի նախարար Մանուել Վալսին և բոլոր բանակցողներին, որոնց հուլիսի 12-ի երեկոյան հրավիրել էր Ելիսեյան պալատ։

Համաձայնագիրը նաև ներառում է տարածքի համար ընդլայնված իրավունքներ՝ անվտանգության, արդարադատության և միջազգային հարաբերությունների ոլորտներում լիազորությունների հնարավոր փոխանցում, ինչպես նաև ապագայում Նոր Կալեդոնիայի դրոշի, օրհներգի և անվան փոփոխության հնարավորություն։

Բանակցությունների կողմերը՝ թե՛ լոյալիստները (ռոյալիստները), թե՛ անկախության կողմնակիցները, համաձայնագիրը ճանաչել են որպես լուրջ քայլ։ Այսպիսով, պատգամավոր Նիկոլա Մեցդորֆը ազգության ստեղծումը անվանել է իրական զիջում, իսկ վարչապետ Ֆրանսուա Բայրուն բարձր է գնահատել փոխզիջման քաղաքական նշանակությունը։

Իսրայելի և Սիրիայի թուրքամետ կառավարության ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում

Իսրայելի և Սիրիայի թուրքամետ կառավարության մեկական ներկայացուցիչ հանդիպել են Ադրբեջանում շաբաթ օրը՝ հուլիսի 12-ին, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Դամասկոսի դիվանագիտական շրջանակների աղբյուրներին: Գործակալությունը նշում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի Բաքու այցի շրջանակներում և նշանակալի իրադարձություն է եղել, հաշվի առնելով, որ Սիրիան և Իսրայելը վերջին երկու տասնամյակների ընթացքում թշնամական հարաբերությունների մեջ են։

Ադրբեջանի մայրաքաղաքում Ահմեդ աշ-Շարաան հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Արդյունքում համաձայնեցվել է Դամասկոս գազի մատակարարումը. Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը գազ կմատակարարի Սիրիա: Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Թուրքիայի միջոցով Սիրիա գազ արտահանելու նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»։

Միևնույն ժամանակ, աշ-Շարաան ինքը, ըստ AFP-ի աղբյուրների, չի մասնակցել իր երկրի ներկայացուցչի և Իսրայելի պետության ներկայացուցչի միջև բանակցություններին։

Սիրիայի ժամանակավոր կառավարությունը մեկ շաբաթից մի փոքր ավելի առաջ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ Իսրայելի հետ 1974 թվականի հրադադարը վերականգնելու համար։ Սիրիան և Իսրայելը պաշտոնապես պատերազմի մեջ են 1948 թվականից։

Չվճարված թոշակ և կուտակված գումարներից օգտվելու հնարավորության բացակայություն

2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸի կողմից վճարման ենթակա այլ գումարների տրամադրման խնդիրը դեռևս մնում է չլուծված։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է բնակվում զոհված զինծառայողի մայր, այրի կին, 2-րդ կարգի հաշմանդամ Լաուրա Արմենակի Բարսեղյանը։ Նա այն հազարավորներից մեկն է, որ չի ստացել 2023-ի սեպտեմբեր ամսվա թոշակը։

Թոռը՝ Ժորա Հայրապետյանն իր կարծիքն է ասում այդ հարցի շուրջ

-Արդեն երկրորդ տարին է, ինչ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիներ՝ այդ թվում տարեցներ, զինվորական կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք և խոցելի խմբեր զրկված են իրենց հասանելիք 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակներից և սոցիալական նպաստներից։ Եվ այս ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չեն կատարել իրենց սոցիալական պարտավորությունները այդ անձանց նկատմամբ՝ թողնելով նրանց առանց գոյատևման նվազագույն միջոցների։

Հատկանշական է, որ տարիներ շարունակ Արցախի Հանրապետության պետական ֆինանսավորման մի մասը, այդ թվում՝ կենսաթոշակային և սոցիալական վճարներն իրականացվել են Հայաստանի պետական բյուջեից՝ միջպետական ծրագրերի միջոցով։ Այսինքն՝ Հայաստանը եղել է ոչ միայն Արցախի անվտանգության, այլև սոցիալական համակարգի երաշխավորը։ Հետևաբար՝ Արցախի քաղաքացիների՝ սոցիալական վճարների շարունակականությունն ապահովելը Հայաստանի Հանրապետության ուղղակի պարտականությունն է, անկախ Արցախում տեղի ունեցած պետական կառույցների փլուզումից կամ մարդկանց ֆիզիկական տեղաշարժից։

Ըստ Հայաստանի Սահմանադրության 48-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի սոցիալական ապահովության իրավունք, իսկ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով պետությունը պարտավոր է աջակցել այն անձանց, որոնք օբյեկտիվ հանգամանքների բերումով հայտնվել են ծանր վիճակում։ Նման հանգամանքներից ամենածանրերից մեկն է բռնի տեղահանությունը պատերազմի արդյունքում։

Բացի այդ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը երաշխավորում է սեփականության իրավունքը, որը ներառում է նաև պետական կենսաթոշակներն ու նպաստները՝ որպես պարբերական եկամուտ։ Արցախի տեղահանված քաղաքացիների այդ իրավունքների խախտումը՝ վճարումները սառեցնելու կամ չտրամադրելու միջոցով, հանդիսանում է ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

Երկրորդ տարին շարունակվող այս անտեսումը փաստում է համակարգային անգործություն՝ պետության կողմից։ Մարդիկ, որոնք պատերազմի պատճառով կորցրել են իրենց տունը, ունեցվածքը և հայրենիքը, այսօր զրկված են նույնիսկ օրենքով իրենց հասանելի նվազագույն կենսամակարդակից։ Պետությունը պարտավոր է անհապաղ վճարել բոլոր չտրամադրված կենսաթոշակներն ու նպաստները, սկսել հետադարձ հաշվարկ և հաստատել իրավական հստակ մեխանիզմ Արցախի քաղաքացիների սոցիալական իրավունքների շարունակական իրացման համար։ Սա բարեգործություն չէ։ Սա պետական պարտականություն է՝ հիմնված իրավունքի վրա։ Պետության լռությունը՝ անարդարություն է։ Ժողովրդի սոցիալական իրավունքները պաշտպանության կարիք ունեն։

Նույն խնդիրն ունի Արցախյան առաջին պատերազմում զոհվածի հայր Ալեքսանդր Հարությունի Աբրահամյանը, ով տեղահանությունից հետո բնակություն է հաստատել Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Պատերազմի հետևանքով նա չի կարողացել ստանալ կերակրողը կորցնելու համար զինվորական թոշակը, քանի որ այն ստանում էր կանխիկ՝ «Արցախփոստ» ՓԲԸի միջոցով։ Տարեց մարդը, սակայն, չի կորցնում հույսը, որ անպայման կվճարվի իր թոշակը՝ միաժամանակ, չհասկանալով, թե ինչու են անտեսվում իրենց իրավունքները։

«Արցախցիներս ծանր կացության մեջ ենք հայտնվել, և մեզ համար յուրաքանչյուր լուման նշանակություն ունի։ Դստերս հետ ապրում եմ վարձակալած բնակարանում։ Նա այն տարիքում է, որ ոչ թոշակային է և ոչ էլ կարողանում է աշխատանք գտնել։ 2023-ի սեպտեմբերի ինձ չվճարված թոշակով կարող ենք 2 ամսվա կոմունալ ծախսերը վճարել»,-ասում է զոհված զինծառայողի հայրը։

2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների հետ մեկտեղ արցախցիներն ունեն նաև մի շարք չլուծված խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում են անընդհատ։

Բռնատեղահանումից հետո, Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբում համապատասխան մարմինների կողմից Արցախի նախագահի հրամանագրի համաձայն 2023-ի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված պետական աշխատողների համար կատարվել է հասանելիք գումարների վերջնահաշվարկ, սակայն մարդիկ առայսօր վերջնահաշվարկ ու նախատեսվող այլ նպաստ չեն ստացել։ 

Արցախցիները բարձրաձայնում են նաև կենսաթոշակային կուտակային հաշվում եղած իրենց գումարների մասին։ Արցախցիների օրեցօր վատթարացող վիճակում այդ բոլոր գումարները կօգնեն մի շարք խնդիրներ լուծելու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արեն Նազարյան. Տղա, որը 12 տարեկանում 40 ժամ մեքենա վարեց և փրկեց իր ընտանիքը

14-ամյա արցախցի տղան դարձել է «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր՝ անձնական քաջության և նվիրվածության համար։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում։ Արեն Նազարյանին հրավիրել են որպես այն դեռահասներից մեկը, ովքեր փրկել են իրենց ընտանիքը իրական մարդասիրական աղետի ժամանակ։

12-ամյա տղան 40 ժամ մեքենա է վարել՝ իր ընտանիքը փրկելու համար։

2023 թվականի սեպտեմբերին, հերթական ագրեսիայից հետո, Նազարյանները, ավելի քան 120 հազար արցախցիների հետ միասին, ստիպված էին լքել Արցախը և տեղափոխվել Հայաստան։ Ընտանիքը մեկնել է երկու մեքենայով, որոնցից մեկը վարել է Արենը։ Տղան մեքենան վարել է ավելի քան 40 ժամ։ Արենն այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էր։

«Սարսափելի էր, բայց ես վճռական որոշում կայացրի նստել ղեկին։ Էվակուացիայի համար վարձված վարորդը վերջին պահին հրաժարվեց, և ես հասկացա, որ եթե ես չվարեմ, ուրիշ ոչ ոք չի վարի», – ասում է Արենը։

Նրան մեքենա վարել սովորեցրել էր հայրը, ով 44-օրյա պատերազմից հետո հասկացավ, որ որդուն այդ հմտությունը պետք է։ Հենց դրա շնորհիվ էր, որ Արենը կարողացավ տարհանել իր ընտանիքին՝ մորը, տատիկին, պապիկին և երկու քույրերին։

9 ամսվա քաղցից և արցախյան շրջափակման այլ փորձություններից ուժասպառ եղած տղան քաջաբար վարեց մեքենան 40 ժամ։ Նա վարում էր՝ հազիվ զսպելով արցունքները, ավերված, գերբեռնված ճանապարհներով, անցնելով մեքենաների շարասյուներ, անցակետեր, հսկայական ավտոբուսներ։

Նա ղեկից ցածրահասակ էր և ստիպված էր նստել բարձի վրա։ Ճանապարհին տատիկը հաճախ վատ էր զգում, և նա կանգ էր առնում։ Նույնիսկ կարողանում էր մխիթարել իր հարազատներին և ընկերներին։

12-ամյա Արենի քաջության շնորհիվ նրա ընտանիքը փրկվեց, հակառակ դեպքում նրանք չէին կարողանա լքել Արցախը։ Կար երկու տարբերակ՝ կամ դատապարտել անխուսափելի մահվան, ինչպես պատահեց տասնյակ խաղաղ բնակիչների հետ, ովքեր սպանվեցին իրենց տներում կամ անտառներում՝ հասնելով Ստեփանակերտ, կամ մնալ՝ ապրելու Ադրբեջանի դրոշի ներքո՝ առանց անվտանգության երաշխիքների։

Ինչպիսին կլիներ կյանքը Ադրբեջանի կազմում, վառ ցույց են տալիս սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերը, որոնցում պատկերված են Արցախում մնացած և ամենօրյա բռնության ու նվաստացման ենթարկվող որոշ քաղաքացիներ։

Արսեն Աղաջանյան

Իրանի նախագահը վնասվածք է ստացել իսրայելական ավիահարվածներից մեկի հետևանքով

Իսրայելական ավիահարվածներից մեկի հետևանքով թեթև վնասվածք է ստացել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Fars News» լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին, երբ հարված է հասցվել այն շենքին, որտեղ անցկացվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը՝ Իրանի նախագահի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հաղորդվում է, որ նախագահը և ևս մի քանի պաշտոնատար անձինք ոտքերի հատվածում թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։
Լրատվական գործակալությունը մանրամասնում է, որ վեց հրթիռներ ուղղված են եղել դեպի շենքի մուտքերն ու ելքերը՝ տարհանման ուղիները փակելու և օդային հաղորդակցությունը խաթարելու համար։
Ընդգծվում է, որ իշխանությունները հետաքննություն են իրականացնում հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել էր իր դեմ մահափորձի մեջ: