Արցախյան թանգարանների թվայնացում․ մոնումենտալ հուշարձաններից գրեթե ոչինչ չի մնացել

Այսօր <<Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն>> ՀԿի նախաձեռնությամբ <<Փաստագրում՝ հանուն պահպանության>> ծրագրի շրջանակում Շուշի քաղաքի չորս կորուսյալ թանգարանների թվային կատալոգների վերստեղծման շնորհանդեսն էր։ Միջոցառմանը ներկա էին մշակութային գործիչներ, արցախցիներ, լրագրողներ։ Ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիեկե Մոնրոյ-Վինթերը։

Ծրագիրը հնարավոր է դարձել ՀՀում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ և <<Այ Էս Էս Դի>>  ՀԿի կողմից իրականացվող <<Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿներին>> ծրագրի շրջանակներում։

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը ողջունեց ներկաներին ու շնորհավորեց կատարված մեծ աշխատանքի համար՝ նշելով, որ Արցախի տեղահանությունից հետո, դեսպանության առաքելությունն էր՝ օգնել բռնատեղահանված արցախցիներին՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր։ Այս ծրագիրը՝ հերթական նախագծերից մեկն է։ Մշակութային ժառանգության պահպանումը կարևորագույն առաջնահերթություններից է։

Կատալոգների վերստեղծման աշխատանքների ընթացքը ներկայացրեց <<Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն>> ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը

-Մենք ընդգծել ենք մշակութային ժառանգության փաստագրման անհրաժեշտությունն ու այն հանգամանքը, որ մշակութային ժառանգության բազմաթիվ շերտեր փաստագրված ու հաշվառված չեն։ Արցախի մշակութային ժառանգության փաստագրման բնագավառում ունենք կարևոր բաղադրիչներ։ Կորուսյալ թանգարանների հավաքածուներն են, որոնք պետք է փաստագրվեն ու հաշվառվեն։

Ունենք շուրջ 30 թանգարան ու արվեստի գործեր, որոնք կորուսյալ են մինչև այսօր։

Մեծ խնդիր ունենք նաև կորստից փրկելու արդեն մեկ անգամ տարհանման ժամանակ փրկված մշակութային ժառանգությունը։ Բազմաթիվ մարդիկ տեղահանման ժամանակ կարողացել են իրենց հետ դուրս բերել ու փրկել ընտանեկան կամ հանրային արժեք ունեցող մշակութային ժառանգության բազմաթիվ նմուշներ։ Այսօր դրանք վտանգի տակ են, քանի որ մարդիկ կամ վաճառում են այդ արժեքները, կամ արտագաղթում են այլ երկրներ, ու այդպիսով մենք կորցնում ենք մի կերպ փրկված արցախյան նմուշները։

Թանգարանների պահով ասեմ, որ անհրաժեշտություն ունենք միասնական-տեղեկատվական բազա ստեղծելու, որն իր մեջ կպարունակի հուշարձանների մասին ամբողջական տեղեկատվություն և կունենա հանրային հասանելիություն։

Փաստագրման մյուս մասը, որը փորձում ենք կատարել, դա Արցախում գործող կատարողական արվեստի խմբերի մշակութային պահպանումն է՝ երգեր, պարեր, բեմադրություններ․ դրանք պետք է հավաքագրել ևս։

Եթե անդրադառնանք թանգարաններին՝ ունենք հետևալ պատկերը՝ 2020-ի պատերազմի ժամանակ կորցված և տեղահանության ժամանակ Արցախում թողնված պետական  թանգարաններ՝ 17, արվեստի հավաքածուներ՝ 5, մասնավոր թանգարաններ՝ 6, Շուշի քաղաքում թանգարաններ՝ 12, Հադրութի շրջանում՝ 4, Մարտունու շրջանում՝ 3, Մարտակերտի շրջանում՝ 2, Ասկերանի շրջանում՝ 2 և Ստեփանակերտ քաղաքում՝ 5։ Այս տվյալները վերջնական չեն, որովհետև բազմաթիվ անհատ անձինք ունեին արվեստի արժեքավոր հավաքածուներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ մեզ։

Այս 4 կատալոգի հետ միասին մենք արդեն վերստեղծել ենք Շուշիի 10 թանգարանների կատալոգներ։ Դեռևս չենք կարողացել վերստեղծել Շուշի քաղաքի պատմության թանգարանի և Շուշիի պատկերասրահի կատալոգները։

Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ 2020-ի պատերազմից հետո՝ Արցախի նախագահի հրամանագրով 2022-ին ստեղծվել է Մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդ, որը ղեկավարում էր պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Այդ խորհրդի գործունեության ընթացքում վերստեղծվել են 6 թանգարանների հավաքածուների կատալոգներ։ Գործընթացն ընդհատվել է ու վերսկսվել Հայաստանում՝ բռնատեղահանությունից հետո։

Միաժամանակ նա բարձր գնահատեց թիմի պատասխանատու և արհեստավարժ աշխատանքը։

-Փոքր թիմով սկսեցինք մեր աշխատանքը և այն չէինք կարող իրականացնել, եթե չլիներ կորուսյալ թանգարանների պատասխանատուների անվերապահ աջակցությունը։ Սերտ համագործակցում ենք թանգարանների տնօրենների, աշխատողների հետ, ովքեր օգնում են մեզ՝ տրամադրելով տեղեկություններ, լուսանկարներ։ Իհարկե, դիմում ենք նաև մեր համերկրացիներին։ Հավաքագրած լուսանկարներից դուրս են բերվում ցուցանմուշներ, հետո նույնականացվում են թանգարանների պատասխանատուների օժանդակությամբ և վերստեղծվում պատրաստի կատալոգներ,-ասաց ՀԿ նախագահը։

Սերգեյ Շահվերդյանը ներկաների ուշադրությունը սևեռեց մի խնդրի վրա, որի մասին շատ քիչ է բարձրաձայնվում։ Դա վերաբերում է մոնումենտալ արվեստի գործերին, որոնք մնացել են Ստեփանակերտում և անխնա ոչնչացվում են Ադրբեջանի վարչակարգի կողմից։ Կարելի է ասել՝ ոչինչ չի մնացել։ Դրանք հուշաղբյուրներն են, քանդակները, արձանները, կիսանդրիները, բարձրաքանդակներն ու խաչքարերը։ Նա համոզված է, որ նույն պատկերն է տիրում Արցախի բոլոր բնակավայրերում։

-Ամենամտահոգիչ երևույթը, որ նկատեցինք 10 օր առաջ՝ դա Ստեփանակերտի հուշահամալիրն է, որը շրջափակվել է պաստառներով ու ամբողջովին անտեսանելի դարձել։ Ենթադրվում է, որ դա նախորդում է հուշահամալիրի ոչնչացմանն ու ավերմանը։ Կցանկանայի, որ լրատվամիջոցները բարձրաձայնեն այս վտանգավոր երևույթի մասին, գուցե կանխվի վանդալիզմն ու փրկվի հուշահամալիրը,- նշեց Ս․ Շահվերդյանը։

Միջոցառման վերջում ներկաները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը և հույս հայտնեցին, որ <<Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն>> ՀԿն առաջիկայում կշարունակի իր առաքելությունը նույն պատասխանատվությամբ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Համաշխարհային պատերազմ. չինական նավը լազերով գրեթե խոցել է գերմանական ինքնաթիռը Կարմիր ծովում

DW

Գերմանիայի կառավարությունը մեղադրել է Չինաստանին Կարմիր ծովում առևտրային նավերի պաշտպանության համար նախատեսված ԵՄ «Ասպիդես» ռազմածովային առաքելությանը մասնակցող գերմանական ռազմական ինքնաթիռի վրա լազերային հարձակման մեջ։

Հետախուզական ինքնաթիռը լազերային հարձակման է ենթարկվել չինական ռազմանավից, երեքշաբթի՝ հուլիսի 8-ին, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը և միջադեպի կապակցությամբ կանչել Չինաստանի դեսպանին։

«Գերմանական անձնակազմի համար սպառնալիք ստեղծելը և առաքելության խափանումը բացարձակապես անընդունելի է», – ընդգծել է Բեռլինը։

Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վնասված ինքնաթիռը կարողացել է անվտանգ վայրէջք կատարել միջադեպից հետո։ Գերատեսչության խոսնակը, AFP-ի հարցմանը ի պատասխան, ասել է, որ չինական նավի անձնակազմը, օգտագործելով լազեր, «վտանգի է ենթարկել» ինքնաթիռի վրա գտնվող մարդկանց և սարքավորումները։ Միջադեպից հետո թռիչքը դադարեցվել է որպես նախազգուշական միջոց, ինքնաթիռը վերադարձել է Ջիբութիի իր բազա։ Ավելի ուշ ինքնաթիռը շարունակել է մասնակցել առաքելությանը, հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։

Նաև նշվում է, որ հարձակումը կատարվել է «առանց պատճառի և նախնական շփման»՝ սովորական թռիչքի ժամանակ։ Չինական նավը նախկինում մի քանի անգամ նկատվել է այդ տարածքում։ Ըստ dpa-ի՝ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 2-ին։

Չավուշյան․ Դերասան են սրանք, էս իշխանությունը իբր խորը հակառուս է խաղում, բայց չի էլ կարող

Հայաստանի այս իշխանությունները պետք է հասկանան, որ պետք է քննադատվեն, իրենց ուղղված հարցեր կան, այդ հարցերը պետք է տրվեն, իրենց սխալ քաղաքականության հետեւանքով են արցախցիները բռնի տեղահանվել։

Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։ «Պիտի հասկանան, որ իրենք պետք է քննադատվեն, 7 տարի է՝ իշխանություն են, խոսքի ազատություն կա, չնայած հիմա ամեն ինչ էլ չկա։ Ասում էին՝ Արցախը կա, կմնա, Արցախը չկա, ամեն ինչն էլ չկա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները չեն կարողանում այսօր առկա խնդիրները լուծել, թող թողնեն գնան, գան ազգային իշխանություններ։ Չավուշյանի խոսքով՝ պետք է օրակարգային դարձնել արցախցիների վերադարձի, հայ գերիների վերադարձի եւ մյուս կարեւոր հարցերը։

Հարցին, թե արցախցիներն Արցախ վերադարձի հարցը չեն փակե՞լ, հնարավորություններ տեսնո՞ւմ են, Անդրանիկ Չավուշյանը պատասխանեց․ «Ոչ մեկ էլ չի կարողանա հաշտվել, եթե ուզենա հաշտվել էլ, դա հաշտվել չէ, ի՞նչ անես, անկարողությունից ի՞նչ պիտի անեն, ամեն ինչն իրենց ձեռքն է՝ բանակով, ամեն ինչով։ Տռուսիկ-մայկա են քննարկում բանակի հետ կապված, ասում են՝ բանակը թալանում էին։ Երանի էս օրերը չտեսնեինք։ Ես շատ հույս չունեմ, բայց ինչքան պետք է, արդար պահանջները ներկայացնելու համար պետք է հավաքվենք»,- նշեց նա։

Անդրանիկ Չավուշյանն անդրադարձավ նաեւ ՀՀ իշխանությունների այն քաղաքականությանը, որ խնդիրների համար արցախցիներին են մեղադրում։ Երբ արցախցիները բողոքի ձայն են բարձրացնում, իշխանությունները հարցադրում են անում՝ «ուզում եք Հայաստա՞նն էլ կորցնենք»։

Անդրանիկ Չավուշյանն ի պատասխան ասաց, որ այս իշխանությունների օրոք ենք միայն կորուստներ ունեցել։ «Պարտության սիմովոլ եք դուք, պարտության սիմվոլներ են, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Հիմա արցախցիներին պիտի մեղադրեն՝ վայ, Հայաստանն էլ եք ուզում կորցնե՞լ։ Ազնիվ եղիր, Թուրքիա ես գնում, Թուրքիայից անմիջապես հետո եկեղեցու վրա ես հարձակվում, ազգային օբյեկտների վրա ես հարձակվում։ Դերասան են սրանք, էս իշխանությունը իբր խորը հակառուս է խաղում, բայց չի էլ կարող։ Սպասենք միջազգային զարգացումներին, տեսնենք՝ ինչ կխոփոխվի։ Բայց այս իշխանության հետ միասին նույնիսկ կոֆե խմելու չենք գնա»,- նշեց նա։

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ աշխարհում իրավիճակ կարող է փոխվել, Արցախի հարցը ուժով լուծված չէ։ «Չի կարող Արցախի հարցն այսպես լուծվել, դա մեր մեջ է, մենք ենք հանձնում կամ չենք հանձնում։ Մենք չենք հանձնում, պիտի պահանջատեր լինենք, միշտ էլ պիտի պահանջենք՝ վերադարձի իրավունքի սկզբունքով»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Բաքուն փորձում է յուրացնել Նախիջևանը․ Կարսի պայամանգրի վերջը եկե՞լ է

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկման է ներկայացվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ըստ APA-ի, Ադրբեջանի սահմանադրության 134-րդ հոդվածի III մասում նշված այն դրույթը, որ ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի անբաժանելի մասն է, կարտացոլվի նաև Նախիջևանի սահմանադրության նախաբանում։

Նախագծի համաձայն՝ Նախիջևանի սահմանադրությանն ավելացվում են երկու նոր հոդված (3-1 և 28-1), իսկ հինգերորդ հոդվածն ընդհանրապես հանվում է (այն վերաբերվում է Կարսի պայմանագրին հղմանը)։

Սահմանադրական օրենքի նախագծում նախատեսված փոփոխություններից մեկը 5-րդ հոդվածի՝ Նախիջևանի բարձրագույն պաշտոնատար անձի բացառումն է։

Քննարկումից հետո օրենքի նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել երրորդ ընթերցմամբ։

Հիշեցնենք, որ Նախիջևանի Հայկական Ինքնավար Հանրապետությունը ժամանակավորապես փոխանցվել է Ադրբեջանին՝ Թուրքիայի պրոտեկտորատի ներքո՝ համաձայն 1921 թվականի Կարսի պայմանագրի։ Ավելի քան 100 տարի Ադրբեջանը փորձել է «կլանել» Նախիջևանը, սակայն Հայաստանի և Իրանի դիրքորոշումը թույլ չէին տվել դա։ Մասնավորապես, եթե Ադրբեջանը «կլանում է» Նախիջևանը, դա նշանակում է Կարսի պայմանագրի ավարտ, ինչը նշանակում է, որ Կարսը, Արդահանը, Նախիջևանը և Արարատ լեռը պետք է վերադարձվեն Հայաստանին։ Եթե Կարսի պայմանագիրը ուժի մեջ է, ապա Բաքուն իրավունք չունի Նախիջևանը ներառել իր կազմում։

Նա կարող է դա անել միայն այն դեպքում, եթե Հայաստանը դեմ չէ և հրաժարվում է ազգային իրավունքից և հողից։ Հայաստանի կառավարության ներկայիս դիրքորոշումը անհրաժեշտ պայման է, որպեսզի Ադրբեջանը «կկանի» Հայկական լեռնաշխարհի ևս մեկ մաս։

Ահա սա էր Փաշինյանի Թուրքիա հրավիրելու նպատակը։

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Տեխասի ջրհեղեղների զոհերի թիվը երեքշաբթի՝ հուլիսի 8-ի դրությամբ գերազանցել է 100-ը: Ինչպես նախորդ օրը՝ հուլիսի 7-ին, հայտնել էր աղետից ամենաշատը տուժած Քեր շրջանի շերիֆ Լարի Լիթի գրասենյակը, միայն այս շրջանում այդ պահին եղել է 84 զոհ, այդ թվում՝ 28 երեխա: Եվս 17 մարդ մահացել է հարևան շրջաններում:

Նշվում է, որ «Քեմփ Միստիկ» քրիստոնեական ամառային ճամբարից անհետ կորած 11 անձանց՝ տասը աղջկա և մեկ խորհրդատուի որոնումները դեռևս հաջողությամբ չեն պսակվել:

Ընդհանուր առմամբ, աղետի պահին Գվադալուպե գետի ափին գտնվող այս ճամբարում գտնվել է 750 երեխա: Նրանց մեծ մասը հաջողությամբ տարհանվել է: Այս պահին հաստատվել է 27 մարդու մահը՝ և՛ երեխաներ, և՛  ղեկավարի:

Իսրայելը վտանգված է, Թրամփը չգիտի, Իրանը առաջարկում է «միասնական Պաղեստին՝ արաբների և հրեաների համար»

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին BRICS-ի առաջնորդների աշխատանքային ճաշի ժամանակ հայտարարել է, որ Պաղեստինում երկու պետությունների լուծումը, որը տարիներ շարունակ կրկնվում է, ոչնչի չի հանգեցրել։

«1948 թվականին, երբ ընդունվեց Պաղեստինի բաժանման մասին բանաձևը, Իրանի ներկայացուցիչը դեմ քվեարկեց՝ ասելով, որ ՄԱԿ-ը պարզապես կրակը թաքցնում է մոխրի տակ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Պաղեստինի համար արդար լուծումը (նկատի ունի նաև Իսրայելի ներկայիս տարածքը – խմբ.) Պաղեստինի բոլոր բնիկ ժողովուրդների, այդ թվում՝ հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների մասնակցությամբ հանրաքվեի անցկացումն է, և սա անիրատեսական կամ անիրագործելի լուծում չէ։ Ինչպես Հարավային Աֆրիկայում ապարտհեյդի ռեժիմը կայունացավ հանրաքվեի և ժողովրդավարության միջոցով, այլ ոչ թե Հարավային Աֆրիկան ​​երկու մասի՝ սպիտակի և սևի բաժանելով», – ասել է Արաղչին։

Սա արդարությունն ապահովելու ճանապարհն է, քանի որ առանց արդարության պաղեստինյան խնդիրը չի լուծվի, և առանց պաղեստինյան խնդիրը լուծելու տարածաշրջանի մյուս խնդիրները չեն լուծվի, ասել է նա։

Արաղչին այս մասին խոսեց նույն օրը, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ ցանկանում է խաղաղություն պաղեստինցիների հետ, բայց անկախ պաղեստինյան պետության ստեղծումը համարում է Իսրայելի համար պոտենցիալ սպառնալիք։

«Ես կարծում եմ, որ պաղեստինցիները պետք է ունենան լիարժեք լիազորություններ՝ իրենց կառավարելու համար, բայց նրանք չպետք է ունենան մեզ սպառնալու ուժ։ Սա նշանակում է, որ ինքնիշխան իշխանությունը, ինչպիսին է ընդհանուր անվտանգությունը, միշտ կմնա մեր ձեռքում», – ընդգծեց Նեթանյահուն։

Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքը, ասաց. «Չգիտեմ» և խոսքը տվեց Նեթանյահուին։

Իսրայելի կառավարության ղեկավարը հավելեց. «Հոկտեմբերի 7-ից հետո մարդիկ ասում են. պաղեստինցիներն արդեն ունեին պետություն՝ Համասի պետությունը Գազայում, և տեսաք, թե ինչ արեցին դրանով։ Այնպես որ, մարդիկ դժվար թե ասեն. «Եկեք նրանց տանք ևս մեկ պետություն»։ Սա կլինի Իսրայելի ոչնչացման ցատկահարթակ»։

«Մենք կհասնենք խաղաղության մեր պաղեստինցի հարևանների հետ, ովքեր չեն ցանկանում ոչնչացնել մեզ։ Եվ մենք կհասնենք այնպիսի խաղաղության, որի դեպքում անվտանգությունն ու ինքնիշխանությունը անվտանգության նկատմամբ միշտ կմնան մեր ձեռքում», – ասաց նա՝ առանց բացատրելու, թե ինչպես է դա անելու։

«Մեկը կարող է ասել. «Սա լիարժեք պետություն չէ, սա պետություն չէ»։ Մեզ համար միևնույն է։ Մենք երդվել ենք. «Այլևս երբեք»։ Եվ «այլևս երբեքը» հիմա է։ Մենք թույլ չենք տա, որ դա կրկին պատահի», – հավելեց նա։

Անհայտ է, թե արդյոք Իրանը քննարկել է միավորված Պաղեստինի գաղափարը ԱՄՆ-ի հետ, բայց այն փակուղուց, որում հայտնվել է Իսրայելը, քիչ ելքեր կան։

Խուզարկություններ ՀԷՑ-ի գրասենյակում և Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը. Ռուսաստանը մեղադրյալ չէ

Իրավապահ մարմինները օպերատիվ միջոցառումներ են անցկացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ շենքում: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Նատալյա Սարաջյանը։

«Մեր աշխատանքային օրը սկսվում է ժամը 9:00-ին: Նրանք ավելի վաղ են եկել, մտել շենք և ոչ մեկին ներս չեն թողել», – ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը խուզարկությունների մասին։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի դեսպանը կանչվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և կոչ էր արվել պահպանել «կառուցողական տոն Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ»։ ԱԳՆ տեղեկատվության մեջ Ռուսաստանի կողմից Սամվել Կարապետյանին աջակցության մասին չի նշվել։

Մոսկվան, ըստ էության, «հավանություն» է տվել «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի ազգայնացմանը՝ պայմանով, որ պաշտոնական մակարդակով Սամվել Կարապետյանի և վերջերս ձերբակալված այլ ընդդիմադիրների գործողությունները չեն կապվելու Ռուսաստանի հետ։

Պաշտոնական Երևանը Ռուսաստանի հետ կապերի մեղադրանք չի առաջադրել Հայաստանում «պետական ​​հեղաշրջման» փորձի համար ձերբակալվածների նկատմամբ։

Մոսկվան զգուշացրել է Հայաստանին, բայց ոչ Սամվել Կարապետյանի հաշվով

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում նրան է փոխանցել Հայաստանում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության, ինչպես նաև Մոսկվայի և Երևանի միջև ապագա շփումների վերաբերյալ «համաժամեցված հսկողություն» իրականացնելու դիրքորոշումը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Զրույցի ընթացքում դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարին փոխանցվել է Հայաստանում Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության դիրքորոշումը», – ասվում է երկուշաբթի օրը դիվանագետների հանդիպման մասին հաղորդագրության մեջ։

Պաշտոնական տեղեկատվության մեջ չի ասվում, որ Ռուսաստանը պահանջել է արդար հետաքննություն անցկացնել ռուս միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ, որը 10 օր կալանքի տակ է։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ էության, կանչել է Հայաստանի դեսպանին ոչ ի պաշտպանություն Կարապետյանի կամ նրա «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերության, որը Հայաստանի խորհրդարանը թույլատրել էր ազգայնացնել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Մոսկվայի «իմիջի» խնդրով. օրերս  պաշտոնական Երևանը, Արտաքին գործերի նախարարության մակարդակով, մեղադրել է ռուսական լրատվամիջոցներին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ժամանակն է լրջորեն քննարկել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հայկական մուլտիպլեքսում դադարեցնելու հարցը։

Միևնույն ժամանակ, հայկական լրատվամիջոցները գրում են, որ Սամվել Կարապետյանի թիմն արդեն սկսել է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն և սեփական տեղեկատվական ալիք։

Հայաստանում կտրուկ կտաքանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի ողջ տարածքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։

Հուլիսի 8-ին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպներով։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ պոռթկումները կարող են ուժեղանալ մինչև փոթորկի մակարդակ (18-ից մինչև 22 մ/վ)։

Միևնույն ժամանակ, հուլիսի 8-ից 12-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով։

Այսպիսով, Շիրակում հուլիսի 8-ին կանխատեսվում է – +24°C, Կոտայքում և Սյունիքում՝ +28°C, Գեղարքունիքում՝ +23°C, Լոռիում՝ +26°C, Տավուշում՝ +30°C, Արագածոտնում՝ +29°C, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում՝ +32°C։

Երևանում հուլիսի 8-ին կանխատեսվում է չոր եղանակ։ Մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +31°C։

Իսրայելը չի ​​հրաժարվի Գազայից. ո՞ր երկրները կընդունեն պաղեստինցիներին

Սպիտակ տանը Թրամփի հետ ընթրիքի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լրագրողներին ասել է, որ Իսրայելը համագործակցում է Միացյալ Նահանգների հետ՝ գտնելու այն երկրները, որոնք կընդունեն Գազայից բռնի տեղահանված պաղեստինցիներին: Նեթանյահուն նաև առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։

Ընթրիքի սկզբում լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին, թե ինչպես են ընթանում աշխատանքները Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղղությամբ, որտեղ Իսրայելի և Համասի միջև մարտերը շարունակվում են արդեն 22 ամիս: «Ես չեմ կարծում, որ որևէ ուշացում կա: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում», – ասել է Թրամփը: Նա կարծիք է հայտնել, որ կողմերը «ցանկանում են հանդիպել և ուզում են դադարեցնել կրակը»։

Նեթանյահուն, իր հերթին, ասել է, որ Իսրայելը «միշտ» կպահպանի Գազայի հատվածի վերահսկողությունը և այդ վերահսկողությունը ամբողջությամբ չի փոխանցի Պաղեստինի ինքնավարությանը: «Մարդիկ կասեն, որ սա լիարժեք (պաղեստինյան. – խմբ.) պետություն չէ, որ սա պետություն չէ: Մեզ համար միևնույն է», – ասել է Իսրայելի վարչապետը։

Ինչո՞ւ ինքնասպան եղավ Ռուսաստանի տրանսպորտի նախարարը

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության նախկին ղեկավար Ռոման Ստարովոյտը, ով այսօր ինքնասպան է եղել, կարող էր երեկոյան բերման ենթարկվեր Քննչական կոմիտեի կողմից և տարվել հարցաքննության, հաղորդում է RT-ն՝ հղում անելով իրավապահ շրջանակների աղբյուրներին։

Հրապարակման համաձայն, պաշտոնյային մեղադրանք կառաջադրվեր բազմամիլիոն դոլարների գողության համար։

Ավելի վաղ Ստարովոյտի մարմինը՝ հրազենային վերքով, հայտնաբերվել էր նրա անձնական Tesla-ի մոտ՝ Օդինցովո քաղաքային շրջանում։

Իրավապահ մարմինների պաշտոնյաների խոսքով՝ Ստարովոյտը ինքնասպան է եղել 2023 թվականին ՆԳՆ-ից առաջադրանքները կատարելուն օգնելու համար ստացած պարգևատրման զենքով։

Ստարովոյտը այսօր առավոտյան հեռացվել է իր պաշտոնից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին Կուրսկի շրջանի նահանգապետ լինելու ժամանակ սահմանային պաշտպանական դիրքերի ամրապնդման համար հատկացված միջոցների գողության մասին։

ՌԲԿ-ի աղբյուրները հայտնում են, որ Տրանսպորտի նախարարի պաշտոնից Ստարովոյտի հրաժարականի վրա ազդել են Կուրսկի շրջանի սահմանին ամրաշինությունների կառուցման ընթացքում գողության հետաքննությունը և տրանսպորտային կոլափսը։

ՌԲԿ-ի՝ նախագահական վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներից մեկը հավելում է, որ հրաժարականի վրա կարող էր ազդել անցյալ շաբաթավերջին անօդաչուների հարձակման պատճառով օդանավակայաններում տեղի ունեցած կոլափսը։

Համաձայնվել, որ հենց ավիացիոն կոլափսն է դարձել նախարարի պաշտոնանկության պատճառը, կնշանակեր բացահայտորեն ընդունել, որ Ուկրաինան ունակ է ազդել Ռուսաստանի կադրային քաղաքականության վրա, իսկ դա արդեն քանդում է «վերահսկողության» և «կայունության» առասպելը, գրում են ռուսական փաբլիկները։

Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 7–ին, կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին:

Քվեարկության համաձայն՝ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործերը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կապված են իրար հետ:  Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն, իսկ Արծվիկ Մինասյանի գործը՝ վերոնշյալ ապօրինի գործընթացի դեմ միջոցներ չձեռնարկելուն:

Նշենք, որ ԱԺ օրակարգում է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից զրկելու և կալամավորելու հարցը։

Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեպքում կալանավորման միջնորդություն չկար։