ԱԳՆ․ քննարկումները դեռ շարունակվում են, բայց Հայաստանը պնդում է խաչմերուկային լուծում

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն, «Ազատության» հսրցմանն ի պատասխան հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ, արդյոք ծանոթացե՞լ են նաև Բաքվի դիրքորոշմանը: «Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», – նշել է ԱԳՆ խոսնակը:

Անի Բադալյանի փոխանցմամբ՝ քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով:

Բաքուն դեռևս չի արձագանքել Թրամփի վարչակազմի առաջարկի մասին «Քարնեգի»-ի հրապարակմանը:

Հիշեցնենք, որ, ըստ վերլուծաբանների, ամերիկյան կողմը հնարավոր է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ Ադրբեջանից՝ Հայաստանով և Նախիջևանով դեպի Թուրքիա միակողմանի ճանապարհ բացելու պահանջով։

Կառավարությունը ընդունել է արցախցիների բնակապահովման ծրագրի նորացված կարգ

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կկատարի ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ։

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։

 

Ըստ կառավարության տեղեկատվության՝ 2025 թվականի հունիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել 1492 ընտանիք, որից 353-ը իրացրել են այն, ընդ որում՝ 292-ը անշարժ գույքի ձեռքբերման բաղադրիչով, 1-ը՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, 60-ը՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչով։

«Գործընթացի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ բազմաթիվ ընտանիքների դիմումները մերժվել են ՀՀ կառավարության  2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ սահմանված պահանջներին չբավարարելու հիմքով, այն է՝ ընտանիքի առնվազն մեկ անդամի տվյալը բացակայում է 2020թ. սեպտեմբերի 27-ից եւ 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը գերազանցում է 12 քառ. մ՝ բացառությամբ հիփոթեքային վարկի շրջանակներում գրավի առարկա հանդիսացող միակ անշարժ գույքի կամ գնման իրավունքի։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Միասնական սոցիալական ծառայություն ներկայացրած դիմումների, ինչպես նաև 114-թեժ գծին ուղղված բողոքների ուսումնասիրությունը ևս ցույց է տվել, որ վերոնշյալ մերժումների մի մասի դեպքում տեղահանվածների տվյալների բացակայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն։

Միաժամանակ, որոշ ընտանիքներ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել են Հայաստանի Հանրապետությունում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, սակայն տեղահանումից հետո վճարումները չկատարելու արդյունքում կորցրել կամ օտարել են այդ իրավունքը, ինչի արդյունքում ծրագրին դիմելու օրվա դրությամբ նրանք չունեն այդ գնման իրավունքը, սակայն դիմումը մերժվում է։ Ըստ էության, հանձնաժողովի պոտենցիալ դիմումատուները պետք է բավարարեն ծրագրի հիմնական պայմաններին, այդ թվում՝ հանդիսանան Լեռնային Ղարաբաղից տեղահանված և չունենան սեփականություն Հայաստանի Հանրապետությունում, սակայն այդ հանգամանքների ստուգումն ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարաններից ստացված տեղեկատվության հիման վրա բավարար չի եղել շահառուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ որոշում կայացնելու համար և առաջացել է հավելյալ տեղեկատվության ուսումնասիրության անհրաժեշտություն։

Հիմնվելով վերոնշյալ հանձնարարականների և ուսումնասիրությունների արդյունքների վրա՝ սույն նախագծով սահմանվում են դրական մնացորդի իրացման և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ տեղեկատվության փոխանակության, անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հողամասի ձեռքբերման ընթացակարգերը, ինչպես նաև նախագծով առաջարկվում է ծրագրին դիմած և մերժված դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը համապատասխան ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքների հիման վրա կկարողանա կայացնել որոշում մերժված դիմումատուներին շահառուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, ինչը հիմք կհանդիսանա նրանց հավաստագրի տրամադրման համար: Ընդ որում, հանձնաժողովը չի կարող կառավարության որոշմամբ սահմանված տարբերակից այլ որոշում կայացնել և տրամադրել հավաստագիր, այլ ծրագրին դիմած և մերժված դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում կարող է կայացնել բովանդակային առումով կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող որոշում»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։

Ըստ կառավարության՝ հանձնաժողովի ստեղծման արդյունքում ծրագրին դիմած և մերժված դիմումատուները հնարավորություն կունենան վերականգնել իրենց իրավունքներն առանց դատարան դիմելու և խնդիրը դատական կարգով լուծելու անհրաժեշտության, եթե կներկայացնեն հանձնաժողովի պահանջներին բավարարող փաստաթղթեր։

Միաժամանակ հստակեցվում, պարզեցվում և բարեփոխվում են ծրագրի որոշ դրույթներ՝ ելնելով իրավակիրառ պրակտիկայում դուրսբերված խնդիրներից։

Մասնավորապես՝

Նախագծի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանվում է, որ եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը ներկայացնում և հավաստագիրը ստանում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա շահառու կարող է դառնալ նաև ընտանիքի՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխան։

Նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանվում է անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման ընթացակարգը։ Իրավակիրառ պրակտիկայում ծագել են խնդիրներ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից հողամասի ձեռքբերման նպատակով վարկավորում իրականացնելու գործընթացում։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում խրախուսվում է անհատական բնակելի տների կառուցումը, առաջարկվում է հողամասի ձեռքբերման գործընթացն իրականացնել առավել արդյունավետ եղանակով, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

Նախագծի 1-ին կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանվում է, որ դրական մնացորդի ձևավորման ժամանակ 6 և ավելի անդամ ունեցող ընտանիքների դեպքում ներկայում սահմանված սահմանաչափն ավելանում է վերանորոգման վարկի դեպքում 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով 800 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման դեպքում՝ 400 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը։ Այսպիսով, բազմանդամ ընտանիքների դեպքում կլուծվի դրական մնացորդի իրացման ժամանակ աջակցության գումարների իրացման անհնարինության հարցը։

Նախագծի 1-ին կետի 11-րդ ենթակետով հստակեցվում է, որ հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։

Նախագծի 1-ին կետի 12-րդ և 14-րդ ենթակետերով սահմանվում է, որ ծրագրով սահմանված 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկում են 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն ծրագիրն, ըստ էության, իրականացվում է 2 փուլուվ։

Նախագծի 1-ին կետի 13-րդ ենթակետով սահմանվում է, որ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչի շրջանակում դիտարկվում են 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկերը։ Այս փոփոխության հիմքում ընկած է այն փաստը, որ ծրագրի իրականացման առաջին փուլը ոչ բոլոր ընտանիքների համար է հասանելի, ինչի արդյունքում նրանց մի մասն առանց հավաստագրի՝ սեփական միջոցներով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերում անշարժ գույք։ Քանի որ ծրագիրն ամբողջ ծավալով սույն նախագծով նախատեսվում է բացել 2025 թվականի հուլիսի 1-ից, ուստի օրինաչափ է մինչ այդ պահը սեփական միջոցներով վարկավորված ընտանիքներին դիտարկել գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչի շրջանակում։

Նախագծի 1-ին կետի 15-րդ ենթակետով սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։

Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում բոլոր փուլերի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է։

Ըստ կառավարության՝ ակնկալվող արդյունքը հետեւյալն է՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովում։

 

Հուլիսի 12-ի հանրահավաքը կտարբերվի կոշտությամբ, հստակ գործողություններով և ծրագրով

Հուլիսի 12 ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը կտարբերվի նախորդից իր կոշտությամբ, հստակ գործողություններով և ծրագրով

Այս մասին Step1․am-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը:

Նա նշել է, որ Խորհուրդը դիմելու է քաղաքապետարան՝ հանրահավաք անցակցվելու, նաև իրավապահներին՝ անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի խաղաղ հանրահավաքի ժամանակ սադրանքներ թույլ չտրվեն:

-Բնականաբար, մենք կատարելու ենք այն բոլոր գործընթացները, որոնք նախատեսված են օրենսդրությամբ՝ պահպանելով բոլոր ժամկետները: Պարտադիր համագործակցելու ենք նաև իրավապահների հետ, այդ թվում այն պատճոռով, որ սադրիչները հանրահավաքի նպատակը չտանեն այլ ուղղությամբ:

Իսկանդարյանը նշել է, որ պահանջագրում  նշված բոլոր 12 կետերը արցախցիների անփոփոխ պահանջներն են, և առաջին կետը մնում է արցախցիների գլխավոր նպատակը։

«Սակայն, ցավոք սրտի, այսօր ամենահրատապ հարցը՝ սոցիալական խնդիրներն են, որոնց լուծման պարագայում արցախցիների արտագաղթը կնվազի։ Բայց դա չի նշանակում, որ մյուս հարցերից հրաժարում կլինի: Ուղղակի այս պահին արցախցիները գտվում են ծանր սոցիալական խնդիրների առաջ”:

Ալվարդ Գրիգորյան

Կյանք ֆիլմի սյուժեյով․ ուզում եմ առաջվա պես երգեմ իմ Արցախում

Հերմինեի կյանքի պատմությունն սկսվում է Հայաստանի Գյումրի քաղաքից։ Ծնվել է այդտեղ, սակայն 90-ականներին ճակատագիրը նրան ու եղբորը հասցրել է Արցախ։ 2023-ի սեպտեմբերին Հերմինեն իր կամքին հակառակ բռնատեղահանվել է Արցախից ու կրկին հայտնվել Հայաստանում, սակայն առանց եղբոր Արթուր Խաչատրյանը հերոսաբար զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմում:

Հերմինեն որդու և մորաքրոջ հետ բնակություն է հաստատել Արտաշատ քաղաքում։

Պատմում է  

-Ճակատագիրն ի վերուստ անգութ է գտնվել մեր հանդեպ՝ թողնելով մեզ առանց ծնողական խնամքի: Ես 2 տարեկան էի, իսկ եղբայրս 3, երբ մեզ դաստիարակության տվեցին Երևանի մանկատներից մեկում: Չգիտեինք՝ ինչու և ինչպես ենք հայտնվել այդտեղ։ Միայն գիտեինք, որ մեր շուրջ բոլորն առանց ծնողների երեխաներ են։

1994 թվականին մեզ որդեգրեցին։ Ասում են՝ մի գեղեցիկ օր մանկատան շեմին է հայտնվում մինուճար զավակին Արցախյան պատերազմում կորցրած արցախցի մի ընտանիք: Տեսնելով ինձ ու եղբորս, ամուսինները որոշում են որդեգրել երկուսիս՝  չցանկանալով իրարից բաժանել մեզ։ Եղբորս իրենց զոհված որդու անունն են տալիս՝ Արթուր։ Ճակատագիրը, սակայն, շարունակում էր հետևել մեզ։ Ծնողական քաղցրությունը դեռևս լիովին չէինք ճաշակել, երբ կրկին մայր կորցրինք՝ մնալով բարի մարդկանց խնամակալության տակ: Ինձ պահել է մորաքույրս՝ Ռոզան, ում հետ ապրում եմ առայսօր, իսկ եղբորս՝ Հերսիկ մայրիկը, ով, ցավոք, Արցախյան վերջին պատերազմում շատ կորուստներ է ունեցել:

Մենք ավարտել ենք Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը: Շարունակելով ուսումը՝ Արթուրն ստացել է իրավաբանի մասնագիտություն, իսկ ես ավարտել եմ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Այնուհետև աշխատանքի եմ անցել Ասկերանի  <<Բերդ>> համույթում՝ որպես երգչուհի։ Մեր համույթը հանդես է եկել Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում, մասնակցել բազում փառատոնների, միջոցառումների, միշտ եղել սահմանը պահող զինվորի կողքին:

Այնպես է ստացվել, որ միայնակ եմ մեծացրել որդուս։ Իհարկե, դժվարություններ կային, և այդ իսկ պատճառով միաժամանակ աշխատում էի Ասկերանի կոմունալ տնտեսությունում: Ամեն ինչ լավ էր ընթանում։ Սակայն իմ կյանքը միանգամից փոխվեց  2020-ին, երբ 44-օրյա պատերազմում կորցրի եղբորս։ Չեմ կարողանում հարմարվել այդ ծանր ու անտանելի ցավի հետ։ Եղբորս շիրիմը մնացել է Արցախում։ Տանից միայն Արթուրի նկարն եմ բերել, ու այդ նկարն է մնացել միայն՝ որպես հիշողություն:

Արցախի տեղահանությունից հետո, շուրջ 3 տարի անց Հերմինեն գտել է իր հարազատներին

-Երբ եկանք Հայաստան, սկզբից շատ դժվար էր մեզ համար։ Թոշակառու մորաքրոջս ու դպրոցահասակ որդուս ես պետք է տիրություն անեի։ Արցախի կորստի ցավը և այն, որ եղբայրս մնացել է այնտեղ, ինձ հանգիստ չէին տալիս։ Մի օր հրավիրվեցի ու մասնակցեցի <<Կիսաբաց լուսամուտներ>> հաղորդմանը՝ պատմելով իմ կյանքի պատմությունը։ Հաջորդ օրն ինձ զանգահարեց մի անծանոթ կին ու լացելով ասաց, որ իմ հարազատ մորաքույրն է՝ Ստելլան․ ապրում է Գյումրիում։ Սկզբից չէի հասկանում, թե ինչ է ասում, քանի որ լուրը շատ անսպասելի էր։ Այնուհետև նա հեռախոսը փոխանցեց իր հարսին, ով ասաց, որ ինձ ու եղբորս վաղուց էին փնտրում ու վերջապես գտան։

Հեռախոսազանգից մի քանի ժամ անց նրանք արդեն հասել էին Արտաշատ։ Զգացողություններս անսովոր էին, սակայն, երբ ինձ համար դեռևս անծանոթ այդ կինը գրկեց ինձ, սիրտս ճմլվեց՝ ցավից, կարոտից, ուրախությունից։ Նա պատմեց, որ շատ երկար են փնտրել մեզ, սակայն ասել են, որ եղբորս որդեգրել ու տարել են Եվրոպա, իսկ ես մահացել եմ փոքր տարիքում։ Մորաքույրս լացի միջից ասում էր, որ երբեք չէր կարող հավատալ, որ նման հրաշք կկարտարվի․ միայն ափսոս, որ Արթուրը չկա:

Ես գտա իմ արյունակից հարազատներին, ինչի համար փառք եմ տալիս Աստծուն։ Տարիներ հետո բոլորովին անսպասելի գտնելով հարազատներիս՝ հավատում եմ հրաշքների։ Իսկ ամենամեծ հրաշքը դա Արցախ վերադառնալն է:

Մորաքրոջ Ստելլաի հետ

Արցախում Հերմինեն շարականներ էր երգում եկեղեցիներում այստեղ ևս նա Աստծո տան հավատարիմ այցելուներից է

-Շուրջ մեկ տարի է, ինչ երգում եմ Արտաշատ համայնքի Ոստան գյուղի եկեղեցում։ Երգելու ընթացքում ես վերապրում եմ Արցախում ապրած իմ ամեն մի օրը, աղերսում Աստծուն, որ խաղաղություն բերի հայ ժողովրդին ու այնպես անի, որ մարդիկ բարությամբ լցվեն, սրտացավ լինեն իրար հանդեպ։ Ես գիտեմ՝ Աստված լսում է իմ ձայնը։ Հավատում եմ, որ անպայման վերադառնալու ենք մեր հայրենի հողը և տեր ենք կանգնելու մեր երկրին, մեր եկեղեցիներին ու շիրիմներին։

Երբեմն ինձ հրավիրում են նաև երգելու կնունքների, ծնունդների ու հարսանիքների արարողությունների։ Սիրով եմ ընդունում, սակայն իմ տրամադրությունն այլևս այն չէ, իմ ձայնն ասես իմը չէ։ Եղբորս գերեզմանը թողնելուց հետո ինձ համար աշխարհը փոխել է իր գույները։ Ոչինչ այլևս առաջվանը չէ, սակայն շատ եմ ուզում, որ առաջվա պես լինի, ու ես երգեմ իմ Արցախում։

Երբ տարիներ առաջ Ասկերան քաղաքում, որպես երկկողմանի ծնողազուրկ և միայնակ մայր, ինձ բնակարան հատկացվեց և Ասկերանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանի և Ներսես քահանա Ասրյանի կողմից տնօրհնեքի արարողություն կազմակերպվեց, օրհնած ջուրը խաչաձև ցողալով տան պատերին և խնկարկելով տունը՝ նրանք օրհնեցին ու Աստծուց պահպանություն հայցեցին իմ ընտանիքի համար, ես հասկացա, որ կարևորը տան կահույքն ու շքեղությունը չեն, այլ այդտեղ ապրող մարդու մաքուր ու մեծ սիրտը, և որ ամենկարևոր զարդարանքը դա մարդու խիղճն է։

Շուտով ես կդառնամ 35 տարեկան ու այդ տարիների ընթացքում ես շատ փորձությունների միջով եմ անցել։ Ինձ միշտ շրջապատել են հոգատար ու սրտացավ մարդիկ, ովքեր աջակցել են ինձ, ու ես սովորել եմ, որ մարդ երբեք չպետք է կորցնի հույսն ու միշտ հավատա առ Աստված։

 Հերմինեի մինուճար զավակը՝ Սևակը, 16 տարեկան է։ Մայրը նրա հետ մեծ հույսեր է կապում, միաժամանակ ասում, որ որդին անպայման պետք է ծառայի հայկական բանակում և շարունակի Արթուրի ու բոլոր ընկածների կիսատ թողած գործն ու տեր կանգի հայոց սահմաններին։

Կարինե Բախշիյան

Հովհաննես Բաչկովը հաղթեց Ստամբուլի մրցաշարում

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում՝ նոկաուտի ենթարկելով իր մրցակցին IBA Pro-7 Champions’ Night մրցաշարում։

Սկզբում Բաչկովը պետք է ռինգում հանդիպեր ուզբեկ Շոխյախոն Երգաշևի հետ, սակայն վերջին պահին նրան փոխարինեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենին։

Այս հաղթանակը Բաչկովի պրոֆեսիոնալ կարիերայի ութերորդն էր։ Նա իր ութ մենամարտերից յոթն ավարտել է նոկաուտով։

Հովհաննես Բաչկովը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

1989 թվականից Արցախն ու Հայաստանը միասնական իրավաքաղաքական տարածք են, իսկ արցախցիները՝ ՀՀ քաղաքացիներ են

Գագիկ Ավանեսյան, Արցախցինրի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող մասնակցել երկրի  քաղաքական կյանքին: Արդյո՞ք այս հայտարարությունը վերաբերում էր նաև Արցախի ժողովրդին:

Ես կտրականապես համաձայն չեմ այս հայտարարության հետ: Եվ չնայած այն ուղղակիորեն չէր վերաբերում Արցախի ժողովրդին, բայց հաշվի առնելով, որ քաղաքացիության հարցը դարձել է արցախցիների համար պարտադիր պահանջներից մեկը, այս հայտարարությունը տարակուսանք է առաջացնում:

Մենք՝ արցախցիներիս, ունենք բոլոր իրավունքները մասնակցելու Հայաստանի ապագայի որոշմանը, արտահայտելու մեր քաղաքացիական դիրքորոշումը և ակտիվորեն մասնակցելու այն հարցերի քննարկմանը, որոնք անմիջականորեն ազդում են Արցախից բռնի տեղահանված անձանց ճակատագրի վրա: Արցախցիների ճակատագիրը ուղղակիորեն կապված է ՀՀ-ի հետ, և, համապատասխանաբար, մենք իրավունք ունենք մասնակցելու երկրի քաղաքական և հասարակական գործընթացներին՝ իրավական հիմքերով:

Հիշեցնենք, որ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն՝ Արցախը և Հայաստանը ճանաչվում են որպես միասնական քաղաքական-իրավական տարածք, իսկ Արցախի ժողովուրդը՝ Հայաստանի քաղաքացի։ Արցախցիներն ունեն այս որոշումից բխող բոլոր իրավունքները, այդ թվում՝ քաղաքացիության և պետական ​​քաղաքականությանը մասնակցելու իրավունքը։ Արցախի ժողովրդին քաղաքացիությունից և ընտրական իրավունքից զրկելը անընդունելի է թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից։

Մենք, ինչպես բոլոր հայերը, ունենք ընդհանուր նպատակ՝ ուժեղ, արդար և անկախ Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասար իրավունքներ և հնարավորություններ։

Ալվարդ Գրիգորյան

Արայիկ Հարությունյանը ազդարարում է Կաթողիկոսի անխուսափելի հեռացումը

Կտրիճ Ներսիսյանի հեռանալն անխուսափելի է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացա, որ այսօր տարբեր թեմերից հոգևորականները հավաքվելու են Հայաստանում, ինչը շատ կարևոր է Եկեղեցու ապագայի համար:

Եվ հիմա հոգևորականները ոչ թե պետք է լսեն Կտրիճ Ներսիսյանի խոսքը, թե ինքն ինչպես է օգտագործելու իրենց՝ Մայր Աթոռի շուրջ ճգնաժամը խորացնելու համար, այլ պետք է քննարկեն՝ Կտրիճ Ներսիսյանի անխուսափելի հեռացումից հետո Եկեղեցին ինչպես է գործելու, ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը»:

Իրական կարգավորման հենարանը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, մնացածը լուրջ չէ

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Արեւմուտքի միջամտությամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված ինչ-որ գործընթաց գնում է, սակայն դա գործընթաց է, որը փոխարինում է իրական կարգավորմանը։

«Իրական կարգավորման հենարանն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի համաձայնությունն է, որպեսզի Արցախում տեղակայվեն միջագային զորքեր, պայմաններ ստեղծվեն հայերի վերադարձի համար, եւ միջազգային կառավարում հաստատվի՝ մինչեւ տեղի կունենա հանրաքվե, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը։ Սրանք են խաղաղ կարգավորման հենարանները։ Եթե դա չի արվում, մնացած ամեն ինչն իմիտացիա է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագիր», առանց իրավական հիմքերի սահմանազատում կամ ինչ-որ երրորդ կողմերի միջամտությամբ տրանսպորտային ուղիների բացում, այդ ամբողջը խաղաղ կարգավորման իմիտացիա է։ Ես չեմ կարծում, որ առանց քաղաքական որոշումների, տնտեսական եւ այլ բնույթի հարցերով ինչ-որ լուծուներ գտնելը կարող է իրավիճակը տանել կարգավորման»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ եթե կողմերից մեկը՝ տվյալ դեպքում Ադրբեջանը չի կարող գալ հաշտության, ապա մաս-մաս լուծումները սխալ մոտեցում են, որը չի կարող բերել արդյունքի։ «Թրամփը չակերտավոր մի լավ միտք արտահայտեց՝ հասնել խաղաղության պարտադրանքով։ Եվ եթե ինքը երկակի ստանդարտներով չի շարժվում, ապա ԱՄՆ ամենաճիշտ վարքագիծը կլինի այն, որ Ադրբեջանին ուժով պարտադրեն խաղաղ կարգավորման այն բանաձեւը, որը Մինսկի խումբը մշակել էր եւ քննարկել բազմակողմանի բանակցությունների արդյունքում, որին ծանոթ են բոլորը։ Մի խոսքով՝ դա է խաղաղ կարգավորումը, մնացածը ես լուրջ չեմ ընդունում»,- հավելեց Ղուկասյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Ցանկացած օտարերկրյա պաշտոնյա, ով այցելում է բռնազավթված Արցախ, Ադրբեջանի հանցակից է

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․
Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է բռնազավթված Արցախի տարածքում համամարդկային մշակութային ժառանգության համակարգված յուրացում և ոչնչացում։ Այդ գործողությունները հանդիսանում են ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություններ։ Այս համատեքստում, ցանկացած օտարերկրյա պաշտոնյա՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ այցի նպատակից, ով ապօրինի կերպով այցելում է բռնազավթված Արցախ, դառնում է Ադրբեջանի պետական վարչակարգի հանցակից։ Նման այցերը օրինականացնում են բռնազավթման ու համաքրիստոնեական ժառանգության ոչնչացման հետևանքները և պարարտ հող են ստեղծում հետագա մշակութային ցեղասպանությունների իրագործման համար։

Անձրև, ամպրոպ, կարկուտ

Հուլիսի 3-ին Հայաստանի որոշ շրջաններում գիշերը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ կեսօրին՝ կարկուտ։

Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հարավարևմտյան քամու պոռթկումները տեղ-տեղ կուժեղանան մինչև 19-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։

Ինչպես հայտնեցին «Հայհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը և երեկոյան հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչև 17-21 մ/վրկ, երեկոյան ժամերին՝ մինչև 15-18 մ/վրկ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը կեսօրին՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +20+23,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,

Լոռիում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +14+18,

Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+25,

Արարարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +26+29,

Արմավիր՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+29,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +25+29,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+23:

Վարչապետի գրառումները՝ Սահմանադրության փոխանորդ

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետի հերթական գրառումը լակոնիկ ձևով ամփոփեց Հայաստանում իշխող իրավաքաղաքական ամենաթողությունը՝ իրավունքի և պետական կառավարման լիակատար անձնավորված մոդելը։ Ըստ գրառման՝ ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրացանցեր) այն աշխատակիցները, ովքեր մասնակցել են վերջին շաբաթների քաղաքացիական բողոքներին, ազատվելու են աշխատանքից, իսկ այդ մարդկանց հավաքի «տանողները»՝ դատվելու։

Այլևս անհրաժեշտ չէ օրենսդրական հիմք, իրավական գործընթաց կամ դատարանի որոշում, սրանք «թիթիզություններ» են, որոնցով Ն.Փ.-ն հետաքրքրված էր իր կառավարման սկզբնական շրջանում միայն, իսկ վերջին տարիներին իրավիճակ է փոխվել։ Կա մեկ կամք՝ վարչապետինը և մեկ «լեգիտիմ» հիմք՝ ֆեյսբուքյան գրառում-հրամանները իրավապահ համակարգին։ Նրանց, ում մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ են իրավապահները վարչապետի ոչ իրավաչափ հրամաններին ենթարկվում, չէ՞ որ Սահմանադրությունն այլ բան է հուշում, հեռու չգնանք հիշեցնենք վերջին թարմ օրինակներից՝ գործարար Սամվել Կարապետյանին բերման ենթարկելու հրամանին ԱԱԾ տնօրենի հրաժարվելու հետևանքը:

Իհարկե, իշխող վերնախավի համար Հայաստանի օրենսդրությունը «ասնավանի չի», բայց զուտ սովորական մահկանացուներիս չմոռանալու համար առաջարկում եմ հիշենք, որ Աշխատանքային օրենսգիրքն առավելապես պաշտպանում է աշխատողի իրավունքները, նույնիսկ երբ նա իրազեկել է գործատուին, որ մասնակցելու է ցույցի կամ ուղիղ կերպով իրացրել է խաղաղ հավաքի ազատությունը։ Նույն ձևով Քրեական օրենսգիրքը չի նախատեսում պատասխանատվություն «մարդկանց ցույց տանելու» համար, երբ խոսքը գնում է խաղաղ հավաքի մասին։

Ըստ վարչապետի գրառման (այսուհետ՝ միակ ու անդրդվելի օրենքի)՝ հուլիսին ՀԷՑ-ի կառավարումը կանցնի ժամանակավոր կառավարչի, ում և վստահված է «որսը»։ Հիշյալ գրառումը ոչ միայն պարունակում է ահաբեկող բառամթերք՝ սպառնալից, նվաստացնող ու հաշվեհարդարային  ենթատեքստով, այլ՝ բացարձակ իրավական ԱՂԵՏ։ Ժամանակավոր կառավարիչը, ըստ ամենայնի, ոչ թե պաշտոնի անձնագրում արձանագրված պարտականություններն է ստանձնելու կատարել, այլ ստանալու է քաղաքական հանձնարարություն՝ ՔՊ-ի հանդեպ «չարություն արածներին» բացահայտելու, աշխատանքից ազատելու և տուն ուղարկելու, իսկ վերջում՝ դատելու «նոր Սահմանադրության համաձայն», այն է՝ վարչապետի ֆեյսբուքյան հերթական գրառման։

Սա ծրագրված պետական հաշվեհարդարի «ձեռնարկ» է, որում բացակայում են դատական և վարչական անկախություն, մարդասիրություն, նույնիսկ՝ ձևական օրինականություն։ Այս նոր ու դժգույն իրականությունը ևս մեկ անգամ վկայում է, որ գործադիր իշխանությունը Հայաստանում դարձել է թիրախավորման և ճնշման գործիք՝ հիմքում ունենալով վենդետտային տրամաբանություն։

Երբ պետության ղեկավարը անթաքույց ներկայացնում է, որ իր գրած ֆեյսբուքյան գրառումը կարող է լինել ավելի բարձր իրավական ուժ ունեցող «փաստաթուղթ», քան Սահմանադրությունն ու օրենսգրքերը, մենք գործ ունենք բռնապետության դասական մոդելի հետ, որտեղ իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, և ժողովուրդը պարտավոր է ենթարկվել ոչ թե օրենքներին, այլ նշված անձի քմահաճույքներին ու տրամադրության փոփոխություններին, որոնք, ի դեպ, վերջինիս մոտ հաճախակի են լինում՝ ամենօրյա ռեժիմով, իսկ հաճախ՝ օրը մի քանի անգամ: Էմոցիոնալ պոռթկումները վարչապետի բնավորության անքակտելի մասն են կազմում և սրա հետ հաշտ են ինչպես նրա անմիջական ենթակաները, այնպես էլ քաղաքական թիմն ու ՔՊ էլեկտորատը։ Իսկ անհաշտների մի մասն էլ լուռ է, որովհետև «մեկ է եթե խոսենք, ի՞նչ ենք փոխելու»:

Եվ այս իրականությունը հուշում է, որ իմաստ չկա հույսեր փայփայելու 2026-ի ընտրությունների հետ կապված: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ամենայն հավանականությամբ, վերարտադրվելու է, որովհետև նա քաղաքական դաշտը դարձրել է աղբանոց, և նորմալ մարդիկ այլևս նախընտրում են հեռու մնալ աղբանոցից, որ հանկարծ գռեհկության ու հայհոյախոսության գարշահոտը չկպնի իրենց: Ընտրողների մի զգալի մասն էլ, որ նույնպես զզվել են անառողջ քաղաքական մթնոլորտից, նախընտրելու են չմանսակցել ընտրություններին: Արդյունքում գուցե և ցածր մասնակցությամբ, բայց ձայների մեծամասնությամբ իշխող կուսակցությունը կվերարտադրվի, որովհետև իշխանության «ֆան ակումբը», շնորհիվ Նիկոլ Փաշինյանի իսկապես հզոր քարոզչամեքենայի, գերակտիվ է և երբեք բաց չի թողնի «սիրելի առաջնորդին» վերընտրելու հնարավորությունը:

Տաթևիկ Խաչատրյան

Կարևոր փոփոխություն արցախցիների բնակապահովման ծրագրոմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է այն կետերից մեկը, որի մասին դեռ հունիսի 11-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էինք։ Խոսքը վերաբերում է բնակարանային աջակցության ծրագրի փուլերի վերացմանը՝ սկսած հուլիսի 1-ից։ Սա մեր կողմից ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբերի և տարբեր ջանքերի տեսանելի արդյունքներից է։
Մի կողմից սա դրական ազդակ է. գոնե ՀՀ կառավարության որոշ պայմանավորվածություններ ի վերջո սկսում են իրականացվել։ Սակայն, ինչպես բազմիցս հայտնել ենք քննարկումների ժամանակ, այնպես էլ հրապարակային ձևով նշում ենք, որ բնակարանային ծրագիրը կարող էր լինել առավել արդյունավետ և մատչելի, եթե ընդունվեին մեր առաջարկները՝ ամբողջությամբ։
Միևնույն ժամանակ զգուշացնում ենք՝ եթե ծրագիրը մնա մասնակի, առանց բնակֆոնդի ձևավորման և վերահսկողական հստակ մեխանիզմների, ապա այն չի տալու իրական արդյունք։
Օրինակ՝ այն համայնքներում, որտեղ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում մեկ շնչի հաշվով աջակցության չափը բարձրացվել է 3,000,000 դրամից մինչև 4,000,000 (ինչի մասին մենք նախապես հայտնել էինք), մեր ուսումնասիրություններով և տեղի բնակիչների վկայությամբ՝ բնակարանների գները համարժեք բարձրացել են։ Սա փաստում է այն մասին, որ առանց համալիր մոտեցման ծրագիրը կարող է հակառակ արդյունք ունենալ։
Ուստի՝ կրկին կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին՝ ակտիվորեն մասնակցել հուլիսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որպեսզի կարողանանք հասնել մեր խնդիրների համապարփակ լուծմանը։ Միայն միասնական և հետևողական պայքարի միջոցով կարող ենք հասնել իրական և ամբողջական լուծումների։