«Ղարաբաղից տեղահանությունն այն բացառիկ դեպքն է, որ մարդիկ մնացել են, մարդիկ այստեղ են՝ Հայաստանում, մեկնել է փոքրամասնությունը»

  • 13:33 11.11.2025

«Միգուցե էթնիկապես ճիշտ չէ համեմատել, մենք ունեցել ենք փախստականների հոսք Սիրիայից, Իրաքից, այլ երկրներից, ունեցել ենք ոչ փախստականության հոսքեր, աշխատանքային միգրացիա, հայկական իրականությունը յուրանչյուր հոսքից մոտ 30-40 տոկոսն է ընկալել։ Բայց Ղարաբաղից տեղահանությունն այն բացառիկ դեպքն է, որ մարդիկ մնացել են, մարդիկ այստեղ են, մեծամասնությունն այստեղ է, մեկնել է փոքրամասնությունը»,- այսօր Եվրոպայի խորհրդի հետ հրավիրած համատեղ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Նա նշեց, որ հաջորդ քայլով պետք է աշխատել այնպես անել, որ մարդիկ մնան Հայստանում։ Ըստ նրա՝ դրան է ուղղված ՀՀ կառավարության բնակապահովման ծրագիրը, որում բարելավումներ են եղել։

«Մենք դրա էֆեկտները տեսնում ենք արդեն քաղաքացիության դիմելիության հետ կապված, առավոտյան թվերն էի նայում՝ երեկվա դրությամբ գրեթե 23 հազար տեղահանված անձ ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք պրակտիկ էֆեկտները, բայց ես վստահ եմ, որ դա ոչ միայն բնակարանային ծրագրի էֆեկտն է, երկու այլ հավելյալ էֆեկտ էլ ունի»,- ասաց նա։

Ըստ Ղազարյանի՝ էֆեկտներից մեկն այն է, որ ժամանակի ընթացքում տրավման հաղաթարվում է, մյուս էֆեկտն էլ այն բացատրական աշխատանքն է, որը լավ թե վատ ՀՀ կառավարությունը տարել է արցախցիների հետ՝ պարզաբանելով, որ՝ «հարգելի տեղահանված բնակչություն, դուք չեք կորցնում որեւէ բան քաղաքացիություն ձեռք բերելու ճանապարհին»։