
«Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում խոսել էթնիկ զտման, այսինքն՝ ցեղասպանության ենթարկված արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու իրավունքի մասին։ Նրանք այդ հարցը համարում են փակված, վկան Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում ՔՊ-ական պատգամավորների քվեարկությունն է։ Հիմնավորում են այն կեղծ փաստարկներով, որ եթե մենք պահանջենք արցախցիների վերադարձը, Ադրբեջանն էլ կպահանջի չակերտավոր «արեւմտյան ադրբեջանցիների» չակերտավոր վերադարձը։ Հայաստանը չի պահանջում աարցախցիների վերադարձը, իսկ Ադրբեջանը շարունակում է պահանջել եւ նույնիսկ խորհուրդ է տալիս ՀՀ իշխանություններին՝ լսել այդ այդպես կոչված համայնքի ներկայացուցիչներին»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները հայտարարում են, որ արցախցիները պետք է տնավորվեն Հայաստանում։ Սակայն ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները՝ ապահովելու համար արցախցիների արժանապատիվ կյանքը ՀՀ-ում։ «Արցախցիներն ինչպե՞ս պետք է ապրեն, բոլորս էլ հասկանում ենք, որ բնակապահովման ծրագիրը ձախողվել է, աշխատանքով ապահովման ծրագիրը ձախողվել է։ Բա ինչպե՞ս ապրեն եւ ինչպե՞ս տուն գնեն այստեղ»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող ռասիզմի, անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի վերջերս հրապարակած եզրակացությանը։ «Մարդիկ նշում են, որ Հայաստանը չի կատարել ռեկոմենդացիան եւ բավարար չափով չի պայքարում արցախցիների նկատմամբ խտրականությունը մեղմելու եւ արցախցիների ինտեգրումը հայաստանյան հասարակությունում ապահովելու համար։ Վերադարձի իրավունքը չեք պահանջում, սոցիալական հարցերը չեք լուծում, մարգինալացնում եք այդ մարդկանց, չեք օգնում, որ ինտեգրվեն Հայաստանի հասարակությանը։ Բա ձեր ուզածն ի՞նչ է, պատասխանը գալիս է ինքնաբերաբար, որ արցախցիները լքեն ՀՀ-ն, չկան արցախցիներ, չկա Արցախի հարց»,- նշեց նա։