Խորհրդային սահմանները “պայթում են” Ուկրաինայում. ի՞նչ է մտածում Երևանը

Դոնալդ Թրամփի առաջարկած Սուրբ Ծննդյան վերջնաժամկետը՝ Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի հասնելու համար, լրացել է, և Ուկրաինան ցուցադրում է իր պատրաստակամությունը խաղաղության՝ բոլոր միջոցներով: Զելենսկին համաձայնել է անցկացնել ընտրություններ և ընդունել ամերիկացիների կողմից առաջարկված 20 կետանոց ծրագիրը, չնայած Ռուսաստանի դիրքորոշումը դեռևս անհայտ է: Նախագահ Զելենսկին հայտարարում է, որ ինքը հաստատ “մեղավոր” չի լինի, բայց եթե Ռուսաստանը չհամաձայնվի գործարքին, արևմտյան հանրությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի Պուտինի դեմ: Միակ հարցն այն է, որ արևմտյան առաջնորդները խոստովանում են Ռուսաստանի նկատմամբ իրենց ազդեցության լծակների բացակայությունը: Եվ ամեն ինչ ընթանում է «աշխարհը բաժանելու» նոր սկզբունքների մշակման ուղղությամբ:

Մոսկվան շարունակում է իր հարձակումը Դոնեցկում և նույնիսկ Սումիի մարզում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեկ խոստովանել է, որ ուկրաինական զորքերը դուրս են եկել Սևերսկից, և փորձագետները սպասում են խոշոր քաղաքներից մեկի՝ Սլավյանսկի գրավմանը:

Եթե Մոսկվան գրավի ամբողջ Դոնբասը, և Ուկրաինայում անցկացվեն ընտրություններ, կամ իշխանությունը փոխանցվի խորհրդարանին, խաղաղության հասնելու հնարավորությունները կմեծանան: Սակայն այս «խաղաղությունը» կփոխի Եվրոպայի քաղաքական քարտեզը, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ «խորհրդային սահմանները» կփոխվեն բռնի ուժով:

«Խորհրդային սահմանների անձեռնմխելիության՝ առանց ԽՍՀՄ վերականգնման» միջազգայնորեն ընդունված սկզբունքը կանխեց Առաջին Ղարաբաղյան պատերազմի արդյունքների միջազգային ճանաչումը, փոխարենը հանգեցրեց Արցախի հայաթափմանը՝ ցեղասպանության սպառնալիքի ներքո, և արյունալի «խորհրդային սահմանների վերականգնմանը» 2020-2023 թվականներին։

Թրամփի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը և Պուտինի ագրեսիվ գործողությունները ոտնահարում են այս սկզբունքը, որը սրբազան է Եվրոպայի համար։ Չնայած Մակրոնն արդեն պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, Զելենսկիին համոզում են «կռվել» ևս մեկ տարի, բայց բոլորը հասկանում են, որ դա կհանգեցնի միայն Ուկրաինայի լիակատար փլուզմանը։

Հայաստանը 2022 թվականին զիջեց Մակրոն-Միշելին և ճանաչեց խորհրդային սահմանները 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում, իսկ 2025 թվականին Վաշինգտոնում նախաստորագրեց նույն հռչակագրի հիման վրա փաստաթուղթ, բայց չնայած «հնազանդությանը», նույնպես հայտնվել է փլուզման եզրին։ Աշխարհի տերություններն արդեն «բաժանում» են Սյունիքը՝ մշակելով երթուղիներ և միջանցքներ, որոնք կպատռեն Հայաստանը։

Բաքուն, որը որևէ կապ չունի Ալմա-Աթայի հռչակագրի հետ (ներկայիս Ադրբեջանն իրեն հռչակել է ոչ խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ), այժմ պնդում է, որ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Հորադիզից մինչև Նախիջևան և այնուհետև դեպի Իրան, Հայաստան և Թուրքիա երկաթուղին խորհրդային ժամանակաշրջանում ճանաչվել է որպես Ադրբեջանի իրավասություն։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ո՛չ արձագանքել է, ո՛չ էլ հերքել այս հայտարարությունները, իսկ կառավարությունը համառորեն չի հրաժարվում Ալմա-Աթայի հռչակագրից, որն այժմ փլուզվում է Ուկրաինայում: Հայաստանի կառավարությունը հրաժարվում է հիշատակել այն օրինական փաստաթղթերը, որոնց հիման վրա հիմնադրվել է անկախ Հայաստանը: Քանի որ այդ դեպքում, ինչպես Ուկրաինայում, Հայաստանի ղեկավարությունը կարող է ենթարկվել «կոռուպցիոն հետաքննության» և հնչել «Где деньги, Зин» սակրամենտալ հարցը:

Ստեղծվել է Արցախի պատկերազարդ համայնապատկերային քարտեզը

Նկարիչ-քարտեզագիր Ստեփան Աբրահամյանը («Իմ Հայաստանը» բրոշյուրի և հայոց այբուբենի պաստառի հեղինակը)՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Աթոյանի հետ համատեղ, ստեղծել են Արցախի Հանրապետության պատկերազարդ համայնապատկերային քարտեզը։

Այն ընդգրկում է ողջ տարածաշրջանը. Լեռնային, Դաշտային և Հյուսիսային Արցախը ներկայացված են որպես մեկ միասնական տարածություն՝ շաղկապված ռելիեֆով, ջրային համակարգով, ճանապարհներով և, իհարկե, պատմությամբ:

Արման Բաբաջանյան. Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցին

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2026թ. հունվար-փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ մեծ պատվիրակություն՝ բարձրաստիճան պաշտոնյայի առաջնորդությամբ, ըստ ամենայնի ներկա գտնվելու TRIPP-ի հիմնարկեքին։ Այս պահին ԱՄՆ հատուկ ծառայությունները Երևանում աշխատում են այդ պաշտոնյայի այցի անվտանգության ապահովման և տեխնիկական հարցերի վրա։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնը ոչ միայն հայտարարում է, այլ արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այս նույն տեմպը չափելի արդյունքներով պետք է լինի նաև հայկական կողմից»։

Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Վագիֆ Խաչատրյանի վիճակը վատացել է

Ադրբեջանի կողմից գերի պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 70-ամյա Խաչատրյանի վիճակը վատացել է 2025 թվականի դեկտեմբերի 22-ին՝ նկատվել են շնչառության դժվարություն և սրտի ցավեր։

«Նա տեղափոխվել է համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն՝ բարձրակարգ բժշկական օգնություն ստանալու համար: Խաչատրյանի վիճակը ներկայումս գնահատվում է որպես ծանր», – հաղորդում են լրատվամիջոցները։

Բաքվի «դատարանը» Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Երեկ նրա դուստրը 168.ժամ-ին պատմել է, որ հայրը շաբաթը մեկ անգամ զանգահարում է և մի քանի րոպե շփվում ընտանիքի հետ։

Խաչատրյանին առևանգել են Ստեփանակերտից Երևան տանող ճանապարհին, որտեղ նա սրտի խնդիրների բուժման էր մեկնում։

Ադրբեջանական բենզինով լիցքավորված մեքենայով գնալ Եռաբլո՞ւր

2023 թվականի ամռանը Արցախում ալյուրի սուր դեֆիցիտ էր։ Շրջափակման վերջին ամիսներին արդեն թխվում էր «հաց», որը հացի հետ ոչ մի ընդհանուր բան չուներ՝ ոչ տեսքով, ոչ բաղադրությամբ․ ալյուրը փոխարինված էր թեփով։

Ինը ամիս շարունակվող հյուծող բլոկադայի նպատակներից մեկն էլ ադրբեջանական սննդամթերքը Արցախ բերելն էր՝ նվաստացման, մուրացիկության մատուցման և հնազանդեցման ամենաարդյունավետ զենքով։ Ի՞նչ արեցին արցախցիները։ Փակեցին այն ճանապարհը, որով պիտի ներմուծվեր ադրբեջանական «փրկության ալյուրը»։

120 հազար քաղաքացի սովից հյուծված էր, բայց ադրբեջանական ալյուրը չընդունվեց։ Այսօր, սակայն, Երևանում վաճառվում է ադրբեջանական բենզին։ Առանց որևէ պայքարի, առանց արձագանքի, առանց ըմբոստության։

Ստացվում է՝ արդյո՞ք Արցախն էր Հայաստանի և Ադրբեջանի թշնամանքի միակ պատճառը։ Եվ եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ հակառակորդ երկրի ղեկավարի՝ Սևանի, Երևանի և Հայաստանի այլ տարածքների նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումները չեն ընկալվում որպես անմիջական վտանգ։ Ինչո՞ւ դրանք չեն դառնում հանրային աղմուկի, ընդվզման, պահանջի թեմա։

120 հազար մարդու փախստական դառնալը, անտեսված, նսեմացված, հալածված ու անտուն մնալը, չորս պատերազմների ընթացքում հազարավոր նահատակների գինը, կարծես, հանգեցրել է մի իրականության, որտեղ քաղաքամայր Երևանում ազատ և անվրդով վաճառվում է թշնամական բենզինը։

Ադրբեջանական բենզինով լիցքավորված մեքենայով գնալ Եռաբլուր։ Սա՞ էր նպատակը։ Եթե սովի մեջ գտնվող Արցախը մերժեց ադրբեջանական ալյուրը՝ որպես արժանապատվության հարց, ապա ի՞նչ է տեղի ունեցել մեզ հետ այսօր, որ առանց ներքին դիմադրության ընդունում ենք նույն քաղաքականության շարունակությունը՝ այլ ձևով, այլ ապրանքով, բայց նույն իմաստով։

Հարցը ոչ բենզինն է, ոչ ալյուրը։ Հարցը այն սահմանն է, որտեղ ավարտվում է արժանապատվությունը։ Եվ եթե պետությունը չի պահում այդ սահմանը, ո՞վ պետք է պահի։

Մարիամ Սարգսյան

Լուսանկարում՝ Ասկերան, 2023-ի օգոստոս

Սիրիայի Հալեպում բախումներ են տեղի ունեցել կառավարական և քրդական ուժերի միջև

Երկուշաբթի օրը Սիրիայի Հալեպ քաղաքում հրետանային բախումներ տեղի ունեցան Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերի և քրդական ուժերի միջև, որոնք, ըստ Դամասկոսի հետ կնքված համաձայնագրի, պետք է տարեվերջին ինտեգրվեին սիրիական բանակին։

Երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը և քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» հրամանատարությունը հայտարարեցին, որ Հալեպում գտնվող իրենց ստորաբաժանումներին հրամայել են դադարեցնել կրակը։ Երկու կողմերից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ փոխհրաձգության ժամանակ զոհվել է առնվազն երեք մարդ, բոլորը քաղաքացիական անձինք, իսկ 25-ը՝ վիրավորվել։

Երեկոյան Սիրիայի պետական ​​«ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, հղում անելով Պաշտպանության նախարարությանը, հաղորդել է, որ Գլխավոր շտաբը հրամայել է Հալեպում գտնվող ստորաբաժանումներին «դադարեցնել կրակը կրակի աղբյուրների վրա»։

ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ​​ուժերը» նույնպես հայտարարել են, որ հրամայել են «դադարեցնել կրակին պատասխանելուց»։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերին ներկայումս աջակցում է Թուրքիան, որը փորձում է ԱՄՆ-ին դուրս մղել տարածաշրջանից և խզել քրդերի կապերը Միացյալ Նահանգների հետ։

«Արցախ. վտանգված ժառանգություն, մաս 2» պատկերագրքի շնորհանդես

Րաֆֆի Քորթոշյան

Սիրելի ընկերներ, հրավիրում եմ Ձեզ «Արցախ. վտանգված ժառանգություն, մաս 2» պատկերագրքի շնորհանդեսին, որը լույս է տեսել Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի եւ Արցախի գրասենյակների համատեղ նախաձեռնությամբ, Համազգայինի կենտրոնական վարչության եւ պարոն Յարութ Պրոնոզեանի հովանավորությամբ։

Պատկերագիրքը կազմվել է Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամում։ Պատկերագրքի առաջին մասը լույս է տեսել 2023 թ. և ներառում է Արցախի 44-օրյա պատերազմի հետո Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում մնացած և հետևաբար վտանգված մեր պատմաճարտարապետական ժառանգության նմուշներ։

Այժմ լույս է տեսել պատկերագրքի երկրորդ մասը, որը ներառում է 2023 թ. սեպտեմբերի արհավիրքի հետևանքով Ադրբեջանին անցած Արցախի մնացյալ տարածքների պատմամշակութային ժառանգության նմուշներ։

Շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Արցախի ներկայացուցչունում։

Հասցե՝ Նաիրի Զարյան 17/2

Մուտքն ազատ է։

Տիգրանը 10 ամիս է կոմայի մեջ է․ հաշմանդամություն ունեցող արցախցիների տառապանքները

Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում հայտնվել են լուրջ խնդիրների առաջ:

Նրանցից շատերը չեն կարողանում օգտվել հաշմանդամների համար նախատեսված արտոնություններից,  մասնավորապես, անհաժեշտ դեղորայք և այլ բժշկական պարագաներ ստանալ: Միասնական Սոցիալական Ծառայությունը դա պատճառաբանում է նրանով, որ Արցախում ստացած հաշմանդամության կարգն այստեղ հիմք չի հանդիսանում տվյալ արտոնություններից օգտվելու համար, ուստի արցախցի հաշմանդամները պետք է Հայաստանում կրկին անցնեն ֆունկցիոնալ կարիքների գնահատում և ստանան համապատասխան հաշմանդամության կարգ:

Սակայն այդ գործընթացը կապված է անտանելի քաշքշուկի հետ, և մեր հայրենակիցները ստիպված են ամիսներ շարունակ անցնել այս չափազանց բարդ ուղին, միչդեռ նրանցից շատերն ունեն ծանր աստիճանի հաշմանդամություն ու հատուկ խնամքի, դեղորայքի, տակդիրների և այլ պարագաների կարիք: Նրանց ընտանիքներն ի վիճակի չեն վճարել ահռելի գումարներ այս ամենը ձեռք բերելու համար, քանի որ գտնվում են ծայրահեղ դժվարին սոցիալական վիճակում:

Տիգրան Վերդյանը ծնվել է 1997 թվականին Ստեփանակերտում: Տիգրանը Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնի առաջին շահառուներից է։ Նրա մոտ ի ծնե ախտորոշվել է ՙՙ ՄՈՒԿ՚՚ (Մանկական Ուղեղային Կաթված): Արդեն 10 ամիս է նա գտնվում է կոմայի մեջ և ունի հատուկ խնամքի կարիք:

“Արդեն 10 ամիս է, ինչ Տիգրանս կոմատոզ վիճակում է և ունի հատուկ խնամքի կարիք։ Մեր պետությունը ընդհանրապես անտեսել է այս կարգի հիվանդներին: Հուլիսին դիմել էի մի կազմակերպության, որը հաշմանդամներին տրամադրում է անվասայլակներ և այլ բժշկական պարագաներ: Այնտեղ ինձ ուղղորդեցին Միասնական Սոցիալական Ծառայություն՝ Տիգրանի փաստաթղթերը կարգավորելու և աջակցության հավաստագիր ստանալու համար (ասացին, որ Միասնական Սոցիալական Ծառայությունը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրում է հավաստագիր, որով նրանք կարող են անվճար ստանալ տվյալ պարագաները):

Դիմեցի Միասնական Սոցիալական Ծառայություն, որտեղ պահանջեցին համապատասխան պոլիկլինիկայից ստանալ և ներկայացնել տեղեկանք Տիգրանի ներկայիս վիճակի և տվյալ բժշկական պարագաների անհրաժեշտության վերաբերյալ: Տեղեկանքը ստացա և ներկայացրեցի, սակայն դիմումս մերժեցին, պատճառաբանելով, որ Տիգրանը Հայաստանում չի անցել ֆունկցիոնալիության գնահատում, մինչդեռ նա ի ծնե ունի հաշմանամություն, Արցախում անցել է ֆունկցիոնալիության գնահատում և ստացել հաշմանամության 1 կարգ, որն այս պարագայում որպես հիմք չի ընդունվում:

Ընդ որում Արցախից տեղահանվելուց հետո ես Միասնական Սոցիալական Ծառայության օնլայն հարթակում լրացրել էի կարիքների գնահատման թերթիկ, որը ևս հաշվի չի առնվել: Մերժումը ստանալուց հետո մի քանի անգամ դիմեցի սոցիալական ապահովության և առողջապահության նախարարություններ՝ ֆունկցիոնալիության գնահատումը տնային պայմաններում կազմակերպելու խնդրանքով, սակայն մինչ օրս մեկը մյուսի հետևից դիմումներս մերժվում են։

Խնդրում եմ պարզաբանում՝ “քար լռություն”,  Step1.am -ի հետ զրույցում ասաց Տիգրանի մայր Անահիտ Սարգսյանը։

Արսեն Աղաջանյան

Արցախցիների համար երկու սոցիալական ծրագրերը կշարունակվեն․ որոշման նախագիծը պատրաստ է

Արցախցիների առանձին խմբերի համար նախատեսված սոցիալական աջակցության 2 ծրագրեր նախատեսվում է երկարաձգել առնվազն 6 ամսով։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերին։
«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար, իսկ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ կազմել է 40000 դրամ, իսկ 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ կազմում է 30000 դրամ»,- հիշեցնում են նախարարությունից։
Նախարարությունից հայտնում են, որ արդեն իսկ մշակվել և պաշտոնական շրջանառության մեջ է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է աջակցությունների տրամադրման համար նախատեսված դիմումների ժամկետը սահմանել մինչև 2026 թվականի հունիսի 15-ը:

Փաշինյանը ասել է` Մեղրիի ճանապարհի հետ գործ չունես․ Պուտինը ժպտացել է

«Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգը ևս հասունացել է։ Նկատի ունեմ՝ մասնավորապես, Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Դրանք երկաթուղիներ են, որոնք Հայաստանը կապում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Չեմ կարող ասել, որ այս պահին այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ որևէ քաղաքական որոշումներ կան, սակայն կարծում եմ, որ իրավիճակը հասել է այն կետին, որ անհրաժեշտ է նախապատրաստական ​​աշխատանքներ իրականացնել»,- դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանը փորձում է բաժանել ճանճերը կոտլետներից և ասել Պուտինին, որ թեկուզ Հայաստանի երկաթուղիները Ռուսաստանին է պատկանում, բայց “Մեղրիի ճանապարհը” դրան չի վերաբերվում՝ դրա տերը Թրամփն է։ Պուտինը ի պատասխան ժպտացել է, քանի որ Թրամփը որպես “երրորդ կողմ” կարող է հենց Պուտինին տրամադրել “Զանգեզուրի միջանցքի” վերահսկողությունը։ Առավել ևս, Բաքուն ու Անկարան բազմիցս ասել են, որ կողմ են ռուսական վերահսկողությանը։

Փաշինյանն էլ դա լավ գիտի, թեկուզ հակառուսական է ձևանում եվրոպացիների համար։ Փաշինյանը նաև գիտի, որ “տարածաշրջանի դեբլոկադա” չի լինի՝ կբացվի միայն “Թրամփի ճանապարհը”, այն էլ ավտոմոբիլային, որը Հայաստանին ոչինչ չի տալու տնտեսապես, իսկ ֆիզիկապես կտրելու է Հայաստանը Իրանից՝ ՀՀ տարածքի օտարմամբ։ Իսկ մնացած ճանապարհները ոչ ոք չի պատրաստվում բացել։ Առավել ևս՝ Ռուսաստանը, որը չի պատասխանել Փաշինյանի “հորդորին”՝ հասցնել երկաթուղին Երասխից մինչև Նախիջևան, Իջևանից՝ Ադրբեջանի, Ախուրիկից էլ՝ Թուրքիայի սահման։

Եթե Ռուսաստանը չկառուցի այդ հատվածները, Հայաստանը կմնա բոլոր ճանապարհներից դուրս, նաև Իրանից կտրված։ Եթե Վրաստանն էլ բարձրացնի տրանզիտի մաքսատուրքերը, կսկսվի լիակատար բլոկադա։

Ահա թե ինչու են վռազում թուրքերը։ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները՝ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների հետ Վաշինգտոնում դռնփակ քննարկում են անցկացրել՝ «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» թեմայով։ Հանդիպումը կազմակերպել է Ադրբեջան-Միացյալ Նահանգներ առևտրի պալատը։

«TRIPP-ը այն գործիքն է, որով մենք խաղաղությունը դարձնում ենք կայուն՝ տարանցիկ ճանապարհը վերածելով համատեղ բարգավաճման շարժիչի, – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Վինայ Չավլան՝ հավելելով։- Ամերիկյան ընկերություններն ու կապիտալը կարևոր են այդ տեսլականի համար, և գործող վարչակազմը հանձնառու է ապահովել նրանց մասնակցությունը»։

ԱՄՆ-ը ընկալում են “Թրամփի ճանապահը” որպես “խաղաղության երաշխիք”, որը ժամանակավորապես  կանխել է Հայաստանի հարավի բռնակցման թե ռազմական, թե “խաղաղ հանձնման” տարբերակները։ Թե երբ այնտեղ կկառուցվի երկաթուղի, կկառուցվի արդյոք՝ միայն Աստված գիտի։

«Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը ընթանում է արագացված տեմպերով»,- հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։

«Ողջունելի է, որ օգոստոսին մեկնարկեց Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը, որը Զանգեզուրի միջանցքի մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին», – ասել է նա, չհիշատակելով Հայաստանը։

Թուրքական մամուլն իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։

Բոլորը ակտիվ իմիտացիա են անում։

Շուրջ 3800 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել, մոտ 5500 դիմում՝ մերժվել. Спутник

Sputnik. Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմում է ներկայացրել 9284 ընտանիք։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 3794-ը ստացել է հավաստագիր, իսկ 5490 ընտանիքի դիմում մերժվել է»,- նշված է պատասխանի մեջ։ Հավաստագրերից իրացվել է 1626-ը, գերակշիռ մեծամասնությունը՝ 1463-ը, բնակարան ձեռք բերելու համար, 12-ը՝ կառուցապատման, իսկ 151-ը՝ գործող հիփոթեքի մարման համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ ամենից շատ՝ 379 հավաստագիր իրացվել է Կոտայքի մարզում բնակարան ձեռք բերելու համար, երկրորդ տեղում Երևանն է՝ 311, իսկ երրորդ տեղում՝ Արմավիրը՝ 270։ Ամենաքիչը հավաստագրերն իրացվել են Արագածոտնում և Տավուշում՝ 40-ական և Վայոց Ձորում՝ 26։
«2025 թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից ծրագրի շրջանակում վճարվել է շուրջ 2,6 մլրդ դրամ, որն ուղղվել է ծրագրի 3 բաղադրիչներով սահմանված վճարումներին, դրական մնացորդի շրջանակում տրամադրված վերանորոգման վարկերի ու գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման վարկերի մարումներին, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարների փոխհատուցմանը, կառուցապատման նպատակով հողամասի ձեռքբերմանը»,- հայտնում են նախարարությունից։
Ինչ վերաբերում է դիմումների մերժման հիմքերին (5490), հիմնական պատճառներն են․

Դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է 2020թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում,

Դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը չունի ՀՀ քաղաքացիություն,

Ընտանիքի անդամներից առնվազն մեկը 2023թ. սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք կամ օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք,

Դիմողը կամ ընտանիքի որևէ անդամն Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է։

Հայաստանը 29 743 քառ․ կմ է՞․ պատրա՞ստ եք դատարանում դա պնդել

Մի հարց նրանց, ովքեր ընդունում են նիկոլական թեզը, որ Հայաստանը 29 743 քառ կմ է։ Այս հայեցակարգը նշանակում է, որ ՀՀ ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Ադրբեջանի տարածքը։ Ադրբեջանը տարածքի այդ “օկուպացիայի” համար 150 միլիարդ դոլար փող է ուզում։ (Տասն անգամ ավելի շատ, քան ՀՀ ներկայիս տխրահռչակ պարտքը։) Դրա մասին Ալիևը ԲԱԶՄԻՑՍ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարել է։ Դրա վերաբերյալ 2023թ․-ից Ադրբեջանի երկու հայցադիմում կա Իրավարարության միջազգային դատարանում ՀՀ դեմ։
Հիմա հարցը – ինչի՞ վրա եք խարսխելու ՀՀ պաշտպանությունը դատարանում։ Միակ հնարավորությունը՝ դատարանում ապացուցել, որ Արցախը ԵՐԲԵՔ de jure չի եղել Ադրբեջանի տարածք, այսինքն ՉԿԱ որևէ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ փաստաթուղթ, որով Ադրբեջանի տիտղոսը ամրագրվել է Արցախի և Նախիջևանի վրա։
Միայն չասեք, որ դա կհանգեցնի պատերազմի։ Պատերազմի է հանգեցնելու դատական այն որոշումը, որը կհաստատի Ադրբեջանի տարածքի օկուպացիան ՀՀ կողմից և հատուցման վճարների գաձումի վճիռը։ Քանի որ ՀՀ-ն ի վիճակի չի լինելու դա վճարելու, ուրեմն Ադրբեջանը լրիվ լիգիտիմ հիմք է ստանալու դա գանձել Սյունիքի ոսկու, մոլիբդենի, երկաթի ու ուրանի հանքերով և Սևանի ջրով, ինչպես նաև մի քանի հազար քառակուսի կմ արոտավայրերով։ Ահա որտեղ է պատերազմի սաղմը։
Նաև չասեք՝ կողմերը պարտավորվել են միջազգային դատական մարմիններից հետ կանչել իրենց հայցերը։ Մինչև դատական վճիռները չլինեն, Ադրբեջանը ոչ մի խաղաղության համաձայնագիր չի վավերացնի։