Մակրոնը Թրամփին ասել է, որ Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը անհնար է

Իրանի հետ պատերազմը պահանջում է «լուրջ մոտեցում», և Հորմուզի նեղուցի բացման գաղափարները անիրագործելի են, Սեուլ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է France24-ը։

Ֆրանսիայի առաջնորդը ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի և Իրանի միջուկային ներուժը ոչնչացնելու մասին հակասական հայտարարությունների վրա։ Նա նաև նշել է, որ «վեց ամիս առաջ մեզ ասացին, որ ամեն ինչ ոչնչացված է, ամեն ինչ կարգավորված է, և աշխատանքն ավարտված է»։

«Մենք պետք է լուրջ լինենք։ Եվ եթե ուզում եք լուրջ լինել, չպետք է ամեն օր կրկնեք նախորդ օրը ասածի հակառակը։ Եվ գուցե չպետք է ամեն օր խոսալ», – ասել է Մակրոնը։

Մակրոնը կտրուկ քննադատել է Հորմուզի նեղուցը բռնի կերպով բացելու գաղափարը, որը պարբերաբար շրջանառության մեջ է դրվում ԱՄՆ-ում։ «Սա երբեք այն տարբերակը չի եղել, որը մենք աջակցում ենք, և մենք կարծում ենք, որ այն անիրատեսական է», – հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը։

«Սա անիրատեսական է, քանի որ այն կտևի անորոշ ժամանակ և նեղուցով անցնող բոլոր անձանց կենթարկի ափից եկող ռիսկերի ի դեմս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, որն ունի անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներից առաջացող ռիսկերի», – բացատրել է Մակրոնը։

Արայիկ Հարությունյանը 9 ամիս փորձում էր հրաժարական տալ․ Շահրամանյան

ՀՀ իշխանությունների թեզերից մեկն է այն, որ 2023-ի օգոստոսին ՀՀ կառավարությունը “պայմաններ էր ստեղծում”, որ արցախցիները մնան Արցախում, տեղահանություն չկինի, բայց “որոշ” ուժեր զավթեցին իշխանությունը, որպեսզի հանձնեն և լուծարեն Արցախը։

Մեղադրանքներին, որ Արցախում տեղի է ունեցել իշխանազավթում, որից հետո հենց ինքն է իր ստորագրած հրամանագրով հանձնել Արցախը, Արցախի այն ժամանակվա նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց. «Դուք տեղյակ եք, որ մինչև բռնի տեղահանումը, վերջին մոտ 9-10 ամիսները Արցախի Հանրապետության ժողովուրդը գտնվում էր բլոկադայի մեջ և արդեն հունիսի 15-ից Հակարիի կամուրջում հայտնի դրոշի հետ կապված միջադեպից հետո մենք հայտնվել ենք լիակատար շրջափակման և պաշարման մեջ։

Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է հայտարարել հրաժարական տալու իր մտադրության մասին, և ես անձամբ ականատես եմ եղել, ինչպես մեր քաղաքական դաշտում ներկայացուցիչները, այդ թվում նախկին նախագահները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, երկար փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։ Բոլոր փորձերը բլոկադայի ժամանակ են եղել։ Վերջին անգամ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ ինքը պետք է հրաժարական տա, և հիմնավորում էր, որ ինքը կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որպեսզի իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախը այդ իրավիճակից։ Որևիցե ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ ես չեմ տեսել քաղաքական գործիչների, էքս նախագահների, Ռուբեն Վարդանյանի կողմից։ Արայիկ Հարությունյանը զբաղված էր նաև թեկնածուների որոնման հարցով։

Առնվազը հինգ-վեց հոգու հետ ինքը քննարկել է նման հարցեր, և քանի որ Արցախի սահմանադրության փոփոխությունից հետո պետք է Ազգային ժողովը ընտրեր նախագահ, դա չէր լինի դասական նախագահ, ինքը պետք է զբաղեցներ այդ պաշտոնը մինչև ժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի լիազորությունների ավարտը։ Այդ նախագահը պետք է շարունակել այն ծրագրերը, որոնք հաստատել էր գործող կառավարությունը։

Այսօր Հայաստանի իշխանությունները և իրենց մերձավոր շրջապատը խոսում է իշխանության զավթման մասին։ Եթե նկատի ունեն բռնի կամ ճնշումների տակ փոփոխության մասին, դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Արայիկ Հարությունյանը փորձում էր այնպիսի թեկնածու գտնել, որը նաև Ազգային Ժողովում կստանար բավականին քվեներ ընտրվելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր 5 քաղաքական ուժերից առնվազն 4-ի համաձայնությունը։

Դուք գիտեք, որ Արցախի ԱԺ–ում ամենամեծ քաղաքական ուժը դա Արայիկ Հարությունյանի ստեղծած «Ազատ Հայրենիք» կուսակցությունն էր, որը միաձայն սատարել է իր որոշմանը։ Այսօր խոսում են, որ Դաշնակցությունը իշխանություն է զավթել, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ Դավիթ Իշխանյանը որպես Դաշնակցության ներկայացուցիչ, որ ընտրվել է Ազգային ժողովի նախագահ, ընտրվել է անձամբ Արայիկ Հարությունյանի ներկայացմամբ և խնդրանքով»,–ասաց նա։

«Մենք ընտրեցինք ապրել»․ լուսանկարչական անհատական ցուցահանդես

Սույն թվականի ապրիլի 5- ին, սիրով հրավիրում ենք ներկա լինելու Մեսրոպ Սարիբեկյանի «Մենք ընտրեցինք ապրել» խորագրով լուսանկարչական անհատական ցուցահանդեսին, որտեղ ներկայացվելու են Մեսրոպի և իր ընկերների՝ տարբեր ժամանակներում վիրավորում ստացած տղաների ապրելու և կյանքը շարունակելու կամքը ներկայացնող՝ Մեսրոպի կողմից նկարված լուսանկարներ։
Մեսրոպ Սարիբեկյանը մասնակցել է 44- օրյա պատերազմին 2020 թվականի հոկտեմբերի 8- ից մինչ նոյեմբերի 4-ը, մասնակցել մարտական գործողությունների Հադրութից մինչ Շուշիի մատույցներ, ծանր հրազենային վիրավորում ստացել նոյեմբերի 4-ին։
Մեսրոպ Սարիբեկյանը լուսանկարչությամբ զբաղվում է արդեն 5 տարի։ Աշխատում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում՝ որպես լուսանկարիչ։
Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է 2025 թվականի ապրիլին՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Մենք ընտրեցինք ապրել» ցուցահանդեսի պաշտոնական արարողակարգը կսկսվի 15։00-ին։
Ցուցահանդեսի մանրամասները՝
🗓️ Ապրիլի 5, 12:00–22:00
📍Աբովյան 16 | «Հայաստանի նկարիչների միություն», «Արա Սարգսյանի» անվան ցուցասրահ։

Ռուսաստանը հիշել է Թուրքմենչայի պայմանագիրը. ո՞ւմ է պատկանում Սյունիքը

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է «Թրամփի ճանապարհը» և հիշել ռուս-պարսկական պատերազմները։

«Խնդիրն այն է, որ այս ստորագրությունները (Վաշինգտոնում) ավելի խորը գործընթացներ են առաջացրել։ Դրանք խաթարել են տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը», – ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ այդ ժամանակ Էրիվանի և Նախիջևանի խանությունների հողերը փոխանցվել են Ռուսական կայսրությանը, և սահմանը հաստատվել է Արաքս գետի երկայնքով։ Այդ ժամանակվանից ի վեր սա ընդհանուր առմամբ խաղաղ սահման է, որը երաշխավորված է երկու մեծ հարևանների միջև կնքված համաձայնագրերով, հավելել է նա։

Փոխվարչապետը ընդգծել է, որ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում հնարավորություն է տվել հավասարակշռել բոլոր ներկա երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։ «Ադրբեջանը կառուցողականորեն էր տրամադրված, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն արդեն բանակցություններ էր վարում ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ շուկաների բացման վերաբերյալ, չէր զգում սպառնալիքներ, որոնք առաջացան Արաքսի հյուսիսային ափ ամերիկյան կողմին հրավիրելը», – նշեց նա։

«Այժմ Հայաստանը հայտարարել է, որ այս նախագիծը կիրականացվի առանց Ռուսաստանի։ Թուրքիան արդեն սկսել է միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, և Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարները այդքան էլ դարձել չեն։ Այս ամենը ճնշում է գործադրում Հայաստանի վրա», – նշել է Օվերչուկը։ «Ռուսաստանին ապաշրջափակման բանակցություններում ներգրավելու դժկամությունը մեծ սխալ էր»։

Օվերչուկը չի հիշատակել 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը, քանի որ Փաշինյանի կրծքին խփած Հայաստանի քարտեզը ցույց է տալիս Հայաստանի համաձայնությունը «փակել» Կարսի պայմանագիրը՝ առանց Հայաստանին վերադարձնելու պայմանագրով նրանից խլված հողերը։ Սա վերաբերում է Նախիջևանին, Կարսին, Արդահանին և Արարատ լեռանը։

Մենք աջակցում ենք այն ուժերին, որոնց համար Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Դանիելյան

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին ապրիլի 2-ին «Եռաբլուրում»՝ Քառօրյա պատերազմի մեկնարկի 10-րդ տարելիցի օրը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը։

«ՀՀ-ում կան ուժեր, որոնք պատրաստ են պաշտպանել Հայաստանի, այլ ոչ թե օտար ուժերի շահերը։ Մենք սատարում ենք այն ուժերին, որոնց համար Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված լինել։ Դա չի կարող լինել մեկ մարդու որոշում։ Դա համահայկական հարց է, այն սկսվել է Երևանի Ազատության հրապարակում»,- հայտարարել է Արցախի ԱԺ նախագահը՝ հավելելով, որ հարցը բարձրաձայնվելու է բոլոր ատյաններում։ Նա նկատել է, որ Փաշինյանը մշտապես տարբեր պատճառներ է բերում և մատնանշում տարբեր մեղավորների՝ նախկիններին, Ռուսաստանի Դաշնությանը, դասալիքներին։ Մենք բոլորս քաջ գիտենք, թե ով է հանձնել Արցախը և ով է պատասխանատվություն կրում տեղի ունեցողի համար, հավելել է Դանիելյանը։

Այն հարցին, թե որքանով է մեղավոր նախագահ Սամվել Շահրամանյանը, խոսնակը նկատել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իրավիճակը սահմանին փոխվել է՝ դրա պարագիծը 200 կմ-ից դառնալով ավելի քան 500 կմ, անվտանգության համակարգը ձախողվեց, այնուհետև՝ 9 ամիս շրջափակում, և ՀՀ իշխանությունները ոչինչ չարեցին, որպեսզի արցախցիները դուրս գան այդ ծանր իրավիճակից։ Հետո տեղի ունեցավ լայնամասշտաբ հարձակում Արցախի վրա, որտեղ 120 հազար բնակչությունից 25-30 հազարը երեխաներ էին, իսկ 5 հազարը՝ տարեցներ։ «Ի՞նչ կարող էին նրանք անել։ Փաշինյանն արդարացնում է ադրբեջանցիների կողմից իրականացված ցեղասպանությունը։ 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները ցեղասպանություն են հայ ժողովրդի նկատմամբ։ ՀՀ իշխանությունները թույլ տվեցին դա։ Միջազգային հանրությունը նույնպես մեծ բացթողումներ թույլ տվեց, բայց առաջին հերթին՝ ՀՀ իշխանությունները։ Եթե նրանք չեն խոսում ցեղասպանության մասին, ապա մենք ասում ենք, որ բոլորն էլ իրենց մեղքի բաժինն ունեն Արցախի հայաթափման և ցեղասպանության հարցում»,- եզրափակել է Դանիելյանը։

2016-ին կռվելն դյուրին էր, քանի որ թշնամին դիմացդ էր

Ապրիլյան քառօրյայի ժամանակ ես կորցրել  եմ իմ ավագ որդուն՝ Նորայր Հաջյանին, ապրիլի 4-ին է զոհվել Թալիշի դիրքերում, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին կրտսեր որդիս՝ Երվանդ Հաջյանն է զոհվել, երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ զրկվեցի։ Այս  մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախից բռնի տեղահանված Միքայել Հաջյանը։

«Ցավը իհարկե խորն է, ինչ-որ տեղ անտանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որովհետև թոռներ ունեմ, հանուն նրանց ապրում եմ։ Ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, ընդհակառակը, ում հանդիպում եմ, անմիջապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ՝ չմտածելով, որ ես էլ իրենց նման միս ու արյուն եմ, կսկիծը իմ մեջ եմ պահում, բայց իմ ժպիտով փորձում եմ մարդկանց ուրախություն պարգևել, ուրախություն նկարել նաև նրանց դեմքերին։

Տղաները կամավորականներ են եղել, աշխարհազորայիններ են եղել։ Ավագ որդիս 16 տարեկանից, մենք դեռ Երևանում էինք ապրում, գնացել է, լծվել ազատամարտին, ու մինչև պատերազմի ավարտը մասնակցել է մարտերին տարբեր ջոկատների կազմում։

Որդիներիցս ոչ մեկն էլ ինձ նախապես չի զգուշացրել, թե գնում ենք կռիվ։ Անկեղծորեն ասած, որպես հայր եմ ասում, հնարավոր է՝ ես նրանց փորձեի հետ համոզել, բայց ես գիտեի, որ նրանք չեն լսելու ինձ այդ առումով։

Ես իմ որդիների զոհվելուց հետո Արցախում միշտ ասում էի, որ Արցախի ամենաբազմազավակ հայրն եմ, որովհետև բոլոր այդ տղաները իմ զավակներն են»,–ասաց նա։

Հաջյանի խոսքով, 2016–ի ապրիլյան պատերազմը 2020–ի սեպտեմբերյան 44–օրյա պտերազմի նախադեպ սցենարն էր, որը չհաջողվեց. «Թշնամու դեմ կռվելը որքան էլ դժվար, բայց այնքան էլ դյուրին է, որովհետև գիտես թշնամին դիմացդ է։ Բայց եր սադրանք է իրականացնում թիկունքում ինչ-որ մեկը, յուրայինը, այդ դեպքում արդեն զինվորը չի կարողանում կռվել։ Մենք փաստորեն 2023 թվականին տանուլ տվեցինք այդ սադրանքների պատճառով։ Բայց ես վստահ եմ, իմ երազանքն է, որ պետք է իրականանա Արցախ վերադարձը»,– ընդգծեց նա։

Շահրամանյանը “փախածների” մասին Փաշինյանի ասածը զառանցանք անվանեց

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Եռաբլուր զինվորական պանթենում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «արցախցիները փախել են»։ Փաշինյանը նշել էր, որ մասնավորապես, Արցախի էլիտային է վերաբերում իր ասածը։

«Ես բազմիցս առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու։ Ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, զոհված նվիրյալների հարզատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ՝ չտրվել նման սադրանքների, որովհետեւ նման խոսույթները ունեն միայն մեկ նպատակ՝ պառակտել եւ մեր հասարակության մեջ սերմանել անհանդուրժողականություն, որը գլոբալ ծրագրի մի մասն է կազմում»,- ասաց Շահրամանյանը։

«Ինչ վերաբերում է նրան, որ ճողոպրեցին, փախան, եթե դա վերաբերում է 2020 թվականի պատերազմին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների պատճառով է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, oկուպացված են ՀՀ զգալի տարածքներ։ Եվ այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Մնացած գնահատականը թողնում եմ հասարակությանը»,- հավելեց նա։

Շահրամանյանի խոսքով՝ Արցախի եւ Հայաստանի իշխանութուններն իրար հետ համագործկցել են ցանկացած պարագայում ու ցանկացած ժամանակահատվածում։ «ՀՀ-ն Արցախի երաշխավորն էր, այդ թվում՝ անվտանգության երաշխավորն էր առաջին հերթին, եւ բոլոր հարցերը քննարկում ու համաձայնեցնում էինք Հայաստանի իշխանությունների հետ»,- նշեց նա։

Հարցին, թե 2023 թվականի որոշումները քննարկե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե չեն համաձայնեցրել իր հետ, Շահրամանյանը պատասխանեց․ «Ես ասացի՝ բոլոր։ Մենք խոսել ենք, քննարկել ենք»։

Անդրադառնալով Փաշինյնաի այն հայտարարությանը, որ եթե Արցախի հարցը բարձրացնենք, պատերազմ կլինի, Սամվել Շահրամանյանն ասաց, որ Հայաստանի անվտանգությունն արցախցիների համար առաջնահերթություն է։ «Իհարկե, մենք այսօր հասկանում ենք Հայաստանի Հանրապետության իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ փորձում ենք այնպես անել, որ վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում՝ ինչ-որ ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։ Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները եւ փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաեւ միջազգային իրավունքի հարց է»։

Նշենք, որ այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիքը։ Արցախի իշխանությունները եւ Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Թրամփ. Պատերազմը շուտով կավարտվի, բայց մենք դեռ հարվածներ կհասցնենք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստատեսային ուղերձով դիմել է ազգին՝ վերահաստատելով, որ մարտական ​​գործողությունները մոտենում են ավարտին, ևս մեկ անգամ սպառնալով Թեհրանին «չափազանց ուժեղ հարվածով»։

«Մենք ավարտելու ենք աշխատանքը, և մենք շատ արագ ենք ավարտելու։ Մենք շատ մոտ ենք», – հայտարարեց նա։

Ամերիկացի նախագահը կրկնեց, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև խաթարել է նրա բալիստիկ հրթիռների ծրագրերը և միջուկային զենքը։ Նա ասաց, որ հարվածները կշարունակվեն հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։

Նա նաև կրկնեց այն միտքը, որ Հորմուզի նեղուցը, որը մեկ ամիս շարունակ փաստացի փակել է Թեհրանը, պետք է ոչ թե ԱՄՆ-ին, այլ այլ երկրներին։ Ամենադժվար մասն արված է, և երբ հակամարտությունն ավարտվի, նեղուցը բնականորեն կբացվի, պնդեց Թրամփը։

«Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածներ կհասցնենք հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանց տեղն է», – հավելեց նա։

1972-ից հետո առաջին լուսնային առաքելությունը՝ «Արտեմիս 2»-ը, մեկնարկել է

Միացյալ Նահանգները «Արտեմիս 2» առաքելության շրջանակներում 1972 թվականից ի վեր առաջին անգամ հաջողությամբ արձակեց տիեզերանավ՝ չորս տիեզերագնացով դեպի Լուսին։ Լուսնի շուրջ ճանապարհորդությունը, ինչպես սպասվում է, կտևի մոտավորապես 10 օր։ ВВС-ն օնլայն լուսաբանում էր մեկնարկը։

«Տիեզերական մեկնարկային համակարգ» հրթիռը, որը տեղափոխում է «Օրիոն» տիեզերանավը՝ չորս տիեզերագնացով, հաջողությամբ արձակվեց Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանից։

«Արտեմիս 2» առաքելության շրջանակներում «Օրիոն» տիեզերանավը՝ NASA-ի տիեզերագնացներ Ռիդ Ուայզմանի, Վիկտոր Գլովերի և Քրիստինա Քոչի, ինչպես նաև Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենի անձնակազմով, կկատարի Լուսնի շուրջ մեկ պտույտ։

10-օրյա լուսնային և վերադարձի առաքելությունը նրանց կտանի մարդկանց համար նախկինում անհասանելի խորություններ։

Գրեթե երեք տարվա նախապատրաստական ​​աշխատանքներից հետո անձնակազմը դարձավ առաջինը, որը թռավ NASA-ի «Արտեմիս» ծրագրի շրջանակներում՝ բազմամիլիարդ դոլար արժողությամբ առաքելությունների շարքում, որը մեկնարկել է 2017 թվականին՝ հաջորդ տասնամյակի և դրանից հետո ԱՄՆ-ի երկարաժամկետ ներկայությունը Լուսնի վրա հաստատելու համար, նշում է Reuters-ը։

«Արտեմիս 2» առաքելությունը ամերիկյան լուսնային ծրագրի առաջին կարևոր քայլն է, որի նպատակն է 2028 թվականին «Արտեմիս 4» նախատեսված առաքելության շրջանակներում առաջին անձնակազմով լուսնային վայրէջքը կատարելը։

NASA-ն նպատակ ունի իրականացնել այս լուսնային վայրէջքը՝ առաջինը 1972 թվականի «Ապոլլոն» վերջին առաքելությունից ի վեր, մինչդեռ Չինաստանը ընդլայնում է իր լուսնային ծրագիրը՝ պլանավորելով տիեզերագնացներ վայրէջք կատարել 2030 թվականին։

Միևնույն ժամանակ, Մասկի SpaceX-ը և Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը մրցում են այն վայրէջք կատարող սարքերի մշակման համար, որոնք NASA-ն կօգտագործի իր տիեզերագնացներին Լուսնի մակերես հասցնելու համար։

Ղարաբաղի հարցը դեռ երկար գիշերներով կտանջի նրա դահիճներին

Չնայած Արցախի հարցի «փակմանը», այն «լուծած» քաղաքական գործիչները ամեն օր փորձում են արդարանալ ագրեսիայի, էթնիկ զտումների և բնիկ բնակչության ցեղասպանության նախապատրաստման, իրականացման և օրինականացոման համար: Թեկուզ դրան որևէ արդարացում չկա։

Չկա մի օր, որ Արցախի հարցի մասին չխոսեն Հայաստանում և աշխարհի մայրաքաղաքներում, ինչը ապացուցում է, որ դեռևս դրա համար պատասխան կտան։

Ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը մնում է ամենազգայունը, ինչին Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը։

Պուտինը համաձայնեց, չնայած չէր կարող, ինչպես Փաշինյանը, մեջբերել Ալմաթիի հռչակագրի՝ սովետական սահմանները, քանի որ 2014 թվականից ի վեր զբաղված է Ուկրաինայում սովետական սահմանների ապամոնտաժմամբ: Սակայն Պուտինը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակն է, որի համաձայն՝ հայկական կողմը ոչ միայն զիջեց Արցախի երկու երրորդը, այլև համաձայնվեց Մեղրիի միջանցքին։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Պուտինին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցության համար՝ նշելով, որ Երևանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին»։

Ինքը՝ Պուտինը, մեղադրեց Եվրոպային «Ղարաբաղը հանձնելու» մեջ։ «Դուք (վարչապետ Նիկոլ Փաշինյան – խմբ.) 2022 թվականին Պրահայում ճանաչեցիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, և բացարձակապես անտեղի կլիներ, որ ՀԱՊԿ-ը միջամտեր այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական չափում։ Ես չեմ գնահատում Ղարաբաղի վերամիավորման հարցը, եթե այն համարում ենք Ադրբեջանի մաս, լավ է, թե վատ՝ խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից։ Կարծում եմ՝ դա, հավանաբար, իմաստ ուներ», – ընդգծեց Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ հարաբերությունները կայունացել են, և ԱՄՆ նախագահը ակտիվ դեր է խաղացել այս ջանքերում, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների սառեցման և այլնի հարցում։

Պուտինը չհիշատակեց Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում կայացած գաղտնի հանդիպման մասին, երբ կայացվեց Արցախի օկուպացիայի և հայաթափման վերաբերյալ կոնսենսուսային որոշում: Ավելի ուշ՝ 2024 թվականի գարնանը, օկուպացված Ակնայի ռուս-թուրքական կենտրոնում ռուս գեներալը զեկուցեց թուրք գեներալին, որ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ջանքերով իրենց հաջողվել է հաստատել «խաղաղություն Ղարաբաղի հողի վրա»:

Այս կոնսենսուսի մասնակիցները, որոնք գործել են Ալիևի և Փաշինյանի միջոցով, հաճախ կհիշեն Ստեփանակերտից Գորիս կիլոմետրերով երկարությամբ մեքենաների շարասյունը և Հայկազովի այրվող բենզինի պահեստը: Եվ նմանատիպ «խաղաղություն» մի օր կհաստատվի նաև իրենց երկրներում:

Ռուսաստանը, հանձնելով Արցախը, արդեն դարձել է պատերազմի թատերաբեմ՝ անօդաչու թռչող սարքեր, այրվող նավթի պահեստներ, ապագա օգտագործման համար փորված հարյուրավոր գերեզմաններ, Պուտինի վախը նույնիսկ բունկերում: Էպշտեյնի գործով պատառոտված ԱՄՆ-ն առաջին հարվածը հասցրեց Իրանի դպրոցի վրա՝ սպանելով 160 աղջկա: ԵՄ-ն, մնալով միայնակ Ռուսաստանի հետ, կոչ է անում Ուկրաինային չհանձնվել, մինչ ԵՄ-ն ստեղծի սեփական զորքերը։ Սա է Ղարաբաղի գինը։

Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Ֆրանսուա-Քսավիե Բելլամին այսօր ասել է. «Ռուսաստանը չկատարեց ՀԱՊԿ-ի շրջանակներում իր պարտավորությունները՝ կապված Ղարաբաղի հետ, բայց Եվրոպան էլ լռեց։ Եթե այն լռած չլիներ, Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիա չէր լինի»։

Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց, բայց “պատժվեց” ՔՊ-ականը

Մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։

Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Սուրբ Աննա եկեղեցու դեպքը հետևեց Նիկոլ Փաշինյանի՝ մետրոյում տեղի ունեցած միջադեպին, երբ արցախցի երիտասարդ կնոջ հանդեպ Փաշինյանը անշնորհք պահվածք դրսևորեց։ Եւ թեկուզ հետո ներողություն խնդրեց, բայց ՔՊ-ական մասսան առիթ ստացավ ատելիության մի ալիք էլ բարձրացնել։

Սուրբ Աննայի եղեկեցում տեղի ունեցածը ևս ալիք բարձրացրեց, որը սակայն աշխատում է ՔՊ-ականների դեմ։ Օրինակ, Գարիկ Սարգսյանի գրառումը սիրտխառնոց առաջացրեց և պատիժ դարձավ հենց ՔՊ-ականի համար։ Այս “ռամկաներում” շատ ավելի վատ է, քան ճաղերի հետևում։

Պուտինի հայրական խորհուրդները Փաշինյանին

Տարածաշրջանում տեղի ունեցող ճակատագրական իրադարձությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա՝ աջակցություն փնտրելու իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար՝ ավարտել 1921 թվականի Կարսի պայմանագիրը՝ առանց առանց այդ պայմանագրով սահմանված Հայաստանի սահմանները փոխելու։

Այս առաքելության վկայությունն է «Խորհրդային» Հայաստանի քարտեզը, որը Փաշինյանը փորձում է բոլորին պարտադրել։ Դրա վկայությունն է նաև Հայաստանի Սահմանադրության առաջիկա փոփոխությունը, որից կհեռացնի Անկախության հռչակագրի հղումը։ Հռչակագրում խոսվում է «պատմական արդարության վերականգնման» մասին և հղում է արվում 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշմանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Կարսի պայմանագրի 100-ամյակից մի քանի տարի առաջ Ռուսաստանը և Թուրքիան պլան են մշակել, թե ինչպես դադարեցնել պայմանագիրը՝ առանց Հայաստանին վերադարձնելու պայմանագրով նրանից խլված հողերը՝ Կարսը, Սուրմալուն, Արդահանը, Նախիջևանը և, անուղղակիորեն, Արցախը։

Հենց այս պլանը հանգեցրեց 2020 թվականին Արցախում Հայաստանի դեմ պատերազմին, ռուսական զորքերի մուտքին և 2023-ին՝ Արցախի լիակատար օկուպացիային ու հայաթափմանը։ Հաջորդ քայլը պետք է լինի Հայաստանի Երրորդ Հանրապետության լուծարումը և նրա տարածքում անիրավ վասալ պետության՝ “Խաղաղության խաչմերուկի” ստեղծումը։

Հայաստանում Կարսի պայմանագրի մասին հիշատակումը խստիվ արգելված է։ Այսօրվա Հայաստանի սահմանների իրավական հիմքերի քննարկման ժամանակ նույնիսկ թե՛ կառավարությունը, թե՛ համակարգային ընդդիմությունը ամոթանքով խուսափում են Կարսի պայմանագրի մասին հիշատակելուց, չնայած դրա առկայությանը Հայաստանում ամեն քայլափոխի։

ՀՀ կառավարությունն արդեն իսկ կատարել է Կարսի պայմանագիրը «փակելու»՝ առանց Հայաստանին տաևածքներ վերադարձնելու բոլոր պայմանները։ Ալիևը նույնպես կատարել է իր տնային աշխատանքը՝ նա Նախիջևանի (Հայկական) Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունից հեռացրել է Կարսի պայմանագրի մասին հղումը։ Մնում է, որ Հայաստանն ընդունի նոր Սահմանադրություն և «կամավոր» հրաժարվի Արցախից, Նախիջևանից, Կարսից, Սուրմալուից և արարատ լեռից։

Այս ցանկալի վերջին քայլը կարող է վտանգվել Հայաստանում կայանալիք ընտրությունների և Իրանի դեմ Իսրայել-ԱՄՆ պատերազմի պատճառով։ Սակայն նույնիսկ միջուկային ապոկալիպսիսը չի կարող խանգարել Պուտինին, Էրդողանին և Փաշինյանին ավարտել իրենց առաքելությունը։ Նրանք թույլ չեն տա, որ ծրագիրը ձախողվի, քանի որ դա կսպառնա ոչ միայն Հայկական լեռնաշխարհին, այլև Ռուսաստանի և Թուրքիայի  պետականության կորստով։

Նոր Հայաստանի Սահմանադրությունը կսահմանի ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի սահմանները, և Փաշինյանը չի կարող խափանել այս ծրագիրը՝ ժողովրդավարություն խաղալով։

Պուտինն այսօր հայրբար հանդիմանեց Փաշինյանին այդքան կարևոր հարցը ներքաղաքական բանավեճի թեմա սարքելուհամար։ Չնայած «ռուսամետ ընդդիմությունը», ինչպես այն անվանեց Պուտինը, դեմ չի Երրորդ Հանրապետությունը լուծարելու և առանց հայկական հողերը վերադարձնելու Կարսի պայմանագրից դուրս գալու ծրագրերին, այնուամենայնիվ վտանգավոր է հրապարակայնորեն բարձրացնել այս հարցը։ Նման հարցերը լուծվում են միայն մթության մեջ։

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց «Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու» անհրաժեշտության մասին:

«Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում», – հայտարարեց Փաշինյանը։

Կարող է թվալ՝ Պուտինը չի ցանկանում «վերջ տալ Ղարաբաղյան շարժմանը», բայց Փաշինյանը պնդում է: Ոչ, Պուտինը ուղղակի չի կարողանում հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին, որը 2014 թվականից ի վեր խախտում է Ուկրաինայում։ Դրա համար “թույլ է տալիս”, որ Եվրոպան ու Հայաստանը պնդեն խորհրդային սահմանները։

Փաշինյանի խոսքով՝ «նախկին ԽՍՀՄ վարչական սահմաններում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը բավականին ամուր հիմք է խաղաղության հետագա ամրապնդման համար»։

Ի պատասխան՝ Պուտինը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ հարաբերությունները կայունացել են, և ԱՄՆ նախագահը ակտիվ դեր է խաղում այս գործում՝ տրանսպորտային ուղիները վերացվում են և այլն։

«Այստեղ մենք պարզապես պետք է փնտրենք հարաբերությունները ամրապնդելու հետագա ուղիներ։ Բայց կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե այս հարցերը չլինեն ներքաղաքական գործընթացի մաս, հատկապես ընտրարշավի ընթացքում», – ասաց Ռուսաստանի նախագահը։

Պուտինը, ըստ էության, հայրաբար խորհուրդ է տալիս Փաշինյանին ընտրարշավը չհիմնել հայկական պետականությանը սպառնացող վտանգի վրա։ Երբ Հայաստանում ձևավորվի նոր խորհրդարան, որը (անկախ իր կոնդիգուրացիայից) կազմված կլինի միայն Հայաստանի խորհրդային սահմանների կողմնակիցներից, ապա սահմանադրական փոփոխությունը կարող է աննկատելիորեն դրվել քվեարկության, կամ նույնիսկ հանրաքվեի։

Բայց կամաց, որ չվախեցնենք։ Ի վերջո, խորհրդային սահմանները՝ Կարսի պայմանագրի Հայաստանն է, և դրանց փոփոխությունը կարող է հանգեցնել տեկտոնական տեղաշարժերի, հայկական հողերի վերադարձի և այլ։ Իսկ դա չի կարելի թույլ տալ։