«Հրապարակ»․ ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմնից ստաց­ված տեղեկատ­վությամբ, դեռեւս 2023 թվականին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները:

Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների եւ, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում:

Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել` հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի՝ Կանդազի գործով։

Թրամփ. Ուկրաինան ռազմական պարտություն կրեց, մենք սպասում ենք, որ Իրանը ասի՝ «մենք հանձնվում ենք»

Օվալաձև աշխատասենյակում «Արտեմիս 2» առաքելության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Թրամփը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի ներգրավվածությունը այլ միջազգային ճգնաժամերի լուծմանը, մասնավորապես Իրանի շուրջ, ավելի տրամաբանական կլինի Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։

«Ես կնախընտրեի, որ դուք (Ռուսաստանը – խմբ.) մասնակցեք Ուկրաինայում պատերազմի ավարտին», – ասել է նա։

ԱՄՆ նախագահը նաև ենթադրել է, որ Ուկրաինայի և Իրանի հակամարտությունները կարող են ավարտվել մոտավորապես նույն ժամանակահատվածում։

«Ո՞ր պատերազմն է ավարտվելու առաջինը։ Ես չգիտեմ։ Գուցե նույն ժամանակահատվածում», – ասել է նա։

Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը ակնկալում է, որ Թեհրանը փաստացի կընդունի պարտությունը։

«Նրանք (Իրանը – խմբ.) պարզապես պետք է ասեն. «Մենք հանձնվում ենք»», – նշել է նա։

Թրամփը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործարքն արդեն մոտ է։

Ուկրաինան ռազմական պարտություն է կրել, հայտարարել է Թրամփը։

Պուտինը Թրամփին պատմել է «ՍՎՕ գոտու իրավիճակի մասին, որտեղ ռուսական զորքերը հետ են մղում թշնամուն», – ասել է Պոիտինի օգնական Ուշակովը։

Եթե ​​Արցախը Հայաստան չէ, ինչպե՞ս են «միտումնավոր զոհաբերել» ուրիշի հողը

«Վաշինգտոն Թայմս»-ում «Հունիսի 7-ի Հայաստանի ընտրություններն արդեն կեղծված են» վերնագրով հոդվածում Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի գիտաշխատող Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստը։

«Նիկոլ Փաշինյանը խոստովանել է մի արտառոց բան։ Լեռնային Ղարաբաղի կորուստը՝ 2020-2023 թվականների ռազմական պարտությունը, որը զրկեց Հայաստանին իր հիմնական ռազմավարական բուֆերից և, ի վերջո, ստիպեց 120,000 էթնիկ քրիստոնյա հայերի լքել իրենց պատմական հայրենիքը, նրա խոսքով՝ «դիտավորյալ զոհաբերություն էր հանուն Հայաստանի անկախությունը պահպանելուն»։ Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ ինքնիշխան տարածքի դիտավորյալ փոխանցումը և ռազմական պարտության կազմակերպումը պետական դավաճանության ակտեր են։ Պարոն Փաշինյանը գիտի դա», – գրում է Դավիթ Գրիգորյանը։

Դրանից ընդամենը մի քանի օր առաջ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նա ասել է, որ 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամուն հաջողվել է ճեղքել պաշտպանությունը միայն մեկ՝ հարավային հատվածում, որը գտնվում էր ՀՀ Գլխավոր շտաբի և անձամբ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրամանատարության ներքո։ Օհանյանը, ըստ էության, մեղադրեց Փաշինյանի թիմին «պայմանավորված պարտության» և Արցախի հարավի՝ ընդհուպ մինչև Շուշիի հանձնման մեջ։

Ավելի վաղ նախկին օմբուդսմեն և «Միասնության թևեր» կուսակցության ներկայիս վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ևս մեկ կոշտ մեղադրանք էր հնչեցրել՝ պնդելով, որ հայկական զորքերը դուրս են եկել Ջերմուկի մոտ մի տարածքիցից, և ադրբեջանական դիրքերն արդեն հաստատվել են լքված տարածքում։

Իր հերթին, մեղադրանքներ են հնչում երկու պաշտպանության նախարարների՝ Վաղարշակ Հարությունյանի (20 նոյեմբերի, 2020 – 20 հուլիսի, 2021) և Արշակ Կարապետյանի (2 օգոստոսի – 15 նոյեմբերի, 2021) հասցեյին, որոնք չեն թաքցրել իրենց ռուսամետ հակումները։ Նրանց պաշտոնավարման ընթացքում Արցախի Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները առանց մարտերի հանձնվեցին ադրբեջանական կողմին (ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության), որին հաջորդեց Գորիս-Կապան ճանապարհի մի մասի,  Սև Լիճի մոտ գտնվող տարածքի հանձնումը։ Ռուսական զորքերը հայտնվեցին Սյունիքում, հայկական բանակը դադարեց դիմադրություն ցուցաբերել, և Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի բոլոր պարտականությունները փոխանցվեցին ռուսական կողմին։ Մինչդեռ, հայկական հարցումներին ի պատասխան, Ռուսաստանը պատասխանում էր, որ Հայաստանը հաստատված սահմաններ չունի։

Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, ընդունում է, որ Հայաստանը պաշտոնական սահմաններ չունի, բայց մյուս կողմից՝ պնդում է 1975 թվականի խորհրդային քարտեզների և «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի» վրա։ Այս առումով, Տավուշից սկսված «սահմանազատումը» լուրջ հարցեր է առաջացնում. եթե Հայաստանը սահմաններ չունի, ապա ի՞նչ հիմքով է իրականացվել սահմանազատումը։ Եվ ի՞նչ հիմքով է այն շարունակվելու՝ ի վնաս Հայաստանի ներկայիս տարածքի։

1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն՝ Արցախը Հայաստանի մաս է կազմում, ինչն ամրագրված է Հայաստանի անկախության հռչակագրում և Սահմանադրությունում։ Բաքուն ընդունում է դա, այդ իսկ պատճառով պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում։ Փաշինյանը նույնպես ընդունում է դա՝ ասելով, որ «զոհաբերել է Ղարաբաղը». ի վերջո, նա չէր կարող զոհաբերել այն, ինչը իրենը չէր։

Մյուս կողմից, Փաշինյանն ասում է, որ Արցախը երբեք չի եղել Հայաստանի մաս։ Սակայն դա հարց է առաջացնում․ իրավասո՞ւ էր Փաշինյանը ստորագրել 2020 թվականին եռակողմ հայտարարությունը, որով  հայկական վերահսկողությունը Արցախի երկու երրորդի նկատմամբ կորցվել է։

Փաշինյանին մինչ օրս հաջողվել է համոզել հայ հասարակությանը ոչ ակնհայտ բաներում (Ղարաբաղը Հայաստան չէ, մենք պատասխանատու չենք Արցախի համար, Արցախի ժողովուրդը փախել է, ռուսները խոստացել են, բայց չեն կատարել), բայց միջազգային հանրությունը այդքան էլ հեշտությամբ չի մոլորեցվում։ Սա բարոյական պատասխանատվության կամ այն ​​​​հարցը չէ, թե ով է դավաճանել կամ ով է փախել․ խոսքը՝ կայացված որոշումների միջազգային իրավական հիմքի մասին է։

«Չորրորդ հանրապետության» և Հայաստանի համար նոր Սահմանադրության գաղափարը այս բոլոր հարցերը մի հարվածով հանելու փորձ է։ Բայց արդյո՞ք դա կհաջողվի։

Երևանը պարում է

Չորեքշաբթի օրը Երևանում նշվում է Պարի միջազգային օրը։ Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում մեկնարկեց լայնածավալ միջոցառում, որին մասնակցում էին պետական ​​պարային ստուդիաների մոտ 4000 պարողներ։

Պայմանավորվել են սահմանազատման շուրջ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, թե ինչ օրակարգով է եղել Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հանդիպումն Աղվերանում։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«2026թ. ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:

Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:

Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը.

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց»,

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց»,

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»:

Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։

Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։

Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։

Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը»։

Հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին

Ադրբեջանում բանտարկված յոթ հայ պատանդների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: 2026 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացված դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետևանք են և ունեն կամայական բնույթ:

Պատանդները՝ Դավիթ Բաբայանը, Մադաթ Բաբայանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Իշխանյանը և Լևոն Մնացականյանը, Հայաստանի քաղաքացիներ են, որոնք գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից անմիջապես հետո: Նրանց թվում են Արցախի նախկին քաղաքական առաջնորդներ, զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ:

Նրանցից երեքը՝ Դավիթ Իշխանյանը (Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ), Դավիթ Բաբայանը (արտաքին գործերի նախկին նախարար) և Լևոն Մնացականյանը (Պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար), 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման: Մնացած չորսը ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկում: Այսօրվա դրությամբ այս անձինք Բաքվի բանտում են գտնվում արդեն 934-ից 948 օր:

Թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին և Աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանդների համար:

Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից լիազորված անկախ իրավական փորձագետների մարմին է, որը հետաքննում է ազատությունից կամայական զրկելու դեպքերն ամբողջ աշխարհում: Դիմումը ներկայացվել է, քանի որ գերիների ընտանիքները և իրավաբանական թիմերը Ադրբեջանի ներսում նրանց անօրինական դատավճիռները բողոքարկելու իրատեսական միջոց չունեն: Դիմումատուները պնդում են, որ բոլոր յոթ անձանց ազատությունից զրկելը կամայական է՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա.

·        Իրավական վավեր հիմքի բացակայություն. Պատանդները գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ, որը համապատասխանում է Ժնևի կոնվենցիաներով սահմանված միջազգային զինված հակամարտության սահմանմանը: Որպես կոմբատանտներ (մարտիկներ)՝ նրանք պետք է ճանաչվեին ռազմագերիներ և օգտվեին Ժնևի երրորդ կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունից ու հայրենադարձման իրավունքից: Փոխարենը Ադրբեջանը նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում է իրականացրել սովորական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և ցեղասպանության մեղադրանքներով: Այս մեղադրանքները չեն կարող օրինականորեն ներկայացվել այն մարտիկներին, որոնք գործել են պատերազմի օրենքների շրջանակում:

·        Քաղաքական համոզմունքների քրեականացում. Դավիթ Բաբայանը և Դավիթ Իշխանյանը տասնամյակներ շարունակ խաղաղ կերպով պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը: Նրանց ձերբակալությունից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ Արցախի ղեկավարությանը անվանել էր «հանցագործներ»: Դիմումատուները պնդում են, որ նրանց ազատությունից զրկելը նպատակ ունի լռեցնել քաղաքական այլախոհությունը, ինչը միջազգային իրավունքով երաշխավորված արտահայտվելու, կարծիքի և միավորումների ազատության իրավունքների ուղղակի խախտում է:

·        Հիմնավորապես անարդար դատավարություններ. Պատանդները դատվել են հավաքական կերպով՝ ութ այլ հայ ամբաստանյալների հետ միասին, դռնփակ զինվորական գործընթացների շրջանակում և առանց իրենց ընտրած փաստաբանների հասանելիության: Յոթից հինգը հրաժարվել են հաստատել նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել արտաքին դիտորդների մոտ՝ հնարավոր հարկադրանքի և խոշտանգումների կիրառման վերաբերյալ: Ավելին, դատավճիռները դեռևս պաշտոնապես չեն փոխանցվել դատապարտվածներին, ինչը փաստացի զրկում է նրանց բողոքարկման հնարավորությունից:

·        Մարդասիրական հասանելիության մերժում. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այցելում էր Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին, երկրից արտաքսվել է 2025 թվականի սեպտեմբերին: Սա վերացրել է ազատազրկվածների նկատմամբ վերջին անկախ վերահսկողական մեխանիզմը:

·        Վարձկանության անօրինական մեղադրանքներ. Հայցում նշված յոթ գերիներից վեցին մեղադրանք է առաջադրվել վարձկանության համար: Դիմումատուները պնդում են, որ այս մեղադրանքը իրավաբանորեն անհնար է հիմնավորել. թե՛ միջազգային իրավունքով, թե՛ Ադրբեջանի քրեական օրենսգրքով անձը չի կարող համարվել վարձկան, եթե հանդիսանում է հակամարտող կողմի քաղաքացի կամ մշտական բնակիչ: Բոլոր յոթ անձինք հայ ազգի ներկայացուցիչներ են, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում:

·        Էթնիկ պատկանելության և քաղաքական հայացքների վրա հիմնված խտրականություն. ՄԱԿ-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և բազմաթիվ միջազգային կառույցներ արձանագրել են Ադրբեջանում հակահայկական խտրականության համակարգային բնույթը, այդ թվում՝ արդարադատության համակարգում: Դիմումատուները պնդում են, որ այս անձանց հետապնդումը արտացոլում է այդ խտրական մոդելը, և նրանք չէին թիրախավորվի կամ պահվի կալանքի տակ, եթե չլիներ նրանց հայկական ինքնությունը և կապը Արցախի կառավարման մարմինների հետ:

Դիմումը ներկայացվել է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մի շարք բանաձևերի (1997/50, 2000/36, 2003/31, 6/4, 15/18, 20/16, 24/7, 33/30, 42/22 և 51/8):

Այս յոթ անձինք այն 19 հայ գերիների թվում են, որոնք ներկայումս պահվում են Ադրբեջանում 2020 և 2023 թվականների հակամարտություններից հետո: Նրանց ծանր վիճակի մասին բազմիցս բարձրաձայնվել է ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Amnesty International-ի և այլ խոշոր միջազգային կառույցների կողմից, որոնք բոլորը կոչ են արել ազատ արձակել նրանց և խորը մտահոգություն են հայտնել պահման պայմանների վերաբերյալ:

2025 թվականի մարտի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ «բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանում կամայականորեն զրկված են ազատությունից, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ արդար դատաքննության իրավունքները պետք է լիարժեքորեն հարգվեն»: Եվրոպական խորհրդարանը 2021 թվականից ի վեր այս հարցով ընդունել է վեց բանաձև, վերջինը՝ 2025 թվականի մարտին: Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է մի քանի որոշում, որոնք պահանջում են Ադրբեջանից պաշտպանել հայ ազատազրկված անձանց վնասից և ապահովել նրանց հավասարությունը օրենքի առաջ. որոշումներ, որոնք Ադրբեջանը չի կատարել:

Դիմումը պահանջում է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից.

1.     Տալ պաշտոնական եզրակացություն, որով պատանդներին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական:

2.     Կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել և պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար:

3.     Պահանջել հնարավորություն Աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար՝ այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին մինչև նրանց ազատ արձակումը:

Դիմումը, գերիների ընտանիքների լիազորմամբ, համատեղ ներկայացվել է հետևյալ անձանց կողմից.

·        Սիրանուշ Սահակյան – Փաստաբան (Երևան, Հայաստան)

·        Արտակ Բեգլարյան – Արցախ Միության նախագահ (Երևան, Հայաստան)

·        Այտոր Մարտինես Խիմենես – Փաստաբան (Մադրիդ, Իսպանիա)

·        Մեգան Շուրո-Լիոն – Փաստաբան (Փարիզ, Ֆրանսիա)

·        Իրեն Մասիմինո – Փաստաբան (Բուենոս Այրես, Արգենտինա)

Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է հայտարարել

NEWS.am–ի տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ–ում։

Հիշեցնենք, որ  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հայտնի հետախույզ, հրամանատար Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության, նա մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու մեջ։ Դատարանը Կանդազին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Շահին Մուստաֆաևի՝ Երևան ժամանելու մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը տեղափոխած ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Իգոր Մուրադյան․ Աշխարհի ամենակարևոր բանը ինքնիշխանությունն է

Լոնդոնի Chatham House-ում

Այսօր Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է, ով մտածել և գործել է տասնամյակների ծրագրային հեռավորությամբ։ Նրա վերլուծական հոդվածները կոչվում էին մարգարեություններ, հաճախ չափից դուրս հոռետեսական, սակայն նրա նախազգուշացումները ձեռնտու չէին կողմնակալ կառավարիչների համար։ Ներկայացնում ենք Իգոր Մուրադյանի դասախոսություններից մեկը։

Lragir.am

09.12.2013

Ստեփանակերտում տեղի է ունեցել քննարկում Իգոր Մուրադյանի բանախոսությամբ

Դեկտեմբերի 6-ին, Ստեփանակերտում «Ազգային վերածնունդ»  կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման նախաձեռնող Իգոր Մուրադյանի բանախոսությամբ: Բանախոսն անդրադարձավ Հարավային Կովկասի և Միջին Արևելքի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին և հայության սուվերենության խնդիրներին:

Ի.Մուրադյանը համարում է, որ 1990-ական թվականներին աշխարհը Հայաստանն ընկալում էր որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության շարունակություն: Սակայն 90-ականների վերջից տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հնարավորություն տվեցին վերաիմաստավորել Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում: Դրան նպաստեց Թուրքիայի գործոնը: Վերջինս, ԽՍՀՄ փլուզումից հետո, կորցնելով հզոր հարևանից եկող սպառնալիքը, հնարավորություն ունեցավ իր սահմանների ամբողջ երկայնքով ձեռք բերել նոր դիրքեր, գործընկերներ, նոր շուկաներ և սկսեց իր էքսպանսիան: Ոչ թե տարածքի զավթում կամ ռազմական ագրեսիա, այլ Թուրքիայի ազդեցության ուժեղացում տարբեր մեթոդներով, տարբեր ուղղություններով: Սա չէր կարող չանհանգստացնել Արևմուտքին, այդ թվում ԱՄՆ-ին:  ԱՄՆ-ում երկար ժամանակ հստակ մոտեցում չկար Թուրքիայի նկատմամբ, շարունակում էին նրան համարել իրենց հուսալի գործընկերը և նրա ամբիցիոզ ծրագրերին ու հայտարարություններին մոտենում էին որպես ինչ-որ ժամանակավոր երևույթի: 2003թ. իրաքյան պատերազմը ցույց տվեց, որ այդ պատկերացումները հնացած են: Այդ ժամանակվանից սկսված ԱՄՆ ադմինիստրացիան դիմում է ամերիկյան փորձագիտական բոլոր շրջանակներին՝ Թուրքիայի նկատմամբ մոտեցումները հստակեցնելու համար: Ըստ Ի.Մուրադյանի՝ արդեն Բ.Օբամայի իշխանության օրոք ԱՄՆ-ում մշակվում է Թուրքիային զսպելու, նրա ամբիցիաները սահմանափակելու ծրագիր: Սրա իմաստը հետևյալն էր՝ չխանգարել Թուրքիային ոչնչում, թույլատրել նրա էքսպանսիան բոլոր ուղղություններով՝ Բալկաններ, Կովկաս, Միջին Ասիա և այլ շրջաններ, որոնցում նա կարող էր ինչ-որ բան անել: Պարզվեց որ հարևան երկրները բոլորն էլ անհանգստացած են Թուրքիայի ակտիվությունից և Թուրքիայի զսպան քաղաքականություն սկսեցին և բոլորն էլ ԱՄՆ-ից այս կամ այն չափով օգնություն ստացան:

Իգոր Մուրադյանը փաստեց, որ դեռ անցյալ տարի, երբ փորձագետների մեծ մասը, այդ թվում Ռուսաստանում, համարում էին, որ ԱՄՆ ՄԵրձավոր Արևելքում  հենվում է սունիական աշխարհի վրա (Թուրքիան ձգտում ունի դառնալու այս աշխարհի առաջնորդը), որոշ «խելապակաս» փորձագետներ, այդ թվում և ինքը, կանխատեսել էին, որ ամիսներ անց կսկսեն ամերիկաիրանական հարաբերությունների բարելավում: Սա բխում է ԱՄՆ քաղաքականությունից, որը ցանկանում է պահպանել հավասարակշռությունը շիաների և սունիների միջև: Եվ այդպիսով ղեկավարել ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլ ավելի լայն տարածություն:

«Ո՞րն է Հայաստանի նոր դերը,- հարցնում է Իգոր Մուրադյանը և պատասխանում,- Հայաստանը կարևոր դեր ունի Թուրքիայի զսպման գործում: Ոչ միայն Հայաստանն ինքը, այլ հայկական խնդիրների ամբողջ համալիրը: Ամերիկացիները Հայաստանին հանեցին միջազգային քաղաքականության ռեզերվից, խորը ռեզերվից, որտեղ Հայաստանը գտնվում էր 90-ական թվականներին և 2000-ականների սկզբին , և նրանից սարքեցին ենթադերակատար: Ոչ լիարժեք դերակատար: Եվ սկսեցին նայել նրան ոչ միայն Ռուսաստանի խնդիրների պրիզմայից, այլ նաև Թուրքիայի զսպման տեսանկյունից: Դա լավ է, թե՞ վատ: Ի՞նչ է սա: Դա ոչ հաճելի հեռանկար է անվտանգության տեսանկյունից: Բայց այս հեռանկարը մեզ ապահովում է ակտիվ քաղաքականություն և ակտիվ դեր միջազգային հարաբերություններում: Եվ ոչ միայն ԱՄՆ-ի կողմից, այլ նաև այն երկրների կողմից, որոնք հետաքրքրված են Թուրքիայի զսպմամբ: Դա համաշխարհային մակարդակի խնդիր չէ, բայց տարածաշրջանային խնդիր է, առանց որի չի կարելի պատկերացնել մի հսկա տարածաշրջանի անվտանգության հարց՝ Բալկաններից մինչև Չինաստանի սահման»:

Բանախոսն անդրադարձավ նաև Կովկասի խնդիրներին: «Կովկասը ավելի սկզբունքային տարածք է, քան կարելի է թվալ: Այստեղ թվում է ակտիվ քաղաքականություն չկա: Սա այն տարածաշրջանը չէ, որի մասին ամեն օր կարելի է կարդալ մեծ թերթերի էջերին: Որո՞նք են ԱՄՆ նպատակները Կովկասում: Դրանք փոխվել են: Ոմանք մտածում են, որ ուշադրությունն ընկել է: Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել ուշադրության դեֆորմատիզացիա: Սկզբում Կովկասը 2 ֆունկցիա ուներ՝ տրանզիտ և սերվիսի դեր էր կատարում՝ նավթի և գազի դուրսհանում, զորքերի տեղափոխում Աֆղանստան: Այդ ֆունկցիաները վերջանում են, ադրբեջանական նավթը ապաքաղաքականացվում է. կովկասյան նավթը հիմնականում տնտեսական է, հատկապես, երբ այն վերջանում է: Այլ ֆունկցիա է մշակվել: Հարավային Կովկասը դառնում է Եվրոպական անվտնագության մաս, իսկ ավելի լայն՝ եվրոատլանտյան անվտանգության մաս: Առանց Հրվ. Կովկասի նկատմամբ Արևմուտքի կողմից հսկողության, կամ գոնե մասամբ հսկողության, չի կարելի է  պատկերացնել Եվրոպական անվտանգության համակարգի ամբողջականությունը: Հարավային Կովկաս ասելով այստեղ նկատի ունենք Հարավային Կովկաս-Սևծովյան տարածաշրջանը»:

Այս ամենից ելնելով, Ի.Մուրադյանը կարծում է, որ եթե ստորագրեինք Ասոցացման պայմանագիրը, մենք դառնալու էինք ԱՄՆ գործընկերը Թուրքիայի զսպման քաղաքականության մեջ: Երկրորդ կարևոր պահը՝ մենք դառնալու էինք ԵՄ գործընկերը: Սակայն տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ի «քաղաքական կատաստրոֆան», որը հայկական հասարակությունն ի վիճակի չէ հասկանալ:

«Աշխարհի ամենակարևոր բանը ինքնիշխանությունն է, ո՛չ փողը, ո՛չ ռեսուրսները, այլ՝ ինքնիշխանությունը: Միայն սուվերեն երկրի հետ կարող են գործ ունենալ: Միայն սուվերեն երկրին զենք կտան ու կպաշտպանեն: Իսկ ո՞վ կօժանդակի վասալին: ինչի՞ համար: Որպեսզի օգնեն Մաքսային միությանը, որպեսզի օգնե՞ն Ռուսաստանին: Ինչի՞ համար: Ոչ մեկը դա չի անի: Գլխավոր փաստարկը՝ սուվերենիտետի կորուստն է: Հայկական հասարակությունը ի վիճակի չէ սա հասկանալ: Երևանում սա շատ աբստրակտ բան է: Մենք չենք հասկանում ինքնիշխանությունը, չգիտենք թե դա ինչ է: Եվ այստեղից հարց է ծագում: Կպահպանվի արդյո՞ք մեր ֆունկցիան ԱՄՆ համար Թուրքիայի նկատմամբ քաղաքականության մեջ: Ես վերջերս եղա ԱՄՆ-ում, հանդիպումներ ունեցա փորձագիտական շրջանակների հետ: Զբիգնև Բժեզինսկին հարցրեց՝ եթե Ռուսաստանը ձեզ համարում է իր վասալը, ինչու՞ մենք պետք է ձեզ չհամարենք Ռուսաստանի վասալը: Երկաթե տրամադրություն: Մենք չկանք, մեր փոխարեն որոշում է Ռուսաստանը: Ոչ ոք մեզ հետ ոչինչ չի որոշի, կորոշեն Մոսկվայի հետ: Տեսա՞ք նախագահի վիճակը Վիլնյուսում: Նրան ուղղակի ցույց տվեցին, որ ինքն այնտեղ չկա»:

Դասախոսության վերջում Իգոր Մուրադյանն անդրադարձավ նաև Արցախին:  «Ռուսաստանը նրա համար չի մեզ գնել, որ այս տարածքը (Արցախը) դեռ Հանրապետություն էլ կոչվի: Ռուսական պսիխոլոգիայի համար Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը բերում է խելագարության: Նրանք մինչ այժմ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես փոքրիկ ժողովուրդը ժամանակին կարողացավ գործել ի հակառակ իրենց ցանկության: Նրանք ընդամենը սխալվեցին իրենց հաշվարկներում 90-ականներին: Նրանք չէին կարծում, որ մենք կկանգնենք: Ռուսաստանը թույլ էր և ձեռքերը երկար չէին: Բայց Ռուսաստանը նպատակ չուներ, որ մենք մնայինք այս հողում: Ռուսները նպատակ ունեին մեզ վաճառել հնարավորինս թանկ գնով,-եզրափակեց նա»:

«Ազգային վերածնունդ»  կուսակցությունն առաջիկայում ևս կշարունակի հանրային քննարկումներ կազմակերպել կարևոր թեմաների շուրջ՝ նպատակ ունենալով նոր գաղափարներ տալ և ակտիվացնել արցախյան հասարակությունը:

ԱՎԿ մամլո ծառայություն

https://www.lragir.am/2013/12/09/92134/

Ո՞վ կսայթաքի առաջինը՝ Իրանը, թե՞ ԱՄՆ-ն. նպատակը կարող է լինել քաոսը

Իրանի և Միացյալ Նահանգների միջև դիմակայությունը հասել է նյարդային լարվածության գագաթնակետին. Միացյալ Նահանգները շարունակում է Իրանի շրջափակումը՝ դատապարտելով նրա նավթարդյունաբերությունը լճացման, մինչդեռ Իրանը բարձրացնում է նավթի գները՝ փորձելով վտանգավոր գնաճ առաջացնել Միացյալ Նահանգներում՝ Կոնգրեսի ընտրություններից առաջ: Երկու կողմերն էլ խոստովանում են, որ հակամարտության ռազմական մասն ավարտվել է: Միացյալ Նահանգները կարող է շարունակել դիմակայությունը՝ Մերձավոր Արևելքը թողնելով քաոսի մեջ (գուցե սա էր սկզբնական նպատակը), մինչդեռ Իրանը կարող է «թույլ տալ» Միացյալ Նահանգներին մուտք գործել Մերձավոր Արևելքի կարևոր հաղորդակցություններին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Վերջին հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ Սպիտակ տան իրավիճակային սենյակում կայացած հանդիպման ժամանակ, Թրամփը որոշել է շարունակել ճնշում գործադրել Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա՝ փակելով երկրի նավահանգիստները։

Պաշտոնյաների խոսքով՝ ամերիկացի առաջնորդը հաշվի է առել, որ այլ տարբերակներ՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը, ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան շրջափակման պահպանումը։

Առայժմ նախագահը գոհ է անորոշ շրջափակումից, որը, ինչպես նա նախկինում հայտարարել էր, Իրանին մղում է դեպի «փլուզման վիճակ»։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ շրջափակումը ակնհայտորեն ջախջախում է Իրանի տնտեսությունը. մասնավորապես, երկիրը դժվարանում է պահեստավորել չվաճառված նավթը։ Wall Street Journal-ը հաղորդել է, որ Իրանը դիմել է ծայրահեղ միջոցների, քանի որ իր նավթի պահեստավորման բաքերը լցվում են ԱՄՆ շրջափակման պատճառով և խոչընդոտում են արտահանմանը։ Արդյունքում, իրանական նավթը պահվում է տանկերներում, կոնտեյներներում և նախկինում լքված պահեստավորման բաքերում։

Գործակալությունը կարծում է, որ Չաբահարում տանկերների կուտակումը ապացույցն է այն բանի, որ Իրանը շարունակում է նավթը բեռնել նավերի վրա, և որ ԱՄՆ շրջափակումը, կարծես, արդյունավետորեն խոչընդոտում է հում նավթի հաճախորդներին հասնելը։ Հորմուզի նեղուցով երթևեկությունն այժմ գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, և Թեհրանը շուտով կարող է ստիպված լինել կրճատել արտադրությունը, քանի որ պահեստավորման պաշարները սպառվում են, հաղորդում է գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Պակիստանը Իրանին տրամադրել է վեց ցամաքային միջանցք, որոնք թույլ կտան բեռների տարանցումը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, հայտնել է Պակիստանի առևտրի նախարարությունը։

Ռոյթերսը, հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ հետախուզությունը և Սպիտակ տան պաշտոնյաները ուսումնասիրում են նաև այն սցենարը, որի համաձայն նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի Իրանի նկատմամբ հաղթանակի մասին և կավարտի պատերազմը։

Որոշ պաշտոնյաներ համոզում են ԱՄՆ նախագահին, որ պատերազմը, որը բարձրացրել է նավթի և բենզինի գները, կարող է հանգեցնել հանրապետականների զգալի կորուստների առաջիկա միջանկյալ Կոնգրեսի ընտրություններում։

Կանադայի վարչապետը Երևանում կհայտարարի՞, որ Արցախի հարցը լուծված չէ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում և մայիսի 2-ից 4-ը կայցելի Հայաստան՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։ Քարնիի մամուլի ծառայությունը այս մասին հայտարարել է երեքշաբթի՝ ապրիլի 28-ին։

«Սա առաջին դեպքն է, որ գագաթնաժողովին կմիանա ոչ եվրոպական երկրի ղեկավար։ Սա նաև Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Հայաստան գրեթե մեկ տասնամյակի ընթացքում», – ընդգծել է մամուլի ծառայությունը։

Կանադան միակ երկիրն է, որի գործադիր մարմինները շարունակում են պնդել, որ Արցախյան հարցըչլուծված չէ և պահանջում է բանակցային քաղաքական կարգավորում, որը պետք է հիմնված լինի նաև ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։

Փաշինյան․ ՖԻՖԱ-ի որոշմամբ Ֆուտբոլի մինչեւ 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում եւ Վրաստանում

Ֆուտբոլի մինչեւ 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում եւ Վրաստանում։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։