Նոր անձնագրի վրա՝ զինանշանը, իսկ զինանշանի վրա՝ Արարատն ու ծովը

  • 12:36 28.04.2026

Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է համակարգի ներդրման մանրամասները։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ սա կարևոր է նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու տեսանկյունից, որպեսզի ՀՀ քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան Եվրամիության երկրներում ճամփորդել։

Այնուհետև ՀՀ վարչապետն ու ներքին գործերի նախարարը քաղաքացիներին ներկայացրել են, թե ինչ տեսք է ունենալու ՀՀ նոր անձնագիրը։

«Առաջին փոփոխությունը գույն փոփոխությունն է։ Մենք որոշել ենք, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անձնագրի առաջին էջի վրա՝ ձախ կողմում Հայաստանի ուրվագծային քարտեզը կլինի, իսկ աջ կողմում՝ ՀՀ զինանշանը և որոշակի տեքստային ինֆորմացիա։

Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ կենսաչափական անձնագրերը և նույնականացման քարտերը քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։

Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են, ինչպես նշվել էմ, հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Փաշինյանը ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված.  «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝  կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ,  «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝  նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն:

Տարբեր էջերում զետեղված պատկերները սկսվում են հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով: Այնուհետ՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը: Էրեբունի ամրոցի պատկերը՝ վերականգնված գիտնականների կողմից: Հաջորդիվ՝ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: 

Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին:

Ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ:

Այբբենական կարգով ներկայացված են Արագածի մարզը՝ Արագած լեռն ի չորս գագաթներով, Արարատի մարզը՝ Խոր Վիրապով, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, այգիներով ու պտուղներով, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճով և 10-րդ դարի Բերդկունք ամրոցով, Կոտայքի մարզը՝ Գառնու հեթանոսական տաճարով, Լոռու մարզը՝ Լոռի բերդ ամրոցով, Շիրակի մարզը՝ Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով և հայտնի Ֆայտոնի տեսարանով, Սյունիքի մարզը՝ Բաղաբերդ ամրոցով, Տավուշի մարզը՝ Սրանոցի կամրջով, Վայոց Ձորի մարզը՝ Ջերմուկի ջրվեժով և Ջերմուկի հայտնի խորհրդանիշ եղնիկով:

Հատկանշական է, որ Խոր Վիրապի պատկերը այնպիսի ռակուսով է ներկայացված, որպեսզի չերևա Արարատ սարը։ Սայայն անձնագրի երեսին պատկերված է Հայաստանի զինանշանը՝ Արարատի և ծովի պատկերով։