Ի՞նչ կտա Զելենսկու այցը Հայաստան

  • 13:27 28.04.2026

Հայկական լրատվամիջոցները հայտնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցի մասին Հայաստան՝ մայիսի 3-4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի նիստին մասնակցելու համար։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Զելենսկու այցը գաղտնի է պահվում։ Սակայն այն, որ Զելենսկին շուտով Հայաստան կայցելի, կարելի էր ենթադրել օրերս Ադրբեջան կատարած նրա անակնկալ այցից, որտեղ նա բանակցություններ է վարել Ալիևի հետ։ Չեխիայի և մի շարք եվրոպական երկրների ղեկավարները նույնպես այցելել են Բաքու՝ մինչեև այցելել Հայաստան։ Կասկած չկա, որ երևանյան գագաթնաժողովից հետո մյուս ղեկավարները ևս կայցելեն Բաքու՝ «հավասարակշռություն» պահելու համար։

Այնուամենայնիվ, Զելենսկու հարցը առանձնանում է։ Չնայած Ռուսաստանի և Հայաստանի դաշինքին, Պուտինին գործնականում արգելված է այցելել Հայաստան՝ Միջազգային քրեական դատարանի մեղադրանքներից ելնելով։ Մինչդեռ, Զելենսկու այցը Ռուսաստանում արդեն ընկալվում է որպես մարտահրավեր՝ Հայաստանի համար հետևանքներով։ Արդյո՞ք այդ հետևանքները «չեզոքացվելու» են եվրոպական միջամտությամբ։

Վերադառնալով Զելենսկիին, հարկ է հիշել, որ Եվրամիությունը վերջերս Ուկրաինային հատկացրել է 90 միլիարդ դոլարի վարկ, որը կուղվի ռազմարդյունաբերությանը։ Զուգահեռ, Զելենսկին ակտիվորեն շրջագայում է աշխարհով մեկ՝ գովազդելով ուկրաինական անօդաչուների և հակաօդային տեխնոլոգիաները։ Նա նմանատիպ առաջարկներ է արել Պարսից ծոցի արաբական պետություններին, Սիրիային և նույնիսկ Ադրբեջանին։

Դժվար է ասել, թե արդյոք նմանատիպ առաջարկ կարվի նաև Հայաստանին։ Դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմից առաջ Զելենսկին բացահայտորեն աջակցում էր Ադրբեջանին. ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո նա լուսանկարվեց շաուրմայով SOCAR բենզալցակայանի առջև, իսկ պատերազմից հետո նա բազմիցս շնորհավորեց Ալիևին «Ղարաբաղի վերադարձի» կապակցությամբ։

Զելենսկին ակնհայտորեն նախընտրում է Ալիև-նվաճողի կերպարը Փաշինյանի կերպարին, որը ճնշում է ներքին ընդդիմությանը և ինքնությանը, մինչդեռ արտաքին քաղաքականության մեջ հարմարվողական է և հակված է տեղի տալ ճնշմանը։

Հայաստանում անցկացվող եվրոպական գագաթնաժողովները, որոնց Ալիևը հրաժարվեց մասնակցել, որոշակի խանդ են առաջացնում Բաքվում, և Ալիևն այժմ կոչ է անում եվրոպացի առաջնորդներին գոնե «պահպանել հավասարությունը»։ Սակայն Ալիևի մտերմությունը Էրդողանի հետ, Իրանի դեմ պատերազմ մտնելուց նրա փաստացի հրաժարումը, Օրբանի պարտությունը Հունգարիայում և Բաքվի ու Մոսկվայի միջև հարաբերությունների «վերականգնումը» Ալիևին դուրս են դնում եվրոպական հանրությունից։ Իսկ Հայաստանին ֆրանսիական զենքի մատակարարման մասին խոսակցությունների ֆոնին Ալիևի «օտարացումը» դառնում է ավելի ակնհայտ։

Ի՞նչ է Զելենսկին որպես «նվեր» բերելու Հայաստանին։ Կարո՞ղ է տեղի ունենալ այն, ինչ այսօր հաղորդել են հայկական թերթերը՝ Բաքվում պահվող 19 հայ բանտարկյալներից 11-ի վերադարձը։