Իգոր Մուրադյան․ Աշխարհի ամենակարևոր բանը ինքնիշխանությունն է

  • 11:15 29.04.2026

Լոնդոնի Chatham House-ում

Այսօր Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է, ով մտածել և գործել է տասնամյակների ծրագրային հեռավորությամբ։ Նրա վերլուծական հոդվածները կոչվում էին մարգարեություններ, հաճախ չափից դուրս հոռետեսական, սակայն նրա նախազգուշացումները ձեռնտու չէին կողմնակալ կառավարիչների համար։ Ներկայացնում ենք Իգոր Մուրադյանի դասախոսություններից մեկը։

Lragir.am

09.12.2013

Ստեփանակերտում տեղի է ունեցել քննարկում Իգոր Մուրադյանի բանախոսությամբ

Դեկտեմբերի 6-ին, Ստեփանակերտում «Ազգային վերածնունդ»  կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման նախաձեռնող Իգոր Մուրադյանի բանախոսությամբ: Բանախոսն անդրադարձավ Հարավային Կովկասի և Միջին Արևելքի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին և հայության սուվերենության խնդիրներին:

Ի.Մուրադյանը համարում է, որ 1990-ական թվականներին աշխարհը Հայաստանն ընկալում էր որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության շարունակություն: Սակայն 90-ականների վերջից տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հնարավորություն տվեցին վերաիմաստավորել Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում: Դրան նպաստեց Թուրքիայի գործոնը: Վերջինս, ԽՍՀՄ փլուզումից հետո, կորցնելով հզոր հարևանից եկող սպառնալիքը, հնարավորություն ունեցավ իր սահմանների ամբողջ երկայնքով ձեռք բերել նոր դիրքեր, գործընկերներ, նոր շուկաներ և սկսեց իր էքսպանսիան: Ոչ թե տարածքի զավթում կամ ռազմական ագրեսիա, այլ Թուրքիայի ազդեցության ուժեղացում տարբեր մեթոդներով, տարբեր ուղղություններով: Սա չէր կարող չանհանգստացնել Արևմուտքին, այդ թվում ԱՄՆ-ին:  ԱՄՆ-ում երկար ժամանակ հստակ մոտեցում չկար Թուրքիայի նկատմամբ, շարունակում էին նրան համարել իրենց հուսալի գործընկերը և նրա ամբիցիոզ ծրագրերին ու հայտարարություններին մոտենում էին որպես ինչ-որ ժամանակավոր երևույթի: 2003թ. իրաքյան պատերազմը ցույց տվեց, որ այդ պատկերացումները հնացած են: Այդ ժամանակվանից սկսված ԱՄՆ ադմինիստրացիան դիմում է ամերիկյան փորձագիտական բոլոր շրջանակներին՝ Թուրքիայի նկատմամբ մոտեցումները հստակեցնելու համար: Ըստ Ի.Մուրադյանի՝ արդեն Բ.Օբամայի իշխանության օրոք ԱՄՆ-ում մշակվում է Թուրքիային զսպելու, նրա ամբիցիաները սահմանափակելու ծրագիր: Սրա իմաստը հետևյալն էր՝ չխանգարել Թուրքիային ոչնչում, թույլատրել նրա էքսպանսիան բոլոր ուղղություններով՝ Բալկաններ, Կովկաս, Միջին Ասիա և այլ շրջաններ, որոնցում նա կարող էր ինչ-որ բան անել: Պարզվեց որ հարևան երկրները բոլորն էլ անհանգստացած են Թուրքիայի ակտիվությունից և Թուրքիայի զսպան քաղաքականություն սկսեցին և բոլորն էլ ԱՄՆ-ից այս կամ այն չափով օգնություն ստացան:

Իգոր Մուրադյանը փաստեց, որ դեռ անցյալ տարի, երբ փորձագետների մեծ մասը, այդ թվում Ռուսաստանում, համարում էին, որ ԱՄՆ ՄԵրձավոր Արևելքում  հենվում է սունիական աշխարհի վրա (Թուրքիան ձգտում ունի դառնալու այս աշխարհի առաջնորդը), որոշ «խելապակաս» փորձագետներ, այդ թվում և ինքը, կանխատեսել էին, որ ամիսներ անց կսկսեն ամերիկաիրանական հարաբերությունների բարելավում: Սա բխում է ԱՄՆ քաղաքականությունից, որը ցանկանում է պահպանել հավասարակշռությունը շիաների և սունիների միջև: Եվ այդպիսով ղեկավարել ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլ ավելի լայն տարածություն:

«Ո՞րն է Հայաստանի նոր դերը,- հարցնում է Իգոր Մուրադյանը և պատասխանում,- Հայաստանը կարևոր դեր ունի Թուրքիայի զսպման գործում: Ոչ միայն Հայաստանն ինքը, այլ հայկական խնդիրների ամբողջ համալիրը: Ամերիկացիները Հայաստանին հանեցին միջազգային քաղաքականության ռեզերվից, խորը ռեզերվից, որտեղ Հայաստանը գտնվում էր 90-ական թվականներին և 2000-ականների սկզբին , և նրանից սարքեցին ենթադերակատար: Ոչ լիարժեք դերակատար: Եվ սկսեցին նայել նրան ոչ միայն Ռուսաստանի խնդիրների պրիզմայից, այլ նաև Թուրքիայի զսպման տեսանկյունից: Դա լավ է, թե՞ վատ: Ի՞նչ է սա: Դա ոչ հաճելի հեռանկար է անվտանգության տեսանկյունից: Բայց այս հեռանկարը մեզ ապահովում է ակտիվ քաղաքականություն և ակտիվ դեր միջազգային հարաբերություններում: Եվ ոչ միայն ԱՄՆ-ի կողմից, այլ նաև այն երկրների կողմից, որոնք հետաքրքրված են Թուրքիայի զսպմամբ: Դա համաշխարհային մակարդակի խնդիր չէ, բայց տարածաշրջանային խնդիր է, առանց որի չի կարելի պատկերացնել մի հսկա տարածաշրջանի անվտանգության հարց՝ Բալկաններից մինչև Չինաստանի սահման»:

Բանախոսն անդրադարձավ նաև Կովկասի խնդիրներին: «Կովկասը ավելի սկզբունքային տարածք է, քան կարելի է թվալ: Այստեղ թվում է ակտիվ քաղաքականություն չկա: Սա այն տարածաշրջանը չէ, որի մասին ամեն օր կարելի է կարդալ մեծ թերթերի էջերին: Որո՞նք են ԱՄՆ նպատակները Կովկասում: Դրանք փոխվել են: Ոմանք մտածում են, որ ուշադրությունն ընկել է: Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել ուշադրության դեֆորմատիզացիա: Սկզբում Կովկասը 2 ֆունկցիա ուներ՝ տրանզիտ և սերվիսի դեր էր կատարում՝ նավթի և գազի դուրսհանում, զորքերի տեղափոխում Աֆղանստան: Այդ ֆունկցիաները վերջանում են, ադրբեջանական նավթը ապաքաղաքականացվում է. կովկասյան նավթը հիմնականում տնտեսական է, հատկապես, երբ այն վերջանում է: Այլ ֆունկցիա է մշակվել: Հարավային Կովկասը դառնում է Եվրոպական անվտնագության մաս, իսկ ավելի լայն՝ եվրոատլանտյան անվտանգության մաս: Առանց Հրվ. Կովկասի նկատմամբ Արևմուտքի կողմից հսկողության, կամ գոնե մասամբ հսկողության, չի կարելի է  պատկերացնել Եվրոպական անվտանգության համակարգի ամբողջականությունը: Հարավային Կովկաս ասելով այստեղ նկատի ունենք Հարավային Կովկաս-Սևծովյան տարածաշրջանը»:

Այս ամենից ելնելով, Ի.Մուրադյանը կարծում է, որ եթե ստորագրեինք Ասոցացման պայմանագիրը, մենք դառնալու էինք ԱՄՆ գործընկերը Թուրքիայի զսպման քաղաքականության մեջ: Երկրորդ կարևոր պահը՝ մենք դառնալու էինք ԵՄ գործընկերը: Սակայն տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ի «քաղաքական կատաստրոֆան», որը հայկական հասարակությունն ի վիճակի չէ հասկանալ:

«Աշխարհի ամենակարևոր բանը ինքնիշխանությունն է, ո՛չ փողը, ո՛չ ռեսուրսները, այլ՝ ինքնիշխանությունը: Միայն սուվերեն երկրի հետ կարող են գործ ունենալ: Միայն սուվերեն երկրին զենք կտան ու կպաշտպանեն: Իսկ ո՞վ կօժանդակի վասալին: ինչի՞ համար: Որպեսզի օգնեն Մաքսային միությանը, որպեսզի օգնե՞ն Ռուսաստանին: Ինչի՞ համար: Ոչ մեկը դա չի անի: Գլխավոր փաստարկը՝ սուվերենիտետի կորուստն է: Հայկական հասարակությունը ի վիճակի չէ սա հասկանալ: Երևանում սա շատ աբստրակտ բան է: Մենք չենք հասկանում ինքնիշխանությունը, չգիտենք թե դա ինչ է: Եվ այստեղից հարց է ծագում: Կպահպանվի արդյո՞ք մեր ֆունկցիան ԱՄՆ համար Թուրքիայի նկատմամբ քաղաքականության մեջ: Ես վերջերս եղա ԱՄՆ-ում, հանդիպումներ ունեցա փորձագիտական շրջանակների հետ: Զբիգնև Բժեզինսկին հարցրեց՝ եթե Ռուսաստանը ձեզ համարում է իր վասալը, ինչու՞ մենք պետք է ձեզ չհամարենք Ռուսաստանի վասալը: Երկաթե տրամադրություն: Մենք չկանք, մեր փոխարեն որոշում է Ռուսաստանը: Ոչ ոք մեզ հետ ոչինչ չի որոշի, կորոշեն Մոսկվայի հետ: Տեսա՞ք նախագահի վիճակը Վիլնյուսում: Նրան ուղղակի ցույց տվեցին, որ ինքն այնտեղ չկա»:

Դասախոսության վերջում Իգոր Մուրադյանն անդրադարձավ նաև Արցախին:  «Ռուսաստանը նրա համար չի մեզ գնել, որ այս տարածքը (Արցախը) դեռ Հանրապետություն էլ կոչվի: Ռուսական պսիխոլոգիայի համար Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը բերում է խելագարության: Նրանք մինչ այժմ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես փոքրիկ ժողովուրդը ժամանակին կարողացավ գործել ի հակառակ իրենց ցանկության: Նրանք ընդամենը սխալվեցին իրենց հաշվարկներում 90-ականներին: Նրանք չէին կարծում, որ մենք կկանգնենք: Ռուսաստանը թույլ էր և ձեռքերը երկար չէին: Բայց Ռուսաստանը նպատակ չուներ, որ մենք մնայինք այս հողում: Ռուսները նպատակ ունեին մեզ վաճառել հնարավորինս թանկ գնով,-եզրափակեց նա»:

«Ազգային վերածնունդ»  կուսակցությունն առաջիկայում ևս կշարունակի հանրային քննարկումներ կազմակերպել կարևոր թեմաների շուրջ՝ նպատակ ունենալով նոր գաղափարներ տալ և ակտիվացնել արցախյան հասարակությունը:

ԱՎԿ մամլո ծառայություն

https://www.lragir.am/2013/12/09/92134/