«Ես ուզում եմ, որ մարդիկ չչարանան իրար հանդեպ, որովհետև դու չգիտես, թե քո դժվար պահին ով ձեռք կմեկնի քեզ»

  • 13:09 03.05.2026

Գայանե Սահակովան մանկաբույժ է։ Ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Հայրական կողմից նրա արմատները սերվում են Արցախի Շուշի քաղաքից, մայրական կողմից՝ Արևմտյան Հայաստանի Մուսա Լեռից։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Գայանեն անդամագրվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակում։

44-օրյա պատերազմի լուրը ստանալուն պես ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերը իրար հետևից մեկնեցին Արցախ՝  մարտական առաջադրանք ստանալով պաշտպանել նրա հյուսիսային սահմանները:

Այդ կամավորականների մեջ էր նաև բժշկուհի Գայանեն

-2019 թվականից արդեն աշխատում էի Երևանի հիվանդանոցներից մեկում։ Այդ ժամանակահատվածում պայքարում էինք մարդկանց կյանքը քովիդից փրկելու համար։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Արցախում կրկին պատերազմ սկսեց, ես հերթապահում էի հիվանդանոցում։ Կամավորականների գումարտակում հավաք հայտարարվեց․ հերթապահությունից հետո շտապեցի հավաքին մասնակցելու։ Որոշում կայացվեց անհապաղ մեկնել առաջնագիծ։ Ես ընկերներիս ասացի, որ ցանկանում եմ միանալ գումարտակի կամավորականներին։ Որպես բժիշկ՝ իմ տեղն այնտեղ է։ Առարկություն չեղավ, խնդրանքիս ընդառաջեցին։

Նույն օրը երեկոյան մեկնեցինք Արցախ։ Ստեփանակերտում հագուստ ստացանք, նույն օրը շարժվեցինք դեպի Մատաղիս։ Մատաղիսի անկումից հետո մենք գնացինք Մաղավուզ, հետո՝ Մարտակերտ։ Մինչև նոյեմբերի 25-ը Մարտակերտում էի։ Մատաղիսում իմ առաջին վիրավորները ժամկետային զինծառայողներ էին։ Հետո լսեցինք ընկեր Գեղամ Մուշեղյանի զոհվելու լուրը։

Ծանր օրեր էին․ ամեն օր զոհեր, վիրավորներ։ Իհարկե, երբեմն վախենում էի, բայց ինձ հետ էին ընկերներս։ Մեզ հետ էր բժիշկ Նորայրը․ նրա կողքին ինձ վստահ ու ապահով էի զգում։ Մաղավուզն անընդհատ ռմբակոծվում էր, վիրավորներ կային շատ։ Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղ գյուղին հարող՝ ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը և դրանով իսկ հյուսիսային պաշտպանական գոտում ճեղքում առաջացնելը թշնամու համար կարևորագույն նշանակություն ուներ: ՀՅԴ կամավորականներն իրենց վրա էին վերցել Վարնկաթաղի գրավման առաջին հուժկու հարվածները:

Ցավոք, մեր տղաներից զոհեր ունեցանք այդ ռազմագործողության ժամանակ։ Նրանք դեմառդեմ էին կռվում թշնամու հետ։ 44-օրյա պատերազմի ավարտը խոցեց բոլորիս։ Անչափ ծանր էր լսել այն մասին, որ Արցախի տարածքի զգալի մասն անցել է թշնամու տիրապետության տակ։ Երբեք չեմ մոռանում, թե ինչպես էին տղամարդիկ լացում։ Շատերն Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ էին, հաղթանակ կերտած մարդիկ։ Նրանք առավել ծանր էին տանում պատերազմի ամոթալի ու ցավոտ ավարտը։ Պատերազմի ավարտի հայտարարությունն և ստորացուցիչ պայմանագրի ստորագրումը մեծ հարված էր թիկունքից։

44-օրյա պատերազմից հետո Գայանեն չդադարեց ապրել արցախցու կյանքով, անել հնարավորը, որ մեղմացվի նրա ցավը

-Պատերազմից հետո ես ու իմ ընկերները պարբերաբար գնում էինք Արցախ, այցելում բազմազավակ, տեղահանված ընտանիքներ։ Առանձնապես աշխատում էինք օգնել երեխաներին․ գո՞ւցե մանկաբույժ եմ ու դրանից ավելի շատ եմ զգայուն երեխաների հանդեպ։ Մենք այդ օգնությունները չէինք կարwղ անել առանց բարեգործ մարդկանց ու մեր սփյուռքահայ բարեկամների։ Տրամադրում էինք սնունդ, տակդիր, հիգիենայի պարագաներ։ Իրականում շատ դժվար էր այդ ընտանիքներ մտնելը, որտեղ հայր են կորցրել, որդի, եղբայր։ Սակայն մենք ցանկանում էինք ինչ որ կերպ սփոփել նրանց։ Մեզ թվում էր, որ այդ օրերը մեր կյանքի ամենածանր օրերն էին։

Հեշտ չէր անցնել Շուշիի կողքով, որն այլևս մերը չէ։ Հետո Արցախը շրջափակվեց ու ավելի վատացավ արցախցու վիճակը և փակվեց մեր ճանապարհը դեպի Արցախ։ Անընդհատ մտածում էինք․ ի՞նչ օրի են արցախցիները, հիմա էլ շրջափակումը նրանց նոր փորձության առաջ կանգնեցրեց։ Ու հասկացանք, որ ծանր օրերը դեռ նոր են սկսվում։

2023 թվականի Արցախի հայաթափումը մեծ հարված էր պատերազմի թոհուբոհով անցած երիտասարդ բժշկուհու, համար

-Կորցնելով Արցախը՝ մենք կորցրինք մեր հայրենիքի կարևոր մասը։ Մենք կորցրինք տղաների արյամբ շաղախված ու տարիներ շարունակ արժանապատվորեն պահվող հողը։ Արցախը լոկ տարածք չէր․ այն հայրենիք էր, որն այսօր հայտնվել է գերության մեջ։

Ընկերներիս հետ շարունակում եմ արցախցիների կողքին լինել։ Տեղահանությունից հետո հնարավորության սահմաններում օգնում, աջակցում ենք նրանց։

Սակայն, երբ անդադար պայքարի մեջ ես, կարևոր բաների վրա կենտրոնացած ու պատասխանատու, ի վերջո հոգնում ես պարզապես՝ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկապես։ Երբեմն մտածում եմ՝ ճի՞շտ եմ անում, որ այդ մեծ պատասխանատվությունը վերցնում եմ իմ ուսերին, հետո հասկանում, որ այլ կերպ չեմ կարող։ Իրականում արցախցին չպետք է բարեգործության կարիք ունենա, նրա բոլոր հոգսերը պետք է պետությունը հոգա, հանձն առնի բռնատեղահանված մարդու պաշտպանությունը։ Փաստացի շատ բարի մարդիկ կան, ովքեր չեն կարողանում հանգիստ նստել ու նայել, թե ինչպես են տեղահանված արցախցիները իրենց խնդիրների հետ մենակ մնացել։ Նրանք իրենց անձնական կյանքը թողնելով մի կողմ՝ մտածում են ինչ որ կերպ օգտակար լինել։

Պատերազմի օրերին Գայանեն զգաց ընկերության ուժը

-Ռազմի դաշտում, երբ զգում ես, որ քո կողքին ընկերդ է, ով կարող է հանուն քեզ իր կյանքը տալ, քեզ հետ կիսել քո ցավը, իր թիկունքով պաշտպանել քեզ, հասկանում ես, որ ընկերությունը կարևորագույնն է մարդու կյանքում։ Պատերազմի օրերին մենք աշխատում էինք իրար ուժ հաղորդել, չվհատվել, իսկ երբեմն էլ կատակում էինք արցունքների միջից։ Ջերմությամբ եմ հիշում, երբ րոպեական անդորր էր լինում, տղաները վազում էին դաշտային ծաղիկներ  հավաքելու ինձ համար

Ես ուզում եմ, որ մարդիկ չչարանան իրար հանդեպ, որովհետև դու չգիտես, թե քո դժվար պահին ով ձեռք կմեկնի քեզ, գո՞ւցե նա, որին դու բոլորովին չես սպասում․․․

Բժշկուհի Գայանեն այդքան փորձությունների միջով անցնելուց հետո իր երջանկությունը գտել է ընտանիք կազմելու մեջ։ Նա խնամում է իր բալիկին, ինչպես նաև շարունակում է մանկաբույժի իր առաքելությունը։