Մինչև 1998 թվականը զոհվածների ընտանիքները չեն ընդգրկվում ծրագրի մեջ։ Ինչո՞ւ․․․

  • 22:56 05.05.2026

Արդարացի գնահատենք տղաների նվիրումն ու անձնազոհությունը

-Արցախյան բոլոր պատերազմներն էլ իրենց աղետալի հետքն են թողել։ Ամուսինս զոհվել է առաջին պատերազմում․ երկու զավակներիս միայնակ եմ մեծացրել, ոտքի կանգնեցրել։ Թե ինչպիսի դժվարություններով, կիմանամ միայն ես ու իմ բախտակիցները։ Մենք՝ այրիացած կանայքս, և՛ հայր էինք, և՛ մայր։ Արցախյան առաջին պատերազմից հետո ծանր ժամանակաշրջան ենք ապրել, ամեն ինչի պակաս կար, իսկ ամենացավալին՝ մեր երեխաներն անհայր էին մնացել։ Եվ այսօր 90-ականներին հաղթանակ կերտած մեր տղաներն ասես ստվերում են մնացել,- հուզմունքը չի կարողանում զսպել զոհված զինվորի այրի Արմիդա Աղաջանյանը։

Արցախի տեղահանությունից հետո տիկին Արմիդան բնակություն է հաստատել Էջմիածին քաղաքում։ Ապրում է դստեր հետ, ով միայնակ մայր է։ Որդին՝ Կարենը, բնակվում է Գորիսում՝ 8 զավակների հայր է։ Զոհված զինվորի այրին երկար տարիներ աշխատում էր Արցախէներգո ՓԲԸ-ում։ Ուներ կայուն աշխատանք, բնակարան, բանջարանոց, այգի։ Երբեք չէր տրտնջում իրեն հասած ճակատագրից։

Վերջերս սոցիալական հարթակներից տեղեկացել է, որ շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ, որը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին է։ Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել 1998 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար։

Տիկին Արմիդան խոսում է ոչ միայն իր անունից

-Այսինքն մինչև 1998 թվականը զոհվածների ընտանիքները չեն ընդգրկվում այդ ծրագրի մեջ։ Ինչո՞ւ․․․ Նորից եմ կրկնում՝ պատերազմները համահավասար են ազդել զոհվածների ընտանիքների վրա։ Առաջին պատերազմից տարիներ են անցել։ Երեխաները մեծացել են, ընտանիքներ կազմել, նրանք այլևս շահառու չեն։ Սակայն զոհվածների կանայք, ծնողներն ապրում են․ նրանք նյութական կարիքների մեջ են։ Մի՞թե արժանի են նման վերաբերմունքի։ Ես ողջունում եմ, որ կառավարությունը որոշել է ընդլայնել շահառուների ցուցակը, և մեծ ցավ եմ ապրում բոլոր զոհվածների համար՝ սեփական մաշկիս վրա զգալով, թե ինչքան դժվար է առանց հայր երեխա մեծացնել։ Միաժամանակ չեմ կարող լուռ անցնել մեր հանդեպ կատարվող անարդարության կողքով։ Իմ շրջապատում շատ կան Արցախյան առաջին պատերազմում զոհվածների ընտանիքներ, և բոլորն էլ կիսում են իմ կարծքիը։ Զոհվածների նվիրումն ու անձնազոհությունը պետք է գնահատվի արդարացի։ Մենք դեռևս հույս ունենք, որ նախագիծը կվերանայվի, և զոհված տղաների միջև դրվող տարբերակումը կվերանա։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ