
Ինձ համար յուրաքանչյուր մարդ առանձին աշխարհ է, և իմ աշխատանքը այդ աշխարհը հասկանալն ու աջակցելն է
Աիդա Գյանջումյանը հոգեբան է ոչ միայն մասնագիտությամբ, այլ նաև մարդու նկատմամբ վերաբերմունքով։ Նրա անձնային որակներից են ինքնակրթությունը, ինքնազարգացումը և ընդգծված սերն ուսման հանդեպ։ Նա անընդհատ ինքնակրթվում է՝ թե՛ դպրոցում աշխատելու տարիներին, թե՛ նորարարական մեթոդներով աշխատելու ժամանակ։ Նա ստացել է կոչում՝ «Նորարարությունը մանկավարժության մեջ»։ Ինչպես ասում է՝ միշտ ձգտել է նորովի աշխատել, կրթությանն աջակցելու գործում օգտակար աշխատանք տանել։
Աիդա Գյանջումյանը, որպես մենթոր, աշխատում է «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամում, իսկ «Ղողանջ» մանկական զարգացման կենտրոնում՝ ծրագրերի ղեկավար է։ Որպես հոգեբան մասնակցում է տարբեր ծրագրերի։
Աշխատում է արցախցի մայրիկների, երեխաների հետ, ինչպես անհատական, այնպես էլ թիմային։
Տիկին Գյանջումյանը հաճույքով է պատմում իր աշխատանքի մասին
-Երևան տեղափոխվելուց հետո անցել եմ բազմաթիվ վերապատրաստումներ՝ շարունակաբար խորացնելով գիտելիքներս և գործնական հմտություններս։ Դրանցից երեքը եղել են միջազգային ծրագրեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իմ մասնագիտական ձևավորման վրա։ Աշխատում եմ երեխաների և մեծահասակների հետ՝ ուղեկցելով նրանց իրենց ներքին ճանապարհին՝ դեպի ավելի գիտակցված, հանգիստ և ամբողջական կյանք՝ օգնելով հաղթահարել անհանգստությունը, ներքին լարվածությունը, հարաբերությունների դժվարությունները և ինքնավստահության խնդիրները։ Իմ աշխատանքում կիրառում եմ ժամանակակից և արդյունավետ մոտեցումներ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (CBT), արտ-թերապիա, նարատիվ թերապիա, ինչպես նաև տրավմայի հետ աշխատանքի մեթոդներ (EMDR, Brainspotting)։ Իմ աշխատանքի հիմքում մարդուն հասկանալու և անվտանգ տարածք ստեղծելու սկզբունքն է, որտեղ հնարավոր է իրական փոփոխություն։ Ինձ համար յուրաքանչյուր մարդ առանձին աշխարհ է, և իմ աշխատանքը այդ աշխարհը հասկանալն ու աջակցելն է։
Երեխայի ներքին աշխարհն անչափ փխրուն է։ Հոգեբանը խորհուրդներ է տալիս ծնողներին, թե ինչպես պետք է հարաբերվել երեխաների հետ, որպեսզի նրանց ներաշխարհն ամուր լինի․․․
-Երեխայի ներքին աշխարհը չի բացվում հրահանգով, այն բացվում է հարաբերության մեջ։ Երբ երեխան իրեն անվտանգ է զգում, նա սկսում է խոսել ոչ միայն բառերով, այլ նաև վարքով, խաղով, լռությամբ։ Ինչպե՞ս ձևավորել վստահություն երեխայի հետ հարցը շատ է հնչում։ Երեխային պետք է լսել՝ առանց շտապելու ուղղել, երբ նա խոսում է։ Առաջին նպատակը չպետք է լինի «ուղղելը» կամ «խորհուրդ տալը»։ Երբեմն երեխային պետք է պարզապես լսել՝ առանց գնահատելու։ «Ես քեզ լսում եմ» ավելի բուժիչ է, քան «դա ճիշտ չէ»։ Երբեք չպետք է նրա զգացմունքներն անտեսել։ «Մի լացիր», «ոչ մի բան չի եղել» արտահայտությունները սովորեցնում են երեխային չվստահել իր զգացմունքներին։ Ավելի առողջ տարբերակ է՝ «Ես տեսնում եմ, որ քեզ դա ցավեցրեց», «Դա քեզ համար դժվար էր, այո՞»․․․
Վստահելի կանխատեսելիություն երեխայի համար անվտանգ միջավայր է այն, որտեղ մեծահասակի արձագանքը կանխատեսելի է։ Եթե ծնողը այսօր գոռում է, վաղը անտեսում, մյուս օրը գրկում՝ երեխայի նյարդային համակարգը չի զգում կայունություն։ Երեխան չի ծնվում իր զգացմունքները ճանաչելով։ Ծնողը կարող է օգնել՝ «Դու հիմա հիասթափված ես թվում» «Կարծես վախեցար»։ Սա զարգացնում է երեխայի էմոցիոնալ ինտելեկտը։ Պետք է երեխային սխալվելու իրավունք ևս տալ։ Եթե երեխան վախենում է սխալվել, նա դադարում է փորձել։ «Սխալը սովորելու մաս է, ոչ թե ամոթ»։ Սա ձևավորում է առողջ ինքնագնահատական։
Կարևոր է չփոխարինել երեխայի փորձը։ Շատ ծնողներ արագ «լուծում են» երեխայի խնդիրը, բայց երեխային երբեմն պետք է՝ զգալ, փորձել, հասկանալ։ Ծնողը պետք է աջակցի, այլ ոչ թե փոխարինի։ Մեծ նշանակություն ունի հուզական կապը՝ ոչ թե միայն վերահսկողությունը։ Երեխաները չեն հիշում միայն կանոնները, նրանք հիշում են՝ իրենց կողքին զգացած մարդուն։ Երեխայի ներքին աշխարհը չի ձևավորվում խոսքերով, այլ՝ հարաբերության որակով։ Այն, թե ինչպես է երեխան զգում իրեն ձեր կողքին, դառնում է նրա ներքին ձայնը ողջ կյանքի համար։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ