
Ավելի քան երեք տասնամյակներ են անցել Արցախյան առաջին պատերազմից, սակայն բուժքույր Լյուդմիլա Հայրիյանի հիշողությունից ոչինչ չի ջնջվել։ Ծանր ու դժվար տարիներ էին, սակայն կերտվեց փառավոր հաղթանակ։ Ինչպես կին-վետերանն է ասում՝ հաղթանակի հիմնական գրավականը արցախահայության միասնությունն էր, մի գաղափարի շուրջ համախմբվելը։
Բուժքույր Լյուդան պատմում է
-1991 թվականին Ասկերանի շտապօգնության ավագ բուժքույրն էի։ 1992 թվականի սեպտեմբերից տեղափոխվեցի ԱՀ ՊԲ՝ միանգամից մեկնելով առաջնագիծ։ Այսօրվա պես հիշում եմ ամեն ինչ և մեծ ցավ եմ ապրում, որ անձնազոհ տղաների շնորհիվ կերտված մեր երկիրը մնաց թշնամուն։ Այդ տարիներին շատ էինք համախմբված, ոգևորված հաղթանակի տենչով․ մեր առջև մի նպատակ էր՝ ունենալ ազատ ու անկախ Արցախ, վերականգնել պատմական արդարությունը։ Մարտի դաշտում անգամ, երբ ամեն վայրկյան զոհ ու վիրավոր էինք ունենում, էլի մտածում էինք, որ պետք է հաղթենք, քանզի գիտեինք, որ մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում, ինչքան էլ դա դաժան լինի։
Ծանր վիրավորներին առաջին օգնություն էինք ցույց տալիս և ուղարկում քաղաքային հոսպիտալ։ Ցավոք, ոչ բոլորն էին փրկվում։ Մեր գումարտակը, որի հրամանատարը Արթուր Հարությունյանն էր, 1992-1993 թվականների հունիսի 12-ին մեծ կորուստներ ունեցավ։ 1992 թվականի հունիսի 12-ին Ասկերան-Նախիջևանիկ ճակատային գծում ծավալված թեժ մարտերում շատ զոհեր ու վիրավորներ ունեցանք։ 1993-ին Ակնայի կրակակետերի վնասազերծման ուղղությամբ ձեռնարկված ռազմագործողության ժամանակ տեղամասերից մեկում հակառակորդի ականի վրա պայթեց մեր տանկը, որի անձնակազմը ողջակիզվեց (Արտավազդ Հակոբյան, Վաչագան Բաբայան, Էդուարդ Հարությունյան)։
Նույն օրը թեժ մարտեր էին մղվում տարբեր ուղղություններով։ Մենք՝ ես, բուժքույրեր Ռիտա Ղարիբյանը, Սուրբիկ Աղաջանյանը, ճանապարհի մոտ փորված խրամատներում էինք, որտեղ էլ առաջին օգնություն էինք ցույց տալիս վիրավորներին։ Այդ ժամանակ լուր հասավ, որ տանկի մոտակայքում կռվող պարեկային խմբի տղաների մի մասը զոհվել է, իսկ մի մասը վիարվոր է։ Նրանց մեջ էին երկու որդիներս ու ամուսինս։ Պատկերացրեք իմ վիճակը։ Հետո պարզվեց, որ դա սխալ տեղեկություն էր։
Այդ օրը շատ զոհեր ու վիրավորներ տվեցինք։ Ընթանում էին Ակնայի շրջակա գյուղերի ազատագրման մարտերը։ 1993 թվականի հուլիսի 23-ին Ակնան արդեն հայկական ուժերի վերահսկողության տակ էր։ Բուժակ Թաթուլ Շեկյանի գլխավորությամբ մենք մեր առաքելությունը իրականացնում էինք ինչպես պետք էր։ Սուրբիկի ամուսինը՝ Ալբերտը, զոհվել էր, նրան ուղարկել էին տուն, որ տեր կանգներ երեք մանկահասակ երեխաներին։ Մեզ արդեն միացել էր բուժքույր Գայանե Գաբրիելյանը՝ տակավին երիտասարդ աղջիկ, սակայն շատ խիզախ, համարձակ։
Հիշում եմ, որքան էինք նվիրված, անվախ, միաբռունցք․․․ Տղաների համար մենք ոչ միայն բուժքույր էինք, այլ նաև մայր և քույր․․․ Դժբախտաբար պատերազմի վետերաններից շատերն այլևս մեզ հետ չեն։ Հրաշքով ողջ մնացած ազատամարտիկները հետագայում մի շարք հիվանդությունների պատճառով շուտ են հեռացել կյաքից․ դա ևս պատերազմի հետևանք էր։
Մենք՝ վետերաններս, մասնակցել ենք նաև Արցախյան մյուս պատերազմներին։ Երբեք չենք ընկրկել զինվորի կողքին լինելուց՝ դրանով իսկ ուժ ու վստահություն տալով նրան։ Ափսոս, ամեն ինչ ջուր ընկավ․ ափսոս հազարավոր մեր տղաներ․․․
Լյուդմիլա Հայրիյանի հայրը՝ Հրանտ Մելքումյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերան էր։ Պատահական չէ, որ նրա դուստրերը (բուժքույր Էլմիրա Մելքումյանը նույնպես Արցախյան առաջին պատերազմի մասնակից է), թոռները հորից ու պապից ժառանգել են պայքարելու, հաղթանակ կերտելու գենը։
-Մենք մեծացել ու դաստիարակվել ենք հայրենասիրական ոգով։ Հայրս գրեթե ամեն օր պատմում էր Հայերնական Մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից։ Հպարտանում էր հաղթանակով, շեշտում, որ հայերի դերակատարությունը մեծ էր։ Մեր մանկությունն անցել է մի միջավայրում, որտեղ խոսվում էր միայն պայքարի ու հաղթանակի մասին, ու մենք դա փոխանցել ենք մեր զավակներին՝ փորձելով նրանց մեջ սերմանել նույն գաղափարները․․․
Տարիներ շարունակ հպարտության զգացումով մենք տոնում էինք Մայիսյան Եռատոնը։ Այն մեզ համար միշտ կմնա որպես փառավոր հաղթանակների օր։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս այդ տոնի առթիվ ու ասել, որ ոչինչ մոռացված չէ։ Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը չկոտրվի, անկախ ամեն ինչից, շարունակի ապրել ու չկորցնել վերադարձի հույսը,-ասում է կին-վետերանը։
Մինչև 1995 թվականը Լյուդմիլա Հայրիյանը ծառայել է ԱՀ ՊԲ-ում, հետո տեղափոխվել Ասկերանի շրջանային բուժմիավորում, որտեղ աշխատել է մինչև 2021 թվականը։
Արցախյան առաջին պատերազմի վետերանը պարգևատրվել է մի շարք մեդալներով ու պատվոգրերով։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ