Գայանե Հայրապետյանը Շուշիի ազատագրման մասնակիցն է

  • 11:04 09.05.2026

1992 թվականի մայիսի 8-ին Գայանե Հայրապետյանը Շուշիի մատույցներում էր։ Սկսվել էր հինավուրց բերդաքաղաքի ազատագրման ռազմագործողությունը։ Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Դաշտային հոսպիտալի բուժքույր Գայանեն բուժանձնակազմի հետ Ջանհասան-Քյոսալար ուղղությունում էր, որի հրամանատարը Սեյրան Օհանյանն էր։ 

Գայանեն պատմում է

-Մեր կայանման դիրքի առջևում՝ ճանապարհին, Գյումրու տղաների ջոկատն էր դիրքավորված։ Տղաները չգիտեին, որ թշնամու կողմից օղակի մեջ էին առնվել։ Ենթարկվում են հանկարծակի հարձակման ու խոշտանգվելով սպանվում։ Ջոկատից մի հոգի է ողջ մնում՝ Մնացականը։ Երբ վիրավորում է ստանում, գլորվելով ցած է սահում ճանապարհից և ընկնում խոտերի մեջ՝ այդպիսով մնում անտեսանելի։ Հետո, երբ մերոնք հասնում են այդ տեղամասն ու սկսում խոսել, Մնացականը հասկանում է, որ հայեր են և օգնության է կանչում։ Մենք՝ ես, Արևիկը, Լիդան բուժական մեքենայում էինք բժիշկ Գասպարյանի հետ։ Վիրավորին առաջին օգնություն ենք ցույց տալիս և ուղարկում հոսպիտալ, որը տեղակայված էր Ստեփանակերտի շենքերից մեկի նկուղում։ Իմ ձեռքերում մահանում է մեր տեխնիկումի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալեքսանդր Առստամյանը։ Իհարկե, ծանր էր տեսնել, թե ինչպես են քո աչքի առաջ զոհվում մարդիկ, կամ վիրավորվում, որոնց ողջ մնալը քեզանից է կախված։ Բուժաշխատողներիս առջև մի նպատակ էր միայն՝ փրկել կյանքեր։ Բժիշկ Վալերի Մարությանն էր բաշխում, թե ով, որ ուղղությամբ պետք է գնա։ Քիչ էինք, սակայն հասցնում էինք առաջին օգնություն ցուցաբերել, միաժամանակ վիրավորների արյունլվա մարմինները մաքրել և պատգարակների վրա հասցնել մինչև մեքենա։ Շուշիի ազատագրումը մեզ համար ամենամեծ հաղթանակն էր․ այլևս Շուշիից չէին հրթիռակոծվում Ստեփանակերտն ու հայկական մյուս բնակավայրերը։

Մասնակցել եմ Շուշիի, Ակնայի, Մարտակերտի, Քաշաթաղի, Ջրականի շրջանների բնակավայրերի ազատագրման մարտերին։ Փետրվար ամիսն էր․ Ջրականում էինք։ Նոր ռազմագործողություն էր նախապատրաստվում էր։ Մոտ 15-20 հոգով տեղակայվել էինք մի շենքում ու ստեղծել պյամաններ վիրավորներին ընդունելու և օգնություն ցուցաբերելու համար։ Երկու շաբաթը մեկ պետք է հերթափոխվեինք, սակայն այդտեղ մնացինք 1 ամիս, քանի որ հայտնվել էինք շրջափակման մեջ։ Մեզ գլխավորում էր բժիշկ Մարությանը։ Դեղամիջոցներ և որոշակի սնունդ դեռևս ունեինք, սակայն վերջին օրերին վերջացավ ցամաք հացն ու ջուրը։ Դրսում ցուրտ ձմեռ էր, այդ տարի առատ ձյուն էր նստել։ Ստպված էինք ծառերի տակի ձյունը հավաքել, որ հալեցնենք․ ձյան տակ հայտնաբերեցինք մրգերի տեսականի։ Իհարկե, այդ պահին դա շատ ուրախացրեց մեզ։

Անշուշտ, դժվար էր դաշտային հոսպիտալի բուժքույր լինել, սակայն, երբ հիշում եմ մեր անցած օրերը, հասկանում եմ, որ այդ տարիները մեր հպարտության տարիներն էին, քանի որ ընկերությունն անշահախնդիր էր, նվիրումն անմնացորդ։ Իմ 20 տարեկանը լրացավ մարտի դաշտում։ Հիշում եմ՝ որտեղից որտեղ շոկոլադե մի սալիկ գտնվեց։ Երևի մի 10 հոգով իրար հետ կիսեցինք ու համտեսեցինք մեր կյանքի ամենահամեղ շոկոլադը․․․

Գայանե Հայրապետյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, հաճախել Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել Կապանի բժշկական քոլեջում։ Գայանեն Արցախյան շարժման առաջամարտիկ Սերժիկ Հայրապետյանի դուստրն է։

-1988 թվականին հայրս ու հորեղբայրս ձերբակալվում ու տեղափոխվում են Շուշիի բանտը։ Որպես Շարժման առաջամարտիկներ՝ նրանք դատապարտված էին գնդակահարության և պետք է տեղափոխվեին Բաքու։ Տեսնելով, որ որդիների վիճակը շատ լուրջ է, տատիկս (մինչև հիմա ապրում է՝ 103 տարեկան է) որոշում է հանդիպել Արկադի Վոլսկու հետ։ Նա խնդրում, աղաչում է պաշտոնյային, որ վերջինս օգնի իր զավակներին ազատ արձակվելու գործում։ Վոլսկին ընդառաջում է, և հայրս ու հորեղբայրս տուն են վերադառնում՝ 6 ամիս բանտում մնալուց հետո։ Հետագայում ստանում են բռնադատվածի կարգավիճակ։

1989 թվականին, երբ ճանապարհները փակ էին, հայրիկիս հետ ուղղաթիռով հասնում ենք Կապան, և ընդունվում եմ բժշկական քոլեջ, իսկ 1990 թվականին տեղափոխվում Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական տեխնիկումը։ Ավարտելուց հետո անմիջապես, ընկերուհուս՝ Արևիկ Հայրապետյանի հետ աշխատանքի ենք անցնում հանրապետական հիվանդանոցում։ Այդ ժամանակ արդեն Ստեփանակերտը հրետակոծվում էր։ Առաջին վիրավորներին ընդունում էինք նկուղներում։ 1992 թվականից արդեն դաշտային հոսպիտալում էի։

Պատերազմը ավարտվեց մեր հաղթանակով, տղաների արյան գնով։ Ափսոս, որ մեր երկիրը պահել չկարողացանք։

Մինչև 2021 թվականը ծառայել եմ ԱՀ ՊԲ-ում, հետ անցել երկարամյա զինվորական թոշակի ու շարունակել բուժքրոջ իմ առաքելությունը՝ որպես քաղաքացիական աշխատող։ Հոգուս խորքում հպարտանում եմ, որ միշտ եղել եմ անշահախնդիր ու երբեք խտրականություն չեմ դրել զինվորների միջև։ Ապրել եմ մաքուր խղճով և հպարտ եմ, որ իմ լուման եմ ներդրել հայրենիքիս համար,-ասում է Գայանեն, ապա ավելացնում,-պատերազմի ավարտից բավականին տարիներ անց, պատահաբար հանդիպում եմ ՑՈՐ-ի հրամանատարներից մեկին՝ Ալեքսանդր Հայրապետյանին։ Ավագ որդուս հետ էի։ Ալեքսանդրը հանկարծ ասում է տղայիս՝ դու գիտե՞ս, թե ինչքան պետք է մեծարես մորդ, հպարտանաս նրանով։ Մինչ մենք զարմացած իրար էինք նայում, նա շարունակում է՝ միասին Ջրականում էինք՝ Ժդանովի ռազմագործողությանն էինք պատրաստվում, սակայն հայտնվել էինք շրջափակման մեջ։ Մինչ մենք՝ տղաներս, մտածում էինք ինչ անել, ոնց ճեղքել և դուրս գալ իրավիճակից, մեր բուժքույրերը աշխույժ զրուցելով վիրավորներին էին վիրակապում։ Այդ պահին մենք հասկացանք, թե որքան ուժեղ են մեր կանայք, ներքուստ ամաչեցինք նրանցից, որ այդքան լարված էինք։ Մեր կանայք մեզ ուժ էին տալիս այդ օրերին․․․

Գայանե Հայրապետյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Նա արժանացել է մի շարք մեդալների, պատվոգրերի և խրախուսանքների։

Արցախի տեղահանությունից հետո երկար ժամանակ նա չէր կարողանում ուշքի գալ ու աշխատանք գտնել։ Ընդամենը մեկ ամիս է, որ արցախցի բուժքույրն իր մասնագիտությամբ աշխատանք է գտել աշխատում է Երևանի Բեսթ-լայֆ բժշկական սրտաբանական կենտրոնում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ