
Հայրապետյանների բազմանդամ ընտանիքն Արցախի Մարտունի քաղաքից է տեղահանվել։ 9 հոգանոց ընտանիքը շուրջ երկու տարի առաջ է դարձել բնակապահովման ծրագրի շահառու, սակայն մինչև այսօր նրանք չեն կարողանում համապատասխան տուն գտնել։
Թվում է, թե բազմանդամ ընտանիքների համար հեշտ է հավաստագրով բնակարան ձեռք բերել, սակայն կառավարության սահմանած չափորոշիչներով այնքան էլ հեշտ չէ իրացնել հավաստագիրը։
4 զավակների մայրը՝ Նինան, պատմում է
-2023-ի սեպտեմբերի 27-ին ենք հեռացել Մարտունուց։ Վառելիք չունենալու պատճառով չենք կարողացել մեր մեքենաներով դուրս գալ։ Կարելի է ասել՝ մեծ դժվարությամբ մի քիչ վառելիք ենք հայթայթել, որպեսզի դուրս գանք մեր թաղամասում գտնվող մի ավտոբուսով։ Մոտ 25 մարդ նստեցինք այդ ավտոբուսն ու հեռացանք Մարտունուց՝ տանից ոչինչ չվերցնելով մեզ հետ։
Ստեփանակերտում երեք օր մնալուց հետո, սեպտեմբերի 30-ին, Երևան մեկնող վերջին ավտոբուսներով տեղահանվեցինք Արցախից։ Երբ հասանք Գորիս, գրանցվեցինք ու առաջարկ ստացանք մեկնել Վանաձոր, որտեղ պետք է տեղ հատկացվեր արցախցիներին։ Սակայն երբ հասանք Վանաձոր (40 հոգի էինք ավտոբուսում), պարզվեց, որ արդեն տեղ չկար։
Այդտեղից շարժվեցինք Ստեփանավան։ Այդտեղ ևս ազատ տներ չկային։ Մեր ընտանիքին առաջարկեցին տեղավորվել անտառում գտնվող մի հանգստյան տան, սակայն մենք հրաժարվեցինք, որովհետև երեխաները պետք է նորմալ դպրոց հաճախեին։ Մեր ընտանիքը ստիպված էր կիսվել․ ամուսնուս հայրը, մայրը և եղբայրը մնացին Ստեփանավանում, իսկ մենք տեղափոխվեցինք Երևան։ Տուն վարձակալեցինք և մինչև հիմա ապրում ենք այդտեղ։
Ամենադժվարն այն է, որ երեխաները մինչև հիմա չեն հարմարվում առանց տատիկի ու պապիկի և օրեր են հաշվում, որ տուն ձեռք բերենք ու կրկին միասին ապրենք՝ ինչպես Արցախում։ Նրանք ամառային արձակուրդներին մեկնում են Ստեփանավան ու վերադառնում միայն ուսումնական տարին սկսվելուց օրեր առաջ։
Սկզբից շատ դժվար էր, երեխաները չէին հարմարվում նոր միջավայրին, սակայն հետզհետե ինտեգրվեցին, ձեռք բերեցին նոր ընկերներ։ 4 երեխաներս էլ այս ուսումնական տարին ավարտում են գերազանց գնահատականներով, ինչի համար շատ ուրախ ենք։ Նրանք գիտեն, որ գիտելիքով զինված մարդը միայն կարող է հասնել իր նպատակներին։ Իհարկե, անհերքելի է, որ ուսման հիմքը դրվել է Արցախում։
Նինա Ոսկանյանը ծնվել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում։ Ավարտելով ԱրՊՀ իրավաբանական բաժինը՝ աշխատանքի է անցել ոստիկանության Մարտունու շրջբաժնում՝ որպես անչափահասների գծով տեսուչ։ 2008 թվականին ընտանիք է կազմել նույն բաժնում ծառայող Ռուսլան Հայրապետյանի հետ։ Բարերար Լևոն Հայրապետյանի կազմակերպած մեծ հարսանիքի 674 զույգերից մեկն են։ Նինան աշխատել է նաև Մարտունու սոցիալական ապահովության գործակալությունում, ապա նոտարական գրասենյակում, իսկ վերջին տարիներին՝ ՔԿԱԳ-ում։
Արցախի տեղահանությունից հետո չի աշխատում․ զբաղվում է 4 զավակների խնամքով ու դաստիարակությամբ։
-Մեր ամենամեծ նպատակը սեփական տանիք ունենալն է։ Երկու տարի շարունակ մենք չենք կարողանում տուն գտնել, որը կհամապատասխանի հավաստագրում ներկայացվող պահանջներին։ Մասնավորապես՝ մեկ անձի հաշվով բնակտարածքը չպետք է պակաս լինի 9 քառ․ մետրից, ինչը շատ դժվարեցնում է բազմանդամ ընտանիքների համար տուն գտնելը։ Էջմիածին, Աբովյան քաղաքներում բազմիցս ենք փնտրել, սակայն ապարդյուն։ Նախատեսում ենք տուն գնել Երևանին մերձակա տարածքներոմ, որպեսզի հեշտ լինի հետագայում մեր երեխաների բարձրագույն ուսումը կազմակերպելը։ Մեզ հարկավոր է առնվազն 5 սենյականոց տուն, որպեսզի մեր մեծ ընտանիքը վերջապես միավորվի, իսկ նման տների արժեքները բավականին բարձր են։ Մտածում ենք, որ առանց բանկերի միջնորդության դա հնարավոր չի լինելու։
Ամուսինս աշխատում է երկու տեղ, ձմռան ամիսներին գումարվում է նաև մեկը։ Նա զինվորական թոշակառու է։ Մենք անում ենք հնարավորը, որ կարողանանք մեր երեխաներին պատշաճ ուսում ու դաստիարակություն տալ։
Ամուսինս, նրա երկու եղբայրները Ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմների մասնակից են։ Նրանք շարունակել են իրենց փոխգնդապետ, զինվորական թոշակառու հոր գործը,- ասում է Նինան, միաժամանակ ավելացնում,- երբեք չենք կորցնում մեր հույսն ու հավատը, որ մի օր տուն կվերադառնանք և տեր կկանգնենք մեր պապենական հողին:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ