Մայիսի վերջին Հայաստանին կվտարե՞ն ԵԱՏՄ-ից

  • 12:14 16.05.2026

«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ իշխանականներն այս օրերին տագնապալից սպասումներ ունեն ոչ միայն հունիսի 7-ի ընտրություններից, այլեւ մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից։

Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, եւ դա բացատրեց քարոզարշավով։ Նրա փոխարեն Աստանա կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ նիստից ՀՀ իշխանությունները բավականին տագնապալից սպասումներ ունեն, տարբեր խողովակներով ինֆորմացիա են ստացել, որ Հայաստանի նկատմամբ ՌԴ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնք կգաղտնազերծեն այդ օրը: Այդ օրը անգամ կարող է հայտարարեն Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու մասին, թեեւ կառույցը պետք է ընդունի կոնսենսուսային որոշում, եւ Հայաստանը կարող է վետո դնել այդ որոշման վրա ու ՀՀ տնտեսությունը որոշ ժամանակով փրկել կազմաքանդումից, սակայն, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, նման սցենարի պարագայում իրենք հասկանում են դրա հետեւանքները, եւ որ ՌԴ-ն այլ գործիքակազմերով այնպիսի խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, որը համարժեք կլինի ԵԱՏՄ-ից վտարելուն, օրինակ՝ տեխնիկական եւ սանիտարական կարգավորումների դաշտում, իսկ ծայրահեղ դեպքում Հայաստանի մասով կանոնակարգային խմբագրումների կդիմեն», գրում է Հրապարակը։