Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, ցավոք, չանցան այնպիսի պայմաններում, որոնք լիարժեք վստահություն կներշնչեին հասարակությանը։ Ընտրական գործընթացը ուղեկցվեց վարչական ճնշումների, ընտրախախտումների, քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և վախի մթնոլորտի մասին բազմաթիվ ահազանգերով։
Միևնույն ժամանակ, այս ընտրություններն ընդգծեցին ևս մեկ կարևոր խնդիր․ տասնյակ հազարավոր արցախցիներ փաստացի զրկված էին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Ավելի քան 50 հազար արցախցիներ, որոնք ունեն նույն կապույտ անձնագրերը և շարունակում են ապրել Հայաստանի Հանրապետությունում, չեն կարողացել իրացնել իրենց ընտրական իրավունքը՝ իրավական կարգավորումների հետևանքով։
Սակայն անկախ ընտրությունների արդյունքներից և նրանից, թե ով է ձևավորելու իշխանությունը, Արցախի հարցը և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը փակված չեն և չեն կարող փակված համարվել։ Տեղահանված ժողովրդի հավաքական իրավունքները, անվտանգ ու արժանապատիվ կյանքի, հայրենիք վերադառնալու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքները շարունակում են մնալ օրակարգային։
Հետևաբար, Արցախի հարցի նկատմամբ հետևողականությունը պետք է լինի ոչ միայն իշխանությունների, այլև քաղաքական բոլոր ուժերի, այդ թվում՝ ընդդիմության պատասխանատվության շրջանակում։ Արցախի հարցը չի կարող դառնալ ընտրություններից ընտրություններ հիշվող թեմա. այն պահանջում է մշտական և հետևողական աշխատանք։
Միաժամանակ, մենք պետք է շարունակենք քննարկել և ձևավորել այն մեխանիզմները, որոնք կապահովեն արցախահայության ինքնակազմակերպվածությունն ու ներկայացվածությունը։ Արցախի պետական ինստիտուտների պահպանման և ամբողջացման հարցը շարունակում է մնալ կարևոր։ Արցախի ժողովրդի համար պետք է հստակ լինի, որ իրենց հավաքական կամքն ու ներկայացվածությունը կարող են արտահայտվել նաև կազմակերպված քաղաքական և ինստիտուցիոնալ ձևերով, ներառյալ ապագայում համապատասխան ընտրական գործընթացների անցկացումը։
Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել։ Այն շարունակվում է՝ հանուն իրավունքների, արժանապատվության և արդարության։