
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախում ադրբեջանցիների կողմից խոշտանգված եւ դաժանաբար սպանված մայոր Հայկ Թորոյանի գործով վճիռը։ Մասնագետներն արդեն կարծիք են հայտնում, որ ՄԻԵԴ վճիռը նախադեպային կարող է լինել, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատներով։ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է իրականացրել ինչպես ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմների եւ հետագայում՝ 2022 թվականին Հայաստանի վրա հարձակման ժամանակ։ Տարբեր դրվագներով հայցեր կան ՄԻԵԴ-ում։
Ադրբեջանցիները Հայկ Թորոյանի ձեռքերը կտրել են, այնուհետեւ գլխատել նրան
Ըստ գործի՝ 2016 թվականի ապրիլի 2-ին Հայկ Թորոյանը եւ նրա վարորդը՝ Հրանտ Ղարիբյանը, որը դարձյալ զինծառայող էր, դուրս են եկել իրենց զորամասից՝ Թալիշ գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիս գտնվող ԼՂՀ մեկ այլ ռազմական հրամանատարական կետ զինամթերք հասցնելու նպատակով։ ԼՂՀ իշխանությունների կողմից 2016 թվականի ապրիլի 5-ին կազմված դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ այն բեռնատարը, որով նրանք տեղաշարժվում էին, Թալիշից մոտ 1 կմ հեռավորության վրա ընկել է դարանակալման մեջ եւ ենթարկվել ադրբեջանական ուժերի ուժգին հրետակոծության: Հրանտ Ղարիբյանի մարմինը հայտնաբերվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, մեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա. նա գլխատված է եղել, իսկ գլուխը բացակայում էր։
Արցախի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Հրանտ Ղարիբյանի գլխատման փաստով։ 2016 թվականի ապրիլի 3-ին իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն եւ պարզվել է, որ Ղարիբյանի գլուխն անջատվել է մահից հետո, իսկ նրա մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ինչ վերաբերում է Հայկ Թորոյանին, նա ծանր վիրավորվել էր դարանակալման ժամանակ: Ադրբեջանցիները վիրավորում ստացած Հայկ Թորոյանին նախ դուրս են բերել բեռնատարից, ապա կտրել են նրա ձեռքերն ու գլուխը։ Նրա մարմինը հայկական զինված ուժերի կողմից հայտնաբերվել է հաջորդ առավոտյան՝ 2016 թվականի ապրիլի 3-ին, բեռնատարից մոտ 30 մետր հեռավորության վրա՝ Թալիշ գյուղի ուղղությամբ գտնվող ձորակի մոտ։
Փաստաբան, ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը step1.am–ի hետ զրույցում ասաց, որ Հայկ Թորոյանը ստացած վիրավորումների հետեւանքով այլեւս չի կարողացել դիմադրություն ցուցաբերել։ Եվ ադրբեջանական կողմն ընդամենը պետք է նրան բուժօգնություն ցուցաբերեր, նրա գերի լինելու վերաբերյալ հայտներ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ քառօրյա պատերազմի ավարտից հետո հայրենիք վերադարձներ նրան։ Բայց շատ սահմռկեցուցիչ հանգամանքներով է դեպքը տեղի ունեցել։
«Նախ իր ներկայությամբ գլխատել են մյուս զինծառայողին, այնուհետեւ նաեւ անդամահատել են Հայկ Թորոյանի ձեռքերը, որից հետո ողջ վիճակում գլխատել են։ Ավելին, գլխատելուց հետո հրաժարվել են Հայկ Թորոյանի գլուխը վերադարձնել հայկական կողմին։ Թեեւ պատերազմի ավարտից հետո հայկական զինված ուժերն այդ տարածքի վերաբերյալ վերականգնել են վերահսկողությունը, սակայն այդպես էլ չեն կարողացել Հայկ Թորոյանի գլուխը հայտնաբերել, քանի որ ադրբեջանցի զինծառայողներն այն տարել էին իրենց հետ Բաքու եւ այլ բնակավայրեր, որտեղ գլուխը ցուցադրել ու նկարել էին՝ որպես ավար։ Դա ցուցադրելով նաեւ խթանել էին հայատյացությունը։ Նշեմ, որ այդ զինծառայողը, որը Հայկ Թորոյանին գլխատել է, հետեգայում նաեւ ինքնանկարահանում էր իրականացրել Ռամիլ Սաֆարովի հետ։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես են գլխատումների դեպքի հերոսացման արդյունքները բազմատակվել եւ դարձել արդեն համակարգային պրակտիկա»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքը հենց պատերազմի ընթացքում կատարված հանցագործություն է՝ պատերազմի օրենքների խախտումներով։ Մարդասիրական իրավունքով պաշտպանվող անձի դեմ ոտնձգություն է, ինչը դասական պատերազմական հանցագործություն է։
Այս վճիռն Ադրբեջանի համար ունենալու է նաեւ քաղաքական հետեւանքներ
Սիրանուշ Սահակյանն ասում է՝ հայկական կողմի համար այս վճիռը կարեւոր է, քանի որ արձանագրվում են փաստեր։ Թեեւ ադրբեջանական կողմը հայերին է մեղադրում պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ, բայց միջազգային դատական ատյանները քննում, լսում եւ հաշվառում են ադրբեջանցի զինծառայողների կատարած պատերազմական հանցագործությունները հայերի դեմ։
«Սա լուրջ հիմք է, որպեսզի առաջադեմ համարվող պետությունները եւ ազգերը ջանքեր գործադրեն՝ անմիջական կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ ինչո՞ւ ոչ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատժամիջոցների տակ առնելու համար։ Մարդու իրավունքների սանկցիաների ռեժիմը նման ծանր հանցագործությունների դեպքում թույլատրում է նաեւ պատժամիջոցներ կիրառել։ Ինչո՞ւ ոչ, սա մեզ համար նաեւ բարոյական հարց է, որովհետեւ խախտումն արձանագրվել են։ Գիտեք նաեւ, որ բավականին մեծ փոխհատուցում է նախատեսված ընտանիքի համար՝ 90 հազար եվրո։
Կարծում եմ՝ բարոյական վնասը գնահատելիս դատարանը հենց հաշվի է առել հատուկ հանգամանքները։ Իհարկե, մենք ունենք բացասական փորձ, որ Ադրբեջանը նախորդ վճիռներով միտումնավոր չի վճարել հայ զոհերի գումարները։ Առանձին դեպքերով հատուցում է իր տուժողներին, որոնց վերաբերյալ վճիռներ կան Եվրոպական դատարանում, սակայն ոչ հայերին, ինչը հայերի դեմ խտրականության նոր դրսեւորում է։ Բայց այդ դեպքերը գտնվում են Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմնի՝ նախարարի կոմիտեի ուշադրության ներքո։ Եվ շարունակական քաղաքական ճնշում է գործադրվում, որպեսզի Ադրբեջանը հարգի միջազգային օրենքները։
Այսինքն՝ այս վճիռն ունենալու է նաեւ քաղաքական հետեւանքներ Ադրբեջանի համար։ Եվ, իմ գնահատմամբ, եթե նրանք դիմադրեն վճռի կատարմանը, արդեն դեմ են դուրս գալու եվրոպական համակարգին։ Եվ սա առաջացնելու է հարցեր, այսինքն՝ այս հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններից տեղափոխվում է Ադրբեջան-եվրոպական մարմիններ փոխհարաբերությունների դաշտ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է իրականացրել նաեւ Հայաստանի տարածքում՝ գնդակահարելով վիրավոր եւ գերեվարված զինծառայողների։ Մասնավորապես, նկարահանված կադրեր ու փաստեր կան, որ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ Իշխանասարի դիրքերից մեկում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարել են իրենց կողմից գերեվարված հայ զինծառայողներին։
Սիրանուշ Սահակյնաի խոսքով՝ ՄԻԵԴ այս վճիռը կարող է նախադեպ լինել նաեւ այդ հանցագործությունների համար։ Այդ եւ այլ գործեր եւս ներկայացված են ՄԻԵԴ, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գրեթե նույն թիմերն են աշխատել այդ հայցերի վրա։ «Նաեւ Հադրութի գնդակահարության գործն է ներկայացվել ՄԻԵԴ, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուց զատ առանձին դրվագներ են եղել, այդ միջադեպերը եւս փաստագրել եւ ներկայացրել ենք, որպեսզի միջազգային դատական ատյանների կողմից արձանագրվեն եւ առաջ բերեն կատարողների քրեական եւ այլ բնույթի պատասխանատվության հարցեր։ Այո, այս նախադեպը հիմքում ունենալով, կարծում եմ, այլ իրավապաշտպաններ ու փաստաբաններ կարող են մեծաթիվ գործերով հետագայում եւս դատավարություններ իրականացնել Եվրոպական դատարանում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Ապրիլյան պատերազմի դրվագներով 23 գործ կա ՄԻԵԴ-ում
Սիրանուշ Սահակյանի տեղեկացմամբ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի առնչությամբ 23 հարց է ներկայացվել ՄԻԵԴ։ Այդ թվում են ադրբեջանցիների կողմից հայերին գլխատելու 3 դեպքեր, դիերի անդամախեղման դեպքեր, ինչպես նաեւ Խալափյանների ընտանիքի դեպքը, երբ ադրբեջանցիները Թալիշում իրենց տանը դաժանաբար խոշտանգել էին Վալերա Խալափյանին եւ նրա կնոջը՝ կտրելով նրանց ականջները, այնուհետեւ գնդակահարել։
«Կարծում եմ՝ այդ վճռի հրապարակումից հետո դատարանն արդեն հաջորդ ամիսներին շղթայաբար մյուս վճիռները կհրապարակի, որովհետեւ այդ գործերը նույն ժամանակահատվածում է քննել»,- ասաց Սահակյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 44-օրյա պատերազմին առնչվող դրվագներով եւս նմանօրինակ գործեր կան ներկայացված ՄԻԵԴ-ում, բայց դեռ դատավճիռներ չեն սպասում, քանի որ գործընթացը ժամանակ է պահանջում։
Ռոզա Հովհաննիսյան