
ԱՄՆ 2016 թվականի հոկտեմբերին երկրորդ նախագահական բանավեճի ժամանակ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին ասել էր, որ եթե ինքը պատասխանատու լիներ երկրի օրենքների համար, ապա նա (Քլինթոնը) բանտում կլիներ (You’d be in jail)։ Քլինթոնն ասել էր՝ հրաշալի է, որ Դոնալդ Թրամփի խառնվածքով մեկը մեր երկրում օրենքների համար պատասխանատու չէ:
Ինչեւէ, Հիլարի Քլինթոնը բանտ չնստեց, ավելին, շնորհավորեց Թրամփին եւ մասնակցեց նրա երդմնակալությանը:
Ի՞նչ կատարվեց Հայաստանում քարոզարշավի ժամանակ: Մինչեւ հիմա մարդ չի էլ հասկանում, ավարտվե՞լ է այն, թե իներցիայով շարունակվում է: Ի՞նչ ասես չլսեցինք. Էլ ոռձ առյուծի վանդակ, էլ բանտում տսանամյակներով փտել, պատերով տալ, բոմժ սարքել, տուզիկ շուն ու գործակալ, էլ ստրիպտիզ Բրյուսելում ու Վաշինգթոնում, սատկացնել ու կզզացնել, համբալ, ռադտ քաշի, էլ գող փիսո, էլ քաչալ շուն՝ մի խոսքով: Սա պաշտոնյաների խոսույթն է: Ավելորդ է խոսել “ժամանակավոր պաշտպանության տակ վերցրված” “քույրերի եւ եղբայրների” իրավունքների մասին, ովքեր մի օր Արցախից են բռնի տեղահանվել, մի օր Լեռնային Ղարաբաղից, իսկ այսօր պարզապես Ղարաբաղից, ինքն էլ բռնի չէ՝ փախել են: Արսեն Աղաջանյանը շատ համապարփակ գրել է այս բոլոր խնդիրների մասին:

“Ես կրքոտ հռետոր եմ”
Օխլոկրատիան (ամբոխապետություն, այլասերված ժողովրդավարություն) ենթադրում է առաջնորդներ, որոնք դիմում են ամբոխի զգացմունքներին՝ հաճախ օգտագործելով պոպուլիստական կամ ծայրահեղ տեսական մեթոդներ՝ իշխանություն ձեռք բերելու կամ այն պահելու համար: Վերջին տասնամյակում նույնիսկ կայուն ժողովրդավարությունները ցույց են տվել օխլոկրատիայի նշաններ՝ Միացյալ Նահանգները, Իտալիան, Հունգարիան, Գերմանիան, Ֆիլիպինները, առերեսվելով ներքին հակամարտությունների, որոնք հրահրվել են պոպուլիստական շարժումների կողմից: Օխլոկրատիայի ժամանակ ժողովրդը հեշտ մանիպուլացվում է խարիզմատիկ, հռետոր լիդերների կողմից: Այն, ինչ այսօր կոչվում է ամբոխի կառավարում (օխլոկրատիա): Իրականում այն մանիպուլյացիայի արդյունք է որոշակի ազդեցիկ խմբի կողմից, որը անվանվում է ինստիտուցիոնալ խաղացողներ:
“Վերջերս գերմանացիները հարցում են անցկացրել 100 մարդկանց շրջանում՝ գերմանացիների, ոչ թե ռուսների, և միայն 16%-ն է ունակ եղել հասկանալ քաղաքական փաստարկները։ Հասկանո՞ւմ եք, Գերմանիայում: Այսինքն՝ նրանց գրավում են առաջնորդի ժեստերը, խարիզման, խոսքի համոզչությունը, պոզաները, էմոցիաները, հուզականը, դիցաբանությունը (միֆեր)։ Մենք ավելի ու ավելի խոսում եք կենդանիների, բայց ոչ մտածող մարդկանց լեզվով։ Արդարություն… այդ բառից ես արդեն վաղուց եմ հոգնել”, իր փոդքասթերից մեկում ասում է Յուրի Շևչուկը (ДДТ).
Ամբողջ այս ընտրական եւ հետընտրական պրոցեսը թվում է թե միտված էր ոչ թե երկիրը մի քիչ լավը դարձնելուն, այլ ուրիշների ձախողումից, անհաջողությունից կամ տառապանքիներից հաճույք ստանալուն, ինչպես շադենֆրոյդներ:
Կարդացողը կարող է դատել՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ամեն դեպքում օխլոկրատիայի ախտանշաններ կան:
Ես էլ այն հազարավոր արցախցիներից եմ, որոնք այդպես էլ քվեարկելու իրավունք չունեցան: Կարող եք չհամաձայնել ինձ հետ, բայց այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն արժանապատվորեն չի հաղթել ընտրություններում, եւ, որքան էլ պարադոքսալ հնչի՝ անգամ արժանապատիվ չի պարտվել, չնյած բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել (Պուտին, դո՞ւ ինչ որոշեցիր): Նույնը կարելի է ասել ընդդիմադիր ուժերի մասին ի դեպ:
Լավ, իսկ ինպիսի՞ Հայաստան կլինի Կարապետյանի կամ Քոչարյանի դեպքում
Վանաձորն այլեւս “Աղդամ” չի լինելու, “Բարեկամության” գետնանցումից էլ դույլերով ջուր չեն հանելու անձրեւի ժամանակ, սվետաֆորների կանաչ լույսը մի քանի րոպե ավելանալու է, որ մարդիկ հասցնեն հատել փողոցը, Գյումրի գնացքով գնացած կա՞ք, աջուձախ նայե՞լ եք: Մեծ հաշվով ի՞նչ է փոխվելու Հայաստանում, եթե Սամվել Կարապետյանը մի կարի ֆաբրիկա ավել բացի, որտեղ 300,000 մարդ ներքնաշոր կկարեն:
Փաշինյանը “լավն է”, Քոչարյանը “կոռուպցիոներ”, Կարապետյանը “կալուգացի”, Ծառուկյանը “բելառուս”: Ոչ մի հաշվարված խոսք, թե ինչպես է զարգանալու երկիրը մինչև “զնաչոկ” սեղմված քարտեզով։
Հայ հասարակությունը սիրում է պիտակավորել, սիրել ու ատել պաշտոնյաներին, սիրում է նաեւ մատրասն ու նստաթասը աղբամանների մոտ նետել, որն աղբահանները կենցաղային աղբ չեն համարում եւ այդպես ամիսներով շները պառկում են այդ “տեղաշորում”, մարզադաշտի չափսերի սուպերմարկետում միայն մեկ կասիր է սպսարկում, որին ժլատ տերը երեւի ստպում է 8-ից 11-ը աշխատել: Ո՞րն ասել եւ ո՞րը խոստովանել այս երկրում:
Հայաստանն ուզում է ԵՄ գնալ, բայց դեռ քվեաթերթիկների “մաթեմատիկայով է” զբաղված:
Մարութ Վանյան
Լուսանկարները՝ Տաշիրից