
2023 թվականի սեպտեմբերին Արցախից ՀՀ քաղաքացիների բռնի տեղահանումից անցել է գրեթե երեք տարի, և միայն հիմա, ՄԱԿ-ի հովանո ներքո, ստեղծվում է միասնական հարթակ՝ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքները քննարկելու համար:
Երեք տարի շարունակ 150,000 մարդու խնդիրներով զբաղվել են պաշտոնյաներ, ովքեր ամեն կերպ խուսափել են տեղահանված արցախցիների հետ հանդիպելուց, չեն լսել նրանց բողոքներն ու առաջարկները, և չեն անցկացրել կարիքների գնահատում: Ընդունվել են մի քանի կառավարության որոշումներ, որոնք սահմանափակում են, այլ ոչ թե պաշտպանում արցախցիների իրավունքները: Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերի 26-ի կառավարության որոշումը փաստացի դադարեցրել է արցախցիների ՀՀ քաղաքացիությունը և դրա հետ մեկտեղ կասեցրել ՀՀ քաղաքացիներին բնորոշ սահմանադրական իրավունքները: Այդ որոշումը դեռ քրեական քննության առարկա կդառնա։
Չնայած հաջորդ 10-ը ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել են սոցիալական աջակցության և բնակարանային ծրագրեր արցախցիների համար, առանց որոնց նրանք կբախվեին ծայրահեղ դժվարությունների, այս երեք տարիների ընթացքում 150,000 ՀՀ քաղաքացիներ մնացել են առանց իրավունքների և ստիպված են եղել անցնել «նոր քաղաքացիություն» ստանալու դժվարին գործընթացին, չնայած հինը ոչ մի տեղ չի կորել: Արդյունքում, 60,000 արցախցիներ չկարողացան քվեարկել Հայաստանի ընտրություններում և դատական միջոցներով վերականգնել իրենց իրավունքները։
2025 թվականի ամռանը արցախցիները փորձեցին ինքնակազմակերպվել, պահանջագիր ներկայացրեցին կառավարությանը, հանրահավաք անցկացրեցին և նույնիսկ վրան խփեցին Երևանի Ազատության հրապարակում։ Սակայն կառավարությունը հեշտությամբ ճնշեց արցախյան շարժումը։ Արձագանք չստացան արցախցիների մասնակցությամբ Փախստականների կոմիտե ստեղծելու, արցախցիներին աջակցելուն ուղղված միջոցների համար Հիմնադրամ ստեղծելու և նպատակային ծրագրեր ընդունելու համար Հոգաբարձուների խորհուրդ ստեղծելու ողջամիտ առաջարկները։ Ինչպես նաև արցախցիների ՀՀ քաղաքացիությունը ավտոմատ կերպով ճանաչելու և նրանց ծանր բյուրոկրատական խնդիրների մեջ չխրելու առաջարկը։
Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը և մի քանի նախարարներ հանդիպեցին արցախցիների մի խմբի հետ՝ առանց որևէ կոնկրետ առաջարկ անելու նրանց կարգավիճակի կամ իրավունքների վերաբերյալ։ Այժմ, ՄԱԿ-ի ճնշման տակ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կից ստեղծվում է խորհրդատվական մարմին՝ «բռնի տեղահանված անձանց» հարցերը լուծելու համար։
Արդյո՞ք նոր խորհուրդը կքննարկի արցախցիների նկատմամբ խտրականության և ահաբեկման բազմաթիվ դեպքերը, որոնք ուղղորդվում են բարձրագույն իշխանությունների կողմից։ Կքննարկի՞ այն Հայաստանի կառավարության այն որոշումների սահմանադրականությունը, որոնք փաստացի մերժում են 150,000 արցախցիների քաղաքացիություն տրամադրելը։
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը» պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով դառնալ պետության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և շահառուների միջև արդյունավետ երկխոսության և համագործակցության հարթակ։
Հունիսի 23-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ ձևավորված Խորհրդի անդրանիկ նիստը, որը կազմակերպվել է ՄԻՊ հաստատության և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։
Նիստին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրին, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ոլորտային հասարակական կազմակերպություններ և անկախ փորձագետներ։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ոլորտային խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն բազմակողմ համագործակցության պայմաններում, երբ լսելի է դառնում ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և հենց շահառուների ձայնը։
Այդ համատեքստում Պաշտպանը կարևորել է այն փաստը, որ խորհրդում ընդգրկված են նաև այնպիսի կազմակերպություններ, որոնք ստեղծվել և ղեկավարվում են փախստականների ու բռնի տեղահանված անձանց կողմից։
Ամփոփելով նիստը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ նորաստեղծ հասարակական խորհուրդը կոչված է դառնալու ազդեցիկ խորհրդակցական հարթակ, որը կնպաստի փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, նրանց ձայնի լսելիության բարձրացմանը և պետական քաղաքականությունների մշակման գործընթացներում նրանց մասնակցության ընդլայնմանը։