
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը կքննարկի Հայաստանի յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնք պահանջում են ընտրությունները անօրինական ճանաչել և երկրորդ փուլ կամ նոր ընտրություններ նշանակել: Փաստարկները տատանվում են վարչական ուժի կիրառումից, կաշառելուց մինչև անհիմն մեղադրանքներով զանգվածային ձերբակալություններ և ընդդիմության հետապնդումներ:
Մեր տվյալներով, փաստարկների շարքում է նաև ամենակարևոր խախտումը՝ ավելի քան 70,000 արցախցի քաղաքացիների քվեարկությանը մասնակցելու իրավունքից զրկելը և դատարանում բողոքարկման իրավունք չտալը: Այդ մասին, ըստ երևույթին, չի նշվում ուղղակի, սակայն ասվում է, որ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ հնարավորություն չունեին մասնակցելու ընտրություններին։
Վերջին տվյալների համաձայն՝ արցախցիները նոր հայկական անձնագրեր ստանալու համար ներկայացրել են ավելի քան 39,000 դիմում: Մինչ օրս 27,550 մարդ ստացել է Հայաստանի նոր անձնագիր, որոնցից 254-ը՝ այս տարի: Միգրացիոն ծառայության տնօրեն Նելլի Դավթյանը նշում է, որ 2023 թվականի հարկադիր տեղահանությունից հետո Լեռնային Ղարաբաղի մոտավորապես 115,000 բնակիչներ Հայաստանում ստացել են փախստականի կարգավիճակ՝ ժամանակավոր պաշտպանության մասին կառավարության որոշման հիման վրա:
Խոսքը կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշման մասին է, որի մեջ նշվում է․ “ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են՝ 1) անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով, 2) ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը՝ համաձայն նմուշի”։
Միևնուն որոշման մեջ նկարագրված է “առաջին անգամ անձնագիր ստանալու համար” դիմումատուի գործողությունները։
Այլ կերպ ասած, կառավարությունը ընդունում է, որ Արցախի բնակիչները ունեն ՀՀ ստանդարտ անձնագրեր, միաժամանակ պնդելով, որ նրանք «առաջին անգամ կստանան անձնագիր»։
Չնայած այն հանգամանքին, որ այս որոշման նախաբանում Արցախում տեղի ունեցած իրադարձությունները նկարագրվում են որպես էթնիկ զտում, ագրեսիա, տեղահանություն, որոշումը ՀՀ անձնագրեր ունեցող քաղաքացիներին փաստացի ճանաչում է որպես «քաղաքացիություն չունեցող անձինք»։
Դրանից ելնելով, ներքին կարգով, շանտաժի և սպառնալիքների միջոցով, արցախցիներին ստիպել էին լրացնել ժամանակավոր պաշտպանության դիմումներ և ներառել տող, որում նշվում էր, որ նրանք չունեն «որևէ երկրի քաղաքացիություն»։
Այս կարծես անմեղ տողը, որը ձեռագրով հազարավոր արցախցիներ “ինքնակամ” գրեցին, հիմք հանդիսացավ նրանց ՀՀ քաղաքացի չճանաչելու համար։
ՀՀ վարչական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիների գրանցամատյանում արցախցիների վերականգնելու ինը մերժումները հիմնված էին այն փաստի վրա, որ «նրանք իրենք են հայտարարել, որ քաղաքացիություն չունեն»։
Որոշ արցախցիներ ժամանակավոր պաշտպանության վկայականներ ստանալիս հրաժարվել են նշել, որ իրենք որևէ երկրի քաղաքացի չեն։ Մարատ Եգանյանը նրանցից մեկն է։ Նա չի հասկանում, թե ինչու չի ներառված ՀՀ քաղաքացիների գրանցամատյանում, քանի որ ունի 1998 թվականի ստանդարտի անձնագիր, և չկա որևէ իրավական ակտ, որը կզրկի նրան քաղաքացիությունից։
Ամփոփելով Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ ԵԱՀԿ դիտորդական խումբը նշել է, որ հազարավոր արցախցիներ զրկվել են ընտրելու իրավունքից և չի կարողացել վերականգնել իրենց իրավունքը դատարանների միջոցով։ ԵԱՅԿ-ի խումբը որպես ընրությունների “երկրորդական խնդիր” նշել է, որ արցախցիները չեն մասնակցել ընտրություններին, ներկայացնելով, սակայն, միայն կառավարության բացատրությունը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Մարատ Սերգեյի Եգանյանը, Իրինա Սերգեյի Եգանյանը և Վիկտորյա Յուրիի Առստամյանը, տեղեկանալով, որ ընդգրկված չեն ընտրողների ցուցակներում, դիմել են իրավասու պետական մարմիններին՝ իրենց ընտրական իրավունքի իրացման նպատակով։ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մերժել է նրանց պահանջները՝ հղում կատարելով ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշմանը և նշելով, որ նրանք հանդիսանում են ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք։ Դիմողները վիճարկել են նշված որոշումները դատական կարգով՝ ներկայացնելով ապացույցներ այն մասին, որ դեռևս մինչև 2023 թվականը հանդիսացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանները 2026 թվականի մայիսի 14-ի, մայիսի 19ի և մայիսի 25-ի համապատասխան վճիռներով արձանագրել են, որ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել միայն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու փաստի ուժով։ Դատարանները բավարարել են հայցվորների պահանջները և վերականգնել նրանց ընտրական իրավունքները՝ միաժամանակ նշելով, որ տվյալ վճիռները վերջնական են և վերանայման ենթակա չեն։ Սակայն հետագայում նշված վճիռները բողոքարկվել են, և վերաքննիչ դատարանը, չհերքելով այն հանգամանքը, որ հայցվորների նպատակը ընտրողների ցուցակներում ընդգրկվելն էր, բեկանել է առաջին ատյանի դատարանների որոշումները՝ վկայակոչելով վեճի ենթակայության հետ կապված հարցեր։
Ոչ մի կուսակցություն հրապարակորեն չի բարձրացրել արցախցիների ընտրական իրավունքի և քաղաքացիության հարցը։ Եղել են միայն մասնավոր մեկնաբանություններ, օրինակ՝ նշվել է այն փաստը, որ 100,000 անձնագրեր գործնականում չեն գործել։
“Արդար ՔՎԵ” Դիտորդական առաքելության զեկույց -ում նշված է, որ “ընտրությունների արդյունքների և ընտրական գործընթացի օրինականության վրա առավել նշանակալի ազդեցություն ունեցող հանգամանքներից մեկը վերաբերում է Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց ընտրական իրավունքների իրականացման խնդրին”։
“Առաքելության կողմից ուսումնասիրված նյութերը, այդ թվում՝ դատական ակտերը, վկայում են, որ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններից առաջ մի շարք քաղաքացիներ փաստացի զրկվել են ընտրողների ցուցակներում ընդգրկվելու և ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ ։
Առաքելության տրամադրության տակ գտնվող տեղեկությունների համաձայն՝ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու նպատակով դատարան ներկայացված գործերի ընդհանուր թիվը կազմել է առնվազն 295, որոնցից միայն երեքն են վարույթ ընդունվել և քննվել ըստ էության։
Ըստ տարբեր պաշտոնական և հանրային աղբյուրների՝ խնդիրը կարող էր վերաբերել շուրջ 60 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Առաքելության գնահատմամբ՝ ընտրական իրավունքի համընդհանուրության սկզբունքի տեսանկյունից սա հանդիսանում է ընտրական գործընթացի ամենակարևոր համակարգային խնդիրներից մեկը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին ընտրատեղամասերի կամ առանձին խախտումների, այլ ընտրողների մեծ խմբի՝ ընտրություններին մասնակցելու հնարավորության սահմանափակմանը”։