Հատուկ վերաբերմունք է պետք ամեն ինչ կորցրած մարդկանց հանդեպ

2023 թվականին Արցախից բռնի տեղահանված հազարավոր մարդիկ հայտնվեցին կյանքի ամբողջովին նոր պայմաններում։ Հատկապես ծանր իրավիճակում են հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքները։

Այս մարդկանց համար ամենամեծ մարտահրավերներից մեկը դարձավ այն, թե արդյոք նոր միջավայրը, սոցիալական ծառայությունները և պետական աջակցության համակարգերը կարող են իրականում արձագանքել իրենց կարիքներին։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Այն նախատեսված է մարդու վիճակը գնահատելու ավելի լայն շրջանակում՝ հասկանալու ոչ միայն բժշկական ախտորոշումը, այլ այն, թե առողջական խնդիրներն ինչպես են ազդում մարդու առօրյա կյանքի, ինքնուրույնության, աշխատանքի, տեղաշարժվելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունների վրա։

Նույն ֆիզիկական սահմանափակումը տարբեր պայմաններում կարող է ունենալ տարբեր հետևանքներ։ Օրինակ՝ վերելակով և հարմարեցված բնակարանում ապրող մարդը կարող է ավելի ինքնուրույն լինել, իսկ նույն խնդիր ունեցող անձը՝ աստիճաններով շենքում, առանց համապատասխան պայմանների, կարող է ամբողջությամբ կախված դառնալ ուրիշների օգնությունից։

Սակայն Արցախից բռնի տեղահանված անձանց փորձը ցույց է տալիս, որ ֆունկցիոնալության գնահատման գործընթացը դեռևս բախվում է բազմաթիվ խնդիրների։ Շատ դեպքերում մարդու իրական կարիքները չեն սահմանափակվում միայն առողջական վիճակով։ Դրանց վրա ազդում են նաև բնակարանային պայմանները, ընտանիքի սոցիալական վիճակը, եկամուտների կորուստը, հոգեբանական ծանր փորձը և նոր միջավայրում ապրելու դժվարությունները։

Վերջերս  Step1.am-ի հետ զրույցում այս խնդրի վրա ուշադրություն էր հրավիրել նաև Առաքելություն Հայաստան ՀԿ-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանը՝ ընդգծելով, որ ֆունկցիոնալության գնահատումը պետք է դառնա մարդու իրական կարիքները հասկանալու գործիք։ Հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների դեպքում անհրաժեշտ է անհատական մոտեցում։

Արցախում հաշմանդամություն ունեցող շատ անձինք, նույնիսկ դժվար պայմաններում, ունեին իրենց կյանքին համապատասխանեցված կենցաղային պայմաններ, ծանոթ շրջապատ և համայնքային աջակցություն։

Տեղահանությունից հետո այդ հավասարակշռությունը խախտվեց։ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ ստիպված եղան բնակվել վարձակալած բնակարաններում, որոնք հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Շենքերում հաճախ բացակայում են վերելակները կամ թեքահարթակները, բնակարաններում չկան անհրաժեշտ հարմարեցումներ, իսկ նախկինում հասանելի ծառայությունները կարող են գտնվել հեռու կամ դժվար հասանելի վայրերում։

Արցախից տեղահանվածների շրջանում այս խնդրի օրինակներից մեկն է Ստեփանակերտից տեղահանված Իրա Սահակյանի ընտանիքը։

2023 թվականի իրադարձությունների հետևանքով Իրան, ինչպես հազարավոր արցախցիներ, ստիպված եղավ լքել հայրենի քաղաքը։ Նա Հայաստան է տեղափոխվել տարեց մոր հետ։ Երկուսն էլ ունեն հաշմանդամություն և հենաշարժողական լուրջ խնդիրներ։ Այժմ նրանք ապրում են Արտաշատում՝ վարձակալած բնակարանում։

«Մենք մտահոգված ենք մեր հետագա ճակատագրով, քանի որ հաշվի առնելով բնակվարձերի գները՝ 40 հազար դրամով անհնար է լուծել բնակարանի վարձի խնդիրը։ Մինչդեռ, ելնելով այսօրվա ընդհանուր իրավիճակից, ես վստահ չեմ անգամ, որ 10 տարվա ընթացքում մեզ կտրամադրվի այդ աջակցությունը», — Step1.am-ի հետ զրույցում նշել է Իրա Սահակյանը։

Նրա խոսքով՝ ընտանիքը յուրաքանչյուր ամիս վճարում է մոտ 100 հազար դրամ բնակվարձ, ինչը մեծ ծանրաբեռնվածություն է ընտանեկան բյուջեի համար՝ չհաշված կոմունալ ծախսերը։

Իրա Սահակյանի ընտանիքի պատմությունը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող տեղահանված անձանց խնդիրը միայն ֆինանսական աջակցությունը չէ։ Շատ դեպքերում հիմնական հարցը հասանելի և հարմարեցված բնակարանն է։

«Մենք համաձայն ենք սոցիալական բնակարանի՝ պայմանով, որ այն կլինի Երևանում և հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար», — ասել է նա։

Հայաստանի կառավարության դիրքորոշմամբ՝ ֆունկցիոնալության գնահատման բարեփոխումը նպատակ ունի փոխել հաշմանդամության նկատմամբ նախկին մոտեցումը՝ անցում կատարելով միայն բժշկական գնահատումից դեպի մարդու իրավունքների և սոցիալական ներառման վրա հիմնված համակարգի։

Կառավարության ներկայացրած քաղաքականության համաձայն՝ նոր համակարգը պետք է հնարավորություն տա ավելի ճշգրիտ գնահատել մարդու կարիքները և ապահովել այնպիսի աջակցություն, որը համապատասխանում է նրա կյանքի իրական պայմաններին։

Սակայն տեղահանված արցախցիների բազմաթիվ ընտանիքների դեպքում ֆունկցիոնալության խնդիրը դուրս է գալիս միայն առողջապահական կամ սոցիալական ծառայությունների շրջանակից։ Այն պետք է դառնա ոչ թե մարդու սահմանափակումները արձանագրող գործընթաց, այլ նրա իրավունքների վերականգնման ճանապարհ, հատկապես Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում։

Արսեն Աղաջանյան

Լուսանկարում՝ Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոն․ 2023