Արցախցիների անձնագրերի մասին կա փաստաթուղթ, բայց այն գաղտնի է

Step1.am-ի հարցերին պատասխանել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

-Տիկին Դավթյան, քանի՞ արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն։

-Հունիսի 29-ի դրությամբ ունենք 40 817 անձ, ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Եվ հիշեցնեմ, որ ի սկզբանե խոսել ենք 115 746 տեղահանվածի մասին։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ տեղահանվածների մոտ 35 տոկոսն արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Այդ թվում՝ 13 207 անձ անչափահասներ են։ Հունվարի մեկից մինչ այսօր 13 100 դիմում կա ծրագրում, որից 5993-ն են հիմա քննության փուլում։ Մնացածը՝ մոտ 7000-ը շտկման փուլում գտնվող գործերն են, որոնք նախավարույթում են եւ դեռ ենթակա չեն քննության։ Եվ այս տարի արդեն 1055 հրամանագիր ունենք, որ նախագահի հրամանագրով թղթային տարբերակով արդեն շնորհվել է քաղաքացիություն։ Բայց ես նշեմ, որ 1250 անձի քաղաքացիություն է շնորհվել այս տարվա հունվարին, 1850՝ փետրվարին, 2350՝ մարտին, այսինքն՝ այն բոլոր խոսակցությունները, թե նախընտրական շրջանում քաղաքացիության շնորհման գործընթացը դադարեցվել էր, ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։

-Դուք հավանաբար գիտեք, որ արցախցիները դժգոհ են այս գործընթացից, նրանք ասում են, որ այսպես թե այնպես իրենք ՀՀ քաղաքացի են, միշտ ունեցել են ՀՀ քաղաքացու անձնագրեր, իրավական հիմնավորումներ են բերում, ինչո՞ւ եք նրանց կյանքը եւս մեկ անգամ դժվարացնում ու ստիպում անցնել այս գործընթացով։ Եթե արցախցիները 1998 թվականից ստացել են Հայաստանի անձնագրեր, ինչ-որ փաստաթուղթ կա՞, որտեղ գրված է, որ այդ անձնագիրը լիիրավ ՀՀ քաղաքացիություն չի տրամադրում։ Այսինքն՝ ի՞նչ փաստաթղթի եք հղում անում, երբ ասում են, թե արցախցիները ՀՀ քաղաքացի չեն։

-Մենք այս դիսկուրսը ծավալում ենք արդեն տեւական ժամանակ, մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերից, երբ կառավարությունն ընդունեց 1864-Ն որոշումը, որով եւ փախստականի կարգավիճակ տրամադրվեց տեղահնաված անձանց։ Բայց, իհարկե, այս խոսակցությունը կարող է ակտուալ լինել նաեւ այսօր, եթե դեռ կան տեղահանված անձինք, ովքեր չեն դիմել քաղաքացիության ստացման համար կամ այդ որոշումը դեռ չեն կայացրել։ Հիմա մենք արդեն զգալի թիվ ունենք, ինչպես նշեցի։ Ընդ որում, ես նշեցի, որ տեղահանված անձնաց մոտ 35 տոկոսն արդեն ստացել է քաղաքացիություն, բայց եթե դիմումներն էլ հետ հաշվենք, կարող ենք արձանագրել, որ տեղահանված անձանց շուրջ 46 տոկոսն արդեն քաղաքացիություն ստանալու ցանկություն են հայտնել։ Այսինքն՝ արդեն դիմումների այս ծավալների պայմաններում ենք բացում այս խոսակցությունը։

Եթե իրավական հիմքի մասին ենք խոսում, իհարկե, գոյություն ունի նման փաստաթուղթ՝ խոսքը 1998 թվականին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարների միջեւ ստորագրված համաձայնագրի մասին է, որով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Ղարաբաղի բնակչությանը տրամադրվում է որպես ճանփորդական փաստաթուղթ։ Համաձայնագիրը գաղտնագրված է, հրապարակման ենթակա չէ, բայց ամբողջ վերաբերելի հատվածն ուղիղ տեքստով մեջբերված է «Չիրագովը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռում, որը հրապարակային փաստաթուղթ է։

-Այսինքն՝ իրավական փաստաթուղթը տվյալ դեպքում միայն դա՞ է։

-Այո։

-Այդ դեպքում ինչպե՞ս էր ստացվել, որ մինչեւ 2023 թվականի հոկտեմբերը, եթե 070 անձնագրով անձը հաշվառման հասցեն փոխում եւ Հայաստանում էր հաշվառվում, միանգամից ներառվում էր քաղաքացիության գրանցամատյանում։ Իսկ 2023 թվականից հետո այդպես չէ։

-Մենք քաղաքացիության գրանցամատյան կատեգորիա որպես այդպիսն չունենք։ Այո, քաղաքացիություն ստանալու համար պատշաճ ընթացակարգ կա, բայց այդուհանդերձ նշեմ, որ ունենում ենք իրավիճակներ, երբ տեղահանված անձը մոտենում է, որ քաղաքաղացիության դիմում տա կամ օնյալն տարբերակով ներբեռնում է փաստաթղթերը, եւ մենք ի պատասխան նրան հայտնում ենք, որ ինքն արդեն հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ Դրանք այն իրավիճակներն են, երբ մենք համեմատում ենք տվյալ անձի անհատական տվյալները, մասնավորապես, ծնվելու պահին նրա ծնողների ունեցած քաղաքացիությունը, առաջին անձնագրավորումը որտեղ է եղել՝ ՀՀ-ում, թե՞ Ղարաբաղում, հաշվառման հասցեն որտե՞ղ է՝ ՀՀ-ում, թե՞ Ղարաբաղում։ Այս բոլոր տվյալների հաշվառմամբ երբեմն լինում են իրավիճակներ, որ անձին բնութագրող հատկանիշները որեւէ կերպ չեն տարբերվում Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին օրենքում բնութագրվող հատկանիշներից։ Նման դեպքերում մենք հայտնում ենք, որ անձն արդեն ՀՀ քաղաքացի է։ Իմ նշած դեպքերը եղել են նաեւ նախորդ տարիներին, այս անձանցից շատերը նախորդ ԱԺ ընտրություններում  նաեւ քվեարկել են։ Դա էլ է շատ հաճախ շահարկվում։ Սա նորություն չէ, հիմնականում հաշվառման եւ այլ բնութագրիչների բերումով, ինչպես նշեցի, ունենում ենք եւ ունեցել ենք իրավիճակներ, երբ անձը քաղաքացի է, ոչ թե ժամանակավոր փաստաթուղթ կրող փախստական։

-Այս տարի քաղաքացիական դատարանը մի քանի վճիռներ կայացրեց, որոնցով արցախցիներին ճանաչեց ՀՀ քաղաքացի եւ հաստատեց, որ նրանք պետք է ընգրկվեն ՀՀ ընտրողների ցուցակում։ Սակայն ՆԳՆ-ն միանգամից միջամտեց, եւ դատարանի այդ որոշումները բեկանվեցին։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ եթե իշխանությունը չմիջամտեր, դատարանը ճանաչում էր արցախցիների՝ ՀՀ քաղաքացի լինելը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Ես նշեմ, որ քաղաքացիական դատարանը չի քննում քաղաքացիության հարց, քննում է տեխնիկական հարց, այն է՝ անձը պետք է լինի ընտրողների ցուցակում, թե՞ ոչ։ Եվ հենց դա է վիճարկել ՆԳՆ-ն, որ, չանդրադառնալով քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, դատարանը որոշում էր կայացրել, որ տվյալ անձնագիր կրող անձը պետք է ընդգրկվի ցուցակում։ Մենց հենց դա ենք բողոքարկել ու վիճարկել, որ նախ պետք է պահվեր իրավական կարգավիճակը՝ անձը քաղաքացի է, թե՞ ոչ, հետո նոր անդրադառնալ ցուցակին։ Եվ չմոռանանք, որ միայն քաղաքացի լինելու դեպքում է քաղաքացիական դատարանն իրավասու քննել ցուցակի հարցը։ Իսկ քանի որ տվյալ երեք դեպքերում չունեինք իրավիճակ, երբ քաղաքացու մասով էր հայցը ներկայացված, այդ պատճառով այդ վճիռները ճանաչվեցին ոչ ընդդատյա, այսինքն՝ ներկայացված էր մի դատարանի կողմից, որն ի սկզբանե իրավասու չէր քննել այդ հարցը։

-Այնուամենայնիվ, արցախցիներից շարունակում ենք բողոքներ ստանալ, որ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացը ձգձգվում է, մարդիկ ամիսներով սպասում են։ Վերջին շրջանում դա առավելապես կապում էին ընտրությունների հետ, այսինքն՝ կան կասկածներ, որ քաղաքացիության տրամադրման գործընթացը դիտավորյալ է ձգձգվել, որպեսզի շատ արցախցիներ չմասնակցեն ընտրություններին։ Ի՞նչ իրավիճակ է այսօր, քանի՞ արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն, որքա՞ն է տեւում քաղաքացիության ստացման գործընթացը։

-Ոչ մի ձգձգում երբեք էլ չենք ունեցել՝ ոչ նախընտրական շրջանում, ոչ էլ դրանից հետո։ Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ստացվող հայտերը հնարավորինս արտոնյալ պայմաններում քննվեն, այդ թվում՝ մինչեւ 2025 թվականի ավարտը, երբ դիմումները թղթային տարբերակով ենք վերցրել։ Այդ դիմումները վերցրել ենք ինչպես Երեւանից դուրս գործող անձնագրային ծառայություններում, այնպես էլ շրջիկ ձեւաչափով, Երեւանում բացի կենտրոնական գարսենյակից, կենտրոնում՝ Զաքյան 3 հասցեում եւս ընդունվում էին դիմումները։ Իսկ այս տարվա հունվարի մեկից գործընթացն արդեն թվային է, այսինքն՝ ոչ հերթի խնդիր կա, ոչ որեւէ սահմանափակում կա, 24 ժամ շարունակ աշխարհի ցանկացած ծայրից հնարավոր է քաղաքացիության դիմում ներկայացնել։ Եվ դրա մասին են վկայում դիմումները՝ մենք աշխատանքային օրվա ավարտից հետո մինչեւ հաջորդ աշխատանքային օրվա սկիզբը նորից ունենում ենք մի քանի հարյուր դիմում՝ ի տարբերություն թղթային տարբերակի, երբ միայն աշխատանքային ժամերին էին դիմումներն ընդունվում։

Ինչո՞ւ է ձգձգվելու տպավորություն ստեղծվում, որովհետեւ երբ թվայնացրել ենք, ունենք նախավարույթ հասկացությունը։ Այսինքն՝ անձը հետեւում է կայքի հրահանգներին եւ վերբեռնում է պահանջվող փաստաթղթերի ցանկը։ Բայց դրանք ոչ միշտ են կոռեկտ ու ամբողջությամբ ճշգրիտ լինում։ Եվ մեր օպերատորը դիմումատուին երեք անգամ 10 օր ժամկետով շտկումների հնարավորություն է տալիս։ Օրինակ՝ պետք է դիմումին ավելացնել թարգմանություն, նոտարական վավերացում, ապոստիլ եւ այլն։ Եվ այս ամբողջ փուլը դիմումատուն ընդունում է որպես գործի քննություն, մինչդեռ գործը քննվում է միայն այն պահից, այսինքն՝ օրենքով սահմանված 90 աշխատանքային օրն այն պահից է սկսվում, երբ փաթեթն ամբողջական է, եւ անձը նաեւ ֆիզիկապես մեկ անգամ ներկայանում է մեր գրասենյակ, որպեսզի մեր օպերատորը փաստաթղթերի բնօրինակը եւս տեսնի։ Եվ այս ամենի հաշվառմամբ՝ մենք 90-օրյա ժամկետը երբեւէ չենք խախտել։ Այլ հարց, որ նախկինում մեր ռեսուրսը թույլ էր տալիս երկու ամսում այդ գործերը քննել, հիմա 90 օրում ենք քննում։

-Բայց կան դեպքեր, երբ մարդիկ ասում են՝ 5-6 ամիս է՝ սպասում են իրենց քաղաքացիության տրամադրմանը, հատկապես ընտրություններից առաջ էր դա։

-Եթե կոնկրետ դեպք ասեք, կնայենք, ես այդպիսի դեպք չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ այդ 5-6 ամիսը ստանդարտ իրավիճակ է եղել, երբ թուղթ է պակաս եղել, խնդրել ենք լրացնել, այդ լրացնելու պրոցեսն ինքնին 2-3 ամիս տեւում է։ Օրինակ՝ երբեմն անձը չի ունենում ծննդյան վկայական, չի էլ կարողանում վերականգնել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում եւ գնում է դատարան։ Դա ինքնին մի քանի ամիս ձգվող պրոցես է։ Հիմա պե՞տք է մենք այդ ժամկետը հաշվենք գործի քննության համատեքստում, թե՞ ոչ։ Իհարկե, ոչ։ Եթե ձեր ձեռքի տակ կան կոնկրետ իրավիճակներ, անուն-ազգանուն, որ գործը հանձնել է, եւ անցնել է ավելի քան 90 օր, մենք կնայենք։ Ես գրեթե բացառում եմ նման իրավիճակներ։

Ռոզա Հովհաննիսյան