
Step1.am-ի հարցերին է պատասխանում «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։
Տիկիտ Ավագյան, Եվրահանձնաժողովի նախագահ Որսուլա Ֆոն դեռ Լայենը օրերս այցելել է Բաքու և Երևան, «շնորհավորելով» Ալիևին «լավ առաջնորդության և խաղաղություն հաստատելու» համար։ Ինքը՝ Ալիևը բազմիցս դժգոհել է եվրոպական կառույցներից՝ ԵԽԽՎ-ից, Եվրախորհրդարանից, ԵԱՀԿ-ից, որոնք «արգելում էին» Բաքվին ուժով կարգավորել Արցախի խնդիրը։ Արդյո՞ք եվրոպական կառույցների դիրքորոշումը փոխվել է և որքանով է նոր մոտեցումը համահունչ եվրոպական արժեքներին։
Եվրոպայի և դրա կառույցների դիրքրոշումը միշտ էլ բազմաշերտ է եղել, բազմազան ու հարափոփոխ, երբեմն ավելի առաջնային են եղել մարդու և ժողովրդների իրավունքները, երբեմն դրանք ստորադասվել են աշխարհաքաղաքական շահերին։ Եկեք չմոռանանք, որ աշխարհն ընդհանրապես, ու Եվրոպան հատկապես շատ զգայական էին արձագանքում 1988-1990թթ. խորհրդային Ադրբեջանում հայության դեմ ընթացք ստացած ցեղասպանական գործընթացներին, սակայն այդ ամենը արագ հավասարակշռվեցին ու ընդհանրապես մարեցին ԽՍՀՄ փլուզման ակնկալիքով։
Եկեք հենց այստեղ էլ ֆիքսենք, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստական դարձած հայերի հարցի սառեցումը կամ էլ դրա մոխրաթաղ անելը ֆինանսական հմայքի ճնշման տակ՝ որևէ դիմադրության չհանդիպեցին թե հայաստանյան իշխանությունների կողմից, թե այսպես կոչված՝ քաղհասարակության կողմից, հակառակը՝ սկսվեց մրցակցություն, թե ով շատ կաշխատի Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդիրները ու մազապուրծ փրկված սումգայիթցի փախստականի իրավունքները շահարկելով։ Իսկ ֆինանսական հմայք Հայաստանյան իրականության մեջ ստեղծեցին, այսօր արդեն ինձ համար դա ակնհայտ է, Բաքվի կողմից կաշառված ՄԱԿ-ի, եվրոպական ու այլ միջազգային կառուցները։
Ես անձամբ՝ իմ ինքնաբուխ հասարակական գործունեության ընթացքում անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է ՄԱԿ-ի օտարազգի աշխատակցուհին ՀՀ ԱԺ դահլիճում՝ 2019 թվականին փախստականների միջազգային օրը, հրահանգում այդ միջոցառումը կազմակերպած ՀՀ ԱԺ պատգամավորուհուն՝ անկաշկանդ ու բարձրաձայն անգլերենով, հենց փախստականների ներկայությամբ, որ «մյուս տարի այս օրը այլևս նման փախստականների մասին խոսք չլինի»։
Կամ էլ այդ նույն տարում ՀՀ ԱԺ-ում հանդիպում ենք ԵԱՀԿ պատգամավորի հետ, որն այնուհետև իր հաշվետվության մեջ կխոսի ՄԱԿ-ում գրանցված ինչ-որ «300 հազար ադրբեջանցի փախստականների իրավունքների մասին», նաև «դրանց վերադարձի», իսկ հայ փախստականների գոյության մասին և ոչ մի ակնարկ։ Երբ որոշ ժամանակ անց դա կրկին հայտնվեց Հայաստանում ու կրկին հանդիպում էր, ես ստիպված էի բարձրաձայնել, որ դրա պահվածքի միակ հիմնավորումը ինձ համար Բաքվի խավիարի համն է, ԵԱՀԿ այդ պատգամավորը ՀՀ ԱԺ դահլիճի ներսում հանգիստ հակադարձեց, թե այն կողմն էլ է մեղադրանքներ հնչեցրել։ Ու վերջ, ոչ մի դիմադրություն հայկական իշխանական թիմից։
Մի՞թե կարծում եք, որ ՄԱԿ-ի կամ էլ եվրոպական ու միջազգային այլ կառույցների վերլուծական կենտրոնները տկարամիտ էին ու չէին հասկանում, որ փողի ճնշմամբ փակելով Ադրբեջանական ԽՍՀ հայ փախստականների գոյության հարցը, փաստացի ուղիղ նպաստում են, որ Բաքուն հասունացնի իր հորինած «փախստականների հարցը» ու դա որպես փափուկ զենք մի օր էլ կիրառի հայությանը և հայկական պետականությանը այս տարածաշրջանում ոչնչացնելու համար։ Իսկ ի՞նչ է, հայկական իշխանությունները՝ 1991-ից մինչ օրս, ընկալունակ չէի՞ն ու չե՞ն, որ չեն տեսնում սպառնալիքները։
Երբ Ալիևը դժգոհում էր, որ իբրև «արգելում էին» Բաքվին ուժով կարգավորել Արցախի խնդիրը, դա ավելի շուտ դրա տղայական բնույթի արտահայտումն է։ Իլխամը դեռևս 2008-ին ուներ իր ձեռքի տակ միջազգային փորձագիտական դաշտի կողմից մշակված երեք թղթապանակներ, որոնց սկսեց կիրառել ու հասցնել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը ակնհայտ հովանավորվում էր ոչ միայն Ռուսիայի, նաև նույն Եվրոպայի կողմից, իսկ հիմա էլ՝ 2022 թվականի օգոստոսից, ակտիվ կիրառում է արդեն վերջին պանակը՝ «արևմտյան ադրբեջանցիների հորինվածք» սպառնալիքը, բայց որի հիմքում հենց իր հորինված «փախստականների» հարցն է։
Երբ ալիևյան կլանը համառորեն, անշուշտ, գրագետ փորձագիտական խորհրդատուներով, 1989 թվականին հիմնեց ու փայփայեց «Ադրբեջանի փախստականների միություն» կոչվածը, որը 2022-ի օգոստոսին սահուն վերածեց «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչված կազմակերպության, այդ նույն ժամանակ հայկական չորս իշխանական թիմերը թե Երևանում ու թե Ստեփանակերտում, ակտիվ ու անվարան թաղեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հարցը, հարց, որն անգամ որպես Իլխամի վրա ճնշման գործիք կիրառեց Վ.Վ. Պուտինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը։
Չկարծեք, որ ես հեռանում եմ ձեր հարցից, ոչ, սա է արմատը, սա է հայկական իշխանական չորս թիմերի ու դրանց հարած/հարող այսպես կոչված քաղհասարակության գործունեության արգասիքը, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ընդամենը գրանցում է վերջնարդյունքը՝ «շնորհավորելով» Ալիևին «լավ առաջնորդության և խաղաղություն հաստատելու» համար, շատ լավ հասկանալով թե իրենց դերակատարության կշիռը, թե հայկական կողմի ապապետական ու ապազգային կեցվածքը:
Ո՛չ, չի փոխվել եվրոպական կառույցների դիրքորոշումը, ինչպես և չի փոխվել հայաստանյան իշխանության դիրքորոշումը՝ 1992 թվականից այս կողմ։ Իսկ եվրոպական արժեքները կախված են եղանակից՝ քաղաքական իրավիճակից, կան ու չկան, գործում են ու չեն գործում։ Շահում են այն պետությունները, այն ժողովուրդները, ում քաղաքական վերնախավը ընկալում է ազգային ու պետական շահը ու նվիրվում այդ շահին, ասենք՝ Իսրայելի նման պետությունը ու հրեա ժողովուրդը նախանձելի պետական ու հոգևոր առաջնորդներ են ունեցել և նվիրյալ մտավորականություն։
Ֆոն դեր Լայենը նաև ակնարկել է, որ Հայաստանը կարող է «ազատվել կախվածությունից», հավանաբար՝ Ռուսաստանից՝ ճանապարհներ բացելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ի՞նչ է դա նշանակում, ԵՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես Թուրքիայի ազդեցության գոտի՞։
Հայաստանն այսօր իր աշխարհաքաղաքական կշռով նույնքան վտանգավոր վիճակում է, ինչպես որ 1920 թվականի վերջերին է, երբ հյուծված Հայաստանը Խորհրդայնացված Ռուսաստանի համար ընդամենը շահերի սպասարկման միջոց էր, ու այդ վերաբերմունքը հաստատուն է անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո, այսօր էլ։ Հիմա էլ ԵՄ-ն է պատրաստ իր «գիրկն առնել» ուժասպառ Հայաստանին։ ԵՄ-ի համար Հայաստանի ժողովրդագրական պատկերը, նրա ինքնության պահպանումը նույնքան անհետաքրքիր է, որքան և ԵՄ-ի առումով։ Իր ստեղծման օրից արտաքին կառավարման տակ կքած Հայաստանը ԵՄ ուղեկցությամբ Ադրբեջան-Թուրքիա շղթայում կվերածվի թուրանական երազանքները կամրջող միջանցքի։ Նմանատիպ սցենարի կանխատեսում, իհարկե, ԵՄ –ն էլ ունի։
Առաջավոր Ասիայում տիրող տուրբուլենտությունը հնարավոր է և շանսեր ընձեռնի հայությանն ու Հայաստանին, բայց նախընտրական ու հետընտրական ընթացքը այս տարի ցուցադրեց, որ ազգային ու պետական շահի առաջնությանն ու պահպանմանը նվիրված քաղաքական, դիվանագիտական պոտենցիալի մեծ պակաս ունենք՝ ընդհանրապես, ու սա իրական սպառալիք է։
Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է, որ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում արված «Արցախը Հայաստան է, և վերջ» իր արտահայտության շնորհիվ ենք մենք հայտնվել «այս լավ հանգրվանում»։ Ի՞նչ է նշանակում այս խոստովանությունը։
Արցախյան շարժման արմատների ու բովանդակության սխալ ըմբռնում կա մինչ օրս, ու այդ սխալը ըմբռնումը նպատակային փաթաթել ու փաթաթում են մեր վզին։ Վերջերս մի տեսաձայնագրության մեջ, 1992 թվական, դաշտային վիրաբույժ Տարոն Տոնոյանը հիմնավորում էր, որ հայությունը ստիպված է թուրքին հետ շպրտել ԼՂԻՄ-ի փեշերից, քանի որ Ադրբեջանը այդ օրերին արդեն կարճ ժամանակում շատ լավ զինվեց։ Տարոնն ասում է, որ եթե հետ չշպրտեն ու չհեռացնեն ԼՂԻՄ-ի սահմաններից, ապա թուրքը հենց Հայաստան էլ կմտնի, ապա զգուշացնում է, որ մի քսան տարի հետո Ադրբեջանը ուղղակի վտանգ է լինելու Հայաստանի համար։ Տարոնը 1992 թվականին շատ լավ էր հասկանում, որ հայությունը պարզապես կասեցնում էր Սումգայիթից դեպի ԼՂԻՄ ծորացող ցեղասպանությունը, բայց չի կարողավել այնպես կասեցնել, որ այն մի քսան տարի հետո չահագնանա։
Ցեղասպանության կասեցման 1988-1994 թվականների ընթացքը՝ Արցախյան գոյամարտը, հայությանը հետադարձ ու հետևողական մատուցվեց ու մատուցվում է համաձայն թուրքական հորինվածքի՝ որպես ոտնձգություն այլ պետության տարածքների։ Սրանով աղավաղել են նախ Լեոնիդ Ազգալդյանի՝ հայության կենսատարածքի մի բեկորի մասին, թևավոր խոսք դարձած այդ միտքը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Ու ոչ միայն, ինչպես որ հայության ստահակը ֆիզիկապես ոչնչացրեց, տանջամահ արեց Ազգալդյանին, նույնպես ոչնչացրեց հայության կենսատարածքի այդ բեկորի վրա այդ մտքի հզորությունը։
Ու ցեղասպանությունը, այո, ինչպես Տարոն Տոնոյանն էր զգուշացնում, արդեն 2005-2006 սկսեց իսպառ ոչնչացնել Նախիջևանում հայոց հետքը, ապա և թիրախի մեջ պահել Արցախը։ Իսկ հայությունը իր իշխանական թիմերով խորը քնի մեջ էին։
Նիկոլ Փաշինյանը նույնպես «Արցախը Հայաստան է, և վերջ» ընկալել է որպես ոտնձգություն այլ պետության հանդեպ, ու այդ ընկալմամբ էլ սեփական տպագրված հոդվածն ունի դեռևս 2000-ականներին։ Հայության ֆիզիկական գոյության, անվտանգության համար չի եղել հոգացություն, եղել է միայն թուրքին հաճոյանալու ու գրկաբաց տրվելու ժիրայրլիպարիտյանական ընկալում, երբ զոհին ու դահճին ոչ միայն հավասարեցնում էին, այլ հակառակը՝ դահճին դրել էին զոհի տեղ ու Ստեփանակերտը պաշարման մեջ դրած ու պահած թուրքի մեծ մամայի իրավունքներն էին աղաղակելով գերադասվում Սումգայիթից Մարտակերտ, ապա և Ստեփանակերտ փախած ու այդտեղ պաշարման ու սովի մատնված հայ մանուկների իրավունքներից։ Սրա վկայությունն է այդ խոստովանությունը։
Իսկ Տարոն Տոնոյանի ու Լեոնիդ Ազգալդյանի նվիրումը մսխվեց, 1988-1994 թվականներին կասեցված ցեղասպանությունը մտցվեց Արցախ, ու այսօր էլ այդ սպառնալիքը կախվել է հայության կենսատարածքի այս վերջին բեկորի վրա։ Չկա վտանգի ընկալում, չկա սպառնալիքի զսպման քայլերի տեսլական, չկա ինքնապաշտպանության ուժեղացման ընկալում։ Պետության այս բեկորը մնում է արտաքին կառավարման տակ ու թուրքը այն մի դեպքում Ռուսաստանի հետ, մի այլ առիթով ԵՄ կամ ԱՄՆ հետ նպատակային տանում է ոչնչացման։ Մնացածը աճպարարություն է։