Ամրոց-դիտակետ Սարիկ (Կարմիր քար), Հադրութի շրջան

Հարավային Արցախի` Հադրութի շրջանի Սիրիկ (Սարիկ) գյուղից արևմուտք, ժայռերի գլխին վեր է խոյանում մի խորհրդավոր դիտակետ-ամրոց։ Այն կանգնած է այնտեղ, որտեղ քամիները խոսում են անցյալի ձայներով, իսկ քարերը պահում են պատերազմի ու փրկության գաղտնի պատմությունները։ Այն պարզապես բերդ չէ։ Այն լռության մեջ հսկող աչք է։

Այստեղով էր անցնում գլխավոր ճանապարհը՝ Արաքսի ափերից Դիզափայտի արևելակողմ կիրճով Արցախի խորքը տանող կենսական երակը։ Երբ Արաքսի հովտում փոշի էր բարձրանում, և հեռվում երևում էին թշնամու շարժումները, առաջինը հենց այս բարձունքից էր զգացվում վտանգի շունչը։ Հեռվում իրար էին արձագանքում հարակից ամրոցները՝ Մուլքուդարա, Բերդահոս, Դիզափայտ։

Կարծում ենք, այդ ամրոցների հետ էր կապված նաեւ ավելի հեռու հարավ-արեւմտյան չերեւացող վայրում գտնվող Թոմասի բերդը, որտեղից երբ Արաքսի հովտում երևում էր վտանգը, կրակների և ծխի ազդանշաններով ահազանգը փոխանցվում էր դեպի Դոլանլարի արևելյան բարձունքում գտնվող Բերդաքար միջանկյալ ամրոց-դիտակետին։ Իսկ այնտեղից՝ ալիք առ ալիք, լուրն անցնում էր մյուս բերդերին։

Այս բարձունքներում լույսը երբեք պարզապես լույս չէր։

Այն նշան էր։ Ավելի կոնկրետ՝ կյանքի կամ մահվան ազդանշան։ Գիշերները, երբ լեռները սև էին դառնում, և միայն աստղերն էին վառվում երկնքում, այստեղ վառվում էին նաև մարդկային հույսի կրակները։ Մի բերդից մյուսը փոխանցվող լույսը ոչ միայն ռազմական ազդանշան էր, այլ նաև գոյության երդում։

Տեղում կատարված հետազոտությամբ ակներեւ է դառնում մասնավորապես տվյալ հատվածում ամրոցների միջեւ կապի, ազդանշանային համակարգի առկայությունը, որտեղ գլխավոր դերակատարություններից մեկը պատկանում էր առաջնային դիրքում գտնվող Թոմասի բերդին: ՙՍարիկ՚ ամրոց-դիտակետը տեսադաշտում էր պահում համանուն հովիտը եւ անմիջականորեն կապված էր ՙՄուլքադարա՚ ամրոցի հետ:

Ամրոց-դիտակետը կամ միջնաբերդը տեղադրված է արեւելք-արեւմուտք ձգվող փոքր լեռնաշղթայի գրեթե  կենտրոնական մասում, մի խորդուբորդ, անհարթ ու կտրտված վայրում եւ, դատելով տեղանքից ու ներքուստ տնատեղերի բացակայությունից, նկատելի է դառնում ամրոցի հատկապես ՙդիտակետային՚ նշանակությունը:

Լեռան ամրոցակալ հատվածն արտաքուստ ունի եռանկյունու տեսք: Արեւմտակողմ պարսպապատը հարավ-արեւելք – հյուսիս-արեւմուտք ուղղությամբ ձգվում է մինչեւ 35 մ, իսկ արեւմտյան կողմում, որ ներկայումս ավերակված լինելով չի պահպանվում, մոտ 25 մ լայնությամբ: Չեն պահպանվում նաեւ հարավային` լեռան եզրամասում եղած պատերը:

Ամրոցի երկարությունը մինչեւ 95 մ է: Այսպիսով, տարածքը ներքուստ, միջին չափերով հաշված, կազմում է մոտ 2000 քառ. մ:

Ամրոցում ուշագրավ են հատկապես պահպանվող շինությունները: Վերը նշված պարսպապատը պահպանվում է մինչեւ 4-5 մ բարձրությամբ եւ 1,2 մ լայնությամբ: Կառուցված է տեղական քարերով եւ կրաշաղախով: Պարսպի երկու կողմերին տեղակայված են կլոր հատակագծով մեկական անկյունային աշտարակներ կամ կիսաշտարակներ, որտեղից դեպի արեւմուտք եւ հարավ – արեւմուտք (ձորահովտի եւ ամրոցի մատույցների հսկողությունն իրականացնելու նպատակով) բացվում են մեկական մոտ 0,5 x 0,25 մ չափերի անցքեր:

Պարսպից դուրս նկատելի են ինչ–որ շինության հետքեր (պահպանվում է կլոր հատակագծով փոսորակը): Ամրոց-դիտակետի մուտքը արեւմտյան կողմից է: Այն բացվում է պարսպի գրեթե կենտրոնից, ունի կիսակլոր վերնամաս, ներկայումս փակված է (ամրոցը Արցախյան պատերազմի ընթացքում գտնվելով թուրքերի հսկողության տակ, վեր էր ածվել պաշտպանական կետի` տեղահանվել են քարերը, փակվել է մուտքը):

Սարիկ ամրոցի ներքնամասում, հարավային ձորակի խորքում, ժայռերի ստվերի տակ հոսում է փոքրիկ գետակ՝ լուռ ու անխոս աղբյուր, որ հոսում է, պահելով ժամանակի շնչառությունը։ Այդ ջրից էին խմում ամրոցի պաշտպանները։ Այդ ջրով էին ուժ առնում, երբ լեռների վրայով վտանգի շունչ էր անցնում։

Ամրոցի մասին պատմական գրավոր աղբյուրները լռում են։ Մատենագիտական հիշատակություններ մեզ հայտնի չեն։ Բայց երբեմն քարերն ավելի ճշմարիտ են, քան ձեռագիր մատյանները։ Տեղում կատարված նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ամրոցը ձևավորվել է XII–XIII դարերում՝ մի ժամանակաշրջանում, երբ Արցախը կանգնած էր անընդհատ փորձությունների ու մարտահրավերների առջև։

Այստեղ, այս ժայռերի վրա, կանգնած էին մարդիկ, որոնց անունները մեզ չեն հասել, բայց որոնց ներկայությունը դեռ զգացվում է։ Մեր երևակայության աչքերով մենք կարող ենք տեսնել նրան, ով բերդի աշտարակին կանգնած աչալուրջ սպասում էր ազդանշանի կրակին, որ վառվելու էր հեռու մի բերդում։ Եվ կարծես բերդը պահում է նրանց գաղտնիքը, ովքեր XII–XIII դարերում այս բարձունքում իրենց կյանքն էին կապել հայրենի հողի հետ։

Այսօր քամին է շրջում այս քարերի միջև։ Բայց վստահ եմ, որ բերդերը դեռ խոսում միմյանց հետ, հիշում են տերերին ու սպասում են մեզ։ Եվ կարծում եմ, որ ցանկության դեպքում մենք էլ կլսենք նրանց ձայնը, որ ասում են Մենք այստեղ ենք։ Մենք զգոն ենք։ Մենք պահում ենք մեր երկիրը
Լռությամբ։
Հիշողությամբ։
Հավերժությամբ։

Արմինե Հայրապետյան