
Մասնակցային քննարկումների պակաս արցախցիներին վերաբերող որոշումներին
Հայկ Խանումյան, Step1.am-ի համար
2023թ․-ից հետո ՀՀ կառավարության ծրագրերը տևողության տեսանկյունից կարող ենք բաժանել 3 մասի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետ ծրագրերն ուղղված էին հրատապ կարիքները հոգալուն, կառավարությունն այս առումով գործեց օպերատիվ, բռնի տեղահանված անձինք արագ տեղավորվեցին և կարճ ժամանակում արդեն սկսեցին ստանալ մեկանգամյա աջակցություններ։
Հրատապ աջակցության ծրագրերի տրամաբանության մեջ էր նաև բնակվարձի ու կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը, որը ենթադրում էր 40 հազարական և 10 հազարական դրամի փոխհատուցում յուրաքանչյուր անձի հաշվին։ Այս ծրագիրը ենթադրվում էր, որ պետք է իրականացվի մինչև բնակարանային հարցի վերջնական լուծումը, հետևաբար տևողության տեսանկյունից տեղավորվում է միջնաժամկետ ծրագրերի շարքին։
Սակայն այս հոդվածի նպատակը ծրագրերի տևողության կամ բովանդակության քննարկումը չէ, այլ թե՞ ինչքանով է կառավարությունը արցախցիների կարծիքները հաշվի առել ծրագրերն ընդունելիս։
Ամբողջովին տրամաբանական է, երբ կարճաժամկետ հրատապ ծրագրերը կառավարությունն ընդունել է արագ, օպերատիվ, առանց լայն քննարկումների։ Ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը թելադրում էր արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն, և ամբողջովին բնական է, որ կառավարությունը հենց այդպես էլ վարվել է։
Վիճակն այլ է երկարաժամկետ ծրագրերի հետ կապված, ինչպիսիք են բնակապահովման ծրագիրը կամ զբաղվածությանը վերաբերող ծրագրերը։ Փորձը ցույց է տալիս, որ կառավարությունը շատ բաց չէ արցախցիների հետ իրենց խնդիրները քննարկելու համար։
2023թ․ բռնի տեղահանումից հետո մինչև 2024թ․ սկզիբ ՀՀ կառավարությունը դեռևս հարաբերվում էր Արցախի կառավարության անդամների հետ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ հանդիպում էին՝ քննարկելու առաջացած խնդիրները, փոխանակելու տարբեր տվյալներ։
Վիճակը փոխվեց 2024թ․ սկզբներից, երբ ՀՀ իշխանությունը սկսեց հրապարակային ժխտողական վերաբերմունք ցուցաբերել Արցախի իշխանությունների նկատմամբ՝ նրանց գործունեությունը ներկայացնելով որպես Հայաստանին սպառնացող վտանգ։
Արցախի կառավարության նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժխտողական վերաբերմունքը, բնականաբար, երկրորդվեց տարբեր պաշտոնյաների կողմից։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով մի քանի անգամ հայտարարել էին, որ Ղարաբաղի լուծարումից հետո Արցախի պետական կառույցների գործունեությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Բնականաբար նման վերաբերմունքը պետք է բացասական անդրադառնար Արցախի ընտրված ներկայացուցիչների և վերջիններիս ձևավորած կառավարման մարմինների հետ ՀՀ կառավարության հարաբերություններին։
Աստիճանաբար ավելանում էր արցախցիներին վերաբերող որոշումներն ավելի մասնակցային եղանակով ընդունելու վերաբերյալ քննադատությունները, նման առաջարկներ տեղ էին գտնում նաև խնդրով մտահոգ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զեկույցներում։
Ընդառաջ գնալով այս քննադատություններին՝ կառավարությունը որոշ քննարկումներ կազմակերպեց։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախաձեռնած քննարկումներից մեկին մասնակցել եմ նաև ես Արցախի մի շարք նախկին ապշտոնյաների և տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ։ Մեզ հրավիրել էին քննարկելու բնակապահովման ծրագիրը։ Սակայն միջոցառումից պարզ դարձավ, որ դա բոլորովին էլ քննարկում չէ, այլ կառավարության կազմած բնակապահովման ծրագրի նախագծի ներկայացում։
Կառավարությունն արդեն որոշել էր, թե ինչ եղանակով է անելու բնակապահովումը (վկայականների գնման մեխանիզմ), ինչքա՞ն է կազմելու վկայականի արժեքը, ի՞նչ սահմանափակումներ ու արգելքներ կան։ Նույնիսկ արդեն դիզայն արած նախագծի փոքր դետալների շուրջ տարբեր առաջարկներ լսելի չեղան կառավարության համար և նախագիծն ընդունվեց ինչպես որ ուզել էին։
Սակայն եթե այդ ժամանակ լսեին որոշ առաջարկներ, ապա այս ծրագրի ցուցանիշներն ավելի բարձր կլինեին։ Ծրագրի ընդունումից երկու տարի անց կառավարությունը մի շարք փոփոխություններ է կատարել, որոնք առաջարկվում էին ծրագրի ընդունման պահին, սակայն դրանց ազդեցությունն արդեն փոքր է լինելու, քանզի կորցրել ենք գլխավորը՝ ժամանակը։
Օրինակ, այդ քննարկման ժամանակ առաջարկվեց, որ կառուցապատման համար տրվող վկայականի դեպքում հանվի տարբեր սահմանափակումները, ինչպիսիք էին լիցենզավորված շինարարական կազմակերպության կամ առնվազն 400 քառակուսի մետր հողատարածք ունենալու պահանջները։
Հայաստանում մինչև 300 քառակուսի մետր առանձնատունը համայնքապետարանի կողմից հաստատված նախագծով կարող է կառուցել ֆիզիկական անձը՝ առանց լիցենզավորված շինարակական կազմակերպության։ Սակայն չգիտես ինչու արցախցիների դեպքում պահանջվում էր, որ դա լինի պարտադիր շինարարական կազմակերպությամբ և քաղաքաշինության կոմիտեի հաստատած օրինակելի նախագծերով։ Այդ դեպքում շինարարության արժեքը կարող էր թանկանալ 40-50 տոկոսով՝ ներառելով կազմակերպության շահույթը և հարկերը։
Կառավարության կողմից իրականացվող մեկ այլ բնակարանային աջակցության ծրագրով, երբ 16 միլիոն դրամ էր տրվում սահմանամերձ բնակավայրերում տներ կառուցողներին, նույնպես շինարարական կազմակերպության պահանջ չկար։
Մյուս սահմանափակումը վերաբերում էր կառուցապատման հողատարածքի չափերին։ Եթե այլ քաղաքացիներին թույլատրվում էր առանձնատուն կառուցել, օրինակ, 250 քառակուսի մետրի վրա, ապա արցախցիների դեպքում այդ չափը սահմանվեց առնվազն 400 մետր։
Երևանում և երևանամերձ տարածքներում կառուցապատման հողերի բարձր գները լրացուցիչ մեծ ֆինանսական բեռ էին առաջացնում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով։
Այս սահմանափակումների առկայությունը հնարավորություն չտվեց, որպեսզի մարդկանց մի մասը ընտրի կառուցապատման վկայականները, այն ուղղի նոր բնակֆոնդի կառուցմանը։ Սրա հետևանքով մինչ այժմ իրացված 3000 վկայականից կառուցապատման համար օգտագործվածները կարելի է հաշվել մատների վրա։
Հետագայում այս սահմանափակումները վերացվեցին, սակայն գրեթե երկու տարվա ժամանակի կորուստը իր ազդեցությունն ունեցավ․ եթե 2024թ․ բռնի տեղահանված ընտանիքը որոշեր տուն կառուցել ու դրա համար ծախսեր մեկ տարի, ապա նրա կացարանով ապահովված լինելու ռիսկը կլիներ մինիմալ, քանզի այդ պահին կառավարությունը փոխհատուցում էր ընտանիքի բնակարանի վարձակալության գումարը։ Սակայն հիմա, երբ բնակվարձի ծրագիրը զգալիորեն կրճատվել է թե՛ գումարի, թե՛ շահառուների շրջանակի առումով, ապա ընտանիքը նախընտրում է բնակարան ձեռք բերել երկրորդական շուկայից, որպեսզի կարողանա միանգամից բնակվել այնտեղ։
Ես բերեցի օրինակներ, թե կառավարության կողմից մասնակցայնություն չապահովելը կամ ձևական քննարկումների կազմակերպումը ինչ բացասական հետևանքներ կարող է բերել թե՛ շահառուների, թե՛ կառավարության դրած նպատակների, թե՛ Հայաստանի համար ընդհանրապես։
Մի կարևոր միջազային գործընկերոջ խորհրդով ՀՀ կառավարությունը միասնական սոցիալական ծառայության միջոցով հանդիպումների շարք սկսեց ՀՀ տարբեր մարզերում ապաստանած բռնի տեղահանվածների հետ, որին մասնակից դարձրեց նաև իշխանական պատգամավորներին։ Կառավարությունը նաև ստեղծեց ՀՀ ՏԿԵ նախարարությանը կից հասարակական խորհուրդ, որի նախագահն էր ՏԿԵ նախարարը, իսկ անդամները՝ ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետը և մարզպետների ներկայացրած ԼՂ բռնի տեղահանված անձինք։ Սովորաբար, այդ անձինք մարզպետարաններում և համայնքապետարաններում աշխատող արցախցիներն էին։
Պետական ու համայնքային ծառայող արցախցիները նաև մասնակցում էին նախընտարական փուլում՝ 2026թ․ մարտին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» անունը կրող համաժողովին, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հատկապես նախընտարական շրջանում մեծ գայթակղություն է առաջանում տարբեր խմբերի հետ հանդիպումները վերածել քաղաքական քարոզչության և հավաքագրման ակցիաների, ինչից իշխող կուսակցությունը զերծ չէր։
Արցախցիների տարբեր ներկայացուցիչների հետ, տարբեր առիթներով, ՀՀ կառավարության ներկայացուցիչները հանդիպում են։ Ժամանակ առ ժամանակ, երբ խնդիրները սրվում են և բերում հրապարակային բողոքի արտահայտման, ՀՀ իշխանությունները փորձում են լսել ցուցարարների պահանջները։ Այդպես եղավ 2025թ․ գարնանը, երբ կառավարությունը հայտարարել էր բնակվարձի ծրագրի էական կրճատումների մասին։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպեց և լսեց ցուցարարների ներկայացուցիչներին, չնայած պահանջների մեծ մասը չկատարվեց։
Ընդհանրացնելով հոդվածը՝ կարող ենք փաստել, որ ՀՀ կառավարությունը քաղաքական դրդապատճառներով խուսափել է Արցախի իրական ներկայացուցչական շրջանակների հետ երկխոսությունից, ինչի հետևանքով սոցիալական ծրագրերը նախագծվել են կաբինետային եղանակով՝ կտրված լինելով իրականությունից։
Արդյունքում, նույնիսկ երբ կառավարությունը տարիներ անց գիտակցում է իր սխալներն ու փոփոխում կանոնները, ժամանակի կորուստն արդեն անդառնալի է դառնում, քանի որ փոխվել է շահառուների սոցիալ-տնտեսական վիճակը և վարքագիծը։
Հայկ Խանումյանը Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարարն է