
Հայկ Խանումյան, Step1.am-ի համար
2024թ․ հոկտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ․ ռազմավարությունը։ Փաստաթղթի վրա աշխատել էր հայտնի մասնագետների թիմ՝ ժողովրդագրության ոլորտի միջազգային ճանաչված կենտրոնների ներգրավմամբ։ Աշխատանքները սկսվել էին մինչև Արցախի Հանրապետության կործանումը, մինչև Արցախի հայաթափումը, ռազմավարությունը մշակող խումբը հնարավորություն էր ունեցել աշխատանքների ժամանակ այցելել Արցախ, շփվել համապատասխան գերատեսչությունների հետ, ներառել մեծաքանակ վիճակագրական և այլ տվյալներ։ Վերջնական փաստաթղթում արտացոլված փաստերը վկայում են, որ թեև երկու հայկական հանրապետություններում ձգտել են տարբեր ոլորտներում միասնական քաղաքականություն վարել, այնուամենայնիվ Արցախում ժողովրդագրական վիճակն ու ցուցանիշները էականորեն տարբերվում էին Հայաստանի Հանրապետության տվյալներից։
Այսպես, Արցախն ուներ ավելի նպաստավոր ժողովրդագրական պատկեր, բնակչությունն ավելի երիտասարդ էր։ Արցախում 0-15 տարեկան երեխաների և վերարտադրողական տարիքի երիտասարդների տեսակարար կշիռն ավելի բարձր էր, քան Հայաստանում։
ՀՀ ժողովրդագրական բուրգն ունի «նեղացող հիմքով» և մեջտեղի հատվածում ուռուցիկ տեսք։ Դա նշանակում է, որ բուրգի ամենալայն հատվածը ոչ թե երեխաներն ու դեռահասներն են, այլ 30-40 տարեկանների սերունդը (1980-ականների վերջի ծնելիության բումի սերունդը)։ Հիմքը (0-15 տարեկաններ) տարեցտարի նեղանում է, ինչը բնորոշ է ցածր ծնելիություն և բնակչության ծերացում ունեցող երկրներին։
Լեռնային Ղարաբաղի բուրգն ավելի շատ էր հիշեցնում դասական կառուցվածք ունեցող բուրգ՝ ավելի լայն հիմքով։ Այստեղ ստորին հորիզոնական շերտերը (մանկահասակ երեխաների խմբերը) համամասնորեն ավելի մեծ տեղ էին զբաղեցնում ընդհանուր պատկերում, ինչը վկայում էր կայուն վերարտադրության մասին։
Հայաստանում ծնելիության ցածր մակարդակի հետևանքով երեխաների տեսակարար կշիռը բնակչության մեջ փոքր է։ Արցախում բազմազավակության և ծնելիության բարձր գործակցի շնորհիվ երեխաների համամասնությունը զգալիորեն մեծ էր։
Բուրգի միջնամասը՝ 16-60 տարեկանների բաժինը, Հայաստանում ոււռուցիկ է, բայց անհամաչափ: Առկա են խորը «փոսեր»՝ պայմանավորված 1990-ականների ծնելիության անկմամբ և արտագաղթով։ Արցախում այն ավելի կայուն և հավասարաչափ է: Չնայած պատերազմական ցնցումներին՝ աշխատունակ և վերարտադրողական տարիքի բնակչության ներուժը պահպանվում էր ավելի բարձր խտությամբ։
Բուրգի գագաթը, որն ընդգրկում էր 60 տարեկանից բարձր անձանց, Հայաստանում ծավալուն և ընդլայնվող է: Կյանքի սպասվող տևողության աճի և երիտասարդների պակասի պատճառով տարեցների շերտը ծանրանում է, ինչը ծերացող հասարակության վկայություն է։ Արցախում բուրգի գագաթը թեթև և նեղ էր: Ընդհանուր բնակչության կառուցվածքում տարեցների տեսակարար կշիռն ավելի ցածր էր, ինչը երիտասարդ հասարակության մասին է վկայում։
Արցախի բուրգի վրա ավելի տեսանելի են երիտասարդ տղամարդկանց տարիքային խմբերի կորուստները (հատկապես 1990-ականների և 2020թ. պատերազմների հետևանքով)։
ՀՀ բուրգի վրա խորը հետք է թողել 1990-ականների սկզբի էներգետիկ և տնտեսական ճգնաժամը, որի պատճառով այսօր 30-35 տարեկանների սերունդը զգալիորեն փոքրաթիվ է, ինչն էլ իր շղթայական ազդեցությունն է ունենում այսօրվա ծնունդների վրա։
Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղում ծնելիության ցուցանիշը (մեկ ծնունակ կնոջն ընկնող երեխաների թիվը) զգալիորեն գերազանցել է Հայաստանի համապատասխան ցուցանիշը։ Եթե ՀՀ-ում այն դեռևս ցածր է պարզ վերարտադրության ապահովման շեմից (մոտ 1.6-1.7), ապա Արցախում այն ավելի մոտ էր անհրաժեշտ 2.1 շեմին, 2010-ական թվականներին այն հիմնականում 2․3-ի մոտ էր։ Արցախում ավանդաբար ավելի բարձր է եղել երրորդ և հաջորդ երեխաների ծնվելու հաճախականությունը, ինչը խթանվել է նաև տարիներ շարունակ իրականացված տեղական նպատակային ծրագրերով։ Այս ցուցանիշով Արցախը մի քանի անգամ գերազանցել է ՀՀ նմանատիպ ցուցանիշը (4 և 5 երեխաներ ունեցող ընտանիքների տեսակարար կշիռը երեխա ունեցող ընտանիքների մեջ)։
Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում իսպառ բացակայում էին սելեկտիվ աբորտները։ Դրա մասին վկայում էին նորածին աղջիկների և տղաների թիվը։
Կարելի է պնդել, որ սոցիալական ոլորտում Արցախում իրականացված տարբեր ծրագրերը, չնայած դրանց ոչ ամբողջական լինելուն, ավելի արդյունավետ էին։
Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մշտական աշխատանքի ու համեմատաբար բարձր եկամուտի առկայությունը շրջաններում (հանքարդյունաբերություն, անտառարդյունաբերություն, պայմանագրային զինծառայություն, պտղատու այգիների մշակում, խաղողագործություն, ոգելիչ խմիչքների արտադրություն, հատիկային մշակաբույսեր, անասնապահություն և այլն) ամենամեծ դրական ազդեցությունն են ունեցել ընտանիքների շատ երեխաներ ունենալու որոշման վրա։ Մշտական եկամուտ ունեցող ընտանիքները ավելի շատ են հակված երկարաժամկետ պլանավորում անելու։ Նմանապես հակված եմ կարծելու, որ Հայաստանում, հատկապես որոշ մարզերում ծնելիության ցածր ցուցանիշները պայմանավորված են աշխատատեղերի բացակայությամբ, ցածր աշխատավարձերով, երբ երիտասարդները ռիսկ չեն անում ամուսնանալ կամ ամուսնանալու դեպքում շատ երեխաներ պլանավորել։
Սրանով հանդերձ, մեծ ռիսկ կա, որ տեղահանման ու Արցախի կորստի տրավման, մշտական կացարանի բացակայությունը կարող են բացասաբար ազդել արցախցիների ժողովրդագրական վարքագծի վրա։ Հայաստանին հատուկ միտումը, երբ հեռավոր մարզերից աշխատանքի համար աստիճանաբար տեղափոխվում են Երևան կամ երևանամերձ բնակավայրեր, արդեն իսկ մեծապես տարածվում է արցախցիների վրա։ 2023թ․ վերջին և 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ հեռավոր մարզերում հաստատված արցախցիների մի զգալի մաս տեղափոխվել է դեպի ՀՀ մայրաքաղաք և շրջակայք։
Արցախի համեմատաբար երիտասարդ բնակչություն կարող է օգնել բարելավել Հայաստանի բնակչության բուրգի կառուցվածքը, սակայն առավել հնարավոր է, որ արցախցիներն ընդունեն ՀՀ բնակչությանը հատուկ վարքագիծ։
Ելնելով վերոնկարագրյալ վիճակից, կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է մտածի մարզերում ավելի անմիջական մասնակցություն ունենալ աշխատատեղերի ստեղծմանը՝ մեծացնելով նպատակային ծրագրերի քանակը, ինչպես նաև անհատապես աշխատելով մարզերում հաջողությամբ գործող տնտեսվարողների հետ՝ նրանց ծավալները, հետևաբար աշխատատեղերի թիվը մեծացնելու համար։ Դա կարող է ներառել ինչպես հարկային արտոնություններ, այնպես էլ հասանելի փոխառություններ կամ շուկաներ գտնելու աջակցություն։
Արցախցիների հարցերով զբաղվող կազմակերպությունները, հատկապես Սփյուռքի բարեգործական-մարդասիրական նախաձեռնությունները, պետք է ավելի կենտրոնանան զբաղվածության խնդրի վրա։ Քանզի, եթե բռնի տեղահանումից հետո երկու ժողովրդագրական բուրգերի մեխանիկական միավորումը կարող է բերել Հայաստանի բուրգի որոշակի երիտասարդացման, ապա աննպաստ սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով հնարավոր է, որ արցախցիներն ադապտացվեն Հայաստանի ծերացող մոդելին՝ կորցնելով իրենց յուրահատուկ դրական ներուժը։
Հայկ Խանումյանը Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարարն է