
Հիսուն տարի անց՝ կես դար անց, կանգնեցի Բանանցի քերծերի մեջ կորցրած իմ մանկության դիմաց. ո՞րը հիշել, ո՞ր մեկ պահը։ Ու հարց՝ Բանա՞նցն է ստեղծել բանանցեցուն, թե՞ բանանցեցին՝ Բանանցը, իսկ առանց բանանցեցու Բանանց կա՞։
Աբովյան քաղաքը միաբանում է բանանցեցիներին, հավաքում իրար։ Այս անգամ էլ իմ համադասարանցիները՝ Բանանցի միջնակարգ դպրոցի 1976 թվի շրջանավարտները, հավաքվեցին Աբովյան քաղաքում Բանանցի միջնակարգ դպրոցի ավարտման 50 տարին հիշելու ու մեծարելու։
Հանդիպմանը ես պետք է գնայի Երևանից։ Երբ ավտոբուսի պատուհանից իմ առաջ բացվեցին Հաղթանակի կամուրջը՝ հենված Հրազդանի կիրճին, իսկ վերևում երկինք խոյացող Սուրբ Սարգիս եկեղեցին, ինձ ամենը սև ու սպիտակ թվաց, ասես ես մի պահ հայտնվել եմ անցած դարի սկիզբներին՝ հայության համար բարդ, ծուղակներով և խարդախություններով հագեցած ևս մի ժամանակ։ Այդ օրերին Բանանցը ոչ միայն ապրեց, այլև նրա որդիները հայության առնական զավակների հետ ամենուր էին, այնտեղ, որտեղ թուրքն էր ռուսին թևանցուկ սպառնում հայությանը։
Բայց Բանանցը, ինչպես որ Նախիջևանն ու Մեծ Արցախը, անուժ գտնվեցին, երբ բոլշևիկի կեցվածքով ռսի գրիչը ծառայեց թուրքին։ 1921 թվականի հուլիսի 5-ին համատեղ կորոշեն Արևելյան Հայաստանի ու նրա հայության ճակատագիրը և այսօրվա ներկան. որտեղ գործեց ռսի գրիչը, այնտեղ հայի բազուկը պարտվեց թուրքի յաթաղանին։
Բանանցը, ողջ Գարդման-Ուտիքի հետ՝ Հյուսիսային Արցախի հետ, հայտնվեց թուրքի վերահսկողության ներքո, երբ ամեն մի հակահայ քայլ ուներ ծանր ու անտանելի բոլշևիկյան հիմնավորում՝ հանուն ժողովրդների բարեկամության, ու դրա տակ կքած գարդամանահայությունը թողնելով հող ու տուն, եկեղեցի ու գերեզման, դպրոց ու կամուրջ, դանդաղ ծորում էր դեպի խորհրդային Հայաստան կամ այլ խորհրդային օտար ափեր, իսկ մեր կենսատարածքը դատարկվում էր իր հազարամյակների տիրոջից, թուրքն արդեն անարյուն էր տիրանում մեր հող ու ջրին, մեր հայրենիքին։ Հողը դա զգում է։
Խորհրդային քողարկված հակահայ, թրքահաճ պլանները բացահայտվեցին ԽՍՀՄ փլուզման նախաշեմին, երբ թրքական ցեղասպան քաղաքականությունը 1988 նոյեմբերի 27-ից մխրճեցին Գարդման, Գանձակ, նաև հայկական մնացած գյուղեր։ Բանանցն էլ անցավ այդ աղետի միջով, մինչև 1989 թվի օգոստոս հայաթափվեց։ Բանանցը մնաց առանց հայերի ու հայության, երբեմնի բանանոցը մնաց առանց իրեն ստեղծողի ու ծաղկացնողի, առանց հայ աշխատավորի։
Ասում են, թե Բանանցն էլ իր քաղաքաշինությամբ մի ղաշանգ նկար էր պատից կախված, ես չգիտեմ, թե այսօր թուրքը որքան է հասցրել այն ավերել, իրեն հարմարեցրել։
Բանանցն իր նիստ ու կացով, փողոցների ու բակերի մաքրությամբ, ընտանի կենդանիների խնամքով, դաշտերի ու խաղողի բաղերի տեսքով, միջնակարգ դպրոցի կրթական բարձր մակարդակով, ուսուցչական կազմով՝ ամեն-ամեն ինչով, ընդգծվում էր։ Բանանցյան այս բնորոշիչները, որ մի քանի հազարամյակներ ապրած գյուղի դիմանկարն են տալիս, ես տեսա իրար հավաքած, ասես կրկին գտած բանանցեցիների մոտ։ Նրանք փորձում էին հասկանալ, թե ով չի գալու միջոցառմանը, ինչու չի գալու, ով քանի թոռ ու ծոռ ունի, ով ինչպես է ապրում։
Փախեփախը բանանցեցիներին ցրել է անորոշ աշխարհագրությամբ՝ Միջին Ասիայից մինչև Ռուսիա, մինչև Եվրոպա։ Մեր շարքերում արդեն շատերը չկան՝ 18 հոգի։ Բանանցի միջնակարգ դպրոցը 1966 թվականին ուներ առաջին Ա դասարան՝ 30 աշակերտ, ուսուցչուհի Մարիամ Սահակյան, և առաջին Բ դասարան՝ 30 աշակերտ, ուսուցչուհի Նատալյա Հարությունյան։
Կրկնեմ, ես նրանց վաղուց չէի տեսել, ոչ թե հիսուն, այլ 54 տարի անգամ, քանի որ իմ հայրական ընտանիքը Բանանցի շուրջ 1969 թվականի հուլիսի 26-ից թափ ստացած հակահայ մթնոլորտի արդյունքում 1971 թվականի նոյեմբերի 16-ին հեռացավ գյուղից, ու հայտնվեցինք Երևանում։ Ես միայն փորձում էի իմ դասընկերների մեջ փնտրել ու հայտնաբերել մանկության տարիների դիմագծերը, վերհիշել նրանց խոսքի առոգանությունը, չարաճճիությունը, բանանցյան բարբառը։
Համադասարանցիներիս ջանքերը, սերն ու ավյունը լիարժեք ծառայեցին բարձրաճաշակ հանդիպմանը։ Թե Անուշ Աթանեսյանը Ա դասարանից, թե Արմենակ Վանյանը Բ դասարանից, բոլոր-բոլորը, ասես կրկին հավաքվել էին դպրոցում, անցնում էին դասասենյակներով ու վերապատմում իրենց չարաճճիությունների մասին, հիշում ուսուցիչներին, նրանց հետ կապված տարբեր դրվագներ, գյուղի հետ կապված դիպվածներ։
Բանանցը մեծ է մնում իր բովանդակությամբ, երբ դպրոցի ավարտման 50-ամյակին նվիրված հանդիպումը բացում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ադիխանյանը, մատյանը ձեռքին ներկա- բացակա է նշում, ու մեկիկ-մեկիկ հիշատակում են այս աշխարհից հեռացած մեր դասընկերներին՝ մոմ վառելով։ Անակնկալ ներկայանում է միջնակարգ դպրոցն 60 տարի առաջ ավարտած և իմ համադասարանցիներին առաջին դասարան ուղեկցածներից Թագուհի Ղևոնդյանը, ապա և ներկայանում է դպրոցն 40 տարի ավարտածներից Անդրանիկ Չոփուռյանը, ում առաջին դասարան էին ուղեկցել իմ համադասարանցիները։
Բանանցն այդ պահերին ասես ամբողջացավ, կրկին վեր հառնեց իր արծվաբուն սարերով, իր կանաչ Դիմաց տեղով, ու քարակերտ տների շարքերով, Փողոցկում կրկին զրույցն էր խշշում, Ներքին աղբյուրն էլ դոշ էր տալիս Արթնաջրի հետ։ Իսկ վերևում՝ դպրոցի միջանցքում, լռություն էր արդեն, չէ՞ որ զանգն էր հնչել ու դասարաններում կրկին հայոց լեզուն էր ալեկոծվում։
Մարիամ Ավագյան