Աշխարհն ի սկզբանե ընդունել է Արցախում կոնֆլիկտի առկայությունը և մեզ հնարավորություն է տվել տեր կանգնել սեփական իրավունքներին

Step1.am-ի հարցերին պատասխանել է հասարակական գործիչ Արփի Թոփչյանը։

Օկուպացված Շուշիում օրերս Ալիեւի արած հայտարարություններն ի՞նչ են փաստում՝ նա լավ է հասկանո՞ւմ, որ միջազգային հանրությունը չի ընդունել Արցախն Ադրբեջանի կազմում, եւ ուժով «լուծումը» լեգիտիմ չէ։ Թեպետ Փաշինյանն անընդհատ կրկնում է, թե Արցախը աշխահի կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի մաս, բայց տեսնում ենք, որ Ալիեւը դժգոհում է Եվրոպայի խորհրդից և ԵԽԽՎ-ից, որ արցախցիներին սատարող բանաձեւեր են ընդունում, դժգոհում է ԱՄՆ-ից, որ չի չեղարկել 1992 թվականին Ադրբեջանի դեմ ընդունված 907-րդ բանաձևը։ Սա ընդհանրապես ի՞նչ է ցույց տալիս։

-Ալիևը ոչ մի նոր բան չի ասում։ Աշխարհն ի սկզբանե ընդունել է կոնֆլիկտի առկայությունը, ավելին, այդ կոնֆլիկտը երկար տարիներ որևէ կապ չի ունեցել Ադրբեջանի՝ այսպես կոչված տարածքային ամբողջականության հետ։ Աշխարհը տարիներ շարունակ մեզ հնարավորություն է տվել տեր կանգնել սեփական իրավունքներին, սեփական շահերին և առաջ մղել դրանք, ինչը հայկական կողմը «հաջողությամբ» մսխել է՝ միաժամանակ Ադրբեջանին տալով իրեն անհրաժեշտ կենսական ժամանակը և անխոչընդոտ հնարավորություններ՝ սեփական օրակարգը առաջ մղելու համար։ Ինչպես ասում են «ախորժակը բացվում է ուտելիս», և հայկական սպառնալիքը լիարժեք չեզոքացրած համարող Ալիևը իրեն զգում է իրավիճակի տերը։

-Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դուք ընդհարապես ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանը վտանգից զերծ պահելու, հնարավորինս հայանպաստ լուծումներ ունենալու եւ Արցախի հարցի վերակենդանացման, արցախցիների իրավունքների վերականգնման ուղղությամբ։  Կա՞ն այդ հնարավորությունները, ինչպե՞ս օգտվել դրանցից Հայաստանի այս իշխանության պայմաններում։

-Նախ ասեմ, որ քաղաքական առումով Արցախի հարց երբեք առանձին գոյություն չի ունեցել, այն Հայկական հարցի ընդամենը մի բաղադրիչն էր, ու հարցը երբեք առանձին Արցախին չի վերաբերվել, այլ մեր տարածաշրջանում հայկական պետության՝ որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ գոյություն ունենալ-չունենալուն։ Այդ է պատճառը, որ Արցախը կուլ տալուց հետո Ալիևն արդեն վիճարկում է ՀՀ կոչվող քաղաքական միավորի իրավաքաղաքական հիմքերի լեգիտիմության հարցը։ Մենք տեսնում ենք, որ ներկա իշխանությունները և առհասարական հայկական քաղաքական դաշտում խաղացողների մեծամասնությունը Հայաստանը չեն համարում ինքնուրույն քաղաքական սուբյեկտ, խնդրի լուծումը տեսնում են այս կամ այն սուբյեկտին անվերապահ հանձնվելու մեջ։ Հետևաբար, նման մտածողության պայմաններում անիմաստ է խոսել թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակից, թե՛ Հայաստանի համար քիչ թե շատ նպաստավոր լուծումներից։ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը գտնվում է սուվերեն որոշումներ կայացնելու կամք և մտածողություն ունենալու դաշտում։ Իսկ Հայաստանում նման մտածողություն և կամք ունեցող մարդիկ ոչ միայն քիչ են, այլև գտնվում են լուսանցքում՝ զուրկ ներկա գործընթացների վրա ազդեցություն ունենալու որևէ լծակից։

Ռոզա Հովհաննիսյան