ՔՊ պատգամավորը համաձայն է Ալիևի հետ. Ղարաբաղյան հարցը դե յուրե փակված չէ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, “բացատրելով” նոր Սահմանադրության անհրաժեշտությունը, կարևոր հայտարարություն արեց, որը հակասում է Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, որ Ղարաբաղի հարցը փակված է։

«Սահմանադրական փոփոխությունը պետք է ապահովի կայուն խաղաղություն։ Ասում են, որ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում չկա, ինչո՞ւ։ Հիշատակում չկա այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի շարժումը Հայաստանում դե ֆակտո փակ է, բայց դե յուրե այն դեռևս փակված չէ։ Մենք պետք է այն փակենք. սա միակ ճանապարհն է, որով կարող ենք ապահովել կայուն խաղաղություն», ասել է պատգամավորը։

Չախոյանի հայտարարությունը լիովին համապատասխանում է Բաքվի հայտարարություններին, որոնք իրավացիորեն պնդում են, որ Անկախության հռչակագրի, և, հետևաբար, Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ղարաբաղի շարժումը «փակվել» է 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումով, որի համաձայն Արցախը Հայաստանի մաս է կազմում։ Հենց դա էր 2019-ի հենց այս օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, Չախոյանը միքիչ սխալվում է. Ղարաբաղի հարցը դե յուրե վաղուց փակ է, և Սահմանադրության փոփոխությունը նպատակ ունի չեղյալ հայտարարել այս որոշումը, որն 1989-ին ընդունվել է որպես ժողովրդի կամքի արտահայտման բարձրագույն ակտ և ամրագրվել ՀՀ Հռչակագրում։

Հայաստանի սահմանադրությունից պետք է հեռացնեն հոդվածը, որը «տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական «Հաբեր Գլոբալ» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։ Նա նշել է, որ ստացված ազդանշանները ցույց են տալիս, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։

«Երբ այս տարածքային պահանջները հանվեն Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ», – ասել է նա։

Այնպես որ, խնդիրը միայն Ադրբեջանը չէ, այլև Թուրքիան, որը կարծես որևէ կապ չունի Ղարաբաղյան շարժման հետ։ Հայաստանի անկախության հռչակագրի համաձայն՝ հանրապետությունը հռչակվել է, ի թիվս այլ բաների, «պատմական արդարության վերականգնման» և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խրախուսման սկզբունքներով։

Այլ կերպ ասած՝ հռչակագրի ընդունումից ի վեր Հայաստանը ակնկալում է 1921 թվականի Կարսի պայմանագրի ավարտի և Հայաստանից խլված Նախիջևանի, Կարսի, Արդահանի և Սուրմալուի վերադարձի մասին հայտարարությանը։

Հայաստանի օրինական «ակնկալիքը» խանգարում է Թուրքիային հայտարարել «ամբողջականության» մասին իր ներկայիս սահմաններում, սակայն Թուրքիան չի կարող հայտարարել ո՛չ Կարսի պայմանագրի շարունակության, ո՛չ էլ դրա ավարտի մասին: Անկարան փորձում է օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության պայմանագիրը»՝ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու և Թուրքիայի նկատմամբ օրինական պահանջներից հրաժարվելու համար։

Ալիևի օգնական Հաջիևը Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները նկարագրում է հետևյալ կերպ. «Ադրբեջանը սեղանի շուրջ է, որտեղ Թուրքիան չկա, և Թուրքիան սեղանի շուրջ է, որտեղ Ադրբեջանը չկա»։

Այսպիսով, Չախոյանը պետք է նաև հայտարարի, որ Կարսի պայմանագիրը դե ֆակտո փակ է, բայց դե յուրե այն դեռևս ուժի մեջ է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս բարձրացրել է Հայաստանի Սահմանադրության հարցը։

Հայաստանի ընդդիմությունը, որը նոր է սկսել իր աշխատանքը խորհրդարանում, չի խոսում չլուծված Ղարաբաղի հարցի, Կարսի պայմանագրի կամ Թուրքիայի հետ սահմանի մասին: Ընդդիմությունը պարզապես պնդում է, որ թույլ չի տա, որ «Բաքվին պարտադրված սահմանադրությունը» դրվի հանրաքվեի: Ընդդիմության առաջնորդները նշում են, որ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի անցնի կառավարության կողմը: Ի դեպ, սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար իշխող կուսակցությանը չի հերիքում վեց ձայն:

Իշխող կուսակցությունը, սակայն, չի բացառում, որ ընդդիմությունը կքվեարկի սահմանադրական հանրաքվեի օգտին:

«Հնարավոր է՝ մենք ներկայացնենք նախագիծ, և պետականամետ հայացքներ ունեցող ընդդիմադիր պատգամավորները աջակցե՞ն սահմանադրությանը», – ասել է ՔՊ անդամ Հասմիկ Հակոբյանը:

Ավելի վաղ «Ուժեղ  Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ստորագրման ընդամենը երկու պահանջ էներկայացրել՝ գերիների ազատ արձակում և Ադրբեջանի ժողովրդագրական էքսպանսիայի կանխարգելում:

Մինչդեռ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է անում խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին միավորվել և ստեղծել «Ոչ» ճակատ՝ «կանգնեցնելու Բաքվի պահանջով Սահմանադրությունը փոխելու կառավարության փորձը»։

Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը, ասաց Նարեկ Կարապետյանը։

Սա նշանակում է, որ եթե Սահմանադրությունը “չառաջարկի” Ադրբեջանը, այն ընդունելի կլինի ընդդիմության համար։

 

Ներկայացնում ենք Հայաստանի անկախության դե յուրե գործող հռչակագիրը։

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար: