
Step1.am-ի հարցերին պատասխանել է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
-Պարոն Կարաբեկյան, Բաքուն պարտադրում է Հայաստանին հրաժարվել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում անելուց, որում հիշատակում կա 1989 թ․ դեկտեմբերի 1-ի Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման մասին։ Արդյոք սա փաստո՞ւմ է, որ միացումի հարցն այսօր էլ արդիական է, եւ ի՞նչ կնշանակի, եթե Հայաստանի իշխանությունները կատարեն Բաքվի այդ պահանջը։
-Բաքուն ուզում է ցույց տալ, որ ինքն է հաղթողն ու պարտադրողը՝ եւ ներքին, եւ արտաքին դաշտում Բաքվի իշխանությունները խնդիր ունեն, դա իրենց հիմա անհրաժեշտ է։ Իսկ երկարատեւ հեռանկարում ստացվում է, որ հրաժարվելով այդ կետից, որը պարտադիր պայման էր Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու համար, մենք հնարավորություն ենք տալիս իրենց առաջ քաշել այն պայմանները, որը հետագայում կսրի հարաբերությունները, առիթ կդառնա զինված ագրեսիայի համար։
Փաստորեն Սահմանադրությունը հնարավոր է փոխել միայն հանրաքվերով, դեպի Եվրամիություն գնալը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Եվ, բնական է, որ դա քարտ բլանշ է տալիս մեր հարեւաններին ու պարտնյորներին առաջին հերթին ժողովրդին ներքաշելու այդ ավանտյուրաների մեջ։ Իսկ ձախողումների ու հնարավոր ագրեսիայի դեպքում ժողովրդին կմեղադրեն։
Սա հիշեցնում է 1915 թվականների իրադարձությունները, երբ մեզ փորձում էին ներքաշել մեծ պետությունների խաղերի մեջ։ Մենք ճիշտ չկողմնորոշվեցինք, արդյունքում՝ իրենք 1915 թվականից մինչեւ 1923 թվականը ցեղասպանություն իրականացրեցին՝ եւ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում։ Հիմա նշաձող բարձրացնելով, բարդ խնդիրներ դնելով՝ իրենք մեզ ստիպում են, որ այդ լարվածության գործոնն արձանգրվի, չլուծված խնդիրներ լինեն, որովհետւ ցանկացած բռնատիրական համակարգ անորոշության ու վախի վրա է իր ազդեցությունը տարածում։
2020 թվականից առաջ էլ Ադրբեջանում բավականին լուրջ ներքին խնդիրներ կային, սպասվող դժգոհության ալիք կար։ Եվ փաստորեն Իսրայելը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ալիևին պարգեւեցին 2020 թվականի հաղթանակը։ Դրան գումարած Մերձավոր Արեւելքում էր իրավիճակը սրվում, ինչպես հիմա․ այս բոլոր գործընթացները փոխկապակացված են։ Մեզ նորից այդ խաղի զոհը կարող են դարձնել։
Միացումի որոշումն այսօր էլ ուժի մեջ է։ 1992 թվականի փետրվարի 8-ի որոշումը, որով Հայաստանը միացել է Ալմա-Աթայի հռչակագրին, սահմանադրական օրենքի ուժ ունի։ Այդ որոշման մեջ կա լրացում Արցախի մասին, որ Հայաստանն Արցախի անվտանգության ու հավաքական իրավունքների երաշխավորն է։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ երկրորդ համագումարում՝ 1995 թվականին, ասել է, որ մենք ունեցանք Արցախի միացում, անվտանգության երաշխիքներ տվեցինք Արցախին, այդ թվում՝ միջազգային երաշխիքներ։ Ներքին կարգով ասվեց, որ Արցախը միացվել է Հայաստանին։
Այսինքն՝ Արցախը փաստացի միացած էր Հայաստանին, եւ դա հիմնավորվում էր մի քանի դրվագով։ Եվ երբ միաջզգային հանրությանը դիմեցինք Արցախը ճանաչելու համար, հարցը դրվեց արցախահայության հավաքական իրավունքների տեսանկյունից ու ասվեց հետեւյալը՝ Արցախը չէր կարող ճանաչվել, բայց աշխարհն ընդունում է, որ արցախահայությունը, ունենալով իրավական օրինական իրավունքներ եւ շահեր, կարող է դա իրականացնել Հայաստանի Հանրապետության միջոցով։
Աշխարհը չի հանդուրժում, որ իրավական ու գեոպոլիտիկ վակում լինի, եւ հետագայում Արցախը Հայաստանի միջոցով էր աշխարհի հետ կապվում։ Այսինքն՝ աշխարհը մեր անկախությունը չընդունելով՝ այնուամենայնից գտնում էր, որ մեր իրավուքները չէին կարող իրացվել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի կազմում մահացու սպառնալիք կար, ինչն իրագործվեց 2020-2023 թվականներին։
Գործող օրենսդրական ակտերը միայն հանրաքվեով կարող են ուժը կորցրած ճանաչվել։ Եվ բնական է, որ հնարավոր չէ դրանք չեղյալ ճանաչել առանց լուրջ ներքին փոփոխությունների։
– Սահմանադրական դատարանը որոշում ունի 1989 թվականի վերամիավորման որոշման մասին, թե իբր այն «անվավեր» է, քանի որ չի իրականացվել։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ցանկացած պահի, հենց որ սկսվի իրականացումը, օրինակ, գումարվի Հայաստանի եւ Արցախի ընտրված ներկայացուցիչների համատեղ նիստ, 1989 թվականի Միացումի բանաձեւը լիովին ուժի մեջ կմտնի։
-ՍԴ այդ որոշումը փաստում է, որ մեզ մոտ անկախ դատական իշպանություն չկա, եւ պետական համակարգն էլ լեգիտիմ չէ։ Իրականում Արցախը նաև դե ֆակտո է եղել Հայաստանի մաս։ Ունեցել ենք նույն պաշտպանական, անվտանգային, ռազմական, կառավարման համակարգերը, մեր կրթական ու ֆինանսական համակարգերն ինտեգրված են եղել։ Դե ֆակտո մենք միացած էինք, եւ ի՞նչ է նշանակում՝ «այդ որոշումը չի իրականացվել»։ Եթե մենք փաստացի առաջնորդվել ենք ՀՀ օրենքներով, եթե դե ֆակտո Արցախի ղեկավարները հաշվետու են եղել ՀՀ իշխանություններին, նշանակում է, որ մենք որպես միասնական սուբյեկտ ենք հանդես եկել։ Նույնիսկ, երբ Քոչարյանը գալիս էր իշխանության, ինքը գալիս էր որպես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այն ներկայացուցիչը, ով կարող էր համատեղել Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանությունը։ Թեպետ ինքը դա 2004-2005 թվականներին մեծամասամբ տապալել է։
Այսինքն՝ այդ որոշումը իրացվում էր, գումարած դրան, Արցախը ոչ գնում էր բանակցությունների, ոչ էլ անկախության հարց էր դնում։ Այդ ամենը եւս փաստում է Հայաստանի հետ միասնական լինելու մասին։
Բրիտանական LINKS կազմակերպության ղեկավար Դենիս Սամուտն ասում էր՝ դուք սեփական ի՞նչ ունեք՝ բանակը Հայաստանինն է, Երեւանից են ձեզ կառավարում, փողը Հայաստանից են տալիս, նույն ֆինանսական համակարգի մաս եք։ Եթե անգլիացները դա ընդունում են, արդյոք դա չի նշանակո՞ւմ, որ Միացումի որոշումն իրացվել է։ Ի դեպ՝ հենց մեծ պետություններն են հաշտվել այդ մտքի հետ։
Այսինքն՝ Սահմանադրական դատարանը, ոչ լեգիտիմ, քաղաքականապես ուղղորդված որոշում է ընդունել։ Եվ ցավալի է, որ սահմանադրական խնդիրները նման մակարդակով են լուծվում։ Ցավալի է, որ նման գաղափարներով մարդիկ իրենց դատավոր են համարում։ ՍԴ որոշումը քաղաքականպես ուղղորդված է, նրանք գործում են ոչ թե որպես անկախ մարմին, այլ՝ քաղաքական ղեկավարության կցորդ, եւ լավ կլինի, եթե նման մարմինն իր գործունեությունը դադարեցնի։
Ռոզա Հովհաննիսյան