Ինչ են պահանջում արցախցիները․ կառավարությունը ընդառաջ կգնա՞

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ սեպտեմբերի 27-29-ը հանրահավաքներ անցկացնելու համար: 44-օրյա պատերազմի սկսվելուց վեց տարի անց և Արցախի լիակատար օկուպացիայից ու բնիկ բնակչության տեղահանությունից երեք տարի անց, արցախցիների խնդիրները լուծումից այնքան հեռու են, որքան երբևէ։

Խոսքը միայն սոցիալական և բնակարանային խնդիրների մասին չէ, որոնք սրվում են Հայաստանում գնաճի և սպասվող տնտեսական և էներգետիկ «ապոկալիպսիսի» պատճառով:

Վերջին երեք տարիների ընթացքում արցախցիների իրավական կարգավիճակը մնացել է անորոշ, ինչպես անորոշ է հարցն՝ արդյո՞ք Արցախի կորուստը ընկալվում է որպես Հայաստանի մասի՞ (ինչպես պնդում է Ալիևը) օկուպացիա, թե՞ որպես անկախ պետության լուծարում (Փաշինյանն ասում է, որ Հայաստանում չի կարող լինել երկու կառավարություն):

Արցախում ընտրված մարմինները ստագնացիայի մեջ են, իսկ Արցախի ներկայացուցչության շենքը արդեն 1 ամսից կփոխանցվի Հայաստանի Հանրապետության տիրապետությանը (ոչ ոք դեռևս չի պատասխանել այն հարցին, թե ինչու են Հայաստանի իշխանությունները 90-ականներին նախկին ադրբեջանական թատրոնի շենքը հատկացրել Արցախի ներկայացուցչություն բացելու համար):

Ավելին, պաշտոնական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին խտրականություն է դրսևորում Արցախի ժողովրդի նկատմամբ: Ամենաբարձր մակարդակներով Արցախի ժողովուրդը մեղադրվում է ոչ միայն Արցախը հանձնելու, այլև Հայաստանը ապակայունացնելու մտադրության մեջ: Այս ֆոնին, Արցախի բնակարանային ծրագիրը փակուղի է մտել. մարդիկ չեն կարողանում ոչ վճարել բնակվարձը, ոչ էլ տուն գնել տրամադրված բնակարանային վկայականներով։

Այս պայմաններում, Արցախի ժողովուրդը մտադիր է բարձրացնել իր բողոքի ձայնը՝ պահանջելով իրական լուծումներ: Բացասական հռետորաբանությանը հակառակ, Հայաստանի կառավարությունն այս պահին պատրաստակամություն է հայտնում լսել, լուծել որոշ խնդիրներ և երկարացնում է սոցիալական ծրագրերը: Հենց հայտնի դարձավ, որ արցախցինրը բողոքի ակցիաներ են նախապատրաստում, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց Արցախի ժողովրդին աջակցելու երկու ծրագրերի 0.5 և 1 տարով երկարաձգման մասին՝ խոստանալով լսել Արցախի ժողովրդի “ծանրակշիռ” փաստարկները։

Փաշինյանի հայտարարության հաջորդ օրը, խորհրդարանի դիմաց հավաքվել էին արցախցիների մի խումբ՝ Անաստաս Իսրայելյանի գլխավորությամբ:

Արցախցիները պահանջում էին ԱԺ խմբակցություների ղեկավարների հետ հանդիպում, ԱԺ-ում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումների նշանակում, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակի, սոցալական հարցերի և բնակապահովման ծրագրի հետ կապված հստակ լուծումներ։

Նրանց հետ հանդիպեցին ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (Նազելի Բաղդասարյան), այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ՝ «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը և Արեգա Հովսեփյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը և Արթուր Խաչատրյանը։

Կարգավիճակը մեզ հնարավորություն է տալիս, որ մենք գոնե մեր էությունը, հողի, ունեցվածքի պատկանելիությունը, կարողանանք դրանով ամրապնդել, ասել է «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։ Ադրբեջանական կողմը Գանձասարը համարում է աղվանական, վաղը մեր ունեցվածքն էլ են անվանելու աղվանական, որովհետեւ մենք կարգավիճակ չունենք։ Մենք պետք է հստակ կարգավիճակ ունենանք, որ եթե վաղը մի լույս բացվի, հետ վերադառնանք, կարողանանք մեր իրավունքը, տիրոջ կարգավիճակը կարողանանք ապահովել։

«Մենք այդ հողի տերն ենք, Արցախը հայկական է, Արցախի հիմնախնդիրը ոչ մեկը իրավունք չունի փակելու, ժողովրդի անունից ոչ մեկն իրավունք չունի խոսելու։ Մենք այսօր, որ Արցախի անունից խոսում ենք, մեր ժառանգողներն են, մեր անցյալներն են փոխանցել այդ իրավունքը մեզ։ Այդ իրավունքին այսօր մենք տեր ենք, որ հետո փոխանցենք մեր ապագա սերունդներին։ Արցախի պետականության ինստիտուտը, կարևոր ինստիտուտ է, մենք չպիտի հրաժարվենք դրանից, – ասաց նա։

Հիշցնենք, որ Անաստաս Իրսրաելյանը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու Արցախի նախագահի պաշտոնը։ Արցախի ղեկավարի պաշտոնին հավակնել է նատ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։ Սակայն ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարել է, որ նախագահի ընտրության հարցը անորոշ ժամանակով հետաձգվում է։ 

Արցախցիների հետ հանդիպած Լիլիթ Գալստյանն նշեց, որ սեպտեմբերի 23–ին նախատեսված է աշխատանքային քննարկում, որին հրավիրված են ՀՀ այն գերատեսչությունները, որոնք այս կամ այն ձև առնչվում են արցախցիների խնդիրներին՝ ԱԺ պատգամավորներ, ՀԿ ներկայացուցիչներ, ԵԽ ներկայացուցիչներ։

«Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, 334 սենյակում պետք է նորից լսենք այդ խնդիրները, ախտորոշենք և տանք լուծումներ։ Ես հանձնաժողովի նախագահն եմ, մեր խմբակցությունը փոքրամասնություն է, և ես վստահ չեմ, որ բոլոր արձանագրված խնդիրներին կտրվեն լուծումներ, բայց մենք չենք կարող չօգտվել այդ մեխանիզմից»,–ասաց նա։

Ի՞նչ պատասխաններ կտա աշխատանքային հանդիպումը, պարզ չէ, սակայն արցախցիների խնդիրների պարզ ձևակերպումը, հնչեցումը և լուծումներ առաջարկելը կենսական են դառնում։ Հատկապես, որ կառավարության համար այս պահին ավելի շահավետ է լսել և լուծումներ գտնել, քան արցախցիներից կրիտիկական մասսա ձևավորել։