
Ականջներիս մեջ դեռ ռումբերի որոտն է, որ թափվեցին գլխներիս օրը ցերեկով։ Երկրորդ անգամ փոքրիկի գրկած վազում էի (առաջին անգամ քրոջս որդուն, այս անգամ՝ իմ աղջկան), թաքստոցի տեղ անգամ չգիտեի։
Խուճապը, անսպասելիությունը ջնջում են նույնիսկ հիշողությունդ ու գիտակցումդ։ Մի տղա գրկեց Սաթէին ու վազեց նկուղ, մինչ կհասնեի նրանց հետեւից, մի քանի րոպեն ժամեր տեւեց, այդ պահին թվում էր՝ չեմ հասնի, կմնամ ռումբերի տակ։
Հայտնվեցինք մի նկուղում, որտեղ կիսամերկ երեխաներ էին՝ պատրաստվում էին քնել։ 60-ից ավել երեխաները լացում եւ գոռում էին՝«մա՜մա»։
Այդ ժխորի մեջ դայակ, դաստիարակները հագցնում էին երեխաներին, միաժամանակ լացում իրենց իսկ երեխաների համար, ովքեր դիրքերում էին։
Անընդհատ նկուղում էին հայտնվում երեխաների ծնողները՝ ռումբերի տակ վազելով, հասնում, որ գրկեն իրենց երեխային։
Չգիտեմ ինչ ուժով են օժտված Արցախում ապրող ծնողները։ Ծնող դառնալուց հետո երեխայի կորստի մասին մտածելը անտանելի է։
4 ժամ անց, երբ արդեն նկուղում մնացել էինք «հիմնական կազմը», սպասում էինք, որ գիշերը տուն կգնանք։
Արդեն երեկոյան գուժում էին անդառնալի կորուստների մասին… Ազնավուրը…
Ազնավուրը եղբայր է, հարազատ, ում չլինելուն չենք հավատում ոչ մեկս… տառապանքը շշուկների միջով շրջում էր նկուղում։
Մի քանի ժամ առաջ քաղաքապետը շրջել էր բոլոր նկուղներում, իսկ մի քանի ժամից, նա, որ պիտի պարզապես կազմակերպչական աշխատանքներ աներ՝ իր մարմնով վահան դարձավ քաղաքին։
Այս անգամ զենք բռնած ցանկացած տղա գիտեր, որ գնում է 99%-անոց մահվան, ով փրկվել է՝ հաջողակ է երրորդ, չորրորդ անգամ։
Գիշերն ու ցերեկը խառնվել էին իրար։ Ամեն զարկի հետ սեղմում էինք ատամներս, որ չճչանք, չարթնացնենք «որոտից» վախեցած փոքրիկներին։ Ամեն զարկի հետ մարմնով փակում էինք մեր երեխաներին, աղոթում էինք, եւ ինչպես աղջիկներից մեկը շշնջաց, իրոք՝ աշխարհի ամենաանկեղծ աղոթքները հնչում են նկուղներում։
Ձայներից փորձում էինք հասկանալ՝ մերոնք են, թե՞ իրենք։ Ամեն րոպե մտածում էինք, որ սա վերջն է։
Ընդհատվող ձայներից հետո վախն ավելի շատ էր, սպասում էինք, որ նկուղ կարող է մտնել նրանցից որեւէ մեկը եւ…. եւ երեխաս կարող է ապրել ընդամենը 9 ամի՞ս։
Մեղավոր եմ զգում ինձ, որ ռոմանտիզմս բերեց մեզ այստեղ։ Հավատն էր, որ հայկական ենք պահում Արցախը։ Իսկ հիմա, իրոք, մեր երեսունամյա երիտասարդ պետությունն էլ զոհվեց խրամատում։
Շարունակելի…
սեպտեմբերի 2023թ.
Սա գրել եմ երեք տարի առաջ՝ հարձակումից հետո։ Այդ ժամանակ դեռ չգիտեի՝ ինչ է լինելու հաջորդ օրը։ Այսօր գիտեմ։ Գիտեմ, որ այդ նկուղի երեխաների լացը մի քանի ժամվա պատմություն չէր։ Որ ռումբերի տակ վազող ծնողների վախը չէր ավարտվելու այդ գիշեր։ Որ զոհվելու էր քաղաքը, որի մասին դեռ մի քանի ժամ առաջ փորձում էինք մտածել որպես տուն։
Երեք տարի անց այս գրառումը կարդալը ինձ համար հիշողություն վերականգնել չէ, այլ փաստաթուղթ է։ Փաստաթուղթ այն մասին, թե ինչ էր նշանակում ապրել 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում՝ երեխային գրկած, առանց իմանալու՝ կհասնե՞ս հաջորդ րոպեին։
Այդ օրը դեռ մտածում էի՝ սա վերջն է։ Երեք տարի անց գիտեմ՝ դա միայն վերջը չէր։ Դա մեր կյանքի մի ամբողջ շրջանի ավարտն էր։ Եվ ես այս տեքստը կրկին հրապարակում եմ, որովհետև որոշ օրեր հիշելու կարիք չունեն։ Դրանք չպետք է մոռացվեն։
Մարիամ Սարգսյան