
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՌՆԱԿՑԵԼՈւ ՄԱՍԻՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲՅՈւՐՈՅԻ 1921Թ. ՀՈւԼԻՍԻ 5-Ի ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈւՄԸ
35 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1991թ. հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտը, որի 2-րդ հոդվածով սահմանված է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:
1991թ. օգոստոսի 30-ին էլ Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել էր «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի հռչակագիրը՝ ազդարարելով Խորհրդային Միության կազմից Ադրբեջանի դուրս գալու մասին։ Հռչակագրով Ադրբեջանը վերականգնել է 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած, սակայն միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության անկախությունը:
Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ վերականգնելով 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետություն անունով մի պետականություն, որի մաս երբևէ չի կազմել Արցախը որևէ կարգավիճակով:
Ներպետական իրավական ակտերով հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարելով 1918-1920թթ. գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը՝ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը խորհրդային իշխանության ժամանակաշրջանը համարել է օկուպացիոն՝ ըստ էության անվավեր ճանաչելով Ադրբեջանին վերաբերող խորհրդային շրջանում ընդունված բոլոր իրավական ակտերը։
Փաստորեն, վերոնշյալ փաստաթղթերի ընդունմամբ Ադրբեջանի Հանրապետությունն ուժը կորցրած է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, սակայն «ընդունված» անօրինական որոշումը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ