Արցախի 150 հազար բնիկ ժողովուրդ կտրվել է իր հողից, ջրից․ նամակ է փոխանցվել

«Չկա բնության պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների» նախաձեռնության շրջանակում այսօր նամակներ հանձնվեցին դիվանագիտական ներկայացուցչություններին։ Նամակները վերաբերում են արցախահայության իրավունքների պաշտպանությանը, վերադարձի իրավունքին և Արցախի բնական ու մշակութային ժառանգության պահպանմանը։ Նախաձեռնության հեղինակները նախ նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպաանատան, այնուհետև՝ Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Իրանի դեսպանատներին եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։

Երեւանում անցկացվող COP17-ի շրջանակներում արցախցիները եւ հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները բարձրաձայնում են բնիկ ժողովուրդների խնդիրը՝ այդ համատեքստում շեշտադրելով էթնիկ զտման և ցեղասպանական գործողությունների ենթարկված արցախցիների իրավունքների հարցը։ Նրանց խոսքով՝ բնիկ ժողովորդների իրավունքների հարցն այս համաժողովի անքակտելի մասն է կազմում, բայց այդ հարցով քննարկումներն այսօր բաց են թողնում արցախցիների հարցը։

«Եկել են, բոլորը խոսում են բնիկ ժողովուրդների մասին, իսկ Արցախի 150 հազար բնիկ ժողովուրդ կտրվել է իր հողից, ջրից ու այն գործունեությունը ծավալելու հնարավորությունից, որով զբաղվել են դարեր շարունակ»,- ասացին նրանք։

Արցախցի հասարակական գործիչ Ալվարդ Զաքարյանը ներկայացրեց իրենց պահանջները․ «COP17-ի համապատասխան քննարկումներում և դիվանագիտական խորհրդակցություններում բարձրացնել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության հարցը։ Ընդգծել պատմական հողերի, մշակութային ինքնության, ավանդական գիտելիքների եւ կենսաբազմազանության միջև գոյություն ունեցող կապը։

Աջակցել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների, պատմական հուշարձանների և ավանդական բնակավայրերի պաշտպանությանը, նպաստել դրանց վիճակի պահպանության և հասանելիության անկախ միջազգային գնահատմանը։

Աջակցել Արցխախից բռնի տեղահանված հայերի անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի իրավունքի իրացմանը՝ միջազգային իրավունքի կիրառելի պարտավորությունների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման համապատասխան։

Կոչ անել Ադրբեջանին՝ ապահովել տեղահանված բնակչության անվտանգության, սեփականության, մշակութային ինքնության արդյունավետ պաշտպանությունը։ Պահանջել Արցախի անտառների, ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի և կենսաբազամազանության վիճակի անկախ միջազգային մշտադիտարկում և արդյունքների թափանցիկ հրապարակում, ներառյալ ռազմական գործողությունների և հետագա զարգացումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների գնահատումը։

Աջակցել ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների, միջազգային իրավունքի, այլ ծանր խախտումների և շրջակա միջավայրին հասցված վնասների անկախ քննության անցկացմանը՝ ներառյալ սպիտակ ֆոսֆոր պարունակող կամ այլ արգելված զինատեսակի հնարավոր կիրառման վերաբերյալ մեղադրանքները։ Խախտումների համար նպաստել պատասխանատվության կիրառմանը»։

Նամակում նաև նշվում է, որ COP17-ը չի կարող բնությունը դիտարկել առանձին այն մարդկանցից, որոնց ինքնությունն ու կենսակերպը դարեր շարունակ ձևավորվել են այդ բնական միջավայրերի հետ անքակտելի կապի մեջ։

«Մենք պարտավոր ենք ամեն տեղ նշել, որ այն, ինչ կատարվել է Արցախում, ցեղասպանություն էր և այն ցեղասպանության շարունակությունը, որն Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացրել է։ Պատերազմից հետո Արցախում 9 ամիս բլոկադա է եղել, որից հետո հարձակում։ Բոլոր կետերով դա ցեղասպանություն է։ Եվ մենք կոչ ենք անում, որ երբ խոսում են Արցախի մասին, ասեն, որ դա եղել է ցեղասպանություն,որովհետև միջազգային  ցեղասպանական կառույցներն արդեն ընդունել են, որ Արցախում եղել է ցեղասպանություն»,- ասաց Ալվարդ Զաքարյանը։

Արցախցիները հայտարարեցին, որ պատրաստ են հանդիպել դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու միջազգային հարթակներում արցախցիների խնդիրները բարձրաձայնելու հարցերը, այդ թվում՝ վերադարձի իրավունքը։

Օրերս արցախցիները նմանօրինակ նամակ փոխանցել էին նաեւ Շվեյցարիայի դեսապանատանը։