Փախստականների երևանյան խորհուրդը սկսել է գործունեության երկրորդ փուլը

Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկել է Փախստականների երևանյան խորհրդի գործունեության երկրորդ փուլը։

Առաջին նիստի ընթացքում ներկայացվել են խորհրդի նոր անդամները, աշխատանքի կազմակերպման ձևաչափերը և առաջիկա ամիսների առաջնահերթությունները։

Ծրագրի ղեկավար Էլեոնորա Ավանեսյանը ներկայացրել է խորհրդի գործունեության առաջիկա ծրագիրը։

Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի ներկայացուցիչ Միջերիտա Խաչատրյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցող նախաձեռնության նպատակն է պաշտպանել նրանց իրավունքները, խթանել մասնակցությունը որոշումների կայացմանը և մշակել առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև խորհրդի կազմակերպչական հարցերը, անդամների կարիքների գնահատման արդյունքներն ու առաջիկա 3–6 ամիսների աշխատանքային առաջնահերթությունները։ Դրանց թվում են տեղահանված անձանց բնակարանային ապահովման և հիփոթեքային վարկավորման հասանելիության, կրթության, սոցիալական խնդիրների և պետական ծառայություններից օգտվելու հարցերը։

Խորհրդի համանախագահներ են ընտրվել Շահինե Առաքելյանն ու Արտակ Մկրտչյանը, իսկ քարտուղար՝ Սիրանուշ Սարգսյանը։

Փախստականների երևանյան խորհուրդը գործում է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագիրն իրականացնում են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Փախստականների հարցերով Էստոնական խորհուրդը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան և Commit Global-ը։ Այն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, խոցելի խմբերին աջակցելուն և անհրաժեշտ ռեսուրսներից ու հնարավորություններից օգտվելու հասանելիության բարելավմանը։

Մարիամ Սարգսյան