
«Փաստ» թերթը գրում է. «Ավելի քան երեք տասնամյակ գործող «Արցախ TV»-ն, որը Արցախի բռնի հայաթափումից հետո իր աշխատանքը շարունակում է Հայաստանում, դարձյալ կանգնել է լուրջ խնդիրների առաջ։ Հեռուստաընկերությունն այս պահին գործում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում հատկացված սենյակում։ Սակայն արդեն տևական ժամանակ է՝ ներկայացուցչության շենքի տնօրինման իրավունքի հարցը քննվում է դատարանում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել կոլեկտիվում։ Դատարանի հնարավոր որոշմամբ, շենքը արցախցիների տնօրինումից վերցնելու դեպքում լրատվամիջոցը կզրկվի եթեր ապահովելու վերջին հնարավորությունից։
«Փաստի» հետ զրույցում հեռուստաընկերության նոր տնօրեն Նարեկ Սահակյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ հիմա մեկ տանիքի տակ են հավաքվել արցախցու ինքնության համար պայքարող կազմակերպություններն ու կոլեկտիվները։
Նարեկ Սահակյանը վստահեցրեց, որ ալիքը միանշանակ պետք է գործի, ընդ որում՝ ոչ թե ուղղակի գոյություն ունենալու, այլ հավատարիմ մնալու իր առաքելությանը՝ լինելու Արցախի և արցախցու ձայնը։ Նա խոստովանեց, որ այստեղ ամենամեծ խնդիրը համապատասխան շենք կամ տարածք ունենալն է։ Ցավոք, գործարար շրջանում շատերը խուսափում են «Արցախ TV»-ին վարձով տարածք տրամադրել՝ հետագա հնարավոր անախորժություններից խուսափելու պատճառաբանությամբ։