“Նոր անձնագրերի” գինը և արցախցիների բնակարանային ծրագիրը

Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Սակայն Արցախից բռնի տեղահանվածների համար նոր փաստաթղթերի ձեռքբերումը կարող է վերածվել հերթական ֆինանսական խնդրի։ Այս դեպքում խոսքը ոչ միայն անձնագիր ունենալու, այլև պետական բնակարանային ծրագրից օգտվելու հնարավորության մասին է։

Նոր կենսաչափական անձնագրի պետական տուրքը 28 650 դրամ է, իսկ նույնականացման քարտինը՝ 5950 դրամ։ Այսինքն՝ մեկ անձի համար երկու փաստաթղթերի ձեռքբերումը կարժենա 34 600 դրամ։ Բազմազավակ ընտանիքների դեպքում ծախսը զգալիորեն աճում է։

Step1.am-ի հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված Անուշ Գևորգյանը ներկայացրել է իր ընտանիքի իրավիճակը։ Յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամների կենսաչափական անձնագրերի համար անհրաժեշտ կլինի 200 550 դրամ, իսկ եթե բոլորին անհրաժեշտ լինեն նաև նույնականացման քարտեր, ընդհանուր ծախսը կհասնի 242 200 դրամի։

Անուշն ունի հաշմանդամություն, տեղահանությունից հետո վիրահատվել է և շարունակում է վերականգնողական բուժումը։ Ընտանիքն ապրում է վարձակալած բնակարանում և ստիպված է հոգալ բնակարանի վարձի, բուժման ու առօրյա այլ ծախսերը։ Այս պայմաններում ավելի քան 240 հազար դրամի փաստաթղթավորման ծախսը լուրջ ֆինանսական բեռ է։

Խնդիրը հատկապես կարևոր է դառնում արցախցիների բնակարանային ապահովման պետական ծրագրի համատեքստում։ Ծրագրի հիմնական պահանջներից մեկն այն է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ երեխաները, ունենան ՀՀ քաղաքացիություն։ Սա նշանակում է, որ քաղաքացիություն և համապատասխան փաստաթղթեր չունենալու դեպքում ընտանիքը չի կարողանա կատարել ծրագրի պահանջները և օգտվել բնակարանային աջակցությունից։ Փաստորեն, փաստաթղթավորման ծախսը կարող է խոչընդոտ դառնալ ոչ միայն անձնագիր ստանալու, այլև սեփական բնակարան ունենալու հնարավորության համար։

Այս խնդրին առանձին անդրադարձել է փաստաբան Անուշ Շահրամանյանը՝ բարձրաձայնելով արցախցիների համար կենսաչափական անձնագրերի տրամադրման հատուկ կարգ սահմանելու անհրաժեշտությունը։

Շահրամանյանը հիշեցնում է, որ արցախցիների փաստաթղթավորման գործընթացում արդեն գործում են աջակցության մեխանիզմներ։ ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ծրագրով փոխհատուցվում են փաստաթղթերի նոտարական վերականգնման ծախսերը, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի համար արցախցիներն ազատված են պետական տուրքից։ Փաստաբանի դիրքորոշմամբ՝ տրամաբանական կլինի այս աջակցությունը շարունակել նաև նոր կենսաչափական անձնագրերի ձեռքբերման հարցում։

Ստացվում է, որ քաղաքացիություն ստանալու և փաստաթղթերի վերականգնման որոշ ծախսեր արդեն փոխհատուցվում են կամ դրանց համար արտոնություններ են գործում, սակայն նոր անձնագրերի պետական տուրքը շարունակում է մնալ չլուծված հարց։

Հոկտեմբերի 28-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս խնդրին անդրադարձել է նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարը հայտնել է, որ կառավարությունը քննարկում է սոցիալական որոշ խմբերի կենսաչափական փաստաթղթերի արժեքը պետության կողմից փոխհատուցելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիների համար փաստաթղթերն անվճար չեն լինելու, սակայն որոշ խմբերի փոխարեն կվճարի պետությունը։ Միաժամանակ նախարարն այդ խմբերի շրջանակը չի հստակեցրել՝ խոստանալով հարցին վերադառնալ 2027 թվականի սկզբին։

Սակայն արցախցիների պարագայում հարցը հրատապ է։ Արդյո՞ք նրանք ընդգրկվելու են պետական աջակցության շահառուների ցանկում։ Եթե այո, ապա բոլոր տեղահանվածները կազատվե՞ն պետական տուրքից, թե՞ արտոնությունը կտարածվի միայն սոցիալական որոշակի չափանիշների համապատասխանող ընտանիքների վրա։

Հարցը վերաբերում է նաև Հայաստանի մյուս բնակիչներին։ Նրանց շրջանում ևս կան սոցիալապես անապահով ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար 28 650 կամ 34 600 դրամը կարող է լուրջ ֆինանսական դժվարություն ստեղծել։ Հետևաբար, կառավարությունը պետք է հստակեցնի ոչ միայն արցախցիների, այլև մյուս սոցիալական խմբերի համար նախատեսվող աջակցության չափանիշները։

Կարևոր է նաև հիշել, որ գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը չեն կորցնում իրենց վավերականությունը նոր համակարգի մեկնարկի պատճառով և շարունակում են գործել մինչև սահմանված ժամկետի ավարտը։ Սակայն այն քաղաքացիների համար, որոնք նոր փաստաթղթերի կարիք ունեն, պետական տուրքի հարցը մնում է արդիական։

Կենսաչափական համակարգի ներդրումը չպետք է լրացուցիչ խոչընդոտ դառնա այն մարդկանց համար, որոնք արդեն իսկ ստիպված են հաղթահարել տեղահանության, բնակարանի, աշխատանքի և սոցիալական ապահովության խնդիրները։

Հիմնական հարցը մնում է բաց․ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է պետական տուրքից ազատել նաև Արցախից բռնի տեղահանվածներին, որոնց համար ՀՀ նոր անձնագիրն ու համապատասխան փաստաթղթերը բնակարանային ծրագրի հիմնական պայմաններից են։ Եվ եթե ոչ բոլոր արցախցիներին, ապա ո՞ր չափանիշներով է որոշվելու՝ ով է ստանալու այդ արտոնությունը։

Խոսքը միայն անձնագրի արժեքի մասին չէ։ Խոսքը ընտանիքների՝ սեփական տանիք ունենալու հնարավորության մասին է։

Արսեն Աղաջանյան